Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w24 հոկտեմբեր էջ 24–29
  • Ինչպե՞ս փարատել կասկածները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս փարատել կասկածները
  • 2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵ՞Ս ՓԱՐԱՏԵԼ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ
  • ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՔԵԶԱՆՈՎ
  • ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԴ ԻՄԱՍՏՈՒՆ ԷԻՆ
  • ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ՈՐ ՊԻՏԱՆԻ ԵՍ ԵՀՈՎԱՅԻՆ
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w24 հոկտեմբեր էջ 24–29

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

Ինչպե՞ս փարատել կասկածները

«Ստուգեք ամեն ինչ» (1 ԹԵՍԱՂ. 5։21)։

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս փարատել մեզ տանջող կասկածները, որոնք կարող են վատ անդրադառնալ Եհովային մատուցվող մեր ծառայության վրա։

1-2. ա) Ի՞նչ կասկածներ գուցե ունենան Եհովայի ծառաները։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԲՈԼՈՐՍ էլ, անկախ մեր տարիքից, երբեմն կասկածներa ենք ունենում։ Օրինակ՝ երիտասարդ Վկան գուցե կասկածի, որ Եհովան իսկապես հետաքրքրված է իրենով, ինչի պատճառով թերևս վարանի մկրտվել։ Իսկ միջին տարիքի եղբայրը, ով այժմ սահմանափակ ֆինանսական միջոցներ ունի և կարողանում է հոգալ միայն իր ընտանիքի անհրաժեշտ կարիքները, գուցե մտածի, թե արդյոք ճիշտ է վարվել, որ երիտասարդ տարիքում կարիերա ստեղծելու փոխարեն Թագավորության շահերն է առաջին տեղում դրել։ Մի տարեց քույր էլ, ով իր ուժերի սահմանափակ լինելու պատճառով այլևս չի կարողանում անել այնքան, որքան նախկինում, հնարավոր է՝ վհատվի։ Երբևէ նման կասկածներ ունեցե՞լ ես. «Եհովան իսկապե՞ս նկատում է ինձ։ Արժե՞ր, որ նման զոհողություններ անեի Եհովայի համար։ Արդյո՞ք դեռ պիտանի եմ Եհովային»։

2 Եթե այս հարցերն անպատասխան թողնենք, դա վատ կանդրադառնա մեր հավատի վրա, և մենք գուցե նույնիսկ դադարենք պաշտել Եհովային։ Հոդվածից կիմանանք, թե աստվածաշնչյան սկզբունքները ինչպես կարող են օգնել մեզ, եթե կասկածում ենք, որ՝ 1) Եհովան հետաքրքրված է մեզանով, 2) անցյալում կայացրած մեր որոշումները ողջամիտ էին, և 3) մենք դեռ պիտանի ենք Եհովային։

ԻՆՉՊԵ՞Ս ՓԱՐԱՏԵԼ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

3. Ո՞րն է կասկածները փարատելու կերպերից մեկը։

3 Կասկածները փարատելու կերպերից մեկը Աստծու Խոսքում մեր հարցերի պատասխանները գտնելն է։ Եթե այդպես վարվենք, մեր հավատը կամրանա, հոգևորապես կաճենք, և մեզ համար ավելի հեշտ կլինի «հավատի մեջ հաստատուն լինել» (1 Կորնթ. 16։13)։

4. Ինչպե՞ս կարող ենք «ստուգել ամեն ինչ» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։

4 Կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։21։ Նկատի առնենք, որ Աստծու Խոսքը հորդորում է մեզ «ստուգել ամեն ինչ»։ Դա կարող ենք անել, եթե փորձենք պարզել, թե մեր մտքում ծագած կասկածների վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը։ Քննենք վերոնշյալ երիտասարդի օրինակը, ով վստահ չէ, որ Աստված արժևորում է իրեն։ Մի՞թե նա պետք է պարզապես շարունակի ապրել այդ կասկածով։ Ո՛չ, ճիշտ կլինի, որ նա «ստուգի ամեն ինչ»՝ ջանալով հասկանալ, թե ինչ է Եհովան մտածում այդ հարցի մասին։

5. Ինչպե՞ս ենք «լսում» մեզ հուզող հարցերի հետ կապված Եհովայի պատասխանը։

5 Աստվածաշունչը կարդալով՝ մենք ասես լսում ենք, թե ինչպես է Եհովան խոսում մեզ հետ։ Բայց որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ նրա տեսակետը իմանալու համար պետք է հավելյալ ջանքեր գործադրենք։ Աստվածաշունչը ընթերցելիս հարկավոր է կենտրոնանալ այնպիսի համարների վրա, որոնք կօգնեն գտնել մեզ հուզող հարցի պատասխանը։ Մենք կարող ենք տվյալ թեմայի վերաբերյալ փնտրտուքներ անել՝ օգտվելով ուսումնասիրության այն գործիքներից, որոնք առատորեն տրամադրում է Եհովայի կազմակերպությունը (Առակ. 2։3-6)։ Կարևոր է նաև աղոթել, որ Աստված ուղղորդի մեզ փնտրտուքներ անելու ընթացքում և օգնի գտնել մեր հարցի հետ կապված իր տեսակետը։ Այնուհետև կարող ենք փնտրել աստվածաշնչյան սկզբունքներ և այնպիսի տեղեկություններ, որոնք կիրառելի են մեր իրավիճակում։ Բացի այդ՝ օգտակար կլինի ուսումնասիրել աստվածաշնչյան այն կերպարների օրինակները, որոնք այնպիսի զգացումներ ու մտքեր են ունեցել, ինչպիսիք մենք ունենք։

6. Ի՞նչ դեր ունեն ժողովի հանդիպումները մեր կասկածները փարատելու հարցում։

6 Մենք «լսում» ենք Եհովային նաև ժողովի հանդիպումների ժամանակ։ Եթե կանոնավորաբար հաճախենք հանդիպումներին, գուցե ելույթների կամ հավատակիցների տված մեկնաբանությունների ժամանակ մի այնպիսի միտք հնչի, որը լինի հենց այն, ինչ մեզ պետք է մեր կասկածները փարատելու համար (Առակ. 27։17)։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարելի է ազատվել որոշ կասկածներից։

ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՔԵԶԱՆՈՎ

7. Ի՞նչ հարց գուցե ծագի ոմանց մտքում։

7 Երբևէ նման հարց ծագե՞լ է քո մտքում. «Եհովան իսկապե՞ս նկատում է ինձ»։ Եթե քեզ աննշան ես զգում, տիեզերքի Արարչի ընկերը լինելը գուցե անհասանելի և անիրական մի բան թվա քեզ։ Նմանատիպ զգացումներ ուներ Դավիթ թագավորը, ով Եհովային հարցրեց. «Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան, կամ մահկանացու մարդու որդին, որ ուշադրություն ես դարձնում նրան» (Սաղ. 144։3)։ Որտե՞ղ կարող ես գտնել այս հարցի պատասխանը։

8. 1 Սամուել 16։6, 7, 10-12 համարների համաձայն՝ ի՞նչն է Եհովան կարևորում մարդկանց մեջ։

8 Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան նկատում է նրանց, ովքեր ուրիշների աչքին անկարևոր են թվում։ Մի առիթով Աստված Սամուել մարգարեին ուղարկեց Հեսսեի տուն, որպեսզի նրա որդիներից մեկին օծի որպես Իսրայելի ապագա թագավոր։ Հեսսեն ութ որդի ուներ և նրանցից յոթին կանչեց, որ ներկայացնի Սամուելին, բայց չկանչեց ամենակրտսերին՝ Դավթին։b Սակայն Եհովան հենց Դավթին էր ընտրել (կարդա 1 Սամուել 16։6, 7, 10-12)։ Նա տեսնում էր, թե ով է Դավիթն իրականում. մի պատանի, որը գնահատում է հոգևոր բաները։

9. Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Եհովան հետաքրքրված է քեզանով (տես նաև նկարը)։

9 Մտածիր, թե ինչ կերպերով է Եհովան արդեն իսկ ցույց տվել, որ նկատում է քեզ։ Օրինակ՝ նա քո կարիքներին համապատասխան խորհուրդներ է տալիս քեզ (Սաղ. 32։8)։ Սա փաստում է, որ Եհովան քեզ լավ է ճանաչում (Սաղ. 139։1)։ Եթե կիրառես Եհովայի խորհուրդները և տեսնես դրանց բերած օգուտները, կհամոզվես, որ նա հետաքրքրված է քեզանով (1 Տար. 28։9; Գործ. 17։26, 27)։ Եհովան նկատում է քո ջանքերը, նա տեսնում է քո լավ հատկությունները և մղվում մտերմանալու քեզ հետ (Երեմ. 17։10)։ Նա ուզում է, որ ընդունես քո Ընկերը լինելու իր առաջարկը (1 Հովհ. 4։19)։

Երիտասարդ քույրը անձնական ուսումնասիրություն է անում։ Սեղանին բաց Աստվածաշունչ է դրված, և նա էլեկտրոնային սարքով անիմացիա է դիտում

«Եթե փնտրես [Եհովային], նա թույլ կտա, որ գտնես իրեն» (1 Տար. 28։9) (տես պարբերություն 9)c


ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԴ ԻՄԱՍՏՈՒՆ ԷԻՆ

10. Անցյալում կայացրած մեր որոշումների մասին մտածելիս ի՞նչ հարցեր գուցե անցնեն մեր մտքով։

10 Ոմանք, հետ նայելով, գուցե մտածեն, թե արդյոք անցյալում կայացրած իրենց որոշումները ճիշտ էին։ Հնարավոր է՝ նրանք հրաժարվել են խոստումնալից կարիերայից կամ շահութաբեր բիզնեսից, որպեսզի կարողանան ավելին անել Եհովայի համար։ Եվ այժմ՝ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ անց, նրանք տեսնում են, որ իրենց ծանոթները, ովքեր ժամանակին այլ ընտրություն են արել՝ նյութապես ապահովված են և բարեկեցիկ կյանքով են ապրում։ Ուստի նրանք թերևս մտածեն. «Արժե՞ր, որ նման զոհողություններ անեի Եհովայի համար։ Գուցե դրանց պատճառով լավ հնարավորություննե՞ր եմ բաց թողել»։

11. Ի՞նչն էր անհանգստացնում 73-րդ սաղմոսը գրողին։

11 Եթե դու էլ նման մտքեր ունես, ուշադրություն դարձրու, թե ինչ էր զգում 73-րդ սաղմոսը գրողը։ Նա տեսնում էր, որ Եհովային չծառայող մարդիկ լավ առողջություն ունեին, նյութապես ապահովված էին, և թվում էր, թե նրանց կյանքը զերծ էր խնդիրներից (Սաղ. 73։3-5, 12)։ Տեսնելով նրանց թվացյալ հաջողությունը՝ սաղմոսերգուն սկսեց մտածել, որ Եհովային ծառայելու համար ներդրած իր ջանքերը զուր են։ Այս վհատեցնող միտքը «օրնիբուն տառապանք» էր պատճառում նրան (Սաղ. 73։13, 14)։ Ի՞նչն օգնեց սաղմոսերգուին ձերբազատվել բացասական զգացումներից։

12. Ըստ Սաղմոս 73։16-18 համարների՝ ի՞նչն օգնեց սաղմոսերգուին ձերբազատվել իրեն անհանգստացնող մտքերից։

12 Կարդա Սաղմոս 73։16-18։ Սաղմոսերգուն գնաց Եհովայի սրբարանը։ Այդ խաղաղ միջավայրում նա կարող էր սթափ դատել։ Նա հասկացավ, որ այդ մարդիկ, ովքեր թվում էր, թե հեշտ կյանքով էին ապրում, իրականում ապագայի հույս չունեին։ Ուստի նա մտքի խաղաղություն ձեռք բերեց և համոզվեց, որ հոգևոր բաներին հետամուտ լինելը լավագույն որոշումն է։ Արդյունքում սաղմոսերգուն կրկին վճռականությամբ լցվեց, որ շարունակի ծառայել Եհովային (Սաղ. 73։23-28)։

13. Ինչպե՞ս կարող ես մտքի խաղաղություն ձեռք բերել, եթե կասկածներ ունես անցյալում կայացրած որոշումներիդ հետ կապված (տես նաև նկարը)։

13 Աստծու Խոսքի օգնությամբ դու էլ կարող ես մտքի խաղաղություն ձեռք բերել։ Ինչպե՞ս։ Մտածիր քո ունեցած արժեքավոր բաների, այդ թվում՝ երկնքում դիզած գանձերիդ մասին, և այդ ամենը համեմատիր նրա հետ, ինչ ունեն Եհովային չծառայող մարդիկ, որոնց հաջողությունները կապված են միայն այս աշխարհի առաջարկած բաների հետ։ Նրանք ապագայի հույս չունեն, ուստի կենտրոնացած են այս կյանքում որոշակի ձեռքբերումներ ունենալու վրա։ Ի տարբերություն նրանց՝ դու այսօր իսկ վայելում ես Եհովայի օրհնությունները, իսկ ապագայում, ինչպես խոստացել է Եհովան, կունենաս շատ ավելի մեծ օրհնություններ, որոնք չես էլ կարող պատկերացնել (Սաղ. 145։16)։ Բացի այդ՝ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե նա անցյալում այլ որոշումներ կայացներ։ Սակայն մի բան հստակ է. նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Աստծու և դրացու հանդեպ սիրուց մղված, երբեք չեն զրկվում իսկապես լավ բաներից։

Եղբայրը խանութի պատուհանը լվանալիս մտածում է դրախտի մասին, որտեղ իր կնոջ հետ է։ Նա հրում է մրգերով լի սայլակը, իսկ մոտակայքում եղնիկներ են արածում

Հաճախ մտածիր Եհովայի խոստացած ապագա օրհնությունների մասին (տես պարբերություն 13)d


ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ՈՐ ՊԻՏԱՆԻ ԵՍ ԵՀՈՎԱՅԻՆ

14. Ինչո՞ւ են ոմանք իրենց անարժեք զգում, և ի՞նչ հարց գուցե նրանց տանջի։

14 Եհովայի ծառաներից ոմանք բախվում են ծերության բերած դժվարություններին, վատառողջ են կամ հաշմանդամ։ Դրա հետևանքով գուցե իրենց անարժեք զգան ու մտածեն. «Արդյո՞ք դեռ պիտանի եմ Եհովային»։

15. Ինչո՞ւմ էր համոզված 71-րդ սաղմոսը գրողը։

15 71-րդ սաղմոսը գրողը նման միտք արտահայտեց իր աղոթքում՝ ասելով. «Երբ ուժս պակասի, ինձ մի՛ լքիր» (Սաղ. 71։9, 18)։ Այդուհանդերձ, նա չկորցրեց համոզվածությունը այն բանում, որ եթե հավատարմորեն ծառայի Աստծուն, վերջինս կշարունակի առաջնորդել և աջակցել իրեն։ Սաղմոսերգուն հասկացել էր, որ Եհովան հավանում է նրանց, ովքեր, չնայած սահմանափակ կարողություններին, իրենց լավագույնն են անում իրեն ծառայելու համար (Սաղ. 37։23-25)։

16. Ի՞նչ կարող են անել տարեցները Եհովայի համար (Սաղմոս 92։12-15)։

16 Սիրելի՛ տարեցներ, ձեր իրավիճակին Եհովայի տեսանկյունից նայեք։ Նրա օգնությամբ դուք կարող եք հոգևորապես բարգավաճել, անգամ եթե ֆիզիկական տկարություններ ունեք (կարդա Սաղմոս 92։12-15)։ Կենտրոնացեք ոչ թե այն բանի վրա, ինչ այլևս չեք կարողանում անել, այլ այն բանի, ինչ կարողանում եք։ Օրինակ՝ կարող եք զորացնել ուրիշներին հավատարմության ձեր օրինակով, ինչպես նաև նրանց հանդեպ անհատական հետաքրքրություն ցուցաբերելով։ Պատմեք մյուսներին, թե ինչպես եք տարիների ընթացքում զգացել Եհովայի աջակցությունը, խոսեք այն ամուր հույսի մասին, որ ունեք Աստծու խոստումների հանդեպ։ Նաև հիշեք, որ ուրիշների համար արված ձեր սրտաբուխ աղոթքները մեծ ուժ ունեն (1 Պետ. 3։12)։ Անկախ մեր հանգամանքներից՝ բոլորս էլ կարող ենք ինչ-որ բան անել Եհովայի և ուրիշների համար։

17. Ինչո՞ւ չպետք է համեմատենք մեզ ուրիշների հետ։

17 Եթե վհատվում ես, որ ի վիճակի չես ավելին անելու ծառայության մեջ, հիշիր, որ Եհովան թանկ է գնահատում այն, ինչ կարողանում ես անել։ Գուցե սկսես համեմատել քո արածը ուրիշների արածի հետ։ Բայց պետք չէ այդպես վարվել, քանի որ Եհովան նման համեմատություններ չի անում (Գաղ. 6։4)։ Հիշենք, որ Մարիամը Հիսուսին թանկարժեք անուշահոտ յուղով օծեց (Հովհ. 12։3-5)։ Մինչդեռ կարիքավոր այրին չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ զոհաբերեց տաճարում (Ղուկ. 21։1-4)։ Բայց Հիսուսը այդ երկու նվերներն էլ հավատի դրսևորում համարեց։ Նրա Հայրը՝ Եհովան, թանկ է գնահատում ցանկացած բան, որ անում ես նրա հանդեպ սիրուց ու նվիրվածությունից մղված՝ անկախ նրանից, թե որքան չնչին գուցե թվա քեզ քո արածը։

18. Ի՞նչը կօգնի, որ ձերբազատվենք կասկածներից (տես նաև «Եհովայի Խոսքը կօգնի քեզ փարատել կասկածներդ» շրջանակը)։

18 Բոլորս էլ երբեմն կասկածներ ունենում ենք։ Բայց ինչպես տեսանք, Աստծու Խոսքը, որում գրվածը ճշմարտություն է, կարող է օգնել մեզ փարատել դրանք։ Ուստի վճռիր ձերբազատվել կասկածներից։ Այդ դեպքում վհատվելու փոխարեն վստահությամբ կլցվես։ Եհովան, անշուշտ, նկատում է քեզ և լավ է ճանաչում։ Նա թանկ է համարում քո արած զոհողությունները և անպայման կվարձատրի քեզ։ Համոզված եղիր, որ Եհովան սիրում է իր նվիրված ծառաներից յուրաքանչյուրին և հոգ է տանում նրանց մասին։

Եհովայի Խոսքը կօգնի քեզ փարատել կասկածներդ

  • Եհովան հետաքրքրված է քեզանով

    «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ մտահոգվիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ, արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ» (Ես. 41։10)։

    «Ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ, նա, ով սովորեցնում է այն, ինչ օգտակար է ձեզ, առաջնորդում է այն ճանապարհով, որով պետք է գնաք» (Ես. 48։17)։

  • Եհովան թանկ է համարում իրեն ծառայելու քո որոշումը

    «Որդի՛ս, եթե սիրտդ իմաստուն դառնա, իմ սիրտը կուրախանա» (Առակ. 23։15)։

    «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ Աստված ասել է. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի»» (Եբր. 13։5)։

  • Եհովան գնահատում է այն ամենը, ինչ կարողանում ես անել իր համար

    «Բոլորը պետք է նվեր բերեն Եհովայի տված օրհնության չափով» (2 Օրենք 16։17)։

    «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և իր անվան հանդեպ ձեր սերը, որը ցուցաբերել եք՝ ծառայելով սրբերին ու շարունակելով ծառայել մինչև հիմա» (Եբր. 6։10)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան հետաքրքրված է մեզանով։

  • Ինչպե՞ս կարող ենք ազատվել այն կասկածներից, որոնք կապված են անցյալում կայացրած մեր որոշումների հետ։

  • Ի՞նչ կարող ենք անել, եթե կասկածում ենք, որ պիտանի ենք Եհովային։

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հոդվածում խոսվում է այն կասկածների մասին, որոնց պատճառով անհատը վստահ չէ, որ թանկ է Եհովայի համար, և որ անցյալում իմաստուն որոշումներ է կայացրել։ Խոսքը այն կասկածների մասին չէ, որոնք, ըստ Աստվածաշնչի, վկայում են Եհովայի և նրա խոստումների հանդեպ հավատի պակասի մասին։

b Աստվածաշունչը չի ասում, թե Դավիթը կոնկրետ քանի տարեկան էր, երբ Եհովան ընտրեց նրան, բայց հավանաբար նա դեռ պատանի էր (տես «Դիտարանի» 2011 թ. սեպտեմբերի 1-ի համարը, էջ 29, պրբ. 2)։

c ՆԿԱՐ։ Երիտասարդ քույրը ուզում է իմանալ Եհովայի տեսակետը, ուստի իր խնդրի հետ կապված խորհուրդ է փնտրում Աստվածաշնչում։

d ՆԿԱՐ։ Եղբայրը իր ընտանիքի կարիքները հոգալու համար ֆիզիկական աշխատանք է կատարում և իրեն պատկերացնում է դրախտում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը