ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32
ԵՐԳ 38 Աստված քեզ կզորացնի
Եհովան օգնում է մեզ դիմանալ
«Աստված՝ անզուգական բարության աղբյուրը.... կզորացնի ձեզ, ամուր և հաստատուն կդարձնի» (1 ՊԵՏ. 5։10)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Եհովան տարբեր միջոցներով օգնում է մեզ դիմանալ։ Ինչպես կարող ենք օգտվել դրանցից։
1. Ինչո՞ւ կարիք ունենք դիմանալու, և ո՞վ կարող է օգնել մեզ (1 Պետրոս 5։10)։
ԱՅՍ դժվարին օրերում Եհովայի ժողովուրդը դիմացկունության կարիք ունի։ Ոմանք տառապում են քրոնիկ հիվանդությունից, ուրիշները սգում են իրենց սիրելի անձնավորության մահը, մյուսներն էլ բախվում են հակառակության ընտանիքի անդամների կամ իշխանությունների կողմից (Մատթ. 10։18, 36, 37)։ Վստահ եղիր, որ անկախ նրանից, թե ինչ դժվարության միջով ես դու անցնում, Եհովան կարող է օգնել քեզ, որ դիմանաս (կարդա 1 Պետրոս 5։10)։
2. Ինչի՞ շնորհիվ են քրիստոնյաները դիմացկուն։
2 Դիմացկունությունը գայթակղությունների, խոչընդոտների, հալածանքների և փորձությունների ժամանակ անկոտրում մնալու և հույսը անխախտ պահելու ունակություն է։ Սակայն մենք՝ քրիստոնյաներս, դիմանում ենք ոչ թե մեր ուժի շնորհիվ, այլ Եհովայի, ով կարող է «մարդկային ուժից վեր զորություն» տալ մեզ (2 Կորնթ. 4։7)։ Այս հոդվածում կքննենք չորս բան, որոնց միջոցով Եհովան օգնում է մեզ դիմանալ։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող ենք օգտվել դրանցից։
ԱՂՈԹՔ
3. Ինչո՞ւ ենք ասում, որ աղոթքը հրաշք է։
3 Եհովան ապշեցուցիչ մի բան է արել, ինչն օգնում է մեզ դիմանալ։ Չնայած այն բանին, որ մեղավոր ենք, նա իր հետ հաղորդակցվելու հնարավորություն է տվել մեզ (Եբր. 4։16)։ Մտածենք, թե որքան հրաշալի է այն, որ կարող ենք աղոթել Եհովային ցանկացած ժամանակ և ցանկացած հարցի մասին։ Նա կարող է լսել մեզ՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով ենք աղոթում և որտեղից, նույնիսկ եթե մեկուսի վայրում ենք կամ ազատազրկված (Հովն. 2։1, 2; Գործ. 16։25, 26)։ Եվ եթե անգամ այնքան տագնապած ենք, որ մեր մտքերն արտահայտելու համար բառեր չենք կարողանում գտնել, միևնույն է, Եհովան հասկանում է, թե ինչ ենք ուզում ասել (Հռոմ. 8։26, 27)։ Իսկապես որ, աղոթքը հրաշք է։
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայից դիմացկունություն խնդրելը ներդաշնակ է նրա կամքին։
4 Իր Խոսքում Եհովան հավաստիացնում է մեզ, որ «ինչ էլ խնդրում ենք.... իր կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհ. 5։14)։ Իսկ կարո՞ղ ենք Եհովային խնդրել, որ օգնի մեզ դիմացկուն լինել։ Անկասկած. չէ՞ որ դա ներդաշնակ է նրա կամքին։ Երբ մենք դիմանում ենք փորձություններին, հիմք ենք տալիս Եհովային պատասխանելու իրեն վիրավորողին՝ Սատանային (Առակ. 27։11)։ Բացի այդ՝ Եհովան ցանկանում է «իր զորությամբ գործել հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Եհովան և՛ ցանկություն ունի, և՛ ի զորու է օգնելու մեզ դիմացկուն լինել (Ես. 30։18; 41։10; Ղուկ. 11։13)։
5. Ինչպե՞ս է աղոթքը մտքի խաղաղություն տալիս (Եսայիա 26։3)։
5 Աստվածաշունչն ասում է, որ եթե ջերմեռանդորեն աղոթենք մեր մտահոգությունների մասին, «Աստված մեզ այնպիսի խաղաղություն կտա, որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից։ Այն կպահպանի մեր սիրտն ու միտքը» (Փիլիպ. 4։7)։ Որքա՜ն երախտապարտ ենք մեր երկնային Հորը դրա համար։ Երբ Եհովային չծառայող մարդիկ բախվում են դժվարությունների, մտքի խաղաղություն ունենալու համար տարբեր մեթոդներ են փորձում։ Օրինակ՝ դիմում են մեդիտացիայի այն տեսակին, որի միջոցով դատարկում են իրենց բոլոր մտքերը, այդ թվում՝ անհանգստացնող մտքերը։ Սակայն միտքը դատարկելը հոգևորապես վտանգավոր է (համեմատիր Մատթեոս 12։43-45)։ Բացի այդ՝ աղոթքի միջոցով Եհովայի տված խաղաղությունը անհամեմատ ավելի գերազանց է, քան մեդիտացիայի միջոցով ստացած խաղաղությունը։ Եհովան «հարատև խաղաղություն» է տալիս նրանց, ովքեր լիովին ապավինում են իրեն (կարդա Եսայիա 26։3)։ Նա մեզ խաղաղություն է տալիս, օրինակ՝ օգնելով մտաբերել իր Խոսքում կարդացած մխիթարական համարները։ Դրանք հանդարտեցնում են մեր միտքն ու սիրտը, քանի որ հավաստիացնում են, որ Եհովան սիրում է մեզ և հոգ է տանում մեզ համար (Սաղ. 62։1, 2)։
6. Ի՞նչ կարող ենք ներառել մեր աղոթքներում (տես նաև նկարը)։
6 Ինչ կարող ենք անել։ Երբ հավատի փորձության ենք բախվում, մեր «բեռը Եհովայի վրա գցենք» և աղոթքով խաղաղություն խնդրենք նրանից (Սաղ. 55։22)։ Ճիշտ կլինի նաև իմաստություն խնդրել, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները (Առակ. 2։10, 11)։ Այս ամենից բացի՝ չմոռանանք շնորհակալություն հայտնել Եհովային (Փիլիպ. 4։6)։ Կարևոր է ուշադիր լինել ու նկատել, թե ինչպես է նա աջակցում մեզ մեր փորձությունների ժամանակ, և շնորհակալություն հայտնել դրա համար։ Եկեք թույլ չտանք, որ մեր խնդիրները կուրացնեն մեզ, և մենք չտեսնենք այն բազմաթիվ օրհնությունները, որ արդեն ստացել ենք (Սաղ. 16։5, 6)։
Երբ աղոթում ենք, խոսում ենք Եհովայի հետ, իսկ երբ կարդում ենք Աստվածաշունչը, նա է խոսում մեզ հետ (տես պարբերություն 6)b
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ
7. Աստվածաշունչն ուսումնասիրելը ինչպե՞ս է օգնում մեզ դիմացկուն լինել։
7 Եհովան տվել է իր Խոսքը, որի միջոցով մեզ օգնում է դիմացկուն լինել։ Դրանում բազմաթիվ մտքեր կան, որոնք վստահեցնում են, որ Եհովան մենակ չի թողնի մեզ։ Օրինակ՝ Մատթեոս 6։8-ում ասվում է. «Ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք նույնիսկ նախքան ձեր խնդրելը»։ Այս խոսքերն ասել է Հիսուսը, ով բոլորից լավ է ճանաչում Եհովային։ Ուստի երբ դժվարությունների ենք բախվում, կարող ենք լիովին համոզված լինել, որ Եհովան գիտի, թե ինչի կարիք ունենք, և անպայման կօգնի։ Աստվածաշունչը պարունակում է նմանատիպ շատ խոսքեր, որոնք մեզ դիմանալու ավելի մեծ վճռականությամբ են լցնում (Սաղ. 94։19)։
8. ա) Նշիր աստվածաշնչյան մի սկզբունք, որը կարող է օգնել դիմանալ խնդիրներին։ բ) Ի՞նչը կօգնի մեզ մտաբերել աստվածաշնչյան սկզբունքները, երբ դրա կարիքն ունենանք։
8 Աստվածաշնչյան սկզբունքները օգնում են մեզ դիմանալ խնդիրներին։ Դրանցում պարփակված է իմաստություն, որի շնորհիվ կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել (Առակ. 2։6, 7)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ չափից շատ չմտահոգվել վաղվա օրվա մասին (Մատթ. 6։34)։ Եթե սովորություն ունենանք կարդալու Աստվածաշունչը և խորհելու գրվածի շուրջ, ավելի հավանական է, որ կմտաբերենք այն սկզբունքները, որոնք տվյալ պահին անհրաժեշտ են մեզ։
9. Աստվածաշնչյան արձանագրությունները ինչպե՞ս են ամրացնում մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան կօգնի մեզ։
9 Աստվածաշնչի էջերը լի են հասարակ մարդկանց մասին իրական պատմություններով, ովքեր վստահել են Եհովային և նրա աջակցությունն են ունեցել (Եբր. 11։32-34; Հակ. 5։17)։ Այդ պատմությունների շուրջ խորհելը մեզ վստահություն է ներշնչում, որ Եհովան «մեր ապաստանն է, նա է մեզ զորացնում, նրանից միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում» (Սաղ. 46։1)։ Երբ ուսումնասիրում ենք հնում ապրած Եհովայի հավատարիմ ծառաների կյանքը, մղվում ենք ընդօրինակելու նրանց հավատն ու դիմացկունությունը (Հակ. 5։10, 11)։
10. Ի՞նչ կարող ենք անել աստվածաշնչյան մտքերից առավելագույնս օգուտ քաղելու համար։
10 Ինչ կարող ենք անել։ Ամեն օր կարդանք Աստվածաշունչը և գրի առնենք այն համարները, որոնք օգտակար են հատկապես մեր հանգամանքներում։ Շատերի համար արդյունավետ է օրը սկսել օրվա խոսքի ընթերցանությամբ, որը հիմնված է աստվածաշնչյան մի քաջալերական մտքի վրա։ Մարիa անունով մի քույր իր փորձով համոզվեց դրանում, երբ իր ծնողներին քաղցկեղ ախտորոշեցին։ Նա պատմում է, թե ինչն էր իրեն օգնում դիմանալ, երբ նրանց կյանքի վերջին ամիսներին հոգ էր տանում նրանց համար։ «Ամեն առավոտ «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկից կարդում էի այդ օրվա համարը և խորհում դրա շուրջ,– ասում է նա։– Այս սովորության շնորհիվ մտքումս անընդհատ պտտվում էր աստվածաշնչյան այդ խոսքը, որն օգնում էր կենտրոնանալու ոչ թե իմ սթրեսային իրավիճակի, այլ ավելի կարևոր բաների վրա» (Սաղ. 61։2)։
ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐ
11. Ի՞նչ ենք զգում՝ իմանալով, որ մեր հավատակիցները դժվարությունների են դիմանում։
11 Մեր հավատակիցների միջոցով Եհովան օգնում է մեզ դիմանալ։ Միայն այն բանի իմացությունը, որ «նման տառապանքներ նաև [մեր] ողջ եղբայրությունն է կրում», հավաստիացնում է մեզ, որ մենք մենակ չենք (1 Պետ. 5։9)։ Իրոք որ, ինչ խնդրի էլ առերեսվենք, կարող ենք համոզված լինել, որ ուրիշներն էլ են նմանատիպ դժվարությունների միջով անցել և դիմացել են։ Ուստի մենք նույնպես կարող ենք դիմանալ (Գործ. 14։22)։
12. Մեր հավատակիցները ինչպե՞ս են օգնում մեզ, և մենք ի՞նչ կարող ենք անել նրանց համար (2 Կորնթացիներ 1։3, 4)։
12 Մեր դժվարությունների ժամանակ հավատակիցները կարող են թև տալ մեզ։ Պողոս առաքյալին նույնպես շատ են օգնել իր քույր-եղբայրները։ Նա հաճախ անուն առ անուն շնորհակալություն էր հայտնում նրանց, ովքեր օգնում էին իրեն իր կալանքի ժամանակ։ Նրանք մխիթարում ու քաջալերում էին առաքյալին և գործնականում աջակցում (Փիլիպ. 2։25, 29, 30; Կող. 4։10, 11)։ Այսօր մեր հավատակիցները նույնպես օգնության են հասնում և մխիթարում են մեզ մեր նեղ օրերին։ Իսկ երբ նրանք են նեղության մեջ հայտնվում, մենք ենք նրանց կողքին լինում (կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4)։
13. Ի՞նչն օգնեց Մայային դիմացկուն լինել։
13 Ռուսաստանում ապրող Մայա անունով մի քրոջ համար մեծ քաջալերանքի աղբյուր եղան հավատակիցները։ 2020 թ.-ին նրա տունը խուզարկեցին, իսկ ավելի ուշ նրա դեմ քրեական գործ հարուցեցին իր հավատի մասին ուրիշների հետ խոսելու համար։ Քույրը պատմում է. «Երբ զգացապես հյուծված էի, եղբայրներս ու քույրերս զանգում և գրում էին ինձ՝ հավաստիացնելով իրենց սիրո մեջ։ Միշտ իմացել եմ, որ մեծ ու սիրող ընտանիք ունեմ, բայց 2020 թ.-ին ավելի շատ համոզվեցի դրանում»։
14. Ի՞նչ կարող ենք անել հավատակիցների աջակցությունից օգտվելու համար (տես նաև նկարը)։
14 Ինչ կարող ենք անել։ Դժվարությունների ժամանակ մոտ մնանք մեր եղբայրներին ու քույրերին։ Չվարանենք երեցներից օգնություն խնդրել։ Նրանք կարող են լինել «քամուց պաշտպանող պատսպարան, փոթորկից պաշտպանող ապաստան» (Ես. 32։2)։ Հիշենք նաև, որ մեր հավատակիցները նույնպես դժվարություններ են դիմագրավում։ Նրանց համար բարի գործ անելը կօգնի մեզ հավասարակշռված ու դրական տեսակետ պահպանել մեր իսկ փորձությունների ժամանակ (Գործ. 20։35)։
Մոտ մնա քո եղբայրներին ու քույրերին (տես պարբերություն 14)c
ՄԵՐ ՀՈՒՅՍԸ
15. Ի՞նչ դեր ուներ հույսը Հիսուսի կյանքում, և ի՞նչ դեր ունի այն մեր կյանքում (Եբրայեցիներ 12։2)։
15 Եհովան մեզ անխախտ հույս է տվել, որ դիմանանք (Հռոմ. 15։13)։ Հիշենք, թե հույսն ինչպես օգնեց Հիսուսին նրա կյանքի ամենադժվար պահին, երբ նա երկրի վրա էր (կարդա Եբրայեցիներ 12։2)։ Հիսուսը գիտեր, որ իր հավատարմությամբ նպաստելու է Եհովայի անվան արդարացմանը։ Նա նաև անձկությամբ սպասում էր այն ժամանակվան, երբ կրկին իր Հոր հետ էր լինելու և իր եղբայրների հետ ծառայելու էր երկնային թագավորությունում։ Նույն ձևով էլ Աստծու հաստատած նոր աշխարհում հավիտյան ապրելու մեր հույսը օգնում է մեզ դիմանալ ցանկացած դժվարության, որ կրում ենք Սատանայի աշխարհում։
16. Ինչպե՞ս հույսն օգնեց մի քրոջ, և ի՞նչ ենք սովորում նրա խոսքերից։
16 Տեսնենք, թե ինչպես հույսն օգնեց Ռուսաստանում բնակվող Ալլա անունով մի քրոջ, ում ամուսինը ձերբակալվել էր և նախնական կալանքի տակ էր գտնվում։ Երբ այդ դեպքերը տեղի ունեցան, քույրն ասաց. «Ապագայի վերաբերյալ հույսի մասին աղոթելն ու դրա շուրջ խորհելը օգնում է ինձ թևաթափ չլինել։ Հասկանում եմ, որ սա վերջը չէ։ Եհովան հաղթանակ է տանելու, ուստի մենք՝ նույնպես»։
17. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ Եհովայի տված հույսի համար (տես նաև նկարը)։
17 Ինչ կարող ենք անել։ Ժամանակ տրամադրենք և մտորենք այն սքանչելի ապագայի մասին, որը Եհովան խոստացել է մեզ։ Կարևոր է՝ մտովի տեսնենք մեզ նոր աշխարհում և պատկերացնենք այն օրհնությունները, որ վայելելու ենք այնտեղ։ Այդ ժամանակ ցանկացած փորձություն, որ կրում ենք, «վաղանցիկ և աննշան» կթվա (2 Կորնթ. 4։17)։ Եկեք նաև մեր ձեռքից եկածն անենք, որպեսզի մեր հավատի մասին պատմենք ուրիշներին։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է մարդկանց համար Սատանայի այս աշխարհում դիմագրավել դժվարություններին առանց իմանալու, թե ինչ ապագա է Աստված խոստանում։ Մենք կարող ենք հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ Թագավորության վերաբերյալ հույսի նկատմամբ՝ անգամ մի քանի միտք նրանց ասելով։
Ժամանակ տրամադրիր Եհովայի խոստացած հրաշալի ապագայի շուրջ խորհելու համար (տես պարբերություն 17)d
18. Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովայի խոստումներին։
18 Հաջողությամբ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ՝ Հոբն ասաց Եհովային. «Հիմա ես գիտեմ, որ դու կարող ես ամեն ինչ անել, և չկա մի բան, որ մտադրես ու չկարողանաս այն իրագործել» (Հոբ 42։2)։ Հոբը հասկացել էր, որ ոչինչ չի կարող խանգարել Եհովայի նպատակների իրականացմանը։ Այդ փաստը կարող է մեզ դիմանալու ուժ տալ։ Պատկերացնենք մի հիվանդ կնոջ, ով վհատվել է, քանի որ բազմաթիվ բժիշկներ չեն կարողացել բուժել նրան։ Բայց երբ փորձառու և վստահելի մի բժիշկ ախտորոշում է նրա հիվանդությունը և բացատրում, թե ինչ բուժում է հարկավոր, նա թեթևացած է զգում, թեև նրա ապաքինումը որոշակի ժամանակ է պահանջելու։ Այժմ նա կարողանում է դիմանալ, քանի որ հույս ունի, որ առողջանալու է։ Նմանապես՝ մենք կարող ենք դիմանալ, որովհետև վստահ ենք, որ դրախտի վերաբերյալ մեր հույսը իրականանալու է։
19. Ի՞նչ է մեզ անհրաժեշտ դիմանալու համար։
19 Ինչպես տեսանք, Եհովան օգնում է մեզ դիմանալ աղոթքի, իր Խոսքի, մեր հավատակիցների և հույսի միջոցով։ Եթե օգտվենք այս բոլոր բաներից, Եհովան կզորացնի մեզ, մինչև կգա այն օրը, երբ Սատանայի աշխարհը և բոլոր նեղությունները կվերանան (Փիլիպ. 4։13)։
ԵՐԳ 33 Մեր բեռը Եհովային հանձնենք
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
b ՆԿԱՐ։ Մեծահասակ եղբայրը տարեցտարի հավատարմորեն դիմանում է։
c ՆԿԱՐ։ Մեծահասակ եղբայրը տարեցտարի հավատարմորեն դիմանում է։
d ՆԿԱՐ։ Մեծահասակ եղբայրը տարեցտարի հավատարմորեն դիմանում է։