Թույլ մի տվեք, որ կասկածանքները կործանեն ձեր հավատը
Ենթադրենք, որ այսօր ձեր առողջական վիճակը շատ լավ է։ Վաղը, սակայն, սկսում եք թուլություն զգալ ու այնպես եք հիվանդանում, որ թվում է, թե իսպառ զրկվել եք ուժից։ Ձեզ տանջում է գլխացավը ու ձեր ամբողջ մարմինը մղկտում է ցավից։ Ի՞նչ պատահեց արդյոք։ Հիվանդաբեր բակտերիաները ներխուժել են ձեր մարմնի պաշտպանողական համակարգից ներս և վնասել են կարևոր օրգաններ։ Համապատասխան բուժում չձեռնարկելու դեպքում հիվանդության հարուցիչները կարող են աստիճանաբար քայքայել ձեր առողջությունը, մինչևիսկ՝ մահ պատճառել։
Իհարկե, եթե վարակվելուց առաջ օրգանիզմն առողջ չի եղել, ապա վտանգն ավելի լուրջ է։ Եթե մարմինը, օրինակ, հյուծված է թերսնման հետևանքով, ապա նրա դիմադրողականությունը «այնքան է ընկնում, որ թեթևակի վարակը կարող է վճռորոշ դեր խաղալ», ինչպես ասում է բժշկագետ Պիտեր Վինգեյթը։
Եթե այդպես է, ապա ո՞վ կնախընտրի սովի մատնել իրեն։ Դուք հավանաբար հնարավորին չափ անում եք ամեն ինչ՝ լավ սնվելու և առողջ լինելու համար։ Նաև, ըստ երևույթին, ջանում եք ամեն կերպ խուսափել վիրուսների կամ բակտերիաների ազդեցությանը ենթարկվելուց։ Իսկ նույն չափով զգուշություն ցուցաբերո՞ւմ եք, որպեսզի մնաք «ողջամիտ՝ հաւատքով» (Տիտոս 2։2, ԱԹ)։ Օրինակ՝ գիտակցո՞ւմ եք այն վտանգը, որ բերում է թաքուն կասկածանքը։ Այն կարող է հեշտությամբ բույն դնել մարդու մտքում ու սրտում և վնասել նրա հավատը ու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Ոմանք կարծես անտեղյակ են այս վտանգին։ Մատնելով իրենց հոգևոր սովի՝ նրանք խոցելի են դառնում կասկածանքների հանդեպ։ Հնարավոր չէ՞, որ ձեզ հետ էլ նման բան տեղի ունենա։
Կասկածները մի՞շտ են վնասակար
Չի կարելի ասել, իհարկե, թե ամեն մի կասկած իրենից վտանգ է ներկայացնում։ Երբեմն ինչ–որ բանի հավատալուց առաջ հարկ է ճշտել, թե նրա վերաբերյալ փաստերը որքանով են հավաստի։ Վտանգավոր ու խաբուսիկ է կրոնական այն կոչը, թե հարկավոր է հավատալ անմիջապես՝ առանց որևէ բան կասկածի ենթարկելու։ Ճիշտ է՝ Աստվածաշնչում գրված է, որ սերը «ամէն բանի հաւատում է» (Ա Կորնթացիս 13։7)։ Սիրառատ քրիստոնյան պատրաստ է հավատալու նրանց, ովքեր արդեն իսկ փաստել են իրենց վստահելի լինելը։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Աստծո Խոսքը զգուշացնում է, որ ‘չհավատանք ամեն խոսքի’ (Առակաց 14։15)։ Ելնելով անհատի գործած արարքներից՝ երբեմն հիմքեր ենք ունենում նրան չվստահելու։ «Երբոր [խաբեբա անձնավորությունը] անուշացնէ ձայնը նորան չ’հաւատաս»,— զգուշացնում է Աստվածաշունչը (Առակաց 26։24, 25)։
Հովհաննես առաքյալը ևս քրիստոնյաներին խորհուրդ է տալիս չհավատալ կուրորեն՝ ասելով. «Մի՛ հաւատացէք ամէն մի հոգու [«ներշնչված արտահայտության», ՆԱ]»։ Ավելին, նա խրախուսում է. «Փորձեցէ՛ք հոգիները [«ներշնչված արտահայտությունները», ՆԱ], թէ արդեօք Աստծո՞ւց են» (Ա Յովհաննէս 4։1)։ Որևէ «արտահայտություն»՝ կարծիք կամ ուսուցում, առաջին հայացքից կարող է թվալ Աստծուց եկած։ Բայց հարցն այն է, թե արդյոք դա այդպե՞ս է։ Իսկապես, ինչ–որ չափով կասկածելը՝ իսկույն չհավատալը, կարող է ծառայել մեր ապահովությանը, քանի որ, ինչպես Հովհաննես առաքյալն է ասում, «բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում» (Բ Յովհաննէս 7)։
Անհիմն կասկածներ
Իհա՛րկե, հաճախ անհրաժեշտություն կա ազնվորեն ու խոնարհաբար զբաղվել փաստերի վերլուծությամբ՝ պարզելու համար եղելությունը։ Սակայն դա նույնը չէ, ինչ թույլ տալ, որ մեր սրտում ու մտքում տեղ գտնեն ու հասունանան անհիմն, վտանգավոր կասկածները. կասկածներ, որոնք կարող են կործանարար ազդեցություն գործել մեր ամուր հավատի ու մեր հարաբերությունների վրա։ Այս որակի կասկածը բնութագրվում է որպես «անվճռականության՝ երկմտության վիճակ՝ տարակուսանք»։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Եհովայի հանդեպ կասկած հարուցեց Սատանան Եվայի մտքում։ Նա հարցրեց. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք» (Ծննդոց 3։1)։ Արտաքուստ բոլորովին անմեղ թվացող այդ հարցը նրան գցեց երկմտության վիճակի՝ տարակուսանքի մեջ։ Դա շատ բնորոշ է Սատանայի գործելակերպին։ Անստորագիր նամակի հեղինակի նման նա հմտորեն օգտագործում է շողոքորթություն, կեղծիք ու խաբեություն։ Գաղտագողի սերմանելով նմանօրինակ կասկածներ՝ Սատանան շատ–շատերի առողջ ու վստահելի փոխհարաբերությունների քայքայման պատճառ է դարձել (Գաղատացիս 5։7–9)։
Հակոբոս աշակերտը շատ լավ էր պատկերացնում այս տեսակ կասկածի կործանարար ազդեցությունը։ Նա խոսում էր այն հիանալի հնարավորության մասին, որ մենք ունենք՝ փորձության ժամին ազատորեն դիմել Աստծո օգնությանը, սակայն զգուշացնում էր. «Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի և թող չերկմտի»։ Աստծո հետ մեր փոխհարաբերություններում կասկածանք հանդես բերելով՝ նմանվում ենք «ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին», դառնում «երկմիտ մարդ», որն «իր արած բոլոր քայլերում անհաստատ է» (Յակոբոս 1։6, 8)։ Մեզ սկսում է պատել անորոշության զգացումը և կորցնում ենք մեր վճռականությունը, որից հետո, Եվայի նման, մենք ևս գուցե թույլ գտնվենք տարբեր տեսակի դիվային ուսմունքների ու փիլիսոփայությունների դիմաց։
Հետևել հոգևոր առողջությանը
Հապա, ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի կարողանանք պաշտպանվել վնասակար կասկածներից։ Պատասխանը միանգամայն պարզ է՝ վճռականապես մերժել սատանայական պրոպագանդան ու ամեն հնարավորություն գործադրել՝ օգտվելու Աստծո մատուցած «սննդակարգից», որը կոչված է օգնել մեզ ‘հաստատուն լինել հավատի մեջ’ (Ա Պետրոս 5։8–10)։
Չափազանց կարևոր է լիարժեք հոգևոր սննդով կերակրվելու դերը։ Պարոն Վինգեյթը, որի խոսքերին անդրադարձանք վերևում, իր բացատրության մեջ ասում է. «Նույնիսկ հանգստանալու պրոցեսում գտնվելիս էլ մարմինը շարունակաբար էներգիա ընդունելու կարիք ունի՝ ապահովելու նրանում ընթացող քիմիական պրոցեսներն ու կարևոր օրգանների աշխատանքը, նաև այն պատճառով, որ շատ հյուսվածքներում բջիջների մշտական փոխարինման անհրաժեշտություն կա»։ Նույնը կարելի է ասել մեր հոգևոր առողջությունը նկատի ունենալով։ Եթե հոգևոր սնունդ չընդունենք կանոնավորապես, ապա կհյուծվի մեր հավատը, ինչպես սովի մատնված մի մարմին, որն աստիճանաբար կարող է մեծ վնասներ կրել, իսկ վերջում՝ մահանալ։ Հենց դա ընդգծեց Հիսուսը՝ ասելով, որ «միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթէոս 4։4)։
Խորհենք այն մասին, թե սկզբնական շրջանում ինչպես մեր մեջ ձևավորվեց ամուր հավատը։ «Հաւա՛տքը լսելէն է»,— ասում է Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 10։17)։ Նա նկատի ունի այն, որ Աստծո խոսքից սնունդ ստանալով՝ մենք սկզբից ևեթ կառուցել ենք մեր հավատն ու վստահությունը Եհովայի հանդեպ, նրա խոստումների ու նրա կազմակերպության։ Ինչ խոսք, մենք աչքներս փակ չենք հավատացել ամեն մի լսածի, այլ վարվել ենք այնպես, ինչպես ժամանակին Բերիա քաղաքի բնակիչները, ովքեր ուշադրությամբ «ամէն օր գրքերը կը քննէին թէ այս բաները ճի՞շդ են» (Գործք 17։11)։ Մենք քննել ենք, թե «ի՛նչ է Աստուծու կամքը՝ բարին ու հաճելին եւ կատարեալը», և փորձել ենք պարզել, թե մեր լսածը համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը (Հռովմայեցիս 12։2; Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Այն ժամանակից ի վեր մեր հավատը հավանաբար զորացել է, քանի որ գնալով ավելի ու ավելի ենք համոզվել, որ Աստծո խոսքն ու խոստումները երբեք զուր չեն անցնում (Յեսու 23։14; Եսայիա 55։10, 11)։
Խուսափիր հոգևոր քաղցից
Ներկայումս խնդիրն այն է, որ կարողանանք պահպանել մեր հավատը և խուսափենք ամեն տեսակի տարակուսանքներից, որոնք կարող են թուլացնել Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ մեր վստահությունը։ Դրա համար մենք պիտի շարունակենք ամեն օր քննել Գրությունները։ Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է, որ «վերջին ժամանակներում ոմանք [ում հավատը սկզբում գուցե թվում էր ամուր] պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների [«ներշնչված խոսքերի», ՆԱ] վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ» (Ա Տիմոթէոս 4։1)։ Մոլորության մեջ գցող այս խոսքերն ու ուսուցումները կասկածներ են ծնում ոմանց մտքում ու նրանց հեռացնում Աստծուց։ Ինչպե՞ս մենք կլինենք պաշտպանված դրանից. լինելով «սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղա[նք]» (Ա Տիմոթէոս 4։6)։
Ցավոք, այսօր ոմանք նախընտրում են չսնվել «հաւատի խօսքերով», նույնիսկ երբ ազատ հնարավորություն ունեն դրանից օգտվելու։ «Առակաց» գիրքը գրողներից մեկը ցույց է տալիս այն բանի հնարավորությունը, որ մարդ, մասնակցելով հոգևոր խնջույքի և իր առջև առատ հոգևոր կերակուր ունենալով հանդերձ, կարող է չուտել ու չյուրացնել ոչինչ (Առակաց 19։24; 26։15)։
Սա վտանգավոր է։ Պրն. Վինգեյթը ասում է. «Հենց որ մարմինը սկսում է գոյատևել իր սեփական սպիտակուցների հաշվին, առողջությունը թուլանում է»։ Սովի մատնված անհատի օրգանիզմը սկսում է օգտագործել մարմնում կուտակված ճարպային պաշարները։ Երբ դրանք սպառվում են, մարմինն արդեն անցնում է սպիտակուցների օգտագործմանը, այնինչ սպիտակուցները մեծ դեր ունեն օրգանիզմի աճի ու հյուսվածքների փոխարինման մեջ։ Գլխավոր օրգանները սկսում են շարքից դուրս գալ, առողջությունը՝ արագորեն քայքայվել։
Առաջին դարի քրիստոնեական ժողովում մի քանիսին նույնը պատահեց հոգևոր իմաստով։ Նրանք փորձում էին իրենց գոյությունը պահպանել նախկինում կուտակած հոգևոր պաշարների հաշվին։ Հավանաբար, նրանք անտեսել էին անձնական ուսումնասիրությունը ու աստիճանաբար թուլացել (Եբրայեցիս 5։12)։ Եբրայեցի քրիստոնյաներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը բացատրում է այդպես վարվելու վտանգները. «Պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ»։ Նա գիտեր, թե որքան հեշտությամբ մենք կարող ենք թեքվել դեպի վատ սովորությունները, եթե «անհոգ գտնուենք այ[ս]պիսի փրկութեան հանդէպ» (Եբրայեցիս 2։1, 3)։
Հետաքրքիր է, որ քաղցի մատնված անհատը միշտ չէ, որ հիվանդ, հյուծված տեսք է ունենում։ Նույն ձևով էլ գուցե հնարավոր չլինի անմիջապես նկատել անհատի հոգևոր իմաստով սովատանջությունը։ Ճիշտ չսնվելով հանդերձ՝ մենք արտաքուստ կարող ենք երևալ հոգևոր լավ վիճակում, բայց դա կարճ կտևի։ Անխուսափելիորեն կգա պահը, երբ հոգևորապես կթուլանանք ու խոցելի կլինենք անհիմն կասկածների դիմաց և ուժ չենք ունենա մղելու պայքարը հավատի համար (Յուդա 3)։ Եթե անգամ ոչ ոք չիմանա էլ, միևնույն է, մեզանից յուրաքանչյուրը լավ գիտի, թե ինքը որքանո՛վ է զբաղվում իր անձնական հոգևոր կարիքներով։
Ուրեմն՝ հետևենք մեր անձնական ուսումնասիրությանը, վճռական պայքար մղենք կասկածանքների դեմ։ Ինչպես որ չնչին թվացող ինֆեկցիան անուշադրության մատնելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ, այնպես էլ՝ մեզ մտատանջող կասկածներն անտեսելը (Բ Կորնթացիս 11։3)։ «Իսկապե՞ս վերջին օրերում ենք ապրում։ Պե՞տք է արդյոք հավատալ Աստվածաշնչի ամեն խոսքին։ Իրո՞ք սա Եհովայի կազմակերպությունն է»։ Ահա մի քանի կասկածներ, որոնք Սատանան մեծ ուրախությամբ պատրաստ է սերմանել մեր մտքում։ Թույլ մի՛ տվեք, որ հոգևոր սննդի հանդեպ անփույթ վերաբերմունքը ձեզ դարձնի նրա մոլորեցնող ուսուցումների զոհը (Կողոսացիս 2։4–7)։ Հետևե՛ք Տիմոթեոսի ստացած խորհրդին։ Եղեք «Սուրբ Գրքերի» ջանադիր աշակերտ, որպեսզի կարողանաք մնալ «հաստա՛տ.... այն բանի մէջ, որ սովորեցի[ք] եւ որին հաւատարիմ եղա[ք] [«համոզվեցիք հավատալ», ՆԱ]» (Բ Տիմոթէոս 3։13–15)։
Այսպես վարվելու համար գուցե հարկ լինի օգնության դիմել։ Բժշկագետը, որի խոսքերից մենք արդեն մեջբերումներ կատարեցինք, նշում է նաև հետևյալը. «Խիստ սովահարության դեպքում վիտամինների ու այլ կարևոր նյութերի պակասից մարսողական օրգանները երբեմն այնպես են վնասվում, որ սովորական կերակուրը այլևս ի վիճակի չեն լինում ընդունել։ Նման վիճակում գտնվող մարդը գուցե միառժամանակ դյուրամարս սննդի կարիք ունենա»։ Հատուկ խնամք է հարկավոր, որպեսզի մարմինն ապաքինվի տևական քաղցի հետևանքներից։ Այդպես էլ նա, ով մեծ չափով է անտարբերության մատնել Աստվածաշնչի իր անձնական ուսումնասիրությունը, գուցե ավելի մեծ օգնության ու քաջալերանքի կարիք ունենա՝ վերականգնելու հոգևորի հանդեպ իր ախորժակը։ Եթե դու ևս կանգնած ես նման խնդրի առջև, ապա փնտրիր համապատասխան օգնություն և ուրախությամբ ընդունիր քեզ առաջարկված յուրաքանչյուր ծառայություն՝ քո հոգևոր ուժն ու առողջությունը վերականգնելու ուղղությամբ (Յակոբոս 5։14, 15)։
Մի՛ «երկմտե[ք] անհավատությամբ»
Վերլուծության ենթարկելով Աբրահամ նահապետի հանգամանքները, գուցե ոմանք կարծեն, թե նա բոլոր հիմքերն ուներ՝ ընկնելու կասկածանքների մեջ։ Կարող է թվալ, թե լրիվ տրամաբանական կլիներ եզրակացնել, որ, չնայած Աստծո խոստումին, նա հույս չուներ լինելու «բազում ազգերի հայր»։ Ինչո՞ւ։ Քանի որ զուտ մարդկային տեսանկյունից չկային նպաստավոր հանգամանքներ։ Աստվածաշունչն ասում է, որ նա «նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի.... եւ Սառայի մեռած արգանդին», սակայն կտրականապես հրաժարվեց տեղ տալ իր սրտում ու մտքում կասկածների՝ Աստծո ու նրա խոստումների հանդեպ։ Պողոս առաքյալը գրում է այդ մասին, որ նա «չերկմտեց իր հաւատի մէջ»՝ «չերկմտեց անհաւատութեամբ»։ Աբրահամը «հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է» (Հռովմայեցիս 4։18–21)։ Նրան հաջողվել էր կառուցել ամուր ու վստահելի անձնական փոխհարաբերություններ Եհովայի հետ շատ տարիների ընթացքում։ Նա մերժեց ամեն տեսակի կասկածանքներ, որ կարող էին դրանց վնաս հասցնել։
Ձեզ ևս կհաջողվի այդպես վարվել, եթե ամուր պահեք «ողջամիտ խօսքերի» օրինակը, եթե լավ սնվեք հոգևոր իմաստով (Բ Տիմոթէոս 1։13)։ Լրջորե՛ն վերաբերվեք այն վտանգին, որով հղի է կասկածանքը։ Սատանան մի պատերազմ է վարում, որը հոգևոր իմաստով կարելի է անվանել «բակտերիոլոգիական»։ Մենք կդառնանք նրա հարձակումների դիմաց անպաշտպան, եթե անտեսենք Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությամբ ու ժողովներին ներկա գտնվելով հոգևորապես սնվելու մեր հնարավորությունը։ Օգտագործե՛ք ինչպես հարկն է «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» կողմից ճիշտ ժամանակին մատուցվող առատ սնունդը (Մատթէոս 24։45)։ Շարունակե՛ք ‘անսալ ողջամիտ խոսքերին’ ու լինել ‘ողջամիտ հաւատի մեջ’ (Ա Տիմոթէոս 6։3, Տիտոս 2։2)։ Թույլ մի՛ տվեք, որ կասկածանքները կործանեն ձեր հավատը։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Ձեր հոգևոր առողջությանը հետևո՞ւմ եք ինչպես հարկն է