Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 12/1 էջ 22–24
  • Աջակցիր միայնակ ծնողներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աջակցիր միայնակ ծնողներին
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանց աջակցելու պատճառները
  • Մտածիր նրանց կարիքների մասին
  • Սովորիր կատարյալ օրինակից
  • Քո աջակցությունը կգնահատվի
  • Ոչ լրիվ ընտանիքները կարո՛ղ են հաջողության հասնել
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Դու կարո՛ղ ես հաջողության հասնել
    2012 Արթնացե՛ք
  • Սիրով լի հոգատարություն ցույց տանք ‘որբերին’
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Որպես միայնակ ծնող՝ դու կարող ես հաջողության հասնել
    2010 Արթնացե՛ք
Ավելին
2010 Դիտարան
w10 12/1 էջ 22–24

Աջակցիր միայնակ ծնողներին

ԸՆՏԱՆԻՔԻ կարիքները բավարարելու համար միայնակ ծնողը ավելի շատ ժամանակ ու էներգիա է ծախսում, քան ուրիշ մարդիկ։ Այն խնդիրները, որոնց մասին նա պետք է մտածի, անհամար են։ Նրա ուսերին է ընտանիքի ողջ հոգսը։ Բացի աշխատելուց, նա պետք է գնումներ կատարի, ճաշ պատրաստի, մաքրությամբ զբաղվի և կատարի ծնողական պարտականությունները։ Նա պետք է հոգ տանի նաև երեխաների առողջության, հանգստի և էմոցիոնալ կարիքների մասին։ Եվ այդ ամենից հետո միայն կարող է ժամանակ տրամադրել իրեն, եթե ընդհանրապես ազատ րոպեներ մնան։

Թեև միայնակ ծնողների թիվը գնալով մեծանում է, և հասարակության մեջ նրանք զգալի մաս են կազմում, սակայն կարող են հեշտությամբ անտեսվել։ Մի կին անկեղծորեն խոստովանում է. «Մինչև միայնակ մայր դառնալս ես հազվադեպ էի մտածում միայնակ ծնողների մասին»։ Սակայն ինչո՞ւ է անհրաժեշտ աջակցել միայնակ ծնողներին, և ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եկեք քննենք երեք պատճառ, թե ինչու պետք է ուշադիր լինենք նրանց նկատմամբ։

Նրանց աջակցելու պատճառները

Միայնակ ծնողներից շատերն օգնության կարիք են զգում։ 41-ամյա մի այրի, որը երկու անչափահաս երեխա ունի, ասում է. «Երբեմն չգիտեմ ինչ անել, հոգսերը պարզապես խեղդում են ինձ»։ Իսկ մի միայնակ մայր ասում է. «Ուզում եմ ազատվել այս հոգսերից, այլևս չեմ դիմանում։ Ես օգնության կարիք եմ զգում»։ Յուրաքանչյուր միայնակ ծնող միևնույն զգացումներն է ունենում, անկախ այն բանից՝ նրա կողակիցը մահացել է, թե լքել է իրեն։

Աջակցելով նրանց՝ դու երջանիկ կլինես։ Երբևէ օգնե՞լ ես մեկին տանելու իր ծանր պայուսակը։ Եթե այո, ապա հավանաբար բավարարվածության զգացում ես ունեցել՝ գիտակցելով, որ ինչ-որ կերպ օգտակար ես եղել նրան։ Միայնակ ծնողի բեռը նույնպես կարող է երբեմն չափազանց ծանր լինել նրա համար։ Ուստի երբ օգնության ձեռք մեկնես նրան, դու երջանիկ կլինես, քանի որ ինչպես գրված է Սաղմոս 41։1-ում՝ «երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին»։

Կարժանանաս Աստծու հավանությանը։ Հակոբոս 1։27-ում ասվում է. «Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են»։ Սա նաև նշանակում է ուշադիր լինել միայնակ ծնողների հանդեպa։ Իսկ Եբրայեցիներ 13։16-ում կարդում ենք. «Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի»։

Այս երեք պատճառները ի մտի ունենալով՝ եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել միայնակ ծնողներին։

Մտածիր նրանց կարիքների մասին

Կարող է թվալ, թե օգնություն առաջարկելու համար անհրաժեշտ է միայն հարցնել՝ «ինչո՞վ կարող եմ քեզ օգնել»։ Սակայն հազվադեպ է լինում, որ դիմացինը անկաշկանդ ասում է, թե ինչի կարիք ունի։ Սաղմոս 41։1 համարում «հոգ տանել» թարգմանված եբրայերեն բառը, ըստ մի աշխատության, ունի հետևյալ իմաստը՝ «տարբեր տեսանկյուններից վերլուծել իրավիճակը և արդյունքում ճիշտ վերաբերմունք դրսևորել»։

Հետևաբար լավագույն օգնությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրջորեն մտածել այն դժվարությունների մասին, որ ունենում է միայնակ ծնողը։ Պետք է լինել ուշադիր և ոչ թե ընդամենը տեղյակ լինել իրավիճակին։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե ես լինեի նման իրավիճակում, ինչպե՞ս կուզեի, որ ինձ օգնեն»։ Ինչ խոսք, միայնակ ծնողները գուցե ասեն, որ եթե մարդը միայնակ ծնող չէ, ապա որքան էլ փորձի, չի կարող լիովին պատկերացնել, թե ինչ է դա նշանակում։ Այդուհանդերձ, եթե քեզ դնես նրա տեղը, ավելի լավ կհասկանաս նրա կարիքները և կկարողանաս «հոգ տանել» նրա մասին։

Սովորիր կատարյալ օրինակից

Միայնակ ծնողների մասին սիրով հոգ տանելու լավագույն օրինակը Եհովա Աստված է։ Աստվածաշնչի շատ հատվածներում ենք կարդում, թե ինչպես է նա կարեկցանք ու հոգատարություն դրսևորել այրիների, որբերի, ուստիև միայնակ ծնողների հանդեպ։ Քննելով նրա օրինակը՝ մենք շատ բան կսովորենք այն մասին, թե ինչպես կարող ենք անհրաժեշտ աջակցություն ցույց տալ նրանց։

Ժամանակ տրամադրիր նրան լսելու համար

Հին Իսրայելին տված Օրենքում Եհովան ասում է, որ նա «անպայման կլսի [խեղճերի] աղաղակը» (Ելք 22։22, 23)։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Աստծուն։ Միայնակ ծնողները հաճախ միայնության խոր զգացում են ունենում, քանի որ իրենց կողքին չկա մեկը, ում հետ կարող են խոսել։ «Երբ երեխաները գնում են քնելու, ես երբեմն սկսում եմ լաց լինել,— ասում է մի մայր։— Միայնության զգացումը հաճախ պարզապես անտանելի է դառնում»։ Եթե հարմար է, կարող ես ժամանակ տրամադրել և լսել, երբ միայնակ ծնողը խոսում է իր զգացումների մասին և սիրտը բացում է քո առաջ։ Պատշաճ հանգամանքներում նրան լսելու համար ժամանակ տրամադրելով՝ կարող ես մեծապես օգնել նրան հաղթահարելու իր դժվարությունները։

Քաջալերական խոսքեր ասա նրան

Եհովան ներշնչել է մարդկանց գրելու երգեր՝ սաղմոսներ, որոնք պետք է իսրայելացիները երգեին երկրպագության ժամանակ։ Պատկերացրու, թե ինչ քաջալերական էր այրիների և որբերի համար երգել այդ երգերը, որոնց բառերը հիշեցնում էին, որ Եհովան «հայր» և «դատավոր» է իրենց համար և նեցուկ կկանգնի իրենց (Սաղմոս 68։5; 146։9)։ Մենք նույնպես կարող ենք միայնակ ծնողներին քաջալերական խոսքեր ասել, որոնք երկար տարիներ չեն մոռացվի։ Ռութը, որը միայնակ մայր է, հիշում է այն խոսքերը, որ 20 տարի առաջ մի հայր ասաց նրան. «Դու լավ ես դաստիարակում քո որդիներին, շարունակիր նույն ոգով»։ Ռութը ասում է. «Նրա խոսքերը ուժ տվեցին ինձ»։ Իրոք որ, «բարի խոսքերը սպեղանի են» և կարող են օգնել միայնակ ծնողին ավելի, քան պատկերացնում ենք (Առակներ 15։4, Contemporary English Version)։ Մտածիր, թե ինչի համար և ինչ խոսքերով կարող ես գովել նրան։

Անհրաժեշտության դեպքում օգնիր նյութապես

Իսրայելին տված Օրենքում Եհովան համապատասխան կարգադրություններ էր տվել իր ժողովրդին, որպեսզի այրիներն ու որբերը կարողանային արժանավայել կերպով հայթայթել իրենց ուտելիքը։ Դրանց շնորհիվ նրանք բավական սնունդ էին ունենում «ուտելու և կշտանալու» համար (2 Օրենք 24։19–21; 26։12, 13)։ Մենք նույնպես կարող ենք նյութապես օգնել կարիքի մեջ եղող միայնակ ծնողներին՝ դա անելով այնպես, որ չվիրավորենք նրանց արժանապատվությունը։ Գուցե կարող ես մի տոպրակ սննդամթերք գնել նրանց համար։ Կամ գուցե ունես այնպիսի հագուստ, որ կարող ես տալ միայնակ ծնողին կամ նրա երեխաներին։ Կարող ես նաև դրամ տալ նրան՝ ընտանիքի համար անհրաժեշտ գնումներն անելու։

Շփվիր նրանց հետ

Եհովան հրահանգ էր տվել, որ այրիները և որբերն ընդգրկվեն տարեկան տոնակատարություններին, որոնց ժամանակ նրանք կարող էին վայելել հաճելի ընկերակցություն մյուս իսրայելացիների հետ։ Այդ օրերին նրանք պետք է ուրախանային (2 Օրենք 16։10–15)։ Նմանապես այսօր, քրիստոնյաներին հորդոր է տրվում «հյուրասեր լինել իրար հանդեպ» և առիթներ ստեղծել հաճելի շփման համար (1 Պետրոս 4։9)։ Ուստի կարող ես միայնակ ծնողին իր երեխաների հետ հրավիրել ձեր տուն։ Դրա համար պարտադիր չէ ճոխ պատրաստություններ տեսնել։ Ինչպես ասաց Հիսուսը՝ «քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան», երբ հրավիրված էր իր ընկերների տուն (Ղուկաս 10։42)։

Քո աջակցությունը կգնահատվի

Քեթլին անունով մի մայր, որը երեք երեխա է մեծացրել, ասում է, որ երբեք չի մոռանում այս իմաստուն խորհուրդը՝ «ոչ մի բան մի՛ ակնկալիր, բայց ամեն բան գնահատիր»։ Նրա նման՝ միայնակ ծնողները գիտակցում են, որ երեխաներին մեծացնելը իրե՛նց պատասխանատվությունն է։ Այդ պատճառով նրանք չեն ակնկալում, որ իրենց փոխարեն ուրիշները կատարեն այդ պարտականությունը։ Սակայն նրանք գնահատում են ցանկացած օգնություն, որ ստանում են ուրիշների կողմից։ Միայնակ ծնողներին աջակցելով՝ դու կնպաստես ոչ միայն նրանց բարօրությանը, այլև ինքդ երջանիկ կլինես։ Համոզված եղիր, որ Եհովան կհատուցի քեզ քո արածի դիմաց (Առակներ 19։17)։

[ծանոթագրություն]

a Թեև «միայնակ ծնող» արտահայտությունը Աստվածաշնչում չկա, սակայն «այրի» և «որբ» բառերը հաճախ են հանդիպում։ Սա նշանակում է, որ աստվածաշնչյան ժամանակներում նույնպես եղել են միայնակ ծնողներ (Եսայիա 1։17)։

[նկար 24-րդ էջի վրա]

Վերջին անգամ ե՞րբ ես միայնակ ծնողին երեխաների հետ հրավիրել քո տուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը