ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40
ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր
Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
«Բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է, և նրանց վերքերը կապում է» (ՍԱՂ. 147։3)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Եհովան խորապես հետաքրքրված է իր այն ծառաներով, ովքեր զգացական վերքեր ունեն, և հոգ է տանում նրանց մասին։ Հոդվածը կօգնի տեսնել, թե ինչպես է նա մեղմում իր ծառաների ցավը և օգնում նրանց, որ մխիթարեն ուրիշներին։
1. Ի՞նչ է զգում Եհովան իր ծառաների առնչությամբ։
ԵՀՈՎԱՆ տեսնում է այն ամենը, ինչ կատարվում է իր ծառաների հետ։ Նա տեղյակ է նրանց թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերից (Սաղ. 37։18)։ Միայն պատկերացրու՝ որքան է Եհովան ուրախանում, երբ տեսնում է, որ մեր ձեռքից եկածն անում ենք, որպեսզի ծառայենք իրեն՝ հաղթահարելով մեր զգացական դժվարությունները։ Դեռ ավելին՝ նա մեծ ցանկություն ունի մեզ աջակցելու և մխիթարելու։
2. Ի՞նչ է անում Եհովան կոտրված սիրտ ունեցողների համար, և ի՞նչ պետք է անենք, որ զգանք նրա հոգատարությունը։
2 Սաղմոս 147։3-ում ասվում է, որ Եհովան կոտրված սիրտ ունեցողների «վերքերը կապում է»։ Տեսնում ենք, որ Եհովան քնքշորեն հոգ է տանում նրանց մասին, ովքեր զգացական վերքեր ունեն։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որ մենք էլ զգանք Եհովայի հոգատարությունը։ Պատկերացնենք օրինակով։ Փորձառու բժիշկը վնասվածք ստացած մարդուն օգնելու համար շատ բան կարող է անել։ Սակայն որպեսզի բժշկի նշանակած բուժումը արդյունք տա, այդ մարդը պետք է մանրամասնորեն հետևի տրված ցուցումներին։ Նմանապես, եթե ուզում ենք, որ մեր էմոցիոնալ վերքերը բուժվեն, պետք է հետևենք Եհովայի սիրառատ խորհուրդներին։ Այս հոդվածում կտեսնենք, թե նա իր Խոսքում ինչ խորհուրդներ է տալիս զգացական ծանր ապրումներ ունեցողներին, և կիմանանք, թե ինչպես կարող ենք կիրառել դրանք։
ԵՀՈՎԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՄԵԾ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆՔ ԻՐ ԱՉՔՈՒՄ
3. Ինչո՞ւ են ոմանք իրենց անարժեք զգում։
3 Մենք ապրում ենք սիրուց զուրկ աշխարհում, և շատերը, ցավոք, իրենց հանդեպ դրսևորված վատ վերաբերմունքի պատճառով անարժեքության զգացում են ունենում։ Հելենa անունով մի քույր ասում է. «Ես երբեք չեմ զգացել, թե ինչ է ծնողական սերը։ Հայրս դաժան մարդ էր, և անընդհատ ասում էր, որ մենք բանի պետք չենք»։ Հնարավոր է՝ Հելենի նման քեզ էլ են վատ վերաբերվել, շարունակ վիրավորել ու թերարժեքության մեջ գցել։ Եթե այդպես է, ապա թերևս քեզ համար դժվար է հավատալ, որ ինչ-որ մեկը իսկապես սիրում է քեզ։
4. Սաղմոս 34։18-ի համաձայն՝ ի՞նչ հավաստիացում է տալիս Եհովան։
4 Նույնիսկ եթե ուրիշները քեզ վատ են վերաբերվել, համոզված եղիր, որ Եհովան սիրում է քեզ և թանկ է համարում։ Նա «մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է» (կարդա Սաղմոս 34։18)։ Ընկճված պահերին հիշիր, որ Եհովան քո սրտում լավ բաներ է տեսել և ձգել է քեզ դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Նա միշտ պատրաստ է օգնել քեզ, քանի որ դու թանկ ես նրա համար։
5. Ի՞նչ կարող ենք սովորել անտեսված մարդկանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքից։
5 Եհովայի զգացումները ավելի լավ պատկերացնելու համար կարող ենք ուշադրություն դարձնել Հիսուսի օրինակին։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը նկատում էր անտեսված մարդկանց և կարեկցում էր նրանց (Մատթ. 9։9-12)։ Երբ տանջալի հիվանդություն ունեցող մի կին դիպավ նրա վերնահագուստին՝ հույս ունենալով, որ կբուժվի, Հիսուսը նրան մխիթարեց և գովեց հավատ ունենալու համար (Մարկ. 5։25-34)։ Հիսուսը իր Հոր կատարյալ արտացոլանքն է (Հովհ. 14։9)։ Ուստի համոզված եղիր, որ դու մեծ արժեք ունես Եհովայի աչքում, և նա գնահատում է քո լավ հատկությունները, ինչպես նաև իր հանդեպ ունեցած քո սերն ու հավատը։
6. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել թերարժեքության զգացումը։
6 Ի՞նչ կարող ես անել, եթե միշտ թերարժեքության զգացում ունես, կամ էլ այն երբեմն է գլուխ բարձրացնում։ Կարդա ու խորհրդածիր այնպիսի աստվածաշնչյան համարների շուրջ, որոնք կհավաստիացնեն քեզ Եհովայի սիրո մեջ (Սաղ. 94։19)։b Խիստ մի՛ դատիր ինքդ քեզ, եթե չես կարողանում հասնել նպատակիդ կամ անել այնքան, որքան ուրիշները։ Հիշիր, որ Եհովան ողջամիտ ակնկալիքներ ունի իր ծառաներից (Սաղ. 103։13, 14)։ Իսկ եթե քեզ անցյալում բռնության են ենթարկել, տեղի ունեցածի համար մի՛ մեղադրիր ինքդ քեզ. դու արժանի չես եղել նման վերաբերմունքի։ Եհովան պատասխանատվության է կանչելու մեղսագործներին, ոչ թե նրանց զոհը դարձածներին (1 Պետ. 3։12)։ Սանդրան, ում երեխա ժամանակ դաժանորեն են վերաբերվել, ասում է. «Կանոնավորաբար խնդրում եմ Եհովային, որ օգնի՝ ինքս իմ նկատմամբ հավասարակշռված տեսակետ ունենամ և իմ մեջ տեսնեմ այն, ինչ ինքն է տեսնում»։
7. Քեզ հետ տեղի ունեցածը ինչպե՞ս կարող է օգնել, որ աջակցես ուրիշներին։
7 Անկասկած, Եհովան կարող է քո միջոցով օգնել ուրիշներին։ Նա քեզ պատվի է արժանացրել՝ թույլ տալով քարոզչական գործում լինել իր համագործակիցը (1 Կորնթ. 3։9)։ Այն, ինչի միջով անցել ես, թերևս կօգնի քեզ ապրումակցելու ուրիշներին և ավելի լավ հասկանալու, թե ինչ է կատարվում նրանց ներսում։ Դու շատ բան կարող ես անել նման մարդկանց համար։ Հելենը, ում մասին խոսեցինք ավելի վաղ, օգնություն ստացավ Եհովայից ու հավատակիցներից, և այժմ նա կարողանում է աջակցել ուրիշներին։ Քույրն ասում է. «Նա ինձ «ոչնչից» դարձրեց մեկը, ով սիրված է և կարող է պիտանի լինել մյուսներին»։ Հիմա Հելենը ուրախությամբ ծառայում է որպես ռահվիրա։
ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է՝ ԸՆԴՈՒՆԵՆՔ, ՈՐ ՆԵՐԵԼ Է ՄԵԶ
8. Ի՞նչ հավաստիացում է տրվում Եսայիա 1։18-ում։
8 Եհովայի ծառաներից ոմանք մեղավորության ծանր զգացում ունեն այն սխալների պատճառով, որ թույլ են տվել մկրտությունից առաջ կամ նույնիսկ դրանից հետո։ Բայց լավ կլինի հիշել, որ Եհովան մեր հանդեպ խոր սիրուց մղած է տվել փրկագինը։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նա ուզում է՝ ընդունենք իր այդ նվերը։ Եհովան հավաստիացնում է, որ այն բանից հետո, երբ իր հետ «ամեն ինչ պարզում ենք», նա լիովին ներում է մեզ (կարդա Եսայիա 1։18)։c Սիրո ինչպիսի՜ դրսևորում. Եհովան մոռանում է անցյալում գործած մեր մեղքերը, սակայն միշտ հիշում է մեր արած լավ բաները (Սաղ. 103։9, 12; Եբր. 6։10)։
9. Ինչո՞ւ պետք է ձգտենք կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, ոչ թե անցյալի։
9 Եթե դու էլ ես տանջվում անցյալում գործած սխալներիդ պատճառով, ամեն բան արա, որ կենտրոնանաս ներկայի և ապագայի վրա, ոչ թե անցյալի։ Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա ցավ էր ապրում, որ անցյալում դաժանորեն հալածել էր քրիստոնյաներին, սակայն գիտեր, որ Եհովան ներել է իրեն (1 Տիմոթ. 1։12-15)։ Արդյո՞ք առաքյալը շարունակ մտածում էր իր սխալների մասին։ Ո՛չ, նա վճռել էր այդպես չվարվել, ճիշտ ինչպես վճռել էր այլևս չմտածել իր այն ձեռքբերումների մասին, որոնք ունեցել էր որպես հուդայականության հետևորդ (Փիլիպ. 3։4-8, 13-15)։ Պողոսը եռանդորեն կատարում էր իր ծառայությունը և կենտրոնանում ապագայի վրա։ Նա գիտեր, որ չի կարող փոխել անցյալը։ Դա քեզ էլ չի հաջողվի, բայց քո ներկայիս հանգամանքներում դու կարող ես փառք բերել Եհովային և մտքումդ վառ պահել նրա խոստացած հրաշալի ապագան։
10. Ի՞նչ կարող ես անել, եթե ուրիշները տուժել են քո սխալների պատճառով։
10 Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ անհանգստացնում է այն միտքը, որ քո սխալների պատճառով տուժել են ուրիշները։ Ամեն կերպ ձգտիր շտկել իրավիճակը, ինչպես նաև անկեղծորեն ներողություն խնդրիր (2 Կորնթ. 7։11)։ Աղոթիր Եհովային, որ օգնության ձեռք մեկնի նրանց, ում ցավ ես պատճառել։ Նա կարող է օգնել ձեզ բոլորիդ, որ շարունակեք ծառայել իրեն և վերագտնեք ձեր մտքի խաղաղությունը։
11. Ի՞նչ ենք սովորում Հովնան մարգարեի օրինակից (տես նաև նկարը)։
11 Սովորիր քո սխալներից և թույլ տուր, որ Եհովան քո միջոցով իրագործի իր կամքը։ Այդ հարցում լավ օրինակ է Հովնան մարգարեն։ Եհովան նրան պատվիրել էր գնալ Նինվե, բայց նա փախուստի դիմեց և գնաց հակառակ ուղղությամբ։ Երբ Եհովան խրատեց Հովնանին, նա դասեր քաղեց իր սխալից (Հովն. 1։1-4, 15-17; 2։7-10)։ Եհովան հույսը չկտրեց իր ծառայից և նրան ևս մի հնարավորություն տվեց՝ կրկին ուղարկելով Նինվե։ Այս անգամ մարգարեն անմիջապես հնազանդվեց։ Հովնանը թույլ չտվեց, որ իր սխալը պատճառ դառնա, որ ինքը չկատարի Եհովայի տված հանձնարարությունը (Հովն. 3։1-3)։
Այն բանից հետո, երբ Եհովան փրկեց Հովնանին՝ հանելով հսկայական ձկան փորից, նրան ասաց, որ կրկին գնա Նինվե և հայտնի իր պատգամը (տես պարբերություն 11)
ԵՀՈՎԱՆ ՄԽԻԹԱՐՈՒՄ Է ՄԵԶ ՍՈՒՐԲ ՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ
12. Ինչպե՞ս է Եհովան խաղաղություն տալիս մեզ, երբ մեր կյանքում ողբերգություն է լինում (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
12 Երբ մեր կյանքում ողբերգություն է լինում, Եհովան իր սուրբ ոգու միջոցով մխիթարում է մեզ։ Նկատի առնենք Ռոնի և Քերոլի օրինակը, որոնց որդին ինքնասպանություն գործեց։ Ամուսիններն ասում են. «Նախկինում մենք ունեցել էինք լուրջ դժվարություններ, բայց այս մեկը անասելի ցավ պատճառեց մեզ։ Շատ անքուն գիշերներ ենք անցկացրել՝ աղոթելով Եհովային, և իսկապես զգացել ենք Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում նկարագրված խաղաղությունը» (կարդա)։ Եթե դու էլ ես ծանր փորձության միջով անցնում, խոսիր Եհովայի հետ քո զգացումների մասին, և դա արա այնքան հաճախ և այնքան երկար, որքան ուզում ես (Սաղ. 86։3; 88։1)։ Շարունակ խնդրիր նրան, որ տա քեզ իր սուրբ ոգին, և համոզված եղիր, որ նա երբեք չի անտեսի քո խնդրանքները (Ղուկ. 11։9-13)։
13. Սուրբ ոգին ինչպե՞ս է օգնում, որ շարունակենք հավատարմորեն պաշտել Եհովային (Եփեսացիներ 3։16)։
13 Ծանր փորձության միջով անցնելուց հետո քեզ ուժասպա՞ռ ես զգում։ Եթե այո, ապա սուրբ ոգին կարող է զորացնել քեզ, որ շարունակես հավատարմորեն պաշտել Եհովային (կարդա Եփեսացիներ 3։16)։ Տեսնենք, թե ինչ է պատմում Ֆլորա անունով մի քույր։ Նա և նրա ամուսինը միսիոներ էին ծառայում, երբ վերջինս դավաճանեց նրան, և նրանք ամուսնալուծվեցին։ Ֆլորան պատմում է. «Նրա դավաճանության պատճառած ցավը կաթվածահար էր արել ինձ։ Եհովայից խնդրում էի իր սուրբ ոգին, որ կարողանայի դիմանալ։ Նա տվեց ինձ անհրաժեշտ ամեն բան, որ ոտքի կանգնեմ և հաղթահարեմ այն, ինչը սկզբում անհաղթահարելի էր թվում»։ Ֆլորան ասում է, որ Եհովայի աջակցությունը տեսնելուց հետո ավելի շատ է վստահում նրան և համոզված է, որ նա միշտ թիկունք կկանգնի իրեն իր բոլոր դժվարություններում։ Քույրը նաև նշում է. «Սաղմոս 119։32-ը հենց իմ մասին է։ Այնտեղ ասվում է. «Ողջ սրտով քո պատվիրանների համաձայն կվարվեմ, քանի որ բացեցիր իմ միտքը, որ դրանք լիովին ըմբռնեմ»»։
14. Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Աստծու ոգին գործի մեզ վրա։
14 Եհովայից սուրբ ոգին խնդրելուց հետո ինչպե՞ս կարող ես խնդրանքիդ համաձայն վարվել։ Զբաղված եղիր այնպիսի գործերով, որոնց շնորհիվ Աստծու ոգին կգործի քեզ վրա։ Դրանց թվում են քարոզելն ու ժողովի հանդիպումներին հաճախելը։ Բացի այդ՝ միտքդ սնիր Եհովայի մտքերով՝ ամեն օր կարդալով նրա Խոսքը (Փիլիպ. 4։8, 9)։ Ընթերցելիս ուշադրություն դարձրու աստվածաշնչյան այն կերպարներին, որոնք փորձություններ են ունեցել, և մտածիր, թե ինչպես է Եհովան օգնել նրանց դիմանալ։ Սանդրան, ում մասին արդեն նշեցինք, բազմաթիվ լուրջ դժվարություններ է կրել։ Նա ասում է. «Հովսեփի պատմությունը շատ քաջալերական է ինձ համար։ Նա թույլ չտվեց, որ փորձություններն ու անարդար վերաբերմունքը վնասեն Եհովայի հետ ունեցած հարաբերությունները» (Ծննդ. 39։21-23)։
ԵՀՈՎԱՆ ՄԽԻԹԱՐՈՒՄ Է ՄԵԶ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
15. Ովքե՞ր կարող են մխիթարել մեզ և ինչպե՞ս (տես նաև նկարը)։
15 Երբ ծանր դրության մեջ ենք, մեր եղբայրներն ու քույրերը կարող են «մեծ մխիթարության աղբյուր» լինել մեզ համար (Կող. 4։11)։ Նրանք կենդանի ապացույցն են այն բանի, որ Եհովան սիրում է մեզ։ Մեր հավատակիցները մեզ մխիթարում են տարբեր կերպերով։ Օրինակ՝ կարեկցանքով լսում են մեզ, մեր կողքին են լինում, երբ դրա կարիքն ենք ունենում, Աստվածաշնչից քաջալերական համար են կարդում կամ մեզ հետ աղոթում են (Հռոմ. 15։4)։d Երբեմն էլ հնարավոր է՝ մեր եղբայրը կամ քույրը հիշեցնի մեզ Եհովայի մտածելակերպը և այդպիսով օգնի, որ պահպանենք մեր հավասարակշռությունը։ Հավատակիցները օգնում են նաև գործնական կերպերով, օրինակ՝ գուցե ուտելիք պատրաստեն մեզ համար, երբ վհատված ենք։
Վստահելի և հասուն ընկերները կարող են մեծապես մխիթարել և աջակցել (տես պարբերություն 15)
16. Ի՞նչ պետք է անենք, եթե ուզում ենք, որ մեզ օգնեն։
16 Եթե ուզում ենք, որ մեզ օգնեն, պետք է օգնության դիմենք։ Մեր եղբայրներն ու քույրերը սիրում են մեզ և ուզում են օգնել (Առակ. 17։17)։ Բայց նրանք գուցե չիմանան, թե մենք ինչ ենք զգում և ինչի կարիք ունենք (Առակ. 14։10)։ Օրինակ, եթե էմոցիոնալ ծանր վիճակում ես, խոսիր հոգևորապես հասուն ընկերներիդ հետ և ասա, թե ինչի կարիք ունես։ Գուցե որոշես այդ մասին պատմել մեկ կամ երկու երեցի, ում հետ քեզ ազատ ես զգում։ Որոշ քույրեր հարմար են գտնում խոսել հոգևորապես հասուն որևէ քրոջ հետ։
17. Ո՞ր խոչընդոտների պատճառով գուցե ինքներս մեզ զրկենք քաջալերվելու հնարավորությունից և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել դրանք։
17 Ձգտիր չմեկուսանալ։ Էմոցիոնալ ծանր պահերին գուցե ցանկություն չունենաս որևէ մեկի հետ շփվելու։ Հնարավոր է՝ եղբայրներդ ու քույրերդ ճիշտ չհասկանան քեզ կամ իրենց խոսքերով ցավ պատճառեն (Հակ. 3։2)։ Նման բաների պատճառով մի՛ խուսափիր քո հավատակիցներից, որոնց միջոցով Եհովան կարող է քաջալերել քեզ։ Գեվին անունով մի երեց, ով պայքարում է դեպրեսիայի դեմ, ասում է. «Հաճախ ցանկություն չեմ ունենում ընկերներիս հետ շփվելու»։ Այնուամենայնիվ, Գեվինը չի տրվում մեկուսանալու ցանկությանը և երբ շփվում է իր ընկերների հետ, իրեն ավելի լավ է զգում։ Իսկ Էմի անունով մի քույր ասում է. «Իմ անցյալի պատճառով ես դժվարանում եմ վստահել մարդկանց։ Բայց սովորում եմ, Եհովային ընդօրինակելով, սիրել ու վստահել իմ եղբայրներին ու քույրերին։ Գիտեմ, որ այդպես վարվելով՝ ուրախացնում եմ իմ երկնային Հորը, և դա ինձ էլ է ուրախություն պատճառում»։
ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՄԽԻԹԱՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ
18. Ի՞նչ է մեզ սպասում ապագայում, և ի՞նչ կարող ենք անել հիմա։
18 Մենք կարող ենք համոզվածությամբ նայել ապագային՝ վստահ լինելով, որ շուտով Եհովան լիովին կբուժի մեր ֆիզիկական տկարություններն ու էմոցիոնալ վերքերը (Հայտն. 21։3, 4)։ Այդ ժամանակ մեզ ցավ պատճառող հիշողությունները այլևս մեր «սիրտը չեն ճնշի» (Ես. 65։17)։ Ինչպես տեսանք, Եհովան այսօր իսկ մեր «վերքերը կապում է», ուստի լիարժեքորեն օգտվիր այն բոլոր միջոցներից, որ նա տրամադրում է քեզ մխիթարելու և օգնելու համար։ Մի պահ անգամ չկասկածես, որ նա «հոգ է տանում քեզ համար» (1 Պետ. 5։7)։
ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորությունն ես
a Այս հոդվածում անունները փոխված են։
b Տես «Դու թանկ ես Եհովայի համար» շրջանակը։
c Եհովայի հետ «ամեն ինչ պարզելու» համար մենք պետք է փաստենք, որ զղջում ենք՝ նրանից ներում խնդրելով և փոխելով մեր վարքը։ Իսկ եթե լուրջ մեղք ենք գործել, պետք է նաև օգնություն խնդրենք ժողովի երեցներից (Հակ. 5։14, 15)։
d Կարող ես ուշադրություն դարձնել «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկի «Անհանգստություն» և «Մխիթարություն» թեմաների տակ նշված աստվածաշնչյան համարներին։