Անկասկած ունենք ուրախ լինելու պատճառ
ՓՈՔՐԱԳՈՒՅՆ բջջից մինչև հսկայական գալակտիկաները, որոնք կազմում են կույտեր և նույնիսկ գերկույտեր, վկայում են այն մասին, որ Եհովայի ստեղծագործություններում կարգուկանոն է տիրում։ Դա մեզ չի զարմացնում, քանի որ մեր Արարիչը «անկարգության Աստված» չէ (1 Կորնթ. 14։33)։ Մեզ տպավորում է նաև այն կարգուկանոնը, որ Եհովան հաստատել է իրեն մատուցվող երկրպագության մեջ։ Ի՞նչ է արել նա։ Աստված հաստատել է մի կազմակերպություն, որը բաղկացած է հարյուր միլիոնավոր բանական էակներից՝ մարդկանցից և հրեշտակներից, որոնք օժտված են ազատ կամքով և միավորված են մաքուր երկրպագության մեջ։ Ի՜նչ մեծ հիացմունք է պատճառում մեզ այս ամենը։
Հին Իսրայելում Երուսաղեմը խորհրդանշում էր Աստծու կազմակերպության երկրային մասը, որտեղ գտնվում էր Եհովայի տաճարը, և որտեղից իշխում էր նրա օծյալ թագավորը։ Մի իսրայելացի, որը գերի էր Բաբելոնում, հետևյալ ջերմագին խոսքերն ասաց սուրբ քաղաքի վերաբերյալ. «Թող իմ լեզուն քիմքիս կպչի, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ գլխավոր ուրախությունից ավելի վեր չդասեմ» (Սաղ. 137։6)։
Իսկ դու այսօր նման ջերմ զգացմունքներ ունե՞ս Եհովայի կազմակերպության հանդեպ։ Այն քեզ ավելի շատ ուրախություն չի՞ պատճառում, քան որևէ այլ բան։ Իսկ քո երեխաները գիտե՞ն Աստծու կազմակերպության երկրային մասի պատմությունը, և այն, թե ինչպես է այդ կազմակերպությունը գործում։ Նրանք գիտակցում և գնահատո՞ւմ են այն առանձնաշնորհումը, որ Եհովայի վկաների համաշխարհային եղբայրության մաս են կազմում (1 Պետ. 2։17)։ Ընտանիքիդ անդամների գնահատանքը Եհովայի կազմակերպության հանդեպ ավելացնելու համար ընտանեկան երկրպագության ծրագիր կազմելիս կարող ես հետևել ներքոհիշյալ առաջարկներին։
Հիշիր «հին ժամանակները»
Ամեն տարի Իսրայելում ընտանիքները հավաքվում էին նշելու Պասեքը։ Այս տոնը հաստատելիս Մովսեսը հետևյալ հրահանգը տվեց ժողովրդին. «Եթե հետագայում քո որդին հարցնի քեզ, թե՝ «սա ի՞նչ է նշանակում», ապա նրան ասա. «Իր ձեռքի զորությամբ Եհովան հանեց մեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից»» (Ելք 13։14)։ Այն, ինչ արել էր Եհովան իսրայելացիների համար, չպետք է մոռացվեր։ Անշուշտ, ընտանիքի գլուխները հետևեցին Մովսեսի խոսքերին։ Դարեր անց մի իսրայելացի հետևյալ խոսքերն ասաց իր աղոթքում. «Ո՛վ Աստված, մեր ականջներով ենք լսել, մեր նախահայրերն են պատմել մեզ այն գործերի մասին, որ դու արել ես նրանց օրերում՝ հին ժամանակներում» (Սաղ. 44։1)։
Այսօր երիտասարդների համար Եհովայի վկաների անցած 100 տարիների պատմությունը նույնպես կարող է «հին ժամանակների» պատմություն լինել։ Ինչպե՞ս կարող ես քո երեխաների մտքում կենդանացնել անցյալի դեպքերը։ Որոշ ծնողներ օգտագործում են «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը (անգլ. ռուս.), տարեգրքերը (անգլ. ռուս.), մեր պարբերագրերում գրված կենսագրությունները և աստվածապետական գործունեության պատմության վերաբերյալ թեմաները, ինչպես նաև նոր թվային տեսասկավառակը, որտեղ ներկայացվում է Աստծու ծառաների մերօրյա պատմությունը։ Նախկին Խորհրդային Միությունում և Գերմանիայում մեր եղբայրների կրած հալածանքների մասին տեսաֆիլմերը կարող են նպաստել այն բանին, որ ընտանիքը սովորի ապավինել Եհովային փորձությունների ժամանակ։ Ընտանեկան երկրպագության ժամանակ կարող ես այսպիսի նյութեր ընդգրկել։ Դրանք կզորացնեն քո երեխաների հավատը, և նրանք պատրաստ կլինեն փորձությունների ժամանակ պահելու իրենց հավատարմությունը։
Եթե ընտանեկան ուսումնասիրության ժամանակ միայն դու երկար խոսես կազմակերպության պատմության մասին, ապա երեխաները գուցե շուտ ձանձրանան։ Ուստի նրանց էլ ընդգրկիր քննարկման մեջ և հանձնարարություններ տուր։ Օրինակ՝ կարող ես հանձնարարել երեխայիդ ընտրել որևէ երկիր, գտնել այդ երկրում աստվածապետական գործունեության պատմության վերաբերյալ տեղեկություններ և ներկայացնել ընտանիքին։ Եթե ձեր ժողովում կան Եհովային երկար տարիներ հավատարմորեն ծառայող քրիստոնյաներ, կարող ես մի օր նրանց հրավիրել մասնակցելու ձեր ընտանեկան երկրպագության երեկոյին և խնդրել երեխայիդ հարցազրույց անցկացնել նրանց հետ այն մասին, թե ինչ դժվարություններ և օրհնություններ են ունեցել իրենց կյանքում։ Կարող ես հանձնարարել երեխայիդ նկարել աստվածապետական կարևոր իրադարձությունների թեմաներով այնպիսի նկարներ, ինչպիսին երբեմն բերվում են մեր գրականությունների մեջ, օրինակ, թե ինչպես են մասնաճյուղ կառուցում, անցկացնում միջազգային համաժողով, կամ ինչպես են անցյալում ձայնափողով նվագարկիչ օգտագործել տնետան ծառայության ժամանակ։
Տես, թե ինչպես է գործում «յուրաքանչյուր անդամ»
Պողոս առաքյալը քրիստոնեական ժողովը համեմատեց մարմնի հետ, որը «ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով բոլոր հոդերի միջոցով (որոնք կատարում են իրենց անհրաժեշտ դերը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության չափի, նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար» (Եփես. 4։16)։ Երբ տեսնում ենք, թե ինչպես է գործում մարդու մարմինը, կամ՝ օրգանիզմը, մեր գնահատանքն ու ակնածանքը Արարչի հանդեպ ավելի է մեծանում։ Նմանապես, երբ ուսումնասիրում և տեսնում ենք, թե ինչպես է գործում քրիստոնեական ժողովն ամբողջ աշխարհում, մենք հիանում ենք «Աստծու՝ տարբեր կերպերով դրսևորվող իմաստությամբ» (Եփես. 3։10)։
Եհովան նկարագրում է, թե ինչպես է գործում իր կազմակերպությունը, ներառյալ դրա երկնային մասը։ Օրինակ՝ Հայտնություն 1։1, 2 համարներից իմանում ենք, որ սկզբում Եհովան իր խոսքը հայտնեց Հիսուս Քրիստոսին, որից հետո Հիսուսը «ուղարկեց իր հրեշտակին ու նրա միջոցով խորհրդանշաններով այն ներկայացրեց իր ծառա Հովհաննեսին, որը վկայեց»։ Եթե Աստված չի թաքցնում մեզնից, թե ինչպես է գործում իր կազմակերպության անտեսանելի մասը, ապա մի՞թե նա չի ուզի, որ մենք իմանանք ու հասկանանք, թե երկրի վրա ինչպես է գործում տեսանելի կազմակերպության «յուրաքանչյուր անդամ»։
Օրինակ՝ շրջանային վերակացուի այցելությունից առաջ ընտանիքիդ հետ կարող ես քննարկել, թե ինչ առանձնաշնորհումներ և պատասխանատվություններ ունեն շրջագայող վերակացուները և ինչպես են նրանք օգնում մեզնից յուրաքանչյուրին։ Կարող եք միասին քննարկել նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ՝ ինչո՞ւ է կարևոր քարոզչական ծառայության հաշվետվություն ներկայացնել, ինչպե՞ս է ֆինանսավորվում Աստծու կազմակերպությունը, ինչպե՞ս է գործում Կառավարիչ մարմինը և ինչպե՞ս է հոգևոր սնունդ պատրաստում ու մատակարարում։
Երբ խորապես ըմբռնում ենք, թե ինչպիսի կազմակերպվածությամբ է գործում Եհովայի ժողովուրդը, դա մեզ վրա դրական ազդեցություն է թողնում առնվազն երեք առումներով։ Առաջին՝ մենք սկսում ենք ավելի շատ գնահատել այն մարդկանց, ովքեր «տքնաջան աշխատում են» ի նպաստ մեր բարօրության (1 Թեսաղ. 5։12, 13)։ Երկրորդ՝ մղվում ենք պատրաստակամորեն հետևելու աստվածապետական կարգադրություններին (Գործ. 16։4, 5)։ Երրորդ՝ առաջնորդություն վերցնողների հանդեպ մեր վստահությունը ավելի է ամրանում, քանի որ տեսնում ենք, որ նրանց կայացրած որոշումներն ու տված հրահանգները սուրբգրային հիմք ունեն (Եբր. 13։7)։
«Քննիր նրա ամրոցները»
«Ո՛վ ժողովուրդ, Սիոնի շո՛ւրջը դարձեք, նրա չորս կո՛ղմը պտտվեք, հաշվե՛ք նրա աշտարակները։ Ձեր ուշադրությունը դեպի նրա պատնե՛շը դարձրեք, քննե՛ք նրա ամրոցները, որպեսզի այդ մասին պատմեք գալիք սերնդին» (Սաղ. 48։12, 13)։ Սաղմոսերգուն հորդորում էր իսրայելացիներին ամենայն մանրամասնությամբ դիտել Երուսաղեմը։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ մեծ հիացմունքով էին իսրայելացի ընտանիքները խոսում սուրբ քաղաքի և հրաշագեղ տաճարի մասին, երբ տարեկան տոնակատարություններին մասնակցելուց հետո վերադառնում էին իրենց քաղաքները։ Նրանք մղվում էին իրենց տեսածների մասին «պատմելու գալիք սերնդին»։
Հիշենք նաև Սաբայի թագուհուն, որը սկզբում թերահավատորեն էր վերաբերվում Սողոմոնի փառահեղ իշխանության ու մեծ իմաստության մասին լուրերին։ Իսկ ի՞նչը նպաստեց այն բանին, որ նա հավատա իր լսած խոսքերին։ «Ես չէի հավատում նրանց խոսքերին,— ասաց թագուհին,— մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքերով չտեսա» (2 Տար. 9։6)։ Այո՛, այն, ինչ տեսնում ենք մեր աչքով, կարող է խոր ազդեցություն թողնել մեզ վրա։
Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ, որ տեսնեն Եհովայի կազմակերպության «հրաշքները»։ Եթե ձեր երկրում կա Եհովայի վկաների մասնաճյուղ, ապա ծրագրիր անպայման գնալ ու տեսնել այն։ Մանդին և Բեթընին մեծացել են մասնաճյուղից մոտ 1500 կիլոմետր հեռու գտնվող մի բնակավայրում։ Չնայած դրան՝ երբ նրանք դեռ փոքր էին, ծնողները նրանց հաճախ էին տանում այնտեղ էքսկուրսիայի։ Նրանք պատմում են. «Նախքան Բեթելը տեսնելը մենք մտածում էինք, որ այն չափազանց լուրջ վայր է և միայն մեծահասակների համար է։ Բայց մենք այնտեղ հանդիպեցինք նաև երիտասարդների, որոնք իրենց ողջ եռանդը տրամադրում էին Եհովայի գործին և երջանիկ էին։ Մենք տեսանք, որ Եհովայի կազմակերպությունը չի սահմանափակվում միայն մեր բնակավայրով։ Ամեն անգամ Բեթել այցելելիս մենք հոգևոր նոր եռանդով էինք լցվում»։ Աստծու կազմակերպությանը մոտիկից ծանոթ լինելը մղեց Մանդիին և Բեթընիին ռահվիրայություն սկսելու, նրանք նույնիսկ հրավիրվեցին ծառայելու Բեթելում որպես ժամանակավոր կամավորներ։
Մենք հնարավորություն ունենք «տեսնելու» Եհովայի կազմակերպությունը նաև մեկ այլ ձևով, որը չունեին իսրայելացիները։ Վերջին տարիներին շատ լեզուներով լույս են տեսել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտները ներկայացնող տեսաֆիլմեր և թվային տեսասկավառակներ, որոնցից են՝ «Եհովայի վկաներ. կազմակերպված քարոզում են բարի լուրը», «Մեր եղբայրությունը», «Մինչև երկրի ծայրերը» և «Միացած՝ աստվածային ուսուցումով»։ Երբ դու և ընտանիքիդ անդամները տեսնում եք այն ջանասեր աշխատանքը, որ կատարում են բեթելցիները, միսիոներները, աղետի գոտիներում օգնություն ցույց տվող կամավորները և համաժողովներ կազմակերպող եղբայրները, մի՞թե համաշխարհային եղբայրության հանդեպ ձեր սիրտը չի լցվում անսահման գնահատանքով։
Կազմակերպության մեջ գործող յուրաքանչյուր ժողով կարևոր դեր ունի բարի լուրի քարոզչության գործում և տվյալ տարածքում ապրող քրիստոնյաներին աջակցելու հարցում։ Սակայն հարկավոր է ընտանիքով հիշել նաև աշխարհում ապրող «ողջ եղբայրությանը»։ Դա կօգնի քեզ և երեխաներիդ պահպանելու «ամուր հավատ»՝ երբեք չմոռանալով, որ անկասկած ունենք ուրախ լինելու պատճառ (1 Պետ. 5։9)։
[Շրջանակ 18-րդ էջի վրա]
Աստծու կազմակերպությունը թեմա, որ արժե ուսումնասիրել
Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ միջոցներ, որոնց օգնությամբ բոլոր մարդիկ կարող են ծանոթանալ Եհովայի կազմակերպության պատմությանն ու գործունեությանը։ Հետևյալ հարցերը օգտակար կլինեն այս թեմայի ուսումնասիրությունը սկսելու համար։
☞ Ինչպե՞ս է սկիզբ առել շրջագայող վերակացուների ծառայությունը («Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները», էջ 222–227, անգլ., ռուս.)։
☞Ինչո՞վ էր նշանակալից 1941թ.-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած համաժողովի վերջին օրը՝ «Երեխաների օրը» («Դիտարան», 2001, հուլիսի 15, էջ 8)։
☞Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը որոշումներ կայացնում («Հիմնովին վկայություն տանք», էջ 108–114)։