«Թագավորական Աստվածաշունչ». մեծ նվաճում գիտության մեջ
ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՐԻ սկիզբն էր։ Իսպանիայից դուրս եկած մի նավ լողում էր դեպի Ապենինյան թերակղզի։ Այն իր հետ տանում էր անգին մի բեռ՝ 1514–1517 թթ.–ին տպագրված «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» օրինակների մեծ մասը։ Անսպասելիորեն կատաղի փոթորիկ բարձրացավ։ Չնայած որ նավաստիները ամեն կերպ ջանում էին փրկել նավը, այդ ջանքերն ապարդյուն անցան։ Նավը խորտակվեց՝ դեպի անդունդը տանելով նաև իր անգին բեռը։
Այս աղետի հետևանքով բազմալեզու Աստվածաշնչի նոր հրատարակություն լույս ընծայելու կարիք առաջացավ։ Այդ դժվարին գործը հանձն առավ հմուտ տպագրիչ Քրիստոֆ Պլանտինը։ Սակայն նման ահռելի աշխատանքի ֆինանսավորման համար նրան հարուստ հովանավոր էր պետք։ Պլանտինը դիմեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ին՝ խնդրելով, որ նա պաշտոնապես ստանձնի հովանավորի դերը։ Նախքան այդ առաջարկն ընդունելը՝ թագավորը խորհրդակցեց մի շարք իսպանացի գիտնականների հետ, որոնց թվում էր հայտնի Բենիտո Արիաս Մոնտանոն։ Վերջինս Ֆիլիպ II–ին ասաց. «Դրանով ոչ միայն ծառայություն կմատուցեք Աստծուն և օգուտ կտաք տիեզերական եկեղեցուն, այլև մեծ փառք կբերեք Ձերդ Մեծության արքայական անվանը և պատիվ՝ ձեր անձին»։
«Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» վերանայված հրատարակությունը մշակութային մեծ նվաճում կլիներ։ Ուստի Ֆիլիպ II–ը որոշեց աջակցել Պլանտինի նախաձեռնությանը։ Այդ աշխատությունը, որ հետագայում կոչվեց «Թագավորական Աստվածաշունչ», կամ՝ «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշունչ»,a թագավորի հանձնարարությամբ պետք է տպագրեր Արիաս Մոնտանոն։
Ֆիլիպը շատ էր ցանկանում, որ բազմալեզու Աստվածաշնչի լույսընծայումը հաջողությամբ պսակվեր։ Ուստի նա կարգադրեց, որ իրեն ուղարկվի յուրաքանչյուր թերթի նախնական տպագիր օրինակը։ Բայց Պլանտինը, բնականաբար, չէր ուզում սպասել, մինչև այդ թերթերը Անտվերպենից հասնեին Իսպանիա, այնտեղ թագավորի կողմից ընթերցվեին ու սրբագրվեին և ապա վերադառնային իրեն։ Ինչևէ, Ֆիլիպը ստացավ միայն առաջին տպագիր թերթը և հավանաբար հաջորդ մի քանիսը։ Սրբագրության գործն իրականում կատարեց Մոնտանոն, որին անգնահատելի օգնություն ցույց տվեցին Լյովեն քաղաքում աշխատող երեք պրոֆեսորներ, ինչպես նաև Պլանտինի դեռահաս աղջիկը։
Աստծու Խոսքը սիրող մարդ
Անտվերպենցի գիտնականների միջավայրում Արիաս Մոնտանոն ազատ էր զգում իրեն։ Պլանտինը բարձր էր գնահատում Մոնտանոյին նրա լայնախոհության համար։ Այդ երկու անհատների մտերմությունն ու համագործակցությունը շարունակվեց մինչև նրանց կյանքի վերջը։ Մոնտանոն ոչ միայն լավ գիտնական էր, այլև Աստծու Խոսքը խորապես սիրող անձնավորություն։b Երիտասարդ տարիքում նա ջանք թափեց հնարավորին չափ արագ ավարտել իր ակադեմիական կրթությունը, որպեսզի ամբողջովին նվիրվի Գրությունների ուսումնասիրությանը։
Արիաս Մոնտանոն համոզված էր, որ Աստվածաշնչի թարգմանությունը պետք է հնարավորին չափ բառացի լինի։ Նա ձգտում էր ամենայն ճշգրտությամբ թարգմանել բնագիր տեքստը, որպեսզի ընթերցողները իրենց ձեռքի տակ ունենան Աստծու ճշմարիտ Խոսքը։ Մոնտանոն նույն նշանաբանն ուներ, ինչ որ Էրազմը, որը հորդորում էր աստվածաշնչագետներին «Քրիստոսի մասին քարոզել «բնագիր» տեքստից»։ Մինչդեռ Սուրբ Գրությունների բնագրային տեքստի իմաստը դարեր շարունակ քողարկված էր մարդկանցից, քանի որ նրանք դժվարությամբ էին հասկանում լատիներեն թարգմանությունները։
Շարվածքը
Արիաս Մոնտանոյի տրամադրության տակ հայտնվեցին բոլոր այն ձեռագրերը, որոնք Ալֆոնսո դե Զամորան վերստուգել էր և պատրաստել «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» տպագրման նպատակով։ Մոնտանոն դրանք օգտագործեց «Թագավորական Աստվածաշնչի» համար։c
Սկզբում նախատեսվում էր, որ «Թագավորական Աստվածաշունչը» կլինի «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» երկրորդ հրատարակությունը։ Բայց այն չդարձավ զուտ վերանայված հրատարակություն։ «Քոմփլութենսյան Աստվածաշնչից» վերցվեցին «Յոթանասնիցի» եբրայերեն և հունարեն տեքստերը, ապա ավելացվեցին նոր տեքստեր ու մի ծավալուն հավելված։ Նոր բազմալեզու Աստվածաշունչը զբաղեցրեց ութ հատոր։ Տպագրությունը տևեց հինգ տարի՝ 1568–1572 թթ., որը բավական կարճ ժամանակահատված է նման բարդ գործի իրականացման համար։ Տպագրվեց 1 213 օրինակ։
Թեև «Քոմփլութենսյան Աստվածաշնչի» 1517 թ. հրատարակությունը «տպագրական արվեստի կոթող» դարձավ, նոր «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշունչը» գերազանցեց նրան թե՛ շարվածքով, թե՛ բովանդակությամբ։ Դա ևս մի նվաճում էր ինչպես տպագրության պատմության մեջ, այնպես էլ (որ ավելի կարևոր է) Աստվածաշնչի վերաճշտված քննախոսական տեքստերի պատրաստման գործում։
Հարվածներ՝ Աստծու Խոսքի թշնամիներից
Աստվածաշունչը հավատարմորեն թարգմանելու գործը շուտով բախվեց հակառակության, ինչը զարմանալի չէ։ Թեև «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշնչի» հրատարակմանը հավանություն էր տվել Հռոմի պապը, իսկ Արիաս Մոնտանոն, իրավամբ, հարգարժան գիտնականի հեղինակություն էր վայելում, նրան ամբաստանեցին ինկվիզիցիայի առջև։ Հակառակորդները պնդում էին, որ նրա աշխատության մեջ որպես եբրայերեն և հունարեն բնագրերի շատ ավելի ճշգրիտ թարգմանություն ներկայացվում է Սանտես Պանյինոյի նոր, վերաճշտված լատիներեն տեքստը, ու ոչ թե «Վուլգատան», որը թարգմանվել էր դրանից դարեր առաջ։ Նրանք Մոնտանոյին մեղադրում էին նաև այն բանի համար, որ վերջինս, ցանկանալով ստեղծել Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանություն, դիմում էր բնագրային լեզուներին, ինչը, նրանց տեսանկյունից, հերետիկոսություն էր։
Ինկվիզիցիան նույնիսկ հայտարարեց, որ «Թագավորը, իր արքայական անունը այդ աշխատության վրա դնելով, պատիվ չի բերել իրեն»։ Նրանք ափսոսանք արտահայտեցին այն կապակցությամբ, որ Մոնտանոն մեծ հեղինակություն չի վերագրել պաշտոնական թարգմանությանը՝ «Վուլգատային»։ Չնայած այս ամենին՝ հակառակորդները չկարողացան բավականաչափ փաստեր գտնել Մոնտանոյի և նրա բազմալեզու Աստվածաշնչի դեմ ուղղված իրենց ամբաստանությունները հիմնավորելու համար։ «Թագավորական Աստվածաշունչը» լույս տեսավ և լավ ընդունելության արժանացավ։ Այդ աշխատությունը ուսումնասիրության ձեռնարկ դարձավ մի շարք համալսարաններում։
Մեծ օգնություն՝ Աստվածաշնչի թարգմանության համար
Թեև «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշունչը» նախատեսված չէր հասարակության լայն խավերի համար, կարճ ժամանակ անց այն անչափ օգտակար աղբյուր դարձավ Աստվածաշնչի թարգմանության մեջ։ Այդ աշխատությունը, նախորդ հրատարակության՝ «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» նման, նպաստեց այն ժամանակ առկա սուրբգրային տեքստերի ճշգրտմանը։ Այն նաև օգնեց թարգմանիչներին բարելավել բնագրային լեզուների իրենց իմացությունը։ Այդ աշխատությունը օգտակար եղավ նաև Աստվածաշնչի մի շարք թարգմանությունների համար, որ արվեցին Եվրոպայում տարածված լեզուներով։ Ինչպես նշվում է մի աղբյուրում, մեծ համբավ ձեռք բերած «Հեղինակային», կամ՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» (1611 թ.) թարգմանիչները օգտվել են «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշնչից»՝ այն համարելով արժեքավոր միջոց հին լեզուներից թարգմանություն կատարելու համար («The Cambridge History of the Bible»)։ «Թագավորական Աստվածաշունչը» մեծ դեր է խաղացել նաև 17–րդ դարում լույս տեսած երկու կարևոր աշխատությունների՝ բազմալեզու Աստվածաշնչերի հրատարակման ժամանակ (տե՛ս «Բազմալեզու Աստվածաշնչեր» շրջանակը)։
«Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշնչի» մեծաթիվ արժանիքներից մեկն այն էր, որ այդ աշխատությունը առաջին անգամ հնարավորություն ընձեռեց եվրոպացի աստվածաշնչագետներին օգտվել Հունարեն Գրությունների ասորերեն տեքստից։ Այս տեքստը ներկայացված էր բառացի լատիներեն թարգմանության հետ մեկտեղ։ Դա շատ օգտակար էր, քանզի ասորերեն տեքստը Քրիստոնեական Հունարեն Գրությունների ամենահին թարգմանություններից է։ Ասորերեն թարգմանությունը, որ վերագրվում է մ.թ. 5–րդ դարին, արվել է այն ձեռագրերից, որոնք թվագրվում են մ.թ. 2–րդ դարով։ Մի աստվածաշնչային հանրագիտարանի համաձայն՝ գիտնականները «հիմնականում ընդունում են, որ [ասորերեն] «Պեշիթոն» մեծ արժեք է ներկայացնում տեքստաբանության մեջ։ Դա ամենահին և ամենակարևոր աղբյուրներից մեկն է, որն օգնում է պատկերացում կազմել հին թարգմանությունների ոճական կառույցների մասին» («The International Standard Bible Encyclopedia»)։
Ո՛չ մոլեգին ծովը, ո՛չ էլ իսպանական ինկվիզիցիայի կատաղի հակառակությունը խոչընդոտ չդարձան «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» վերանայված և ընդարձակված հրատարակության համար։ Այն լույս տեսավ 1572 թ.–ին «Թագավորական Աստվածաշնչի» տեսքով։ «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշնչի» պատմությունը մեկ ուրիշ օրինակ է այն բանի, թե որքան ջանքեր են թափել անկեղծ մարդիկ Աստծու Խոսքը պաշտպանելու համար։
Այդ նվիրյալ անհատները իրենց անձնուրաց աշխատանքով հաստատել են Եսայիայի մարգարեական խոսքերի ճշմարտացիությունը՝ անկախ այն բանից իմացել են դա, թե ոչ։ Մոտ երեք հազար տարի առաջ մարգարեն գրել էր. «Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։
[ծանոթագրություններ]
a Այն կոչվեց «Թագավորական Աստվածաշունչ», քանի որ տպագրվեց Ֆիլիպ թագավորի հովանավորությամբ, և «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշունչ», քանի որ լույս տեսավ Անտվերպեն քաղաքում, որն այն ժամանակ Իսպանական տերության մասն էր։
b Մոնտանոն տիրապետում էր արաբերենին, հունարենին, եբրայերենին, լատիներենին և ասորերենին. այն հինգ հիմնական լեզուներին, որոնք օգտագործվել են բազմալեզու Աստվածաշնչում։ Բացի այդ, նա մեծ գիտելիքներ ուներ հնագիտության, բժշկության, բնական գիտությունների և աստվածաբանության բնագավառներում։ Մոնտանոն դրանք օգտագործեց բազմալեզու Աստվածաշնչի հավելվածը կազմելիս։
c «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» («Կոմպլուտենյան պոլիգլոտ») արժեքի ու նշանակության մասին կարդացեք «Դիտարանի» 2004 թ. ապրիլի 15–ի համարում։
[մեջբերում 13–րդ էջի վրա]
«Մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան»
[շրջանակ/նկարներ 12–րդ էջի վրա]
ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԵՐ
«Բազմալեզու է կոչվում այն Աստվածաշունչը, որի մեջ ընդգրկված է սուրբգրային տեքստը տարբեր լեզուներով,— ասում է իսպանացի աստվածաշնչագետ Ֆեդերիկո Պերես Կաստրոն։— Սակայն սովորաբար այդպես են կոչում այն Աստվածաշնչերը, որոնք այդ տեքստը պարունակում են բնագրային լեզուներով։ Վերջիններս, որ «բազմալեզու» են ավելի նեղ իմաստով, թվով շատ քիչ են»։
1. «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշունչը» (1514–1517 թթ.), որի հովանավորն էր կարդինալ Սիսներոսը, տպագրվեց Ալկալա դե Էնարես քաղաքում (Իսպանիա)։ Վեցհատորյա այս աշխատության մեջ սուրբգրային տեքստը ներկայացված էր չորս լեզուներով՝ եբրայերեն, հունարեն, արամերեն ու լատիներեն։ 16–րդ դարի թարգմանիչները այն օգտագործեցին որպես հիմնական տեքստ՝ եբրայերեն–արամերեն Գրությունների թարգմանության համար
2. «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշնչում» (1568–1572 թթ.), որը տպագրվեց Բենիտո Արիաս Մոնտանոյի կողմից, «Քոմփլութենսյան Աստվածաշնչի» տեքստին ավելացված էին ասորերեն «Պեշիթոյի» Քրիստոնեական Հունարեն Գրությունները և արամերեն լեզվով «Հովնաթանի թարգումը»։ Եբրայերեն տեքստը, որի մեջ դրված էին ձայնավոր նշաններն ու շեշտերը, վերանայված էր՝ ըստ Բեն–Խայիմի եբրայերեն տեքստի։ Այդ տեքստը Աստվածաշնչի թարգմանիչների համար դարձավ Եբրայերեն Գրությունների ընդունված տեքստ։
3. «Փարիզյան բազմալեզու Աստվածաշնչի» (1629–1645 թթ.) հովանավորն էր ֆրանսիացի իրավագետ Գի Միշել Լե Ժեն։ Այն իր վրա կրում էր «Անտվերպենյան բազմալեզու Աստվածաշնչի» ազդեցությունը, թեպետ պարունակում էր նաև սամարերեն ու արաբերեն որոշ տեքստեր։
4. «Լոնդոնյան բազմալեզու Աստվածաշունչը» (1655–1657 թթ.), որ տպագրվել էր Բրայեն Ուոլթոնի կողմից, նույնպես կազմված էր «Անտվերպենյան Աստվածաշնչի» հիման վրա։ Բազմալեզու այս Աստվածաշունչը ներառում էր Սուրբ Գրությունների հին թարգմանություններ եթովպերեն ու պարսկերեն լեզուներով, թեև վերջիններս այնքան էլ չեն նպաստում Աստվածաշնչի տեքստի ճշգրտմանը։
[թույլտվությամբ]
Banner and Antwerp Polyglots (two underneath): Biblioteca Histórica. Universidad Complutense de Madrid; Antwerp Polyglot (on top): By courtesy of Museum Plantin-Moretus/Stedelijk Prentenkabinet Antwerpen; London Polyglot: From the book The Walton Polyglot Bible, Vol. III, 1655-1657
[նկար 9–րդ էջի վրա]
Ֆիլիպ II, Իսպանիայի թագավոր
[թույլտվությամբ]
Philip II: Biblioteca Nacional, Madrid
[նկար 10–րդ էջի վրա]
Արիաս Մոնտանո
[թույլտվությամբ]
Montano: Biblioteca Histórica. Universidad Complutense de Madrid
[նկար 10–րդ էջի վրա]
Առաջին տպագրամեքենաները, Անտվերպեն (Բելգիա)
[թույլտվությամբ]
Press: By courtesy of Museum Plantin-Moretus/Stedelijk Prentenkabinet Antwerpen
[նկարներ 11–րդ էջի վրա]
Ձախից՝ Քրիսթոֆ Պլանտինը, ինչպես նաև «Անտվերպենյան Աստվածաշնչի» առաջին էջը։
[թույլտվությամբ]
Title page and Plantin: By courtesy of Museum Plantin-Moretus/Stedelijk Prentenkabinet Antwerpen
[նկար 11–րդ էջի վրա]
Վերևում՝ Ելից 15–րդ գլուխը. տեքստերը գրված են չորս սյունակներում
[նկար 9–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Title page and Plantin: By courtesy of Museum Plantin-Moretus/Stedelijk Prentenkabinet Antwerpen
[նկար 13–րդ էջի վրա. թույլտվությամբ
Biblioteca Histórica. Universidad Complutense de Madrid