Մի՛ հեռացիր քո հավատակիցներից
«ՏԱՍԸ տարի շարունակ մենք հմայված էինք բիզնեսի աշխարհի ցոլքերով ու բավական հարստացել էինք։ Թեև մեծացել էինք ճշմարտության մեջ, սակայն այնքան էինք հեռացել Եհովայից, որ այլևս ուժ չունեինք վերադառնալու»,— պատմում են Յարոսլավը և նրա կինը՝ Բեատանa։
Մառեկ անունով մեկ ուրիշ եղբայր ասում է. «Լեհաստանում սոցիալական և քաղաքական փոփոխությունների պատճառով անընդհատ ստիպված էի լինում նոր աշխատանք փնտրել։ Դա ինձ հուսահատեցնում էր։ Նաև վախենում էի հիմնել իմ սեփական բիզնեսը, քանի որ հասկանում էի, որ բիզնեսն ինձ համար չէ։ Սակայն, վերջիվերջո, որոշեցի դրանով զբաղվել՝ կարծելով, թե կկարողանամ ավելի լավ հոգալ ընտանիքիս նյութական կարիքները և դա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա իմ հոգևոր վիճակի վրա։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ սխալվել եմ»։
Ապրելով մի աշխարհում, որտեղ օրեցօր դժվարանում է ապրուստի միջոցներ հայթայթելը, իսկ գործազուրկների թիվն անընդհատ ավելանում է՝ ոմանք հուսահատվում են և արդյունքում սխալ որոշումներ կայացնում։ Օրինակ՝ եղբայրներից ոմանք որոշել են ընդունել ավելի երկար աշխատելու առաջարկները, կատարել լրացուցիչ աշխատանք կամ հիմնել իրենց սեփական բիզնեսը՝ չունենալով բավարար փորձ։ Նրանց կարծիքով՝ եթե ավելի շատ գումար վաստակեն, ապա կկարողանան հոգալ իրենց ընտանիքի կարիքները, և դա չի ազդի իրենց հոգևոր վիճակի վրա։ Սակայն անկանխատեսելի հանգամանքների և անկայուն տնտեսության պատճառով ամեն բան կարող է այլ ընթացք ստանալ։ Փաստ է, որ շատերն են ընկել ագահության ծուղակը և հոգևոր արժեքները զոհաբերել են նյութականին (Ժող. 9։11, 12)։
Որոշ եղբայրներ և քույրեր այնքան են տարվում իրենց գործերով, որ այլևս ժամանակ չի մնում անձնական ուսումնասիրության, ժողովի հանդիպումներին հաճախելու և ծառայությանը մասնակցելու համար։ Բնական է, որ դրա հետևանքով տուժում է Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունը։ Սակայն դրանից հնարավոր է տուժի նաև նրանց փոխհարաբերությունները այն մարդկանց հետ, «ովքեր հարազատ են իրենց հավատի մեջ» (Գաղ. 6։10)։ Այդպես ոմանք աստիճանաբար հեռանում են հավատակիցներից։ Սա իրոք որ լուրջ խնդիր է, որին արժե ուշադրություն դարձնել։
Հավատակիցների հանդեպ մեր պարտականությունը
Մենք շատ առիթներ ենք ունենում մեր ջերմ սերը ցույց տալու մեր քույրերի ու եղբայրների հանդեպ (Հռոմ. 13։8)։ Նրանցից ոմանք հավանաբար «հարստահարված» են և «աղաղակում են օգնության համար» (Հոբ 29։12)։ Ոմանք էլ գուցե տնտեսական ծանր պայմաններում են ապրում։ Հովհաննես առաքյալի խոսքերը հիշեցնում են մեզ, թե ինչ անելու հնարավորություն ունենք. «Ով որ այս աշխարհի բարիքներն ունենա և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է, ու չկարեկցի նրան, ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ» (1 Հովհ. 3։17)։
Հավանաբար դու ձեռք ես մեկնել և առատաձեռնորեն օգնել ես կարիքի մեջ եղող քո հավատակցին։ Սակայն եղբայրասիրությունը չի սահմանափակվում միայն նյութական օգնություն ցույց տալով։ Ժողովում ոմանք գուցե «աղաղակում են օգնության համար», քանի որ միայնակ են կամ վհատված։ Հնարավոր է՝ իրենց անարժեք են զգում, լուրջ հիվանդություն ունեն կամ սիրելի անձնավորություն են կորցրել։ Այսպիսի մարդկանց կարող ենք էմոցիոնալ և հոգևոր աջակցություն ցույց տալ, եթե օրինակ՝ զրուցենք նրանց հետ և ուշադիր լսենք, երբ ցանկանում են խոսել իրենց զգացմունքների մասին (1 Թեսաղ. 5։14)։ Նման շփումը ամրացնում է սիրո կապը ժողովի անդամների միջև։
Այդպիսի անհատներին կարող են օգնել հատկապես երեցները՝ կարեկցանքով լսելով, փորձելով հասկանալ նրանց խնդիրները և Աստվածաշնչի վրա հիմնված սիրառատ խորհուրդներ տալով (Գործ. 20։28)։ Այդպես վարվելով՝ նրանք ընդօրինակում են Պողոս առաքյալին, ով «ջերմ զգացմունքներ» ուներ իր հավատակիցների հանդեպ (1 Թեսաղ. 2։7, 8)։
Սակայն եթե քրիստոնյան աստիճանաբար հեռանում է իր հավատակիցներից, ինչպե՞ս կարող է կատարել նրանց հանդեպ ունեցած իր քրիստոնեական պարտականությունը։ Ինչ խոսք, երեցները նույնպես կարող են ընկնել նյութական նպատակներ հետապնդելու ծուղակը։ Ի՞նչ կպատահի քրիստոնյային, եթե չդիմադրի նման գայթակղությանը։
Ծանրաբեռնված՝ կյանքի հոգսերով
Ընտանիքի ֆիզիկական կարիքները հոգալու համար ծանր աշխատանքը կարող է ավելացնել մեր հոգսերը, ինչպես նաև թուլացնել հոգևոր բաների հանդեպ մեր գնահատանքը (Մատթ. 13։22)։ Մառեկն ասում է. «Երբ բիզնեսս ձախողվեց, որոշեցի լավ վարձատրվող աշխատանք փնտրել արտասահմանում։ Ես մեկնեցի երեք ամսով, հետո վերադարձա ու որոշեցի ևս երեք ամսով մեկնել ու այդպես շարունակ։ Այդպես ես շատ քիչ էի ընտանիքիս հետ լինում, ու դա վատ էր անդրադառնում կնոջս էմոցիոնալ վիճակի վրա, որը Եհովայի վկա չէր»։
Սակայն միայն նրա ընտանեկան կյանքը չէր, որ տուժեց դրանից։ Մառեկը շարունակում է. «Ես տաժանակիր աշխատանք էի կատարում անտանելի շոգ պայմաններում։ Բացի դրանից, ինձ վերահսկում էին դաժան մարդիկ, որոնք ամեն կերպ շահագործում էին մեզ։ Նրանք ասես իսկական գանգստերներ լինեին։ Ես ծայրաստիճան ճնշված էի և ինձ ստրուկի պես էի զգում։ Ժամանակ չէի ունենում անգամ իմ մասին հոգ տանելու, էլ ուր մնաց ուրիշների»։
Մառեկի օրինակը կարող է մղել մեզ որոշում կայացնելուց առաջ մտածելու նաև հետևանքների մասին։ Նույնիսկ եթե թվա, թե արտասահման մեկնելը կլուծի ֆինանսական խնդիրները, հարկավոր է մտածել, թե արդյոք նոր խնդիրների առաջ չենք կանգնի։ Օրինակ՝ դա ինչպե՞ս կանդրադառնա ընտանիքի հոգևոր և էմոցիոնալ վիճակի վրա։ Դրա պատճառով արդյոք իմ կապը ժողովի հետ չի՞ կտրվի։ Չե՞մ զրկվի հավատակիցներիս ծառայելու առանձնաշնորհումից (1 Տիմոթ. 3։2–5)։
Կհամաձայնես, սակայն, որ քրիստոնյան կարող է տարվել աշխատանքով նույնիսկ իր երկրում՝ առանց արտասահման մեկնելու։ Յարոսլավն ու Բեատան պատմում են. «Ամեն ինչ շատ աննկատ սկսվեց։ Երբ նոր էինք ամուսնացել, հոթդոգի փոքրիկ խորտկարան բացեցինք շատ հարմար վայրում։ Մեծ եկամուտից ոգևորված՝ որոշեցինք ընդլայնել մեր բիզնեսը։ Դա մեզնից շատ ժամանակ էր խլում, այդ պատճառով սկսեցինք բաց թողնել ժողովի հանդիպումները։ Շատ չանցած՝ թողեցի ռահվիրայությունը և ծառայող օգնականի առանձնաշնորհումս։ Հարստանալու մոլուցքով տարված՝ մենք մեծ խանութ բացեցինք և սկսեցինք համագործակցել մի մարդու հետ, որը Վկա չէր։ Ես սկսեցի մեկնել արտասահման և միլիոնավոր դոլարների պայմանագրեր կնքել։ Հազվադեպ էի տանը լինում, ինչի հետևանքով կնոջս և աղջկաս հետ իմ փոխհարաբերությունն արդեն առաջվանը չէր։ Ի վերջո, մեր ծաղկող բիզնեսը մեզ հոգևոր քնի մեջ գցեց։ Ժողովի անդամներից կտրված լինելով՝ մենք չէինք էլ մտածում մեր հավատակիցների մասին»։
Ի՞նչ դաս ենք քաղում այս օրինակներից։ Սեփական «դրախտը» ստեղծելու ցանկությունը կարող է քրիստոնյային ծուղակի մեջ գցել. տարվելով գոհացուցիչ կյանքի խաբկանքով՝ նա գուցե կորցնի իր «վերնահագուստները»՝ իր քրիստոնեական ինքնությունը (Հայտն. 16։15)։ Դա կարող է հեռացնել մեզ մեր հավատակիցներից և զրկել նրանց օգնելու հնարավորությունից։
Եղիր իրատես
Գուցե մտածում ես, որ քեզ հետ այդպիսի բան չի պատահի։ Սակայն լավ կլինի, որ յուրաքանչյուր ոք մտածի, թե իրականում ինչ է իրեն անհրաժեշտ։ «Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել,— գրել է Պողոս առաքյալը,— ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթ. 6։7, 8)։ Ինչ խոսք, կենսամակարդակը տարբեր երկրներում տարբեր է։ Այն, ինչ զարգացած երկրներում սովորական բան է, այլ երկրներում կարող է ճոխություն համարվել։
Անկախ այն բանից, թե ինչպիսին է կենսամակարդակը մեր երկրում, լավ կլինի՝ միշտ հիշենք Պողոսի հետևյալ խոսքերը. «Նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթ. 6։9)։ Որոգայթը, կամ՝ թակարդը, սովորաբար դրված է լինում զոհի համար աննկատ տեղում։ Ինչպե՞ս կարող է քրիստոնյան խուսափել «վնասակար ցանկությունների» թակարդն ընկնելուց։
Եթե կյանքում ճիշտ առաջնահերթություններ դնենք, ապա ավելի շատ ժամանակ կունենանք տրամադրելու Թագավորության շահերին, ինչպես նաև անձնական ուսումնասիրությանը։ Խորը անձնական ուսումնասիրությունը և աղոթքը կօգնեն, որ «լիովին իրազեկ լինենք, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթ. 2։15; 3։17)։
Մի քանի տարի շարունակ երեցները ջանում էին օգնել Յարոսլավին։ Ի վերջո, նա սկսեց արմատական փոփոխություններ անել։ Նա ասում է. «Մի օր երեցները Աստվածաշնչից ինձ հիշեցրին հարուստ երիտասարդի օրինակը, որը ցանկանում էր հավիտյան ապրել, բայց պատրաստ չէր հրաժարվելու իր ունեցվածքից։ Այնուհետև նրանք նրբանկատորեն հարցրին, թե ինչ կարելի է սովորել նրա օրինակից։ Այդ զրույցը բացեց իմ աչքերը» (Առակ. 11։28; Մարկ. 10։17–22)։
Յարոսլավը իրատեսորեն քննեց իր հանգամանքները և որոշեց թողնել բիզնեսը։ Երկու տարվա ընթացքում նա իր ընտանիքի հետ հոգևորապես ոտքի կանգնեց։ Այժմ Յարոսլավը ծառայում է որպես երեց։ Նա ասում է. «Երբ տեսնում եմ, որ եղբայրները այնքան են տարվում աշխատանքով, որ սկսում են անուշադրության մատնել հոգևորը, նրանց պատմում եմ իմ օրինակը՝ ցույց տալու, թե որքան անմիտ որոշում կարող է լինել «անհավատների հետ լծակից» լինելը։ Նրանց ասում եմ նաև, որ հասկանում եմ, թե ինչքան դժվար է մերժել գայթակղիչ առաջարկները և հեռու մնալ անազնիվ գործերից» (2 Կորնթ. 6։14)։
Մառեկը նույնպես իր դառը փորձից դաս քաղեց։ Ճիշտ է, լավ վարձատրվող աշխատանքը բարելավեց նրա ընտանիքի ֆինանսական վիճակը, սակայն դրա պատճառով տուժեցին Եհովայի և իր հավատակիցների հետ ունեցած փոխհարաբերությունները։ Ժամանակի ընթացքում նա վերանայեց իր կյանքը և ճիշտ առաջնահերթություններ դրեց։ Մառեկը պատմում է. «Բարուքի նման՝ ես էլ էի սկսել ինձ համար «մեծամեծ բաներ փնտրել»։ Բայց, ի վերջո, սիրտս բացեցի Եհովայի առաջ՝ հայտնելով իմ մտահոգությունները։ Հիմա կարծես վերականգնել եմ հոգևոր առողջությունս» (Երեմ. 45։1–5)։ Մառեկն այժմ հոգևոր նպատակ է դրել իր առաջ՝ ծառայել ժողովում որպես վերակացու (1 Տիմոթ. 3։1)։
Նրանց, ովքեր ցանկանում են արտասահման մեկնել լավ վարձատրվող աշխատանք գտնելու համար, Մառեկը զգուշացնում է. «Արտասահմանում շատ ավելի հեշտ է ընկնել այս չար աշխարհի ծուղակը։ Լեզվի վատ իմացության պատճառով չես կարողանում շփվել ուրիշների հետ։ Եվ ի վերջո, երբ տուն ես վերադառնում, գուցե բավական փող վաստակած լինես, բայց ձեռք բերած կլինես նաև հոգևոր վերքեր, որոնք բուժելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել»։
Հավասարակշռված տեսակետ պահպանելով աշխատանքի նկատմամբ և կատարելով հավատակիցների հանդեպ մեր պարտականությունը՝ կհաճեցնենք Եհովային։ Այդպես մենք մեր օրինակով կարող ենք մղել մյուսներին իմաստուն որոշումներ կայացնելու։ Նրանք, ովքեր ծանրաբեռնված են կյանքի հոգսերով, ոչ միայն օգնության ու կարեկցանքի, այլև հավատակիցների լավ օրինակի կարիքն ունեն։ Ժողովի երեցները և մյուս հասուն քրիստոնյաները կարող են օգնել իրենց հավատակիցներին, որ լինեն հավասարակշռված և չծանրաբեռնվեն կյանքի հոգսերով (Եբր. 13։7)։
Թող որ երբեք չհեռանանք մեր հավատակիցներից՝ տարվելով մեր գործերով (Փիլիպ. 1։10)։ Փոխարենը՝ ձգտենք «Աստծու աչքին հարուստ» լինել և Թագավորության շահերը առաջին տեղում դնել (Ղուկ. 12։21)։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկարներ 21-րդ էջի վրա]
Աշխատանքդ խանգարո՞ւմ է, որ ներկա լինես ժողովի հանդիպումներին
[նկարներ 23-րդ էջի վրա]
Գնահատո՞ւմ ես հավատակիցներիդ ծառայելու առանձնաշնորհումը