«Տիրոջը հրեշտակը բանակ է շինում.... չորս կողմովը»
ՊԱՏՄՈՒՄ է ՔՐԻՍՏԱԲԵԼ ՔՈՆԵԼԸ
Չնկատեցինք, թե ինչպես իջավ երեկոն։ Նաև չէինք նկատել, որ Քրիստոֆերն անընդհատ դուրս էր նայում պատուհանից։ Մենք տարվել էինք նրա աստվածաշնչային հարցերին պատասխանելով։ Վերջապես նա ասաց. «Վտանգն անցել է։ Այժմ կարող եք գնալ»։ Նա ուղեկցեց մեզ մեր հեծանիվների մոտ և բարի գիշեր մաղթեց։ Ի՞նչ էր նա նկատել։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1927 թ.–ին Շեֆիլդում (Անգլիա)։ Մինչև ամուսնանալս ազգանունս էրլ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր տան վրա ռումբ ընկավ, ուստի ինձ ուղարկեցին ապրելու տատիկիս մոտ։ Ես հաճախում էի կաթոլիկական եկեղեցուն պատկանող մի դպրոց։ Միանձնուհիներին միշտ հարցնում էի, թե ինչու այսքան շատ չարություն և բռնություն կա։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ ուրիշ հավատացյալ մարդիկ չէին կարողանում իմ հարցին գոհացուցիչ պատասխան տալ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բուժքույրական կրթություն ստացա։ Տեղափոխվեցի Լոնդոն, որպեսզի աշխատեմ Փադինգտոնի գլխավոր հիվանդանոցում։ Այդ քաղաքում բռնությունն ավելի շատ էր։ Կորեական պատերազմը սկսվել էր, և ավագ եղբայրներիցս մեկը գնաց մասնակցելու այդ պատերազմին։ Մի անգամ հիվանդանոցից ականատես եղա մի վայրագ ծեծկռտուքի։ Ոչ ոք չէր մոտենում օգնելու զոհին, որը ծեծվելու հետևանքով կորցրեց տեսողությունը։ Այդ ժամանակ էր, որ մորս հետ գնում էի ոգեհարցությամբ զբաղվողների հավաքույթներին, բայց այդպես էլ չիմացա, թե որն է չարության պատճառը։
Սկսում եմ Աստվածաշունչ ուսումնասիրել
Մի օր ավագ եղբայրս՝ Ջոնը, որը Եհովայի վկա էր, եկավ ինձ մոտ։ Նա հարցրեց. «Գիտե՞ս, թե ինչու են այսքան շատ վատ բաներ տեղի ունենում»։ «Ո՛չ»,— պատասխանեցի։ Նա բացեց իր Աստվածաշունչը և կարդաց Հայտնություն 12։7–12 համարները։ Վերջապես ես գտա ինձ հուզող հարցի պատասխանը. հիմնականում Սատանան և նրա դևերն են աշխարհում գոյություն ունեցող չարության պատճառը։ Հետևելով եղբորս խորհրդին՝ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն մարդավախությունը ինձ հետ պահեց մկրտվելուց (Առակ. 29։25)։
Քույրս՝ Դորոտին, նույնպես Վկա էր դարձել։ Երբ նա իր նշանածի՝ Բիլ Ռոբերտսի հետ վերադարձավ Նյու Յորքում տեղի ունեցած միջազգային համաժողովից (1953 թ.), ես ասացի նրանց, որ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել։ Բիլը հարցրեց ինձ. «Իսկ Աստվածաշնչից կարդացե՞լ ես բոլոր նշված համարները։ Ընդգծե՞լ ես հարցերի պատասխանները»։ Երբ պատասխանեցի՝ ոչ, նա ասաց. «Ուրեմն՝ ոչինչ էլ չես ուսումնասիրել։ Կանչիր այդ քրոջը և նորից սկսիր»։ Այդ ժամանակ դևերը սկսեցին խիստ անհանգստացնել ինձ։ Հիշում եմ՝ ինչպես էի խնդրում Եհովային, որ պաշտպանի ինձ և ազատի նրանցից։
Ծառայում եմ ռահվիրա Շոտլանդիայում և Իռլանդիայում
Ես մկրտվեցի 1954 թ. հունվարի 16–ին։ Մայիսին ավարտվեց հիվանդանոցի հետ կնքած պայմանագրիս ժամկետը, և հունիսին սկսեցի ռահվիրա ծառայել։ Ութ ամիս անց ինձ նշանակեցին հատուկ ռահվիրա և ուղարկեցին Գրեյնջմաուտ (Շոտլանդիա)։ Ծառայելով այդ մեկուսացված տարածքում՝ ես զգում էի, որ Եհովայի հրեշտակները «բանակ են շինում իմ չորս կողմով» (Սաղ. 34։7)։
1956 թ.–ին ինձ հրավիրեցին ծառայելու Իռլանդիայում։ Իմ և երկու ուրիշ քույրերի նշանակման վայրը Գոլուեյ քաղաքն էր։ Հենց առաջին օրը տնետուն ծառայելիս հանդիպեցինք մի քահանայի։ Նրանից հեռանալուց մի քանի րոպե անց եկավ ոստիկանը և ինձ ու ծառայակցիս տարավ ոստիկանական տեղամաս։ Երբ իմացավ մեր անուններն ու հասցեները, նա անմիջապես գնաց դեպի հեռախոսը։ Մեր ականջին հասան նրա խոսքերը. «Այո՛, տե՛ր հայր, ես գիտեմ, թե որտեղ են նրանք ապրում»։ Փաստորեն, նրան ուղարկել էր քահանան։ Մեր տան տիրոջը ասել էին, որ դուրս հանի մեզ, և մասնաճյուղը խորհուրդ տվեց հեռանալ այդ տարածքից։ Մենք տասը րոպե ուշ եկանք երկաթուղային կայարան։ Գնացքը դեռ այնտեղ էր, ու մի մարդ հետևում էր, որ մենք նստենք գնացք։ Գոլուեյում մնացինք ընդամենը երեք շաբաթ։
Մեր նոր նշանակման վայրը Լիմերիկ քաղաքն էր, որտեղ նույնպես կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ուներ։ Մարդիկ անընդհատ անպատվում էին մեզ։ Շատերը վախենում էին մեր առջև բացել դռները։ Մեկ տարի առաջ մի եղբոր ծեծել էին մոտակա Քլունլարա փոքր քաղաքում։ Մի օր հանդիպեցինք Քրիստոֆեր անունով մի մարդու, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում։ Մենք շատ ուրախ էինք, որովհետև նա խնդրեց, որ կրկին այցելենք ու պատասխանենք իր հարցերին։ Երբ նրա մոտ էինք, ներս մտավ մի քահանա և պահանջեց, որ Քրիստոֆերը դուրս հանի մեզ։ Մերժելով նրան՝ Քրիստոֆերն ասաց. «Այս կանանց ես հրավիրել եմ իմ տուն, և նրանք մտնելուց առաջ թակել են դուռը։ Իսկ ձեզ չեմ հրավիրել, և դուք չեք թակել դուռը»։ Քահանան բարկացած հեռացավ։
Մենք չգիտեինք, որ քահանան մարդկանց մի մեծ խումբ էր հավաքել, ու նրանք բակում սպասում էին մեզ։ Գիտենալով, որ նրանք թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ՝ Քրիստոֆերը մեզ պահեց այնքան ժամանակ, մինչև որ նրանք հեռանան, ինչպես որ նշեցի հոդվածի սկզբում։ Հետո իմացանք, որ Քրիստոֆերին ու նրա ընտանիքին ստիպել են հեռանալ այդտեղից, և նրանք տեղափոխվել են Անգլիա։
Հրավիրվում եմ «Գաղաադ»
Արդեն ծրագրում էի ներկա լինել 1958 թ.–ին Նյու Յորքում կայանալիք «Աստծու կամքը» խորագրով միջազգային համաժողովին, երբ հրավեր ստացա սովորելու «Գաղաադի» 33–րդ դասարանում (դասերը սկսվելու էին 1959 թ.–ին)։ Համաժողովից հետո չվերադարձա տուն, այլ գնացի ծառայելու Քոլինգվուդում (Կանադա, Օնտարիո նահանգ)։ Համաժողովում ծանոթացա էրիկ Քոնելի հետ։ Նա ճշմարտությունն իմացել էր 1957 թ.–ին, իսկ 1958 թ.–ին ռահվիրայական ծառայություն էր սկսել։ Իմ՝ Կանադայում եղած ժամանակ և «Գաղաադում» սովորելու ընթացքում էրիկը ամեն օր գրում էր ինձ։ Հետաքրքիր էր՝ ինչ կլիներ, երբ ավարտեի դպրոցը։
«Գաղաադում» սովորելը իմ կյանքում նշանակալից շրջան էր։ Քույրս՝ Դորոտին, նրա ամուսինը ու ես նույն դասարանում էինք։ Նրանք նշանակվեցին ծառայելու Պորտուգալիայում, իսկ ես, ի զարմանս ինձ, Իռլանդիայում։ Որքա՜ն հիասթափվեցի, որ քրոջս հետ չէի լինելու։ Ուսուցիչներից մեկին հարցրի, թե արդյոք ինչ–որ սխալ բան էի արել։ «Ո՜չ, սխալ բան չես արել,— պատասխանեց նա։— Ուղղակի դու և Այլին Մահոնին համաձայնվել եք ծառայելու աշխարհի ցանկացած անկյունում, և Իռլանդիան նման անկյուններից մեկն է։
Վերադարձ Իռլանդիա
1959 թ. օգոստոսին նորից Իռլանդիայում էի և նշանակվեցի ծառայելու «Դուն Լեարե» ժողովում։ Այս ընթացքում էրիկը վերադարձել էր Անգլիա և ուրախ էր, որ ես այդքան մոտ էի իրեն։ Նա նույնպես ուզում էր միսիոներ դառնալ։ էրիկն այսպես էր մտածում. «Նորանոր միսիոներներ են նշանակվում ծառայելու Իռլանդիայում, ուրեմն քարոզիչների կարիք կա։ Ես կարող եմ այնտեղ ռահվիրա ծառայել»։ Նա տեղափոխվեց Դուն Լեարե քաղաք, ու 1961 թ.–ին մենք ամուսնացանք։
Վեց ամիս անց էրիկը մոտոցիկլետով վթարի ենթարկվեց։ Նրա գանգը ճաքել էր, և բժիշկները չգիտեին՝ արդյոք կարող են փրկել նրա կյանքը։ էրիկը երեք շաբաթ մնաց հիվանդանոցում։ Այնուհետև հինգ ամիս խնամեցի նրան տանը, մինչև որ ապաքինվեց։ Ես շարունակեցի ծառայությունս՝ լավագույնն անելով իմ հանգամանքներում։
1965 թ.–ին մեզ նշանակեցին ծառայելու ութ քարոզչից բաղկացած մի ժողովում, որը գտնվում էր Սլայգո նավահանգիստ–քաղաքում (Իռլանդիայի հյուսիսարևմտյան ափ)։ Երեք տարի անց տեղափոխվեցինք հյուսիս՝ Լոնդոնդերի՝ ծառայելու մեկ ուրիշ փոքր ժողովում։ Մի օր, վերադառնալով ծառայությունից, տեսանք, որ մեր տուն տանող ճանապարհը փակված է փշալարերով։ Հյուսիսային Իռլանդիայում անհանգիստ ժամանակներ էին սկսվել։ Երիտասարդների խմբերը մեքենաներ էին այրում։ Քաղաքի մի մասում բողոքականներն էին, մյուսում՝ կաթոլիկները։ Մի մասից մյուսն անցնելը վտանգավոր էր։
Ապրում և քարոզում ենք լարված ժամանակներում
Ծառայության բերումով, սակայն, լինում էինք ամենուր։ Մենք զգում էինք, թե ինչպես են հրեշտակները բանակ շինում մեր շուրջը։ Երբ մի վայրում անկարգություններ էին սկսվում, արագորեն հեռանում էինք, իսկ երբ ամեն ինչ հանդարտվում էր, վերադառնում էինք։ Մի անգամ մեր շենքի մոտակայքում իրարանցում սկսվեց։ Մոտակա ներկերի պահեստը այրվում էր, և մեր պատուհանի գոգին թափվում էին վառվող բեկորներ։ Մենք չքնեցինք՝ վախենալով, որ մեր շենքն էլ կայրվի։ 1970 թ.–ին Բելֆաստ տեղափոխվելուց հետո իմացանք, որ այդ պահեստն այրվել էր հրկիզող ռումբից, և որ մեր շենքն էլ էր այրվել։
Մեկ ուրիշ անգամ, երբ ես ու մի քույր միասին ծառայում էինք, լուսամուտներից մեկի գոգին տարօրինակ խողովակի կտոր նկատեցինք։ Մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Մի քանի րոպե անց այն պայթեց։ Բնակիչները դուրս վազեցին։ Տեսնելով մեզ՝ նրանք կարծեցին, թե մենք ենք այդ ռումբը դրել։ Տարածքում ապրող քույրերից մեկը մեզ իր տուն հրավիրեց։ Նրա հարևանները հասկացան, որ մենք անմեղ էինք։
1971 թ.–ին գնացինք Լոնդոնդերի՝ այցելելու մի քրոջ։ Մենք պատմեցինք, թե ինչպես ենք եկել, իսկ երբ նշեցինք անցագրային կետի մասին, նա հարցրեց. «Այնտեղ ոչ ոք չկա՞ր»։ «Կար, բայց մեզ վրա ուշադրություն չդարձրին»,— պատասխանեցինք։ Նա ապշել էր։ Ինչո՞ւ։ Որովհետև մի քանի օր առաջ առևանգել ու այրել էին երկու ավտոմեքենաներ, որոնք պատկանում էին մի բժշկի և մի ոստիկանի։
1972 թ.–ին տեղափոխվեցինք Քորկ։ Ավելի ուշ ծառայեցինք Նեյս, այնուհետև՝ Արքլոու քաղաքներում։ 1987 թ.–ին մեզ նշանակեցին ծառայելու Քասլբարում, որտեղ և ծառայում ենք մինչև օրս։ Այստեղ պատիվ ունեցանք աջակցելու Թագավորության սրահի շինարարությանը։ 1999 թ.–ին էրիկը լուրջ հիվանդացավ։ Եհովայի և ժողովի օգնությամբ ես կրկին կարողացա դիմանալ և էրիկին հոգ տանել, մինչև որ նա առողջացավ։
Ես տառապում եմ սուր հոդաբորբից, և իմ կոնքազդրային հոդերը և երկու ծնկները վիրահատված են։ Բախվել եմ դաժան կրոնական հալածանքի և ապրել եմ այնտեղ, որտեղ տեղի են ունեցել քաղաքական խռովություններ և հասարակական անկարգություններ։ Սակայն իմ ամենամեծ փորձություններից մեկն այն էր, որ չպետք է այլևս մեքենա վարեի։ Դա փորձություն էր, քանի որ չէի կարող գնալ՝ ուր ուզում էի։ Ժողովը շատ է օգնում։ Ես քայլում եմ ձեռնափայտով, իսկ հեռու տեղեր գնալու համար օգտվում եմ մարտկոցով աշխատող եռանիվ հեծանվից։
Էրիկն ու ես երկու անգամ սովորել ենք Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Նա շարունակում է ծառայել որպես երեց։ Մենք որպես հատուկ ռահվիրա ընդհանուր հաշվով ծառայել ենք ավելի քան 100 տարի, որից 98–ը այստեղ՝ Իռլանդիայում։ «Թոշակի անցնելու» նպատակ չունենք։ Մենք հրաշքների չենք սպասում, բայց համոզված ենք, որ Եհովայի հզոր հրեշտակները «բանակ են շինում» նրանից վախեցողների և նրան հավատարմորեն ծառայողների շուրջը։