Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից
ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ, որ մ.թ.ա. 1437–ին բանակ են դրել Մովաբի դաշտերում, հավանաբար անչափ հուզվում են՝ լսելով հետևյալ խոսքերը. «Ձեզ համար պաշար պատրաստեցէք. որովհետեւ երեք օրից յետոյ դուք այս Յորդանանովը կ’անցնէք, որ գնաք ժառանգէք այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տալիս է իբրեւ ժառանգութիւն» (Յեսու 1։11)։ Նրանց 40–ամյա անապատային կյանքը ավարտին է մոտենում։
Ավելի քան քսան տարի հետո նրանց առաջնորդ Հեսուն, գտնվելով արդեն Քանանի երկրում, Իսրայելի ծերերին ասում է. «Նայեցէք, ես ձեզ համար բաժանեցի այս մնացած ազգերը վիճակով իբրեւ ժառանգութիւն ձեր ցեղերի համեմատ, եւ այն ամեն ազգերը որ ես ջարդեցի, Յորդանանից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք։ Եւ ձեր Տէր Աստուածն ինքը կ’հալածէ նորանց ձեր առաջիցը եւ կ’քշէ, եւ նորանց երկիրը դուք կ’ժառանգէք, ինչպէս որ ձեր Տէր Աստուածը ձեզ ասեց» (Յեսու 23։4, 5)։
«Յեսու» գիրքը, որ գրվել է մ.թ.ա. 1450–ին Հեսուի կողմից, պարունակում է անչափ հետաքրքիր պատմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ անցած 22 տարիներին։ Այսօր մենք կանգնած ենք խոստացված նոր աշխարհի շեմին, հետևաբար մեր իրավիճակը համեմատելի է Իսրայելի որդիների իրավիճակի հետ, որոնք պատրաստ էին տիրելու Ավետյաց երկրին։ Ուստի եկեք մեծ ուշադրությամբ քննենք «Յեսու» գիրքը (Եբրայեցիս 4։12)։
Դեպի ‘Երիքովի դաշտերը’
Աստված Հեսուին պատվիրում է. «Իմ ծառայ Մովսէսը մեռաւ. եւ հիմա վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը» (Յեսու 1։2)։ Ինչպիսի՜ հանձնարարություն։ Հեսուն մի քանի միլիոնանոց ժողովրդի պետք է առաջնորդի Ավետյաց երկիր։ Պատրաստվելով առաջադրանքի կատարմանը՝ նա երկու հետախույզ է ուղարկում Երիքով՝ առաջին քաղաքը, որ իսրայելացիները պետք է գրավեն։ Այստեղ ապրում է Ռախաբ անունով մի պոռնիկ կին, որը լսել է Եհովայի՝ հանուն Իսրայել ազգի արած զորավոր գործերի մասին։ Ռախաբը պաշտպանում և օգնում է հետախույզներին ու նրանցից փրկության խոստում ստանում։
Հետախույզների վերադարձից հետո Հեսուն և ժողովուրդը պատրաստ են անցնելու Հորդանանը։ Թեպետ գետը վարարել է, այն խոչընդոտ չէ նրանց առջև, քանզի Եհովան այնպես է անում, որ վերևից հոսող ջրերը պատնեշի պես կանգնեն, իսկ դեպի ներքև գնացող ջրերը հոսելով թափվեն Մեռյալ ծովը։ Հորդանանն անցնելուց հետո իսրայելացիները բանակ են դնում Գաղգաղայում՝ Երիքովի մոտ։ Չորս օր անց՝ աբիբ ամսվա 14–ի երեկոյան, Երիքովի դաշտերում տոնում են Պասեքը (Յեսու 5։10)։ Հաջորդ օրը նրանք սկսում են ուտել «երկրի պտղիցը», և մանանան դադարում է։ Այս ժամանակամիջոցում Հեսուն թլփատում է արական սեռի բոլոր ներկայացուցիչներին, որ ծնվել են անապատում։
Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.
2։4, 5 — Ինչո՞ւ է Ռախաբը մոլորեցնում թագավորի մարդկանց, որոնք փնտրում են հետախույզներին։ Ռախաբը, իր կյանքը վտանգի ենթարկելով, պաշտպանում է հետախույզներին, քանի որ հավատում է Եհովային։ Նա պարտավոր չէ նրանց գտնվելու տեղը հայտնել այն մարդկանց, որոնք մտադիր են վնաս հասցնել Աստծո ժողովրդին (Մատթէոս 7։6; 21։23–27; Յովհաննէս 7։3–10)։ Ըստ էության, Ռախաբն արդար հայտարարվեց իր գործերի հիման վրա, որոնց թվում է նաև թագավորի մարդկանց սխալ ուղղություն ցույց տալը (Յակոբոս 2։24–26)։
5։14, 15 — Ո՞վ է «Տիրոջ զօրավարը»։ Զորավարը, որ գալիս է Հեսուին զորացնելու այն ժամանակ, երբ սկսվում է Ավետյաց երկրի նվաճումը, ըստ էության, ոչ այլ ոք է, եթե ոչ «Բանը»՝ Հիսուս Քրիստոսը իր մինչմարդկային գոյության ժամանակ (Յովհաննէս 1։1; Դանիէլ 10։13)։ Որքա՜ն ենք զորանում՝ ունենալով հավաստիացում, որ փառաբանված Հիսուս Քրիստոսն այսօր Աստծո ժողովրդի մղած հոգևոր պատերազմում նրա հետ է։
Դասեր մեզ համար
1։7–9. Որպեսզի հոգևոր ասպարեզում մեր թափած ջանքերը հաջողությամբ պսակվեն, անչափ կարևոր է ամեն օր կարդալ Աստվածաշունչը, կանոնավորաբար խորհրդածել նրա խոսքերի շուրջ և սովորածը կիրառել կյանքում։
1։11. Հեսուն ժողովրդին պատվիրում է ‘պաշար պատրաստել’ ու ձեռքերը ծալած չնստել՝ սպասելով, որ դա Աստված անի։ Հիսուսի հորդորը՝ դադարել ապրուստի հոգսերով անհանգստանալուց, ինչպես նաև նրա խոստումը՝ «այդ ամենքը կ’տրուի ձեզ», չեն նշանակում, թե մենք ոչինչ չպետք է անենք մեր առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելու համար (Մատթէոս 6։25, 33)։
2։4–13. Ռախաբը, լսած լինելով Եհովայի մեծ գործերի մասին, ինչպես նաև գիտակցելով, որ ժամանակը օրհասական է, որոշում է միանալ նրա երկրպագուներին։ Եթե դու արդեն որոշ ժամանակ է, ինչ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, և տեղյակ ես, որ ապրում ենք վերջին օրերում, չպե՞տք է որոշում կայացնես ծառայել Եհովային (Բ Տիմոթէոս 3։1)։
3։15. Քանի որ Երիքով ուղարկված հետախույզների բերած լուրը դրական է, Հեսուն արագորեն գործի է անցնում՝ առանց սպասելու, որ Հորդանանի վարարման շրջանն անցնի։ Մենք նույնպես պետք է գործենք անվախորեն ու չհապաղենք՝ սպասելով ավելի բարենպաստ հանգամանքների, երբ հարցը վերաբերում է ճշմարիտ երկրպագությանն առնչվող գործեր անելուն։
4։4–8, 20–24. Հորդանան գետից վերցված 12 քարերը «Իսրայէլի որդկանց մէջ յիշատակի համար» են։ Եհովայի կատարած գործերը՝ իր ժամանակակից ժողովրդին թշնամիներից ազատագրելու նպատակով, նույնպես ծառայում են որպես ‘հիշատակ’, կամ՝ հիշեցում այն բանի, որ Աստված իր ժողովրդի հետ է։
Նվաճումը շարունակվում է
Երիքով քաղաքը «ամուր կերպով փակուած [է]. դուրս եկող ու մտնող [չկա]» (Յեսու 6։1)։ Ինչպե՞ս են իսրայելացիները քաղաքը գրավելու։ Եհովան Հեսուին ասում է, թե ինչ է հարկավոր անել։ Շուտով քաղաքի պարիսպները փլվում են, և քաղաքն ավերվում է։ Փրկվում են միայն Ռախաբն ու նրա ընտանիքի անդամները։
Հաջորդը բնակավայրը, որ պետք է նվաճվի, Գայի թագավորանիստ քաղաքն է։ Այնտեղ ուղարկված հետախույզները տեղեկացնում են, որ քաղաքը սակավաթիվ բնակիչներ ունի, ուստի այն գրավելու համար բազմաքանակ զորքի անհրաժեշտություն չկա։ Մոտ 3 000 զինվոր է ուղարկվում քաղաքի վրա գրոհելու համար, բայց նրանք «Գայիի մարդկանց առաջիցը» փախչում են։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան իսրայելացիների հետ չէ։ Աքարը՝ Հուդայի ցեղից, մեղք է գործել Երիքովի գրավման ժամանակ։ Հարցը լուծելուց հետո Հեսուն դարձյալ գրոհում է Գայիի վրա։ Քաղաքի թագավորը, մեկ անգամ պարտության մատնելով իսրայելացիներին, ցանկանում է դարձյալ մարտի բռնվել նրանց հետ։ Սակայն Հեսուն օգտվում է Գայիի բնակիչների ինքնավստահությունից և գրավում քաղաքը։
«Գաբաւօնը մեծ քաղաք [է] .... նա Գայիիցը մեծ [է], եւ նորա բոլոր մարդիկը զօրաւոր [են]» (Յեսու 10։2)։ Սակայն այս քաղաքի բնակիչները, լսելով Երիքովի ու Գայիի նկատմամբ Իսրայելի տարած հաղթանակների մասին, խորամանկությամբ Հեսուի հետ խաղաղության դաշինք են կնքում։ Հարևան երկրներն այս քայլը դիտում են որպես սպառնալիք՝ ուղղված իրենց դեմ։ Հինգ թագավորներ ռազմական դաշինք են կնքում ու հարձակվում գաբավոնացիների վրա։ Իսրայելացիները ազատում են գաբավոնացիներին ու ջախջախում հարձակվողներին։ Բացի այս հաղթանակներից, իսրայելացիները Հեսուի գլխավորությամբ նվաճում են նաև հարավային ու արևմտյան քաղաքները, ինչպես նաև պարտության են մատնում հյուսիսային թագավորների միացյալ ուժերին։ Հորդանանի արևմտյան կողմում պարտության մատնված թագավորների թիվը 31 է։
Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.
10։13 — Ինչպե՞ս է հնարավոր այդպիսի արտասովոր երևույթ։ Երկնքի ու երկրի Արարչի՝ «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք» (Ծննդոց 18։14)։ Եթե Եհովան ցանկանա, կարող է երկրագնդի շարժման վրա այնպես ազդել, որ արեգակն ու լուսինը երկրից դիտողի աչքին անշարժ թվան։ Կամ նա կարող է, չմիջամտելով երկրագնդի ու լուսնի շարժմանը, արևի ճառագայթներն ու լուսնից եկող լույսը այնպես բեկել, որ այս երկու լուսատուները չդադարեն լույս տալուց։ Ինչևէ, «նորա պէս օր չ’եղաւ» մարդկության պատմության ընթացքում (Յեսու 10։14)։
10։13 — Ի՞նչ է ‘Ուղիղի գիրքը’։ Այս գիրքը մեկ ուրիշ տեղ էլ է հիշատակվում՝ Բ Թագաւորաց 1։18–ում, «Աղեղ» կոչված պոեմի կապակցությամբ. վերջինս ողբերգ էր Իսրայելի Սավուղ թագավորի և նրա որդու՝ Հովնաթանի մասին։ ‘Ուղիղի գիրքը’, հավանաբար, երգերի ու պոեմների ժողովածու էր պատմական թեմաներով ու, ըստ երևույթին, լավ հայտնի էր եբրայեցիներին։
Դասեր մեզ համար
6։26; 9։22, 23. Հեսուի այս անեծքը, որ նա ասաց Երիքովի կործանման ժամանակ, կատարվում է մոտ 500 տարի անց (Գ Թագաւորաց 16։34)։ Նոյի անեծքը՝ ուղղված իր թոռ Քանանին, իրականանում է, երբ գաբավոնացիները ծառաներ են դառնում (Ծննդոց 9։25, 26)։ Եհովայի խոսքը միշտ կատարվում է։
7։20–25. Ոմանք Աքարի կատարած գողությունը գուցե համարեն թեթև հանցանք՝ մտածելով, թե նրա արարքը մյուսներին ոչ մի վնաս չպատճառեց։ Նրանք գուցե նույն ձևով վերաբերվեն մանր գողությանն ու սուրբգրային օրենքը թեթևակիորեն խախտելուն։ Մինչդեռ մենք, Հեսուի պես, պետք է հաստատակամ լինենք՝ չանելու ապօրինի գործեր։
9։15, 26, 27. Մենք պետք է լրջորեն վերաբերվենք մեր պայմանավորվածություններին ու միշտ պահենք մեր խոսքը։
Հեսուն կատարում է իր վերջին մեծ հանձնարարությունը
Հեսուն, բավական ծերացած՝ մոտ 90 տարեկան հասակում, սկսում է բաժանել երկիրը։ Իսկապես որ դժվարին առաջադրանք է։ Ռուբենի, Գադի ցեղերը և Մանասեի կես ցեղը արդեն ստացել են իրենց ժառանգությունը Հորդանանի արևելյան կողմում։ Այժմ գետի արևմտյան կողմում ժառանգություն են ստանում մնացած ցեղերը՝ վիճակ գցելով։
Խորանը կանգնեցվում է Սելովում՝ Եփրեմի ցեղի տարածքում։ Քաղեբը ստանում է Քեբրոն քաղաքը, իսկ Հեսուն՝ Թամնաթ–սարան։ Ղևտացիներին տրվում է 48 քաղաք, այդ թվում ապաստանի 6 քաղաքները։ Ռուբենի, Գադի ցեղերի և Մանասեի կես ցեղի ռազմիկները, վերադառնալով Հորդանանի արևելյան կողմում գտնվող իրենց ժառանգությանը, «սեղան [են շինում]՝ մի մեծ սեղան երեւութով» (Յեսու 22։10)։ Հորդանանի արևմտյան կողմի ցեղերը սա համարում են ուրացություն, և քիչ է մնում, որ միջցեղային պատերազմ բռնկվի, բայց լավ հաղորդակցության շնորհիվ արյունահեղությունը կանխվում է։
Թամնաթ–սարայում որոշ ժամանակ ապրելուց հետո Հեսուն կանչում է Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին և ոստիկաններին ու հորդորում նրանց լինել քաջ, հավատարիմ մնալ Եհովային։ Ավելի ուշ Հեսուն Սյուքեմում հավաքում է Իսրայելի բոլոր ցեղերին։ Այստեղ նա հիշեցնում է նրանց Եհովայի գործերը՝ սկսած Աբրահամի ժամանակներից, ու մեկ անգամ ևս կոչ է անում ‘Եհովայից վախենալ և նրան հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայություն անել’։ Ժողովուրդը գոչելով պատասխանում է. «Մենք մեր Եհովայ Աստուծուն կ’պաշտենք եւ նորա խօսքին կ’լսենք» (Յեսու 24։14, 15, 24)։ Այս ամենից հետո Հեսուն 110 տարեկան հասակում մահանում է։
Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.
13։1 — Արդյոք այս համարը չի՞ հակասում Յեսու 11։23 համարին։ Ոչ, քանի որ Ավետյաց երկրի նվաճումը երկու երեսակ ուներ. առաջին՝ ազգովի պատերազմելը Քանանի 31 թագավորների դեմ ու նրանց զրկելը տիրապետող դիրքից այդ տարածաշրջանում, և երկրորդ՝ երկրին լիովին տիրանալը ցեղային ու անհատական ջանքերի շնորհիվ (Յեսու 17։14–18; 18։3)։ Թեև Իսրայելի որդիները քանանացիներին լիովին չքշեցին, մնացած քանանացիները իրական վտանգ չէին ներկայացնում Իսրայելի համար (Յեսու 16։10; 17։12)։ Յեսու 21։44–ում ասվում է. «Տէրը նորանց ամեն կողմից հանգստացրեց»։
24։2 — Արդյո՞ք Աբրահամի հայր Թարան կուռքերի էր պաշտում։ Թարան սկզբում չէր երկրպագում Եհովա Աստծուն։ Նա հավանաբար պաշտում էր լուսնի աստված Սինին, որի երկրպագությունը տարածված էր Ուրում։ Հրեական ավանդությունն ասում է, որ Թարան, հնարավոր է, նույնիսկ կուռք պատրաստող է եղել։ Այդուհանդերձ, երբ Աբրահամը Աստծո պատվերով հեռացավ Ուրից, Թարան նրա հետ գնաց Խառան (Ծննդոց 11։31)։
Դասեր մեզ համար
14։10–13. Թեև Քաղեբն արդեն 85 տարեկան է, նա խնդրում է, որ իրեն տան Քեբրոնի շրջանը թշնամուց ազատելու դժվարին հանձնարարությունը։ Այս վայրերում ապրում են ենակիմները, որոնք անսովոր ֆիզիկական տվյալներ ունեն։ Եհովայի օգնությամբ այս փորձված ռազմիկը հաջողության է հասնում, և Քեբրոնը դառնում է ապաստանի քաղաք (Յեսու 15։13–19; 21։11–13)։ Քաղեբի օրինակը խրախուսում է մեզ խույս չտալ դժվար աստվածապետական հանձնարարություններից։
22։9–12, 21–33. Մենք պետք է զգույշ լինենք, որ ուրիշների շարժառիթների վերաբերյալ սխալ դատողություններ չանենք։
«Ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»
Տարիքն առած Հեսուն Իսրայել ազգի պատասխանատու դիրք ունեցող մարդկանց ասում է. «Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ» (Յեսու 23։14)։ Ի՜նչ համոզիչ կերպով են Հեսուի վերաբերյալ պատմական տեղեկությունները փաստում այս խոսքերի ճշմարտացիությունը։
«Ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ,— գրեց Պողոս առաքյալը,— որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք» (Հռովմայեցիս 15։4)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստծո խոստումների հանդեպ մեր հույսը զուր չէ։ Ոչ մի խոստում ‘գետինը չի մնա’. բոլորն էլ կկատարվեն։
[քարտեզ 10–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Երկիրը նվաճվեց Հեսուի առաջնորդությամբ
Արաբա
Բասան
Գաղաադ
Նեգեվ
Աղի ծով
Դովր
Ոփեր
Ափեկ
Մակեդդով
Կադես
Թանաք
Հեկնամ
Գազեր
Էգղոն
Հասոր
Մադոն
Լասարոն
Թերսա
Թափուա
Մակեդա
Հերիմութ
Լեբնա
Լաքիս
Բեթել
Գայի
Ոդողոմ
Գաղգաղա
Երիքով
Երուսաղեմ
Քեբրոն
Դաբիր
Արադ
Սամրոն
Հորդանան գետ
Հաբոկ ձոր
Առնոն ձոր
[նկար 9–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչու Ռախաբը արդար հայտարարվեց
[նկար 10–րդ էջի վրա]
Հեսուն Իսրայելին կոչ արեց ‘վախենալ Եհովայից ու նրան ծառայել’
[նկար 12–րդ էջի վրա]
Աքարի կատարած գողությունը թեթև հանցանք չէր. այն լուրջ հետևանքներ ունեցավ
[նկար 12–րդ էջի վրա]
«Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան» (Եբրայեցիս 11։30)