Եփրեմյան ձեռագիր՝ արժեքավոր մագաղաթ
ԴԵՌԵՎՍ դարեր առաջ գրելու համար համապատասխան նյութեր չկային։ Մարդիկ մաքրում կամ լվանում էին մագաղաթների և հուշատախտակների վրայի թանաքը, որպեսզի նոր բաներ գրեին, քանի որ հին տեսքստերն այլևս պետքական չէին։ Այս պատճառով էլ հունարենից ծագել է «կրկնագիր մագաղաթ» արտահայտությունը, որը նշանակում է «նորից քերված»։ Անգամ բարակ մագաղաթների վրա գրված Աստվածաշնչի տեքստերն էին մաքրում, որպեսզի հնարավոր լիներ այլ տեղեկություններ արձանագրել։
Աստվածաշնչի այդպիսի մագաղաթներից մեկը կոչվում է Եփրեմյան ձեռագիր (լատ.՝ ռեսկրիպտուս, որը նշանակում է «նորից գրված»)։ Այս ձեռագիր մատյանը անչափ արժեքավոր է, քանի որ ներկայումս գոյություն ունեցող ամենահին ձեռագրերից մեկն է, որն ընդգրկում է հատվածներ Քրիստոնեական Հունարեն Գրություններից։ Այդ պատճառով այն լավագույն աղբյուրներից է, որով կարելի է հաստատել Աստծու Խոսքի այդ մասի ճշգրտությունը։
Աստվածաշնչային տեքստը, որը գրվել է հինգերորդ դարի այս ձեռագիր մատյանում, մ.թ. 12–րդ դարում ջնջվել է և վրան գրի է առնվել ասորի աստվածաշնչագետ Եփրեմի 38 քարոզների հունարեն թարգմանությունը։ 17–րդ դարի վերջում մասնագետները առաջին անգամ նկատեցին, որ այդ տեքստի տակ աստվածաշնչյան տեքստ է գրված եղել։ Հետագայում քայլեր ձեռնարկվեցին ձեռագրից ջնջված տեքստը վերականգնելու համար։ Սակայն այդ ամենը կարդալը բավականին դժվար էր, քանի որ ջնջված թանաքի պատճառով տառերն անորոշ էին, թերթերը մաշված էին, բացի այդ, մագաղաթի վրա երկու տեքստ էր գրված։ Որպեսզի հնարավոր լիներ կարդալ աստվածաշնչային տեքստը, օգտագործվեցին քիմիական նյութեր, սակայն մեծ հաջողություններ չնկատվեցին։ Այդ պատճառով էլ շատ աստվածաշնչագետներ եկան այն եզրահանգման, որ անհնար է վերականգնել ջնջված տեքստը։
1840–ականներին գերմանացի լեզվաբան Կոնստանտին ֆոն Տիշենդորֆը ջանադրաբար սկսեց վերծանել այդ ձեռագիր մատյանը։ Այդ աշխատանքը տևեց երկու տարի։ Ինչպե՞ս նրան դա հաջողվեց։
Տիշենդորֆը լիովին ծանոթ էր հունարեն ունցիալային գրին, որոնք իրարից անջատ գրվող մեծատառեր էինa։ Օժտված լինելով լավ տեսողությամբ՝ նա հասկացավ, որ մագաղաթը ընդամենը լույսի տակ պահելով՝ կարող է երևան բերել սկզբնական տեքստը։ Այսօր գիտնականները նույն բանն անում են՝ օգտագործելով օպտիկական միջոցներ, օրինակ՝ ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ճառագայթներ և բևեռացված լույս։
1843–ին և 1845–ին Տիշենդորֆը հրատարակեց այն, ինչ վերծանեց՝ Եփրեմյան ձեռագիրն ուսումնասիրելով։ Դրա շնորհիվ նա մեծ ճանաչում գտավ և համարվեց հունական հնագրության առաջնորդ։
Եփրեմյան ձեռագրի մի կողմը մոտավորապես 31 սանտիմետր է, իսկ մյուս կողմը՝ 23 սանտիմետր։ Այն ամենահին ձեռագիրն է, որում յուրաքանչյուր էջի վրա ընդամենը մեկ սյունակ կա։ Վերականգնված 209 թերթերից 145–ը Քրիստոնեական Հունարեն Գրությունների բոլոր գրքերն են, բացի «2 Թեսաղոնիկեցիներ» և «2 Հովհաննես» նամակներից։ Մնացածը Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանությունից հատվածներ են։
Այսօր այդ ձեռագիրը պահվում է Փարիզի Ազգային գրադարանում (Ֆրանսիա)։ Թեև հայտնի չէ, թե որտեղ է գրվել ձեռագիրը, սակայն Տիշենդորֆը կարծում էր, որ այն գրի է առնվել Եգիպտոսում։ Եփրեմյան ձեռագիրը գիտնականները համարում են հունարեն Աստվածաշնչի ունցիալային գրով գրված չորս կարևոր ձեռագրերից մեկը։ Մյուս երեքը Վատիկանյան (1209), Սինայական և Ալեքսանդրյան ձեռագրերն են, որոնք թվագրվում են մ.թ. չորրորդ և հինգերորդ դարերով։
Անկասկած, Սուրբ Գրություններում տեղ գտած պատգամը տարբեր ձևերով է մեզ հասել, այդ թվում նաև կրկնագիր մագաղաթների տեսքով։ Թեպետ անշնորհակալ մարդիկ փորձել են աղավաղել աստվածաշնչային տեքստը, այդուհանդերձ, մեզ համար կարևոր հաղորդագրությունը պահպանվել է։ Դա փաստում է Պետրոս առաքյալի խոսքերի ճշմարտացիությունը. «Եհովայի խոսքը մնում է հավիտյան» (1 Պետրոս 1։25)։
[ծանոթագրություն]
a Սինա սարի ստորոտում գտնվող սուրբ Կատերինեի վանքում Տիշենդորֆը հայտնաբերել է Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանությունը, որը երբևէ հայտնաբերված ամենահին ձեռագրերից մեկն է։ Այդ ձեռագիրը կոչվում է Սինայական ձեռագիր։
[Գծապատկեր/նկար 16–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Եփրեմյան ձեռագիրը արժեքավոր կրկնագիր մագաղաթ է, որը վերծանվեց Տիշենդորֆի կողմից (1815–1874)
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԲՆԱԳԻՐ ՏԵՔՍՏԸ
ՋՆՋՎԱԾ ՏԵՔՍՏԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ ՀՈՒՆԱՐԵՆ ՔԱՐՈԶԸ
[թույլտվությամբ]
© Bibliothèque nationale de France
[նկար 17–րդ էջի վրա]
Սինայական ձեռագիրը, որը հայտնաբերվեց սուրբ Կատերինեի վանքում
[նկար 17–րդ էջի վրա]
Տիշենդորֆ