Աստծու անունը, Ալֆոնսո դե Զամորան և տեքստային ճշգրտությունը
ՀԱԶԱՐ չորս հարյուր իննսուներկու թվականին Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը և թագուհի Իզաբելը հրաման արձակեցին. «Մենք հրամայում ենք բոլոր հրեաներին և հրեուհիներին.... որ այս տարվա հուլիս ամսվա վերջում հեռանան մեր բոլոր թագավորություններից և տիրույթներից՝ իրենց որդիներով և դուստրերով, ծառաներով և աղախիններով, բոլոր հրեա տնեցիներով՝ մեծ ու փոքր՝ անկախ տարիքից, և թող որ նրանք չհամարձակվեն վերադառնալ»։
Այս հրամանագրով Իսպանիայում ապրող յուրաքանչյուր հրեա ընտանիքի տրվում էր ընտրության հնարավորություն. կա՛մ հեռանալ, կա՛մ դավանափոխ լինել։ Խուան դե Զամորա անունով մի ռաբբի հավանաբար մտածեց, որ ավելի լավ է կաթոլիկություն ընդունել ու մնալ Իսպանիայում, որտեղ իր նախնիները ապրել են դարերով։ Խուանը իր որդուն՝ Ալֆոնսոյին, հավանաբար ելնելով իր հրեական ծագումից, ուղարկեց Սամորա քաղաքի հայտնի եբրայական դպրոցը։ Հետագայում Ալֆոնսոն խորացավ լատիներենի, հունարենի և արամերենի ուսումնասիրության մեջ։ Ուսումնառությունն ավարտելուց հետո նա սկսեց դասավանդել եբրայերեն Սալամանկայի համալսարանում։ Շուտով Ալֆոնսոն իր լեզվաբանական գիտելիքները ի սպաս էր դնելու աստվածաշնչագիտության զարգացմանը ամբողջ Եվրոպայում։
1512թ.-ին Ալկալա դե Էնարեսի նորաստեղծ համալսարանը Ալֆոնսո դե Զամորային նշանակեց եբրայագիտության պրոֆեսոր։ Քանի որ Զամորան իր օրերի առաջնակարգ գիտնականներից էր, կարդինալ Խիմենես դե Սիսներոսը՝ համալսարանի հիմնադիրը, Զամորային ներգրավեց անչափ կարևոր «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» հրատարակության գործի մեջ։ Այս վեցհատորյակը պարունակում է սուրբ գրությունները եբրայերենով, հունարենով, լատիներենով և որոշ մասեր՝ արամերենովa։
Այս ձեռնարկման մասին աստվածաշնչագետ Մարիանո Ռեվիլյա Ռիկոն ասում է. «Կարդինալի [Սիսներոսի] ձեռնարկած գործին մասնակցող երեք դավանափոխ հրեաներից ամենահայտնին Ալֆոնսո դե Զամորան էր. նա քերականագետ էր, փիլիսոփա, Թալմուդի մասնագետ, գիտեր լատիներեն, հունարեն, եբրայերեն և արամերեն»։ Զամորան եկավ այն եզրակացության, որ Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանության համար անհրաժեշտ է բնագիր լեզուների լիարժեք իմացություն։ Տասնվեցերորդ դարի սկզբում հետաքրքրությունը աստվածաշնչագիտության հանդեպ սկսեց աճել, և նա, փաստորեն, այն մշակներից էր, ովքեր զարկ տվեցին աստվածաշնչագիտության վերածննդին։
Բայց Զամորայի համար հեշտ չէր նպաստել աստվածաշնչագիտության զարգացմանը, քանի որ ապրում էր դժվար ժամանակներում և վտանգավոր վայրում։ Իսպանական ինկվիզիցիան ամբողջ թափով գործում էր, կաթոլիկ եկեղեցին լատիներեն «Վուլգատան» հռչակել էր Աստվածաշնչի միակ «թույլատրված» թարգմանություն։ Սակայն արդեն միջին դարերում կաթոլիկ գիտնականները նկատել էին, որ «Վուլգատան» շատ հեռու է կատարյալ թարգմանություն լինելուց։ 16-րդ դարի սկզբում Ալֆոնսո դե Զամորան և այլք քայլեր ձեռնարկեցին այս հարցում փոփոխություններ մտցնելու համար։
«Փրկությունը պահանջում է թարգմանություն»
Զամորան շատ գործեր է արել, և ամենից ակնառուն, անկասկած, Եբրայերեն Գրությունների, կամ, ինչպես շատերն են ասում, «Հին Կտակարանի» եբրայերեն տեքստի և սրա լատիներեն թարգմանության հրատարակությունն էր։ Նա, հավանաբար, ուզում էր, որ այդ աշխատությունը մեծ տեղ գրավի «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչում»։ Զամորայի այս աշխատության ձեռագրերից մեկը գտնվում է Էլ-Էսկորիալ գրադարանում (Մադրիդի մոտակայք, Իսպանիա)։ Այն ունի «G-I-4» համարը և պարունակում է «Ծննդոց» գիրքը եբրայերենով ու տողացի, կամ՝ բառ առ բառ թարգմանված լատիներենով։
Նախաբանում ասվում է. «Ազգերի փրկությունը պահանջում է Սուրբ Գրքի թարգմանություն տարբեր լեզուներով.... Մենք բացարձակապես անհրաժեշտ ենք համարում, որ հավատարիմները ունենան Աստվածաշնչի բառ առ բառ թարգմանություն, այսինքն՝ յուրաքանչյուր եբրայերեն բառի դիմաց գրվի նրա լատիներեն համարժեքը»։ Ալֆոնսո դե Զամորան, լինելով եբրայագիտության ճանաչված գիտնական և ունենալով բավարար հմտություններ, կարող էր ձեռնարկել այդպիսի նոր թարգմանություն լատիներենով։
«Չեմ կարողանում հանգստի վայր գտնել հոգուս համար»
Ինչ-որ առումով 16-րդ դարի Իսպանիան իդեալական վայր էր Զամորայի պես գիտնականների համար։ Միջին դարերում Իսպանիան դարձել էր հրեական մշակույթի կենտրոն։ «Բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) գրված է. «Ունենալով մահմեդական և հրեական մեծ համայնքներ՝ միջնադարյան Իսպանիան միակ բազմազգ և բազմակրոն երկիրն էր արևմտյան Եվրոպայում։ Ուշ միջնադարում իսպանական քաղաքակրթության զարգացումը կրոնի, գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառներում պայմանավորված էր հենց այս գործոնով»։
Քանի որ Իսպանիայում հրեական համայնքը մեծ էր, բնականաբար այստեղ Աստվածաշնչի մեծ քանակությամբ եբրայերեն ձեռագրեր կային։ Հրեա գրագիրները Իսպանիայի շատ վայրերում փութաջանորեն կրկնօրինակել էին այդ ձեռագրերը, որպեսզի կարողանան ժողովարաններում անցկացնել գրությունների հանրային ընթերցանություն։ Լ. Գոլդշմիդտը իր գրքում ասում է. «Հրեա գիտնականների շրջանում շատ մեծ հեղինակություն էին վայելում ոչ միայն Հնգամատյանի իսպաներեն-պորտուգալերեն հրատարակությունները, այլև այն ձեռագրերը, որոնց հիման վրա կազմված էին դրանք և բազմալեզու Աստվածաշնչերը» (The Earliest Editions of the Hebrew Bible)։
Չնայած Իսպանիայի ընձեռած հնարավորություններին՝ սև ամպեր սկսեցին կուտակվել Աստվածաշունչը թարգմանել ցանկացողների գլխին։ 1492թ.-ին Ֆերդինանդ թագավորի և Իզաբել թագուհու կաթոլիկ զորքերը նվաճեցին մավրերի վերջին անկլավը Իսպանիայում։ Ինչպես նշվեց վերևում, այդ նույն տարում այս միապետները հրամայեցին, որ հուդայականության բոլոր հետևորդները արտաքսվեն Իսպանիայից։ Տասը տարի անց նման հրաման դուրս եկավ մահմեդականների վերաբերյալ։ Սկսած այդ ժամանակներից՝ կաթոլիկությունը դարձավ Իսպանիայի պետական կրոն, իսկ մյուս կրոնները արգելվեցին։
Ինչպե՞ս էր այս նոր կրոնական մթնոլորտը ազդելու Աստվածաշնչի թարգմանության վրա։ Ալֆոնսո դե Զամորայի օրինակը վառ կերպով նկարագրում է իրավիճակը։ Թեև այս հրեա գիտնականը կաթոլիկություն էր ընդունել, իսպանական հոգևոր վերնախավը չէր ուզում մոռանալ նրա ծագումը։ Որոշ հակառակորդներ քննադատեցին կարդինալ Սիսներոսին, որ նա դավանափոխ հրեա գիտնականների է ներգրավել բազմալեզու Աստվածաշնչի աշխատանքների մեջ։ Այդ հետապնդումները մեծ տառապանքներ պատճառեցին Զամորային։ Մադրիդի համալսարանի ձեռագրերից մեկում կարդում ենք նրա հետևյալ խոսքերը. «Իմ բոլոր ընկերները լքել են ինձ։ Նրանք ատում են ինձ, դարձել են թշնամի։ Չեմ կարողանում հանգստի վայր գտնել հոգուս համար։ Մի տեղ չկա, որ ոտքերս դնեմ ու հանգիստ առնեմ»։
Նրա ոխերիմ թշնամիներից էր Խուան Տավերան՝ Տոլեդոյի արքեպիսկոպոսը, որը հետագայում դարձավ գլխավոր ինկվիզիտոր։ Զամորան այնպես վհատվեց Տավերայի հետապնդումներից, որ նույնիսկ նամակ գրեց Հռոմի պապին։ Նամակում մասնավորապես ասվում էր. «Մենք խնդրում և աղաչում ենք Ձերդ Սրբությանը, որ օգնի մեզ.... և պահպանի մեզ մեր թշնամի՝ Տոլեդոյի եպիսկոպոս դոն Խուան Տավերայից։ Նա հանգիստ չունի. ամեն օր բազմաթիվ տհաճություններ է բերում մեր գլխին.... Մենք խիստ շփոթված ենք, որովհետև նրա աչքում մենք մորթվելու ենթակա կենդանիներ ենք.... Եթե Ձերդ Սրբությունը անսա իրեն ուղղված այս աղաչանքին, «Յահվեն կլինի քո պաշտպանը և ոտքդ կպահի թակարդից» (Առակ. 3։23)»b։
Ալֆոնսո դե Զամորայի թողած ժառանգությունը
Չնայած այս հետապնդումներին՝ Զամորայի գործը շարունակվեց և ծաղկեց՝ ի շահ Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրողների։ Ճիշտ է, նա երբեք Աստվածաշունչը չթարգմանեց իր օրերի որևէ լեզվով, բայց անգնահատելի ծառայություն մատուցեց Աստվածաշնչի թարգմանիչներին։ Որպեսզի հասկանանք Զամորայի կատարածի կարևորությունը, պետք է հիշենք, որ Աստվածաշնչի թարգմանությունը միշտ կախված է երկու խմբի գիտնականներից։ Առաջին՝ պետք է լինեն եբրայերեն, արամերեն և հունարեն ձեռագրերի մասնագետներ, որոնք կարող են այդ լեզուներով կազմել մաքրված ու ճշգրիտ տեքստեր, և երկրորդ՝ թարգմանիչներ, որոնք նրանց աշխատանքի պտուղները կարող են վերածել որևէ լեզվով թարգմանության։
Ալֆոնսո դե Զամորան այն առաջավոր գիտնականն էր, ով եբրայերեն տեքստը նախապատրաստեց և սխալներից մաքրեց։ Նրա աշխատությունը տեղ գտավ «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչում» 1522թ.-ին (Զամորայի եբրայերեն-լատիներեն բառարանը և եբրայերենի քերականության վերաբերյալ աշխատությունը, որոնք ևս ընդգրկվեցին այդ աշխատությունում, նույնպես օգտակար եղան թարգմանիչների համար)։ Զամորայի ժամանակակից Էրազմը նման աշխատանք կատարեց Քրիստոնեական Հունարեն Գրությունների առնչությամբ (որը շատերը անվանում են «Նոր Կտակարան»)։ Ձեռքի տակ ունենալով Զամորայի և Էրազմի այս գործերը՝ թարգմանիչները կարող էին սկսել Աստվածաշնչի՝ հասարակ ժողովրդի լեզվով թարգմանության անչափ կարևոր գործը։ Վիլյամ Թինդալը առաջին թարգմանիչներից էր, որը, օգտվելով «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչից», Սուրբ Գիրքը թարգմանեց անգլերեն։
Այն բանի համար, որ այսօր Աստվածաշունչը լայնորեն տարածված գիրք է, մենք պարտական ենք այնպիսի մշակների, ինչպիսին Զամորան էր։ Նրանց անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր կարող ենք ավելի լավ հասկանալ Աստծու Խոսքը։ Մարդկանց փրկությունը, ինչպես որ հենց Զամորան էր գիտակցում, կախված է Սուրբ Գիրքը հասկանալուց և դրա համաձայն ապրելուց (Հովհաննես 17։3)։ Իսկ սրա համար անհրաժեշտ է Աստվածաշունչը թարգմանել մատչելի լեզուներով, որովհետև միայն այս դեպքում Աստծու Խոսքը կարող է հասնել միլիոնավոր սրտերի և մղել գործերի։
[ծանոթագրություններ]
a «Քոմփլութենսյան բազմալեզու Աստվածաշնչի» կարևորության մասին տե՛ս ««Կոմպլուտենյան պոլիգլոտ». աշխատություն, որը մեծ նշանակություն է ունեցել թարգմանչական գործում» հոդվածը, «Դիտարան», 2004, ապրիլի 15, էջ 28–31։
b Հետաքրքիր է, որ Հռոմի պապին գրած նամակում Զամորան օգտագործել է Աստծու անո՛ւնը և ոչ թե Աստծու որևէ տիտղոս։ Զամորայի այս խնդրանքի իսպաներեն թարգմանությունում Աստծու անունը գրված է «Յահվե» ձևով։ Պարզ չէ, թե անունը նրա բնագիր նամակում, որը լատիներեն էր, ինչ ձևով է գրվել։ Զամորայի կողմից Աստծու անվան թարգմանության և գործածության վերաբերյալ տե՛ս «Աստծու անվան թարգմանությունը» շրջանակը, էջ 19։
[շրջանակ/նկարներ 19-րդ էջի վրա]
Աստծու անվան թարգմանությունը
Բավական հետաքրքիր է, թե Ալֆոնսո դե Զամորան, որ հրեա մասնագետ էր, ինչպես է Աստծու անունը թարգմանել։ Այս էջում բերված լուսանկարից երևում է, որ նրա՝ «Ծննդոց» գրքի եբրայերեն-լատիներեն տողացի թարգմանության լուսանցքում Աստծու անունը գրված է «եհովա» ձևով։
Ըստ ամենայնի, Զամորան Աստծու անվան լատիներեն թարգմանության այս տարբերակն էր ընդունելի համարում։ 16-րդ դարում, երբ Աստվածաշունչը թարգմանվեց Եվրոպայի հիմնական լեզուներով, Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանիչներ ընդունեցին Աստծու անվան այս ձևը կամ սրան շատ նման որևէ այլ ձև։ Նրանցից էին Վիլյամ Թինդալը (անգլերեն, 1530թ.), Սեբաստիան Մյունստերը (լատիներեն, 1534թ.), Պիեռ Ռոբեր Օլիվետանը (ֆրանսերեն, 1535թ.) և Կասիոդորո դե Ռեյնան (իսպաներեն, 1569թ.)։
Այսպիսով՝ Զամորան դարձավ 16-րդ դարի այն բազմաթիվ աստվածաշնչագետներից մեկը, ովքեր լույս են սփռել Աստծու անվան վրա։ Մարդիկ չգիտեին Աստծու անունը նախևառաջ այն պատճառով, որ հրեական նախապաշարմունքը թույլ չէր տալիս հրեաներին արտասանել այդ անունը։ Այս ավանդության ազդեցությամբ՝ քրիստոնեական աշխարհի թարգմանիչները, օրինակ՝ «Վուլգատայի» թարգմանիչ Հերոնիմոսը, Աստծու անունը փոխարինեցին «Տեր» կամ «Աստված» տիտղոսներով։
[նկար]
ԶԱՄՈՐԱՆ ՔԱՌԱԳԻՐԸ ԹԱՐԳՄԱՆԵՑ «ԵՀՈՎԱ» (ՏՈՂԸ ՄԵԾԱՑՎԱԾ Է)
[նկար 18-րդ էջի վրա]
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՐՁԱԿԱԾ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ, 1492Թ.
[թույլտվությամբ]
Decree: Courtesy of the Archivo Histórico Provincial, Ávila, Spain
[նկար 18-րդ էջի վրա]
ԱԼԿԱԼԱ ԴԵ ԷՆԱՐԵՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
[նկար 21-րդ էջի վրա]
ԶԱՄՈՐԱՅԻ ՏՈՂԱՑԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱՆԿԱՐԸ