Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 ապրիլ էջ 20–25
  • Մենք երբեք մենակ չենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մենք երբեք մենակ չենք
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՀՈՎԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՄԵԶ
  • ԵՀՈՎԱՆ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ՄԵԶ ՀԱՄԱՐ
  • ԵՀՈՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ
  • ԵՀՈՎԱՆ ՄԽԻԹԱՐՈՒՄ Է ՄԵԶ
  • ԵՀՈՎԱՆ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Զգա տալու երջանկությունը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 ապրիլ էջ 20–25

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17

ԵՐԳ 99 Հազարավոր եղբայրներ

Մենք երբեք մենակ չենք

«Ես.... կօգնեմ քեզ» (ԵՍ. 41։10)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Չորս միջոց, որոնցով Եհովան հոգ է տանում մեզ համար։

1-2. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ փորձությունների բախվելիս երբեք մենակ չենք լինի։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԵՐԲ երես առ երես լուրջ փորձությունների ենք բախվում, թերևս այնպիսի զգացում ենք ունենում, թե փոթորկված ծովում փոքրիկ նավակի մեջ մեն-մենակ ենք։ Սակայն իրականում այդ ծանր ժամանակներում մենք մենակ չենք։ Մեզ ջերմորեն սիրող մեր երկնային Հայրը տեսնում է, թե ինչի միջով ենք անցնում, և խոստանում է օգնել։ Եհովան իր նվիրված ծառաներին գորովանքով հավաստիացնում է. «Ես.... կօգնեմ քեզ» (Ես. 41։10)։

2 Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե Եհովան ինչպես է մեզ օգնում՝ 1) ուղղություն ցույց տալով, 2) մեզ համար հոգ տանելով, 3) մեզ պաշտպանելով և 4) մխիթարելով։ Մեր Հայրը հավաստիացնում է մեզ, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում կյանքում, նա երբեք չի մոռանա մեր մասին, երբեք չի լքի մեզ։ Ուստի մենք մենակ չենք։

ԵՀՈՎԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՄԵԶ

3-4. Եհովան ինչպե՞ս է ուղղություն ցույց տալիս մեզ (Սաղմոս 48։14)։

3 Կարդա Սաղմոս 48։14։ Եհովան գիտի, որ մենք չենք կարող ինքներս մեզ ուղղորդել և որ իր կարիքն ունենք, ուստի ուղղություն է ցույց տալիս մեզ։ Իսկ ինչպե՞ս է նա դա անում այսօր։ Միջոցներից մեկը Աստվածաշունչն է (Սաղ. 119։105)։ Իր Սուրբ Խոսքի միջոցով Եհովան օգնում է մեզ ճիշտ որոշումներ կայացնել և իրեն հաճելի հատկություններ մշակել, ինչի արդյունքում այսօր իսկ իրական երջանկություն ենք վայելում և ապագայում հույս ունենք ապրելու հավիտյան։a Նա մեզ սովորեցնում է հիշաչար չլինել, ամեն ինչում լինել ազնիվ և սրտանց սիրել ուրիշներին (Սաղ. 37։8; Եբր. 13։18; 1 Պետ. 1։22)։ Այսպիսի հատկությունների շնորհիվ մենք դառնում ենք ավելի լավ ծնողներ, կողակիցներ և ընկերներ։

4 Բացի այդ՝ Եհովան իր Խոսքում ընդգրկել է իրական մարդկանց մասին պատմություններ, ովքեր փորձությունների են բախվել և այնպիսի զգացումներ են ունեցել, ինչպիսիք մենք ունենք (1 Կորնթ. 10։13; Հակ. 5։17)։ Այդ իրական պատմություններն ընթերցելը, դրանցից կարևոր դասեր սովորելն ու դրանք կիրառելը առնվազն երկու օգուտ են տալիս։ Նախ՝ մենք գիտակցում ենք, որ մենք միակը չենք. ուրիշ մարդիկ էլ են բախվել նման իրավիճակների և կարողացել են դիմակայել (1 Պետ. 5։9)։ Եվ երկրորդ՝ մենք սովորում ենք, թե ինչպես կարող ենք դիմանալ դժվարություններին (Հռոմ. 15։4)։

5. Եհովան ո՞ւմ միջոցով է ուղղություն տալիս մեզ դեպի կյանք տանող ճանապարհին։

5 Եհովան մեզ ուղղություն է տալիս նաև մեր հավատակիցների միջոցով։b Օրինակ՝ շրջանային վերակացուները կանոնավորաբար այցելում են ժողովներ, որպեսզի քաջալերեն մեզ։ Նրանց ելույթները ամրացնում են մեր հավատը և օգնում պահպանել մեր թանկ միասնականությունը (Գործ. 15։40-16։5)։ Ժողովի երեցները անկեղծորեն հետաքրքրվում են յուրաքանչյուր քարոզչի բարօրությամբ (1 Պետ. 5։2, 3)։ Ծնողները հոգևորապես կրթում են իրենց երեխաներին՝ օգնելով զարգացնել իրենց խորհելու կարողությունը և լավ սովորություններ ձեռք բերել (Առակ. 22։6)։ Իսկ հոգևորապես հասուն մեր քույրերն օգնում են երիտասարդ քույրերին՝ գործնական խորհուրդներ տալով, ջերմորեն քաջալերելով և իրենց լավ օրինակով (Տիտոս 2։3-5)։

6. Ի՞նչ պետք է անենք Եհովայի խորհուրդներից օգուտ ստանալու համար։

6 Եհովան ուղղություն է ցույց տալիս մեզ, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել ու երջանիկ լինել։ Իսկ մե՞նք մեր հերթին ինչպես կարող ենք ցույց տալ, որ երախտապարտ ենք նրա արած բոլոր բաների համար։ Առակներ 3։5, 6 համարներում ասվում է. «Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր և քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր»։ Երբ այդպես վարվենք, «նա կառաջնորդի [մեզ] ճիշտ ճանապարհով», այսինքն՝ կօգնի խուսափել բազմաթիվ խնդիրներից և ուրախ կյանքով ապրել։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա, սիրուց մղված, խորհուրդներ է տալիս մեզ՝ յուրաքանչյուրիս ըստ մեր կարիքների (Սաղ. 32։8)։

ԵՀՈՎԱՆ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ՄԵԶ ՀԱՄԱՐ

7. Որո՞նք են այն միջոցներից մի քանիսը, որոնցով Եհովան հոգ է տանում մեզ համար (Փիլիպպեցիներ 4։19)։

7 Կարդա Փիլիպպեցիներ 4։19։ Բացի հոգևոր հարցերում ուղղություն տալուց՝ Եհովան նաև օրհնում է մեր ծանր աշխատանքը, որ կատարում ենք անհրաժեշտ սնունդ, հագուստ և ծածկ ունենալու համար (Մատթ. 6։33; 2 Թեսաղ. 3։12)։ Ու թեև լիովին բնական է անհանգստանալ մեր ֆիզիկական կարիքները հոգալու մասին, սակայն Եհովան հորդորում է չափից շատ չմտահոգվել դրանց համար (Մատթ. 6։25)։ Մեր Հայրը երբեք չի լքի իր հավատարիմ ծառաներին դժվար պահին (Մատթ. 6։8; Եբր. 13։5)։ Եթե նա ասում է, որ հոգ կտանի մեզ համար, ուրեմն կարող ենք անվերապահորեն վստահել նրան։

8. Եհովան ի՞նչ արեց Դավթի համար։

8 Հիշենք, թե Եհովան ինչպես օգնեց Դավթին։ Այն ծանր տարիներին, երբ Դավիթը թափառականի կյանքով էր ապրում, Եհովան նրան ու նրա մարդկանց տալիս էր կյանքի համար անհրաժեշտ ամեն բան։ Դավիթը, խորհելով այն մասին, թե Եհովան ինչպես է երկար տարիներ հոգ տարել իր համար, գրեց. «Երիտասարդությունիցս մինչև ծերություն ես երբևէ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։ Հավանաբար դու էլ ես կյանքիդ ընթացքում տեսել, թե Եհովան ինչպես է սիրով հոգ տանում իր նվիրված ծառաներին։

9. Եհովան ինչպե՞ս է հոգ տանում իր ժողովրդի համար աղետների ժամանակ (տես նաև նկարները)։

9 Եհովան հոգ է տանում իր ժողովրդի համար նաև աղետների ժամանակ։ Երբ առաջին դարում Երուսաղեմում սով սկսվեց, տարբեր երկրներում ապրող քրիստոնյաները իրենց եղբայրներին ու քույրերին օգնություն ուղարկեցին (Գործ. 11։27-30; Հռոմ. 15։25, 26)։ Աստծու ժողովուրդն այսօր առատաձեռնության նույն ոգին է ցուցաբերում։ Երբ աղետ է լինում, Եհովան իր ժողովրդին մղում է տուժած տարածքներում ապրող իր ծառաներին անհրաժեշտ միջոցներ հասցնել, օրինակ՝ սնունդ, ջուր, հագուստ և դեղեր։ Իսկ շինարարական խմբերը նորոգում են վնասված տներն ու Թագավորության սրահները։ Եհովայի ծառաները նաև առանց հապաղելու զգացապես և հոգևորապես աջակցում են նրանց, ովքեր կորուստ են ունեցել։c

Համակցված նկարներ. Մալավիում ապրող մեր եղբայրները բնական աղետից հետո նյութական և հոգևոր աջակցություն են ստանում։ 1. Ջրհեղեղը ծածկել է մեծ տարածք։ 2. Եղբայր Գեյջ Ֆլիգլը խոսում է եղբայրների ու քույրերի հետ։ 3. Եղբայրները մեքենայից հանում են սննդով լի պարկեր։

Եհովան ինչպե՞ս է մխիթարում մեզ աղետների ժամանակ (տես պարբերություն 9)e


10-11. Ի՞նչ ենք սովորում Բորիսի մասին պատմությունից։

10 Եհովան առատաձեռնորեն հոգ է տանում նաև նրանց համար, ովքեր դեռ չեն պաշտում իրեն։ Մենք նույնպես հնարավորություն ենք փնտրում բարություն դրսևորելու նրանց նկատմամբ, ովքեր մեր հավատը չեն դավանում (Գաղ. 6։10)։ Դա հաճախ քարոզելու լավ առիթ է ստեղծում։ Տեսնենք, թե ինչ եղավ Բորիս անունով մի դպրոցի տնօրենի հետ, ով ապրում է Ուկրաինայում։ Չնայած որ նա Եհովայի վկա չէ, բայց իր Վկա աշակերտների հանդեպ միշտ բարի է եղել և հարգանքով է վերաբերվել նրանց հավատալիքներին։ Երբ Բորիսը պատերազմի պատճառով որոշեց հեռանալ իր բնակավայրից և փախչել երկրի ապահով հատված, մեր եղբայրները օգնեցին նրան։ Ավելի ուշ նա ներկա եղավ Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։ Հիշելով այն մասին, թե եղբայրներն ինչ արեցին իր համար՝ նա ասաց. «Եհովայի վկաները շատ ուշադիր էին իմ հանդեպ և հոգ էին տանում իմ մասին։ Ես շնորհակալ եմ նրանց»։

11 Մենք կարող ենք օրինակ վերցնել մեր գթասիրտ երկնային Հորից և սեր դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր օգնության կարիք ունեն՝ անկախ այն բանից՝ նրանք դավանում են մեր հավատը, թե ոչ (Ղուկ. 6։31, 36)։ Մենք հույս ունենք, որ ուրիշներին սիրելու համար ներդրած մեր ջանքերը կհանգեցնեն նրան, որ այդ մարդիկ ի վերջո կդառնան Քրիստոսի աշակերտ (1 Պետ. 2։12)։ Սակայն ինչպիսին էլ լինի արդյունքը, մենք այսօր իսկ մեծ ուրախություն ենք ապրում, որը բխում է տալուց (Գործ. 20։35)։

ԵՀՈՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ

12. Ի՞նչ պաշտպանություն է Եհովան խոստանում տալ իր ժողովրդին (Սաղմոս 91։1, 2, 14)։

12 Կարդա Սաղմոս 91։1, 2, 14։ Եհովան խոստանում է, որ այսօր կպաշտպանի իր ժողովրդին հոգևորապես։ Նա երբեք Սատանային թույլ չի տա ապականել ճշմարիտ երկրպագությունը (Հովհ. 17։15)։ Իսկ երբ սկսվի «մեծ նեղությունը», կարող ենք կասկած անգամ չունենալ, որ Եհովան կկատարի իր խոստումը՝ կպաշտպանի իր ժողովրդին ոչ միայն հոգևոր առումով, այլև ֆիզիկապես (Հայտն. 7։9, 14)։

13. Եհովան ինչպե՞ս է պաշտպանում մեզ անհատապես։

13 Իսկ Եհովան ինչպե՞ս է պաշտպանում մեզ անհատապես։ Նա իր Խոսքի միջոցով օգնում է ճիշտը տարբերել սխալից (Եբր. 5։14)։ Ուստի ապրելով Աստծու Խոսքում գրված սկզբունքների համաձայն՝ մենք պաշտպանված ենք լինում թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական վնասներից (Սաղ. 91։4)։ Բացի այդ՝ Եհովան պաշտպանում է մեզ նաև ժողովների միջոցով (Ես. 32։1, 2)։ Շրջապատված լինելով Եհովային սիրող մարդկանցով, ովքեր ապրում են նրա սկզբունքներով, մենք քաջալերություն ենք ստանում և ամրանում ենք, ինչի արդյունքում կարողանում ենք հեռու մնալ սխալ արարքներից (Առակ. 13։20)։

14. ա) Ինչո՞ւ Աստված մեզ չի պաշտպանում բոլոր փորձություններից։ բ) Ի՞նչ է մեզ վստահեցնում Սաղմոս 9։10-ը (տես նաև ծանոթագրությունը)։

14 Եղել են դեպքեր, որ անցյալում Եհովան իր ծառաներին պաշտպանել է ֆիզիկական վնասներից։ Սակայն միշտ չէ, որ նա այդպես է վարվել։ Երբեմն «անկանխատեսելի դեպքեր» են լինում (Ժող. 9։11)։ Պատմության էջերից իմանում ենք, որ երբեմն էլ Եհովան է թույլ տվել՝ իր ծառաներից ոմանք հալածվեն և նույնիսկ մահանան, ինչով և փաստվել է, որ Սատանան ստախոս է (Հոբ 2։4-6; Մատթ. 23։34)։ Նույնը կարող է լինել նաև մեր օրերում։ Թեև Եհովան գուցե վերջ չդնի իր ծառաների փորձություններին, բայց կարող ենք համոզված լինել, որ նա երբեք չի թողնի նրանց, ովքեր սիրում են իրեն (Սաղ. 9։10)։d

ԵՀՈՎԱՆ ՄԽԻԹԱՐՈՒՄ Է ՄԵԶ

15. Ինչպե՞ս ենք մխիթարվում աղոթքի, Աստծու Խոսքի և մեր հավատակիցների միջոցով (2 Կորնթացիներ 1։3, 4)։

15 Կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4։ Երբեմն մենք վշտանում ենք, խիստ մտահոգվում կամ տառապում։ Հնարավոր է՝ հիմա դու ծանր իրավիճակում ես, ինչի պատճառով միայնության զգացում ունես։ Կա՞ մեկը, ով հասկանում է քեզ. այո՛, Եհովան։ Նա ոչ միայն հասկանում է, թե ինչ ենք զգում, այլև «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ»։ Ինչպե՞ս է նա դա անում։ Երբ Եհովային աղոթում ենք ու մեր սիրտը բացում նրա առաջ, նա տալիս է «խաղաղություն.... որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից» (Փիլիպ. 4։6, 7)։ Մենք նաև մխիթարվում ենք, երբ Աստվածաշնչում կարդում ենք մեզ ուղղված Եհովայի խոսքերը։ Այդ գանձարանում պահված սիրո, իմաստության և հույսի արտահայտումները ոգևորում ու թև են տալիս մեզ։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ մենք նույնպես մխիթարվում ենք. մեզ քաջալերում են հավատակիցների հետ ջերմ շփումն ու Աստվածաշնչի վրա հիմնված մտքերը։

16. Ի՞նչ ենք սովորում Նաթանի ու Պրիսիլայի օրինակից։

16 Ավելի լավ պատկերացնելու համար, թե Եհովան ինչպես է իր Խոսքի միջոցով մխիթարում և քաջալերում, ուշադրություն դարձնենք Նաթանի ու Պրիսիլայի օրինակին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում։ Մի քանի տարի առաջ նրանք որոշեցին տեղափոխվել մի տարածք, որտեղ քարոզիչների կարիք կար։ Նաթանն ասում է. «Մենք վստահ էինք, որ Եհովան կօրհնի մեր ջանքերը»։ Բայց նոր վայր տեղափոխվելուց հետո նրանք անկանխատեսելի առողջական և ֆինանսական խնդիրներ ունեցան, ինչի հետևանքով ստիպված եղան վերադառնալ տուն։ Բայց այնտեղ էլ նրանք ֆինանսական դժվարությունների բախվեցին։ Նաթանն ասում է. «Չէի հասկանում, թե ինչու Աստված չօրհնեց մեզ մեր ակնկալած ձևով։ Նույնիսկ սկսեցի մտածել, որ սխալ բան եմ արել»։ Ժամանակի ընթացքում, սակայն, Նաթանն ու Պրիսիլան հասկացան, որ Աստված իրենց չի լքել նեղ պահին։ Եղբայրը պատմում է. «Այդ դժվար ժամանակներում Աստվածաշունչը մեզ համար դարձել էր իմաստուն ընկեր, որը քաջալերում և ուղղություն էր ցույց տալիս։ Փորձությունների վրա կենտրոնանալու փոխարեն մենք կենտրոնացանք այն բանի վրա, թե Եհովան ինչպես է մեզ աջակցում։ Դա մեզ համոզվածությամբ լցրեց, որ Եհովան կօգնի մեզ նաև ապագայում»։

17. Հելգա անունով մի քույր ինչպե՞ս մխիթարվեց (տես նաև նկարը)։

17 Եհովան մխիթարում է մեզ նաև մեր եղբայրների ու քույրերի միջոցով։ Խոսենք Հելգայի մասին, ով ապրում է Հունգարիայում։ Տարիներ շարունակ նա տարբեր դժվարությունների միջով է անցել, որոնց պատճառով վհատության ու անարժեքության զգացում է ունեցել։ Սակայն հետ նայելով՝ նա հասկանում է, որ Եհովան մխիթարել է իրեն ժողովի միջոցով։ Քույրը գրում է. «Եհովան միշտ օգնության էր հասնում ինձ, երբ տեսնում էր, որ ուժերս հատել են աշխատանքիս, հիվանդ երեխայիս խնամելու և այլ փորձությունների պատճառով։ 30 տարվա ընթացքում մի օր անգամ չի եղել, որ նա չկատարի իր խոստումը և ինձ չմխիթարի։ Նա բազմիցս զորացրել է ինձ ուրիշների բարի, մտածված և գնահատանք արտահայտող մեկնաբանություններով։ Հաճախ եմ հաղորդագրություն կամ բացիկ ստացել կամ էլ գովեստի խոսք լսել հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատն եմ ունեցել»։

Համակցված նկարներ. տարեց եղբայրը մխիթարություն է ստանում։ 1. Նա նայում է երեխաների՝ իր համար նկարած նկարները։ 2. Մի եղբայր տեքստային հաղորդագրություն է ուղարկում իրեն։ 3. Մի ամուսնական զույգ նրան մթերքով լի տոպրակ ու պիցցա է բերում։ 4. Մի եղբայր զանգահարում է իրեն։ 5. Մի փոքրիկ աղջիկ նկարել է դրախտը և մի առյուծ ու նկարը տվել նրան։

Եհովան ինչպե՞ս կարող է քո միջոցով մխիթարել ուրիշներին (տես պարբերություն 17)


18. Ինչպե՞ս կարող ենք մխիթարել ուրիշներին։

18 Մենք պատիվ ունենք օրինակ վերցնելու մեր Աստծուց և մխիթարելու ուրիշներին։ Իսկ ի՞նչ ձևեր կան դա անելու։ Օրինակ՝ կարող ենք համբերությամբ լսել նրանց, սփոփիչ խոսքեր ասել և գործնական օգնություն ցուցաբերել (Առակ. 3։27)։ Մենք ձգտում ենք մխիթարել բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ չեն ծառայում Աստծուն։ Երբ մեր դրացին վշտացած է, հիվանդ կամ խիստ մտահոգված, մենք այցելում ենք նրան, լսում և Աստվածաշնչից քաջալերական մտքեր ասում։ Այո՛, ընդօրինակելով Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն», կարող ենք ոչ միայն օգնել մեր հավատակիցներին դիմանալ փորձություններին, այլև փափկացնել մեր հավատը չդավանող մարդկանց սիրտը, որպեսզի նրանք ցանկանան իմանալ Աստծու մասին (Մատթ. 5։16)։

ԵՀՈՎԱՆ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ

19. Եհովան ի՞նչ է անում մեզ համար, և մենք ինչպե՞ս կարող ենք նրա նման վարվել։

19 Եհովան խորապես հետաքրքրված է բոլոր նրանցով, ովքեր սիրում են իրեն։ Նա մեզ չի լքում, երբ նեղության մեջ ենք լինում։ Ինչպես ծնողն է սիրով հոգ տանում իր երեխային, այնպես էլ Եհովան է հոգ տանում իր հավատարիմ ծառաներին։ Նա ուղղություն է ցույց տալիս մեզ, հոգ է տանում մեզ համար, պաշտպանում ու մխիթարում է։ Երբ մենք աջակցում ենք ու քաջալերում ուրիշներին իրենց փորձությունների ժամանակ, այդպիսով ընդօրինակում ենք մեր սիրառատ երկնային Հորը։ Ու թեև մեր ճանապարհին դժվարությունն ու ցավը գուցե անխուսափելի լինեն, բայց կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ հետ է։ Չէ՞ որ նա խոստացել է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ» (Ես. 41։10)։ Ի՜նչ սրտապնդող հավաստիացում։ Իսկապես որ, մենք երբեք մենակ չենք։

ԵՀՈՎԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է՝

  • ուղղություն ցույց տալիս մեզ,

  • հոգ տանում մեզ համար,

  • պաշտպանում և մխիթարում մեզ։

ԵՐԳ 100 Հյուրասիրությամբ ընդունենք նրանց

a Տես «Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» հոդվածը «Դիտարանի» 2011թ. ապրիլի 15-ի համարում։

b Տես «Շարունակիր հետևել Եհովայի առաջնորդությանը» հոդվածը «Դիտարանի» 2024թ. փետրվարի համարում (պրբ. 11-14)։

c Թարմ օրինակներ կարող ես գտնել jw.org կայքում՝ որոնման դաշտում գրելով «օգնություն աղետից տուժածներին»։

d Տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 2017թ. փետրվարի համարում։

e ՆԿԱՐ։ Մալավիում ապրող մեր եղբայրները բնական աղետից հետո նյութական և հոգևոր աջակցություն են ստանում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը