Մոտեցեք Աստծուն
Նա ուզում է, որ հաջողության հասնենք
ՀՈԳԱՏԱՐ ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները հաջողակ լինեն և իմաստալից կյանքով ապրեն։ Եհովա Աստվածն էլ, լինելով մեր երկնային Հայրը, ցանկանում է, որ իր երկրային զավակները իմաստալից կյանքով ապրեն։ Մեր հանդեպ հոգատարություն դրսևորելով՝ նա սովորեցնում է մեզ, թե ինչպես կարող ենք հաջողությունների հասնել։ Եկեք քննենք այն խոսքերը, որ նա ասաց Հեսուին։
Իսրայել ազգը պատրաստվում էր մտնելու այն երկիրը, որ Աստված խոստացել էր իրենց նախահայրերին։ Ժողովրդի թիվը մի քանի միլիոնի էր հասնում։ Շուտով Մովսեսը մահանալու էր, և Հեսուն էր դառնալու իսրայելացիների առաջնորդը։ Եհովան մի խորհուրդ է տալիս նրան, որին հետևելով նա հաջողությունների կհասներ։ Այդ խորհուրդը կարող է օգնել նաև մեզ (Հռոմեացիներ 15։4)։
Եհովան երեք անգամ Հեսուին ասաց, որ զորանա ու քաջ լինի (համարներ 6, 7, 9)։ Ինչ խոսք, ժողովրդին հաջողությամբ Ավետյաց երկիր առաջնորդելու համար նա պետք է ունենար այդ հատկությունները։ Բայց ինչպե՞ս Հեսուն պիտի դառնար քաջ ու զորավոր։
Հեսուն կարող էր զորանալ ու քաջ լինել Աստծու Խոսքի օգնությամբ։ Եհովան նրան ասաց, որ ամեն ինչ անի այն ամբողջ օրենքի համաձայն, որ Մովսեսը պատվիրել է իրեն (համար 7)։ Այդ ժամանակ Աստվածաշնչի գրքերից ընդամենը մի քանիսն էին գրվածa։ Սակայն Հեսուն երկու կարևոր բան էլ պետք է աներ, քանի որ Աստծու Խոսքն ունենալը երաշխիք չէր, որ նա հաջողության կհասնի։
Առաջին՝ Հեսուն պետք է իր սիրտը լցներ Աստծու Խոսքով։ Եհովան ասաց նրան. «Գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես» (համար 8)։ Մի աշխատության մեջ այս առնչությամբ նշվում է. «Աստված պատվիրում էր Հեսուին հիշել Իր օրենքը՝ ցածրաձայն կարդալով և խորհրդածելով»։ Եթե նա ամեն օր այդպես վարվեր, պատրաստ կլիներ հաղթահարելու գալիք դժվարությունները։
Երկրորդ՝ Հեսուն պետք է վարվեր Աստծու Խոսքի համաձայն։ Եհովան ասաց. «Պահիր եւ կատարիր բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես» (համար 8)։ Այո՛, Հեսուն միայն այն դեպքում հաջողություն կունենար, եթե կատարեր Աստծու կամքը։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովայի կամքը միշտ կատարվում է (Եսայիա 55։10, 11)։
Հեսուն հետևեց Եհովայի խորհրդին։ Արդյունքում դարձավ Աստծու հավատարիմ ծառաներից մեկը և իմաստալից կյանքով ապրեց (Յեսու 23։14; 24։15)։
Ցանկանո՞ւմ ես, որ քո կյանքն էլ իմաստալից լինի։ Եհովան էլ է ցանկանում։ Սակայն միայն Աստծու Խոսքն ունենալը բավարար չէ։ Երկար տարիներ հավատարմությամբ ծառայող մի քրիստոնյա խորհուրդ է տալիս. «Աստվածաշնչի էջերում տպված խոսքերը գրիր քո սրտում»։ Եթե կանոնավորաբար սիրտդ լցնես Աստծու Խոսքով և սովորածդ կիրառես քո կյանքում, քո բոլոր «ճանապարհները յաջողակ կ’անես», ինչպես արեց Հեսուն։
[ծանոթագրություն]
a Հեսուն, ակներևաբար, ուներ Մովսեսի գրած գրքերը՝ «Ծննդոց», «Ելից», «Ղեւտացոց», «Թվոց» և «Երկրորդ Օրինաց», «Յոբ» և մեկ–երկու սաղմոս։