Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w23 մայիս էջ 8–13
  • Եհովան պատասխանում է մեր աղոթքներին. ինչպե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան պատասխանում է մեր աղոթքներին. ինչպե՞ս
  • 2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՀՈՎԱՆ ԳՈՒՑԵ ՄԵՐ ԱԿՆԿԱԼԱԾ ՁԵՎՈՎ ՉՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԵԶ
  • Ի՞ՆՉ ԿԵՐՊԵՐՈՎ Է ԵՀՈՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ
  • ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՏ Է ՊԵՏՔ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ներածություն
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Եհովան կպատասխանի՞ աղոթքներիս
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w23 մայիս էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21

Եհովան պատասխանում է մեր աղոթքներին. ինչպե՞ս

«Գիտենք, որ կստանանք մեր խնդրածները, քանի որ խնդրել ենք նրանից» (1 ՀՈՎՀ. 5։15)։

ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1-2. Մեր աղոթքների վերաբերյալ ի՞նչ մտահոգություն գուցե ունենանք։

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես. «Եհովան պատասխանո՞ւմ է իմ աղոթքներին»։ Շատ եղբայրներ ու քույրեր են նման մտահոգություն արտահայտել, հատկապես երբ դժվարություններ են ունեցել։ Երբ տառապանքներ ենք կրում, մեզ համար գուցե նույնպես դժվար լինի տեսնել, թե Եհովան ինչպես է պատասխանում մեր աղոթքներին։

2 Հոդվածում կքննենք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Եհովան պատասխանում է իր ծառաների աղոթքներին (1 Հովհ. 5։15)։ Նախ կտեսնենք, թե ինչու գուցե երբեմն թվա, թե Եհովան չի պատասխանում մեր աղոթքներին։ Այնուհետև կիմանանք, թե նա ինչպես է պատասխանում մեր խնդրանքներին։

ԵՀՈՎԱՆ ԳՈՒՑԵ ՄԵՐ ԱԿՆԿԱԼԱԾ ՁԵՎՈՎ ՉՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԵԶ

3. Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ աղոթենք իրեն։

3 Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Եհովան մեզ շատ է սիրում, և որ մենք թանկ ենք նրա համար (Անգե 2։7; 1 Հովհ. 4։10)։ Ահա թե ինչու է նա հորդորում, որ օգնության համար դիմենք իրեն (1 Պետ. 5։6, 7)։ Նա ուզում է օգնել մեզ, որ մտերիմ մնանք իր հետ և հաղթահարենք մեր դժվարությունները։

Դավիթը, տավիղը ձեռքին, խույս է տալիս իր վրա նետված նիզակից։

Եհովան պատասխանեց Դավթի աղոթքին՝ ազատելով նրան իր թշնամիներից (տես պարբերություն 4)

4. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան պատասխանում է իր ծառաների աղոթքներին (տես նաև նկարը)։

4 Աստվածաշնչում շատ արձանագրություններ կան այն մասին, թե ինչպես է Եհովան պատասխանել իր ծառաների աղոթքներին։ Օրինակ՝ Դավիթ թագավորը, ով իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ թշնամիներ է ունեցել, հաճախ էր օգնության համար Եհովային դիմում։ Մի անգամ նա աղոթեց՝ ասելով. «Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին։ Քո հավատարմությամբ ու արդարությամբ պատասխա՛ն տուր ինձ» (Սաղ. 143։1)։ Եհովան պատասխանում էր Դավթի աղոթքներին և փրկում էր նրան (1 Սամ. 19։10, 18-20; 2 Սամ. 5։17-25)։ Ուստի Դավիթը համոզվածությամբ կարող էր ասել. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին»։ Մենք նույնպես կարող ենք նման համոզվածություն ունենալ (Սաղ. 145։18)։

Պողոսը ջերմեռանդորեն աղոթում է Եհովային։

Եհովան պատասխանեց Պողոսի աղոթքին՝ նրան դիմանալու ուժ տալով (տես պարբերություն 5)

5. Արդյո՞ք Եհովան իր ծառաների աղոթքներին միշտ նրանց ակնկալած ձևով է պատասխանել։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։

5 Հնարավոր է՝ Եհովան մեր աղոթքներին չպատասխանի այնպես, ինչպես մենք ենք ակնկալում։ Նման բան եղավ Պողոս առաքյալի հետ։ Նա «փշի նման ծակող մի ցավ» ուներ և Եհովային խնդրում էր, որ այն հեռացնի իրենից։ Պողոսը երեք անգամ կոնկրետ աղոթեց այդ դժվարության մասին։ Սակայն Եհովան առաքյալի աղոթքներին չպատասխանեց այնպես, ինչպես նա էր ակնկալում։ Պողոսի խնդիրը վերացնելու փոխարեն՝ Եհովան նրան այնքան ուժ տվեց, որ կարողանա շարունակել հավատարմորեն ծառայել իրեն (2 Կորնթ. 12։7-10)։

6. Ինչո՞ւ երբեմն գուցե թվա, թե Եհովան չի պատասխանում մեր աղոթքներին։

6 Երբեմն մենք էլ գուցե մեր աղոթքի պատասխանը չստանանք այնպես, ինչպես ակնկալում ենք։ Նման դեպքերում կարող ենք համոզված լինել, որ Եհովան գիտի, թե ինչպես լավագույնս օգնի մեզ։ Նա նույնիսկ «կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում» (Եփես. 3։20)։ Այդ պատճառով երբեմն նա մեր աղոթքներին պատասխանում է ոչ այն ժամանակ կամ ձևով, որ մենք ենք ակնկալում։

7. Ինչո՞ւ գուցե կարիք լինի փոխելու մեր աղոթքների բովանդակությունը։ Բեր օրինակ։

7 Որոշ դեպքերում Եհովան մեզ հետ կապված գուցե այլ պլաններ ունենա։ Երբ հասկանանք, թե մեր առնչությամբ որն է նրա կամքը, թերևս կարիք լինի փոխելու մեր աղոթքների բովանդակությունը։ Քննենք Մարտին Փետցինգերի օրինակը։ Ամուսնությունից կարճ ժամանակ անց նրան ուղարկեցին նացիստական համակենտրոնացման ճամբար։ Սկզբում նա Եհովային աղոթում էր, որ ազատ արձակվի, որպեսզի հոգ տանի իր կնոջ մասին և մասնակցի քարոզչական գործին։ Անցավ երկու շաբաթ, բայց ազատվելու ոչ մի հույս։ Ուստի եղբայր Մարտինը փոխեց իր աղոթքների բովանդակությունը։ Այդուհետ նա աղոթում էր. «Եհո՛վա, խնդրում եմ, օգնիր՝ հասկանամ, թե ինչ ես ուզում, որ անեմ»։ Որոշ ժամանակ անց եղբայրը սկսեց մտածել ճամբարում գտնվող մյուս եղբայրների մասին։ Նրանցից շատերը խիստ մտահոգված էին իրենց կանանց ու երեխաների բարօրությամբ։ Ուստի նա աղոթեց. «Եհո՛վա, շնորհակալ եմ իմ նոր նշանակման համար։ Օգնիր, որ քաջալերեմ ու զորացնեմ եղբայրներիս»։ Ճամբարում անցկացրած ինը տարիների ընթացքում եղբայր Մարտինը հենց այդպես էր վարվում։

8. Աղոթելիս ո՞ր կարևոր փաստի մասին չպետք է մոռանանք։

8 Մենք չպետք է մոռանանք, որ Եհովան նպատակ ունի և այն իրագործելու է իր որոշած ժամանակին։ Նրա նպատակն է մեկընդմիշտ վերացնել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր մեծ տառապանք են պատճառում մարդկանց, օրինակ՝ բնական աղետները, հիվանդություններն ու մահը։ Եհովան դա իրագործելու է իր Թագավորության միջոցով (Դան. 2։44; Հայտն. 21։3, 4)։ Մինչ այդ, սակայն, նա թույլ է տալիս, որ Սատանան ղեկավարի աշխարհը (Հովհ. 12։31; Հայտն. 12։9)։b Եթե Եհովան հիմա լուծի մարդկության խնդիրները, կստացվի, որ Սատանան լավ ղեկավար է։ Բայց այն, որ նա հիմա դա չի անում, չի նշանակում, որ նախքան իր նպատակի իրագործումը չի օգնելու մեզ։ Այժմ տեսնենք, թե ինչ կերպերով է նա օգնության հասնում։

Ի՞ՆՉ ԿԵՐՊԵՐՈՎ Է ԵՀՈՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

9. Եհովան ինչպե՞ս է օգնում, որ իմաստուն որոշումներ կայացնենք։ Բեր օրինակ։

9 Իմաստություն է տալիս։ Եհովան խոստանում է իմաստություն տալ մեզ, որ կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել։ Դրա կարիքն ունենում ենք հատկապես այնպիսի հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, որոնք անդրադառնում են մեր ողջ կյանքի վրա։ Օրինակ՝ ամուսնանա՞լ, թե՞ մնալ ամուրի (Հակ. 1։5)։ Քննենք Մարիա անունով մի ամուրի քրոջ օրինակը։c Նա վայելում էր իր ռահվիրայությունը, երբ հանդիպեց մի եղբոր։ Մարիան պատմում է. «Որքան մեր ընկերությունն ամրանում էր, այնքան խորանում էին մեր զգացմունքները։ Գիտեի, որ պետք է որոշում կայացնեմ։ Շատ էի աղոթում այդ մասին։ Ես Եհովայի առաջնորդության կարիքն ունեի, բայց նաև հասկանում էի, որ նա իմ փոխարեն որոշում չի կայացնելու»։ Մարիան իմաստություն էր խնդրում Եհովայից։ Նա վստահ է, որ Եհովան պատասխանել է իր աղոթքներին։ Ինչպե՞ս։ Մեր հրատարակություններում փնտրտուք անելիս նա գտնում էր կոնկրետ հոդվածներ, որոնք պատասխանում էին իրեն անհանգստացնող հարցերին։ Բացի այդ՝ նա հետևում էր իր մոր իմաստուն խորհուրդներին, ով նույնպես Եհովայի ծառա է։ Այդ խորհուրդներն օգնեցին Մարիային հասկանալ իր զգացմունքները։ Արդյունքում նա կարողացավ իմաստուն որոշում կայացնել։

Փախստականների ճամբարում եղբայրը Աստվածաշունչ է կարդում։

Ինչպե՞ս է Եհովան դիմանալու ուժ տալիս մեզ (տես պարբերություն 10)

10. Փիլիպպեցիներ 4։13-ի համաձայն՝ ինչպե՞ս է Եհովան օգնում իր ծառաներին։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։

10 Ուժ է տալիս, որ դիմանանք։ Եհովան ինչպես Պողոս առաքյալին զորացրեց, այնպես էլ մեզ ուժ կտա, որ դիմանանք մեր փորձություններին (կարդա Փիլիպպեցիներ 4։13)։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Բենջամին անունով մի եղբոր, որը դժվար հանգամանքներում էր գտնվում։ Բենջամինը պատանեկության տարիների մեծ մասը իր ընտանիքի հետ ապրել է Աֆրիկայում՝ փախստականների ճամբարներում։ Նա ասում է. «Ես շարունակ խնդրում էի Եհովային, որ ինձ ուժ տա անելու այն, ինչը հաճելի է իրեն։ Նա պատասխանեց իմ աղոթքներին՝ տալով ինձ մտքի խաղաղություն և քաջություն, որ շարունակեմ քարոզել։ Եհովան նաև հոգ տարավ, որ ունենամ աստվածաշնչյան գրականություն, որպեսզի կարողանամ հոգևորապես ամուր մնալ»։ Բենջամինը նաև ասում է. «Հավատակիցներիս հետ տեղի ունեցած դեպքերի մասին կարդալով՝ իմանում էի, թե ինչպես է Եհովան օգնել նրանց դիմանալ դժվարություններին։ Դա ամրացնում էր Եհովային հավատարիմ մնալու վճռականությունս»։

Երբևէ զգացե՞լ ես, թե ինչպես է Եհովան հավատակիցներիդ միջոցով օգնում քեզ (տես պարբերություն 11-12)d

11-12. Եհովան գուցե ինչպե՞ս պատասխանի մեր աղոթքներին (տես նաև նկարը)։

11 Օգնում է իր ծառաների միջոցով։ Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը ջերմեռանդորեն աղոթեց։ Նա չէր ուզում դատապարտվել որպես Աստծուն հայհոյող, ուստի աղաչեց Եհովային, որ այդ նախատինքը հեռացվի իրենից։ Բայց Եհովան նրան այլ կերպ օգնեց։ Հիսուսին զորացնելու համար նա ուղարկեց նրա ոգեղեն եղբայրներից մեկին (Ղուկ. 22։42, 43)։ Եհովան մեզ էլ կարող է օգնել մեր եղբայրների ու քույրերի միջոցով։ Գուցե նրանցից մեկը քաջալերի մեզ՝ զանգահարելով կամ այցելելով։ Բոլորս էլ կարող ենք մեր հավատակիցներին «բարի խոսք» ասելու առիթներ փնտրել (Առակ. 12։25)։

12 Քննենք Միրիամ անունով մի քրոջ օրինակը։ Ամուսնու մահից մի քանի շաբաթ հետո Միրիամը տանը մենակ էր՝ տխուր ու վհատված։ Նա անդադար լալիս էր և ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ուներ։ Քույրն ասում է. «Ուժ չունեի որևէ մեկին զանգելու, ուստի աղոթեցի Եհովային։ Բայց մինչ լալիս էի և աղոթում, հեռախոսիս զանգ եկավ։ Երեցներից մեկն էր՝ մեր սիրելի ընկերը»։ Այդ երեցն ու նրա կինը մխիթարեցին Միրիամին։ Նա համոզված է, որ Եհովան էր մղել այդ եղբորը զանգահարելու իրեն։

Բժիշկը ամուսնական զույգին որոշ տեղեկություններ է ցույց տալիս։

Ինչպե՞ս գուցե Եհովան մղի ուրիշներին օգնելու մեզ (տես պարբերություն 13-14)

13. Եհովան թերևս ինչպե՞ս պատասխանի մեր աղոթքներին։ Բեր օրինակ։

13 Օգնում է մեզ իրեն չպաշտող մարդկանց միջոցով (Առակ. 21։1)։ Երբեմն Եհովան պատասխանում է իր ծառաների աղոթքներին՝ մղելով իրեն չպաշտող մարդկանց գործելու նրանց օգտին։ Օրինակ՝ նա մղեց Արտաքսերքսես թագավորին, որ թույլ տա Նեեմիային վերադառնալ Երուսաղեմ և կազմակերպել քաղաքի վերակառուցումը (Նեեմ. 2։3-6)։ Նմանապես այսօր Եհովան կարող է մեզ օգնության հասնել իրեն չպաշտող մարդկանց միջոցով։

14. Սու Հինի օրինակը ինչո՞վ է քաջալերական քեզ համար (տես նաև նկարը)։

14 Սու Հին անունով մի քույր կարծում է, որ Եհովան իրեն օգնել է իրենց բժշկի միջոցով։ Մի օր նրա որդին, ով հոգեկան առողջության հետ կապված մի շարք խնդիրներ ունի, ընկավ բարձրությունից և լուրջ վնասվածք ստացավ։ Սու Հինն ու նրա ամուսինը ստիպված դուրս եկան աշխատանքից, որ հոգ տանեն իրենց որդու մասին։ Արդյունքում նրանք ֆինանսական խնդիրներ ունեցան։ Սու Հինը պատմում է, որ այդ ժամանակ իրեն թվում էր՝ այլևս ուժ չունի դիմանալու։ Բայց նա ամբողջությամբ բացեց իր սիրտը Եհովայի առաջ և օգնություն խնդրեց նրանից։ Հետաքրքիր է, որ նրանց բժիշկը մղվեց օգնելու նրանց։ Նրա միջամտության շնորհիվ կառավարությունը Սու Հինի ընտանիքին ֆինանսական աջակցություն և նրանց գրպանին հարմար վարձով բնակարան տրամադրեց։ Քույրն ասում է. «Մենք տեսանք Եհովայի ձեռքը։ Նա, իրոք որ, «աղոթքներ Լսող» է» (Սաղ. 65։2)։

ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՏ Է ՊԵՏՔ

15. Ի՞նչն օգնեց մի քրոջ հասկանալ, որ Եհովան պատասխանում է իր աղոթքներին։

15 Մեր աղոթքների պատասխանները սովորաբար արտասովոր կերպով չեն տրվում։ Բայց դրանք հենց այն են, ինչ մեզ պետք է մեր երկնային Հորը հավատարիմ մնալու համար։ Ուստի ուշադիր եղիր, որ նկատես, թե ինչպես է Եհովան պատասխանում քո աղոթքներին։ Յոկո անունով մի քրոջ թվում էր, թե Եհովան չի պատասխանում իր աղոթքներին։ Բայց հետո նա որոշեց գրի առնել իր խնդրանքները։ Որոշ ժամանակ անց իր գրառումներն աչքի անցկացնելով՝ քույրը հասկացավ, որ Եհովան պատասխանել է իր աղոթքների մեծ մասին, նույնիսկ այն աղոթքներին, որոնք չէր հիշում։ Մենք պետք է ժամանակ առ ժամանակ կանգ առնենք և մտածենք, թե ինչպես է Եհովան պատասխանում մեր աղոթքներին (Սաղ. 66։19, 20)։

16. Ինչպե՞ս կարող ենք հավատ դրսևորել մեր աղոթքների առնչությամբ (Եբրայեցիներ 11։6)։

16 Մենք հավատ ենք դրսևորում ոչ միայն աղոթելով Եհովային, այլև ընդունելով նրա պատասխանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այն (կարդա Եբրայեցիներ 11։6)։ Քննենք Մայքի և նրա կնոջ՝ Քրիսիի օրինակը։ Նրանք Բեթելում ծառայելու նպատակ ունեին։ Մայքն ասում է. «Կնոջս հետ տարիներ շարունակ Բեթելում ծառայելու դիմում ենք լրացրել և անդադար խնդրել ենք Եհովային, որ օգնի՝ հասնենք մեր նպատակին։ Բայց այդպես էլ հրավեր չենք ստացել»։ Մայքն ու Քրիսին միշտ համոզված են եղել, որ Եհովան ավելի լավ գիտի, թե ծառայության որ ձևի մեջ նրանց օգտագործի։ Նրանք շարունակեցին իրենց լավագույնն անել՝ ծառայելով ռահվիրա այն տարածքներում, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է, և աջակցելով աստվածապետական շինարարական նախագծերի։ Այսօր Մայքն ու Քրիսին շրջանային ծառայության մեջ են։ Մայքն ասում է. «Միշտ չէ, որ Եհովան պատասխանել է մեր աղոթքներին մեր ակնկալած ձևով, բայց նա միշտ պատասխանել է, և դա արել է լավագույն կերպով, այնպես, որ չէինք էլ կարող պատկերացնել»։

17-18. Սաղմոս 86։6, 7 համարների համաձայն՝ ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

17 Կարդա Սաղմոս 86։6, 7։ Սաղմոսերգու Դավիթը համոզված էր, որ Եհովան լսում և պատասխանում է իր աղոթքներին։ Դու էլ կարող ես նման համոզվածություն ունենալ։ Այս հոդվածում քննարկվող օրինակները վստահեցնում են, որ Եհովան կարող է մեզ տալ իմաստություն և փորձություններին դիմանալու համար անհրաժեշտ զորություն։ Նա կարող է մղել մեր հավատակիցներին և նույնիսկ նրանց, ովքեր այս պահին չեն պաշտում իրեն, որ որևէ կերպով օգնեն մեզ։

18 Ինչպես տեսանք, միշտ չէ, որ Եհովան մեր աղոթքներին պատասխանում է մեր ակնկալած ձևով, բայց նա միշտ պատասխանում է։ Նա ճիշտ ժամանակին կտա մեզ այն, ինչի կարիքն ունենք։ Ուստի շարունակիր հավատով աղոթել՝ համոզված լինելով, որ Եհովան հոգ կտանի քո մասին այժմ և գալիք նոր աշխարհում, որտեղ «կգոհացնի ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Եհովան ինչո՞ւ գուցե մեր աղոթքներին չպատասխանի մեր ակնկալած ձևով։

  • Բեր օրինակներ, թե ինչ կերպերով է Եհովան պատասխանում մեր աղոթքներին։

  • Ինչպե՞ս կարող ենք հավատ դրսևորել, երբ փնտրում ենք մեր աղոթքի պատասխանը։

ԵՐԳ 46 Շնորհակալ ենք, Եհո՛վա

a Եհովան հավաստիացնում է մեզ, որ կպատասխանի մեր աղոթքներին, եթե դրանք իր կամքին ներդաշնակ լինեն։ Փորձությունների միջով անցնելիս կարող ենք վստահ լինել, որ նա կլսի մեր աղոթքները և կօգնի մեզ իրեն հավատարիմ մնալ։ Եկեք տեսնենք, թե Եհովան ինչպես է պատասխանում մեր աղոթքներին։

b Այն մասին, թե ինչու է Եհովան թույլ տալիս, որ Սատանան ղեկավարի աշխարհը, տես «Ուշադրության կենտրոնում պահիր ամենակարևոր հարցը» հոդվածը «Դիտարանի» 2017 թ. հունիսի համարում։

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d ՆԿԱՐ։ Մայր ու աղջիկ գաղթել են այլ երկիր։ Հավատակիցները ջերմորեն ողջունում են նրանց և գործնական օգնություն տրամադրում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը