Որպես միայնակ ծնող՝ դու կարող ես հաջողության հասնել
ԱՅՍՕՐ քիչ են այն ընտանիքները, որտեղ ծնողները միասին են ապրում։ Միայն Միացյալ Նահանգներում ավելի քան 13 միլիոն միայնակ ծնողներ կան, և նրանց մեծամասնությունը մայրեր են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ երկրում ապրող բոլոր երեխաների մոտ կեսը իրենց պատանեկության մի քանի տարիները անցկացնում են ծնողներից մեկի հետ։
Եթե դու էլ ես մենակ մեծացնում քո երեխային, մի՛ վհատվիր, դու կարող ես հաջողության հասնել։ Փորձիր կիրառել ստորև բերված առաջարկները։
◼ Խուսափիր բացասական մտածելակերպ ունենալուց։ Աստվածաշունչն ասում է. «Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է» (Առակաց 15։15)։ Ճիշտ է, քո կյանքը նման չէ խնջույքի։ Սակայն այս համարը ցույց է տալիս, որ ուրախությունը ավելի շատ գալիս է սրտից և ոչ թե մեր հանգամանքներից (Առակաց 17։22)։ Եթե անընդհատ մտածես, որ երեխայիդ կյանքն արդեն խորտակված է կամ ձեր ընտանիքը անհույս վիճակում է, շատ բանի չես հասնի։ Նման մտածելակերպը միայն կվհատեցնի, և քեզ համար ավելի դժվար կլինի կատարել ծնողական պարտականություններդ (Առակաց 24։10)։
Առաջարկ։ Գրի առ այն բացասական մտքերը, որոնք հաճախ են անհանգստացնում քեզ, այնուհետև յուրաքանչյուրի կողքը նշիր մի դրական միտք։ Օրինակ՝ «սա իմ ուժերից վեր է» միտքը փոխարինիր դրական մտքով՝ «մենակ լինելով հանդերձ՝ ես կարող եմ կատարել իմ պարտականությունները, քանի որ կստանամ պետք եղած զորությունը» (Փիլիպպեցիներ 4։13)։
◼ Բյուջե կազմիր։ Սովորաբար միայնակ ծնողները, հատկապես մայրերը ֆինանսական հարցերում մեծ խնդիրներ են ունենում։ Այդուհանդերձ, որոշ չափով կարելի է նվազեցնել խնդիրները՝ բյուջե կազմելով։ Աստվածաշնչի մի առակ ասում է. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում» (Առակաց 22։3)։ Ֆինանսական «չարիքից» խուսափելու համար շատ կարևոր է հեռատես լինել և նախապես ծրագրեր կազմել։
Առաջարկ։ Բյուջե կազմիր և գրի առ, թե մեկ ամսում ինչի վրա ես ավելի շատ փող ծախսում։ Արդյոք չափից շա՞տ ես վարկաքարտ օգտագործում։ Արդյոք երեխաներիդ համար շա՞տ իրեր ես գնում՝ մտածելով, որ այդպես վարվելով լրացնում ես երկրորդ ծնողի բացակայությունը։ Եթե երեխաներդ արդեն մեծ են, ապա միասին քննարկեք, թե ինչպես կարելի է խնայել փողը։ Հնարավոր է՝ նրանք գործնական խորհուրդներ առաջարկեն։ Բացի այդ, դա նաև օգտակար կլինի նրանց համար հետագայում։
◼ Խաղաղ փոխհարաբերություն պահպանիր նախկին կողակցիդ հետ։ Եթե դու ես հոգ տանում երեխաներիդ մասին, ապա ճիշտ չի լինի նրանց ներկայությամբ բացասական բաներ խոսել նախկին կողակցիդ հասցեին կամ երեխաներից մեկի միջոցով անընդհատ փորձել իմանալ, թե ինչ է կատարվում նրա կյանքումa։ Ընդհակառակը՝ լավ կլինի այնպիսի հարաբերություն պահպանել նախկին կողակցիդ հետ, որ կարողանաս երեխաների դաստիարակության կամ նրանց բարօրությանն առնչվող ցանկացած հարցում խորհրդակցել նրա հետ։ Աստվածաշունչն ասում է. «Որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։ Այս խորհուրդը կարող ես կիրառել նաև նախկին կողակցիդ հետ շփվելիս։
Առաջարկ։ Հաջորդ անգամ, երբ տարաձայնություններ առաջանան, նախկին կողակցիդ վերաբերվիր այնպես, ինչպես կվերաբերվես գործընկերոջդ։ Սովորաբար աշխատավայրում ձգտում ես բոլորի հետ լինել ընկերական, բոլորի հետ լավ փոխհարաբերություններ պահպանել, անգամ եթե ոչ բոլորն են քեզ դուր գալիս։ Նույն ձևով էլ վարվիր նախկին կողակցիդ հետ։ Գուցե միշտ համաձայնության չգաք, սակայն ձգտիր, որ փոքր կայծը մեծ հրդեհի չվերածվի (Ղուկաս 12։58)։
◼ Լավ օրինակ եղիր։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ հատկություններ կուզեմ, որ երեխաներս ունենան։ Այդ հատկությունները ես ինքս դրսևորո՞ւմ եմ»։ Օրինակ՝ դու միշտ ուրա՞խ ես, չնայած այն բանին, որ մենակ ես մեծացնում երեխաներիդ, թե՞ հանգամանքների պատճառով մտածում ես, որ ամեն բան վատ է ընթանում քո կյանքում։ Մշտապես վիրավորվա՞ծ ես քեզ զգում նախկին կողակցիդ վերաբերմունքից, թե՞ կարողանում ես անտեսել այն անարդարությունները, որոնք շտկել դու ի զորու չես (Առակաց 15։18)։ Ինչ խոսք, հեշտ չէ այսպես վարվել։ Այդուհանդերձ, հիշիր, որ երեխաներդ կընդօրինակեն այն, ինչ տեսնում են։
Առաջարկ։ Թղթի վրա նշիր երեք հատկություն, որ կցանկանայիր տեսնել երեխաներիդ մեջ, երբ նրանք մեծանանb։ Յուրաքանչյուր հատկության կողքին նշիր, թե ինչ կարող ես անել այդ հարցում նրանց լավ օրինակ թողնելու համար։
◼ Մտածիր քո մասին։ Ինչ խոսք, ունենալով բազում պարտականություններ՝ հնարավոր է անտեսես քեզ ու բավականաչափ ժամանակ չտրամադրես քո կարիքները հոգալուն։ Սակայն այդպես վարվելը սխալ է։ Բացի այդ, հարկավոր է գիտակցել, որ դու «հոգևոր կարիքներ» ունես (Մատթեոս 5։3)։ Հիշի՛ր, առանց վառելանյութի՝ մեքենան հեռու չի գնա։ Նույնը քեզ հետ տեղի կունենա, եթե կանգ չառնես «գազալցակայանում»։
Անշուշտ, կա նաև «ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ» (Ժողովող 3։4)։ Հանգստին ուշադրություն դարձնելը ժամանակի կորուստ չէ։ Դու թարմություն և ուժ կստանաս, որպեսզի կարողանաս դիմագրավել այն դժվարությունները, որ ունենում ես որպես միայնակ ծնող։
Առաջարկ։ Զրուցիր ուրիշ ծնողների հետ, ովքեր մենակ են մեծացնում իրենց երեխաներին, և հարցրու, թե ինչպես են նրանք կարողանում ժամանակ տրամադրել նաև իրենց։ Թեև անհրաժեշտ է «հավաստիանալ, թե որ բաներն են ավելի կարևոր», սակայն փորձիր ամեն շաբաթ մի որոշ ժամանակ զբաղվել քեզ հաճելի գործով (Փիլիպպեցիներ 1։10)։ Գրի առ, թե ինչով կուզեիր զբաղվել, և երբ է հնարավոր դա անել։
[ծանոթագրություններ]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս պարբերագրի 18–21-րդ էջերում տպագրված «Քանդված օջախ. ինչ ազդեցություն է թողնում ամուսնալուծությունը երեխաների վրա» հոդվածը։
b Այս պարբերագրի 6–8-րդ էջերում քննարկվում է, թե ինչպես կարելի է դրսևորել «հարգանք», «խոհեմություն» և «ներողամտություն»։