Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 օգոստոս էջ 8–13
  • Ընդունիր, որ Եհովան սիրում է քեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդունիր, որ Եհովան սիրում է քեզ
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ
  • Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ
  • ՀԻՍՈՒՍՆ ՕԳՆՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ
  • ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՄՐԱՑՆԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ
  • Եհովան ջերմորեն սիրում է քեզ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով փրկագնի մասին
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Սիրուց մղված՝ շարունակիր քարոզել
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 օգոստոս էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»

Ընդունիր, որ Եհովան սիրում է քեզ

«Հավատարիմ սիրով դեպի ինձ ձգեցի» (ԵՐԵՄ. 31։3)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչու է կարևոր ընդունել, որ Եհովան սիրում է մեզ, և ինչպես կարող ենք համոզված լինել դրանում։

1. Ինչո՞ւ ես նվիրվել Եհովային (տես նաև նկարը)։

ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ այն օրը, երբ նվիրվեցիր Եհովային։ Դու արեցիր այդ քայլը, քանի որ ճանաչեցիր ու սիրեցիր նրան։ Դու խոստացար, որ նրա կամքը կատարելը քո կյանքում առաջնային կլինի, և որ կշարունակես սիրել նրան քո ողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկ. 12։30)։ Այդ օրվանից նրա հանդեպ քո սերը ավելի ու ավելի է խորանում։ Ուստի եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ՝ «Վստա՞հ ես, որ սիրում ես Եհովային», առանց վարանելու կպատասխանես. «Ես նրան սիրում եմ ամենքից և ամեն ինչից առավել»։

Համակցված նկարներ. մի քույր խորհում է իր նվիրման ու մկրտության մասին։ 1. Նա, դրսում նստած, աղոթում է։ 2. Նա մկրտվում է գետում։

Հիշո՞ւմ ես այն սերը, որ ունեիր Եհովայի հանդեպ, երբ նվիրվեցիր նրան ու մկրտվեցիր (տես պարբերություն 1)


2-3. Եհովան ուզում է, որ ի՞նչ ընդունենք, և ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում (Երեմիա 31։3)։

2 Իսկ ի՞նչ կասես, եթե քեզ հարցնեն. «Վստա՞հ ես, որ Եհովան սիրում է քեզ»։ Կվարանե՞ս պատասխանել՝ մտածելով, թե արժանի չես Եհովայի սիրուն։ Մի քույր, ով ծանր մանկություն է ունեցել, ասում է. «Ես գիտեմ, որ սիրում եմ Եհովային. կասկած չունեմ դրանում։ Բայց հաճախ մտածում եմ, թե արդյոք Եհովան սիրում է ինձ»։ Իրականում ի՞նչ է Եհովան զգում քո հանդեպ։

3 Եհովան ուզում է՝ համոզված լինես, որ նա սիրում է քեզ (կարդա Երեմիա 31։3)։ Ճշմարտությունն այն է, որ Եհովան ձգել է քեզ դեպի իրեն։ Եվ նվիրվելով նրան ու մկրտվելով՝ դու մի անգին պարգև ես ստացել՝ նրա հավատարիմ սերը, որը խոր և հարատև կապվածություն է։ Հավատարիմ սիրուց մղված՝ նա իր նվիրված ծառաներին, այդ թվում՝ քեզ, իր «թանկագին սեփականությունն» է համարում (Մաղ. 3։17, ծնթ.)։ Եհովան ուզում է, որ Պողոս առաքյալի պես դու էլ վստահ լինես, որ նա սիրում է քեզ։ Պողոսը գրել է. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ ուժերը, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը և ո՛չ էլ ստեղծվածներից որևէ մեկը կամ որևէ բան չեն կարող մեզ զրկել Աստծու սիրուց» (Հռոմ. 8։38, 39)։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչու է կարևոր համոզվել, որ Եհովան սիրում է մեզ, և ինչպես կարող ենք դա անել։

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

4. Ինչպե՞ս կարող ենք պայքարել Սատանայի նենգ ստերից մեկի դեմ։

4 Եթե ընդունենք, որ Եհովան սիրում է մեզ, կկարողանանք պայքարել Սատանայի «նենգությունների դեմ» (Եփես. 6։11)։ Նա ամեն քայլի կդիմի, որ խանգարի մեզ ծառայել Եհովային։ Սատանայի տարածած նենգ ստերից մեկն այն է, որ Եհովան չի սիրում մեզ։ Մի՛ մոռացիր, որ այդ խաբեբան երբեք առիթը բաց չի թողնում։ Նա հաճախ հարձակվում է այն ժամանակ, երբ մենք խոցելի ենք, օրինակ՝ ընկճված ենք անցյալում տեղի ունեցած դեպքերի, ներկայիս խնդիրների կամ ապագայի հանդեպ անորոշության պատճառով (Առակ. 24։10)։ Սատանան նման է առյուծի, որն ուշադիր հետևում է, թե երբ իր զոհն անպաշտպան կդառնա, որպեսզի հարձակվի նրա վրա։ Ուստի նա սպասում է հարմար պահի, որ երբ զգացապես սպառված լինենք, ճնշի մեզ, որ հանձնվենք։ Բայց եթե շարունակ խորացնենք մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան սիրում է մեզ, պատրաստ կլինենք «դեմ կանգնելու» Սատանային և նրա խորամանկ հնարքներին ու մարտավարությանը (1 Պետ. 5։8, 9; Հակ. 4։7)։

5. Ինչո՞ւ է կարևոր զգալ, որ Եհովան սիրում է մեզ ու թանկ է համարում։

5 Եթե ընդունենք, որ Եհովան սիրում է մեզ, նրա հետ ավելի շատ կմտերմանանք։ Եհովան ստեղծել է մեզ սիրելու և սիրված լինելու կարիքով։ Սիրո հանդեպ մեր բնական արձագանքը սերն է։ Ուստի որքան շատ ենք զգում Եհովայի սերն ու հոգատարությունը, այնքան ավելի շատ ենք սիրում նրան (1 Հովհ. 4։19)։ Եվ որքան նրա հանդեպ մեր սերը մեծանում է, այնքան ավելի խորն է նա սիրում մեզ։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելի ու ավելի համոզվել, որ Եհովան սիրում է մեզ։

Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

6. Ինչի՞ մասին կարող ենք աղոթել, որպեսզի ընդունենք, որ Եհովան սիրում է մեզ։

6 Աղոթիր կոնկրետ բաների մասին ու եղիր հաստատակամ (Ղուկ. 18։1; Հռոմ. 12։12)։ Խնդրիր Եհովային, եթե կարիք կա, օրը մի քանի անգամ, որ օգնի՝ ինքդ քեզ նայես նրա աչքերով։ Ինչ խոսք, ինքն իրեն դատապարտող սրտին գուցե հեշտ չլինի համոզել։ Բայց հիշիր, որ Եհովան քո սրտից ավելի մեծ է (1 Հովհ. 3։19, 20)։ Նա քեզ ավելի լավ է ճանաչում, քան դու ինքդ. նա տեսնում է այն, ինչ դու չես կարող տեսնել (1 Սամ. 16։7; 2 Տար. 6։30)։ Ուստի մի՛ վարանիր «սիրտդ դատարկել» նրա առաջ՝ խնդրելով, որ օգնի քեզ հավաստիանալ նրա սիրո մեջ (Սաղ. 62։8)։ Ապա գործիր աղոթքներիդ համաձայն՝ կիրառելով ստորև նշված առաջարկները։

7-8. Ինչպե՞ս են սաղմոսները հավաստիացնում մեզ Եհովայի սիրո մեջ։

7 Վստահիր Եհովայի խոսքերին։ Աստվածաշունչը գրողները Աստծու ներշնչմամբ նկարագրել են նրան այնպիսին, ինչպիսին որ կա։ Տեսնենք, թե ինչ ջերմությամբ է սաղմոսերգու Դավիթը արտահայտվել Եհովայի մասին. «Եհովան մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է, ընկճվածներին նա փրկում է» (Սաղ. 34։18)։ Երբ ընկճված ենք լինում, գուցե մեզ միայնակ զգանք։ Բայց Եհովան վստահեցնում է, որ այդ ժամանակ նա մոտ է մեզ, քանի որ տեսնում է, որ այդ պահին առավել քան երբևէ նրա կարիքն ունենք։ Մեկ ուրիշ սաղմոսում Դավիթը գրել է. «Քո տկի մեջ հավաքիր իմ արցունքները» (Սաղ. 56։8)։ Եհովան տեսնում է քո սրտի ցավը։ Նա լավ է հասկանում քեզ, և նրա համար միևնույն չէ, թե ինչի միջով ես անցնում։ Նա, այսպես ասած, հավաքում է քո արցունքները և թանկ է համարում, ասես դրանք ճանապարհորդի տկի միջի անգին ջուրը լինեն։ Իսկ Սաղմոս 139։3-ում ասվում է. «Ամեն մի քայլիս քաջատեղյակ ես»։ Եհովան տեսնում է քո բոլոր գործերը, բայց կենտրոնանում է լավ բաների վրա, քանի որ բարձր է գնահատում իրեն հաճեցնելու համար քո ներդրած ջանքերը (Եբր. 6։10)։a

8 Իր Խոսքում արձանագրած այսպիսի մխիթարական մտքերով Եհովան ըստ էության ասում է. «Ուզում եմ՝ իմանաս, թե որքան շատ եմ քեզ սիրում և հոգ եմ տանում քո մասին»։ Բայց ինչպես արդեն տեսանք, Սատանան գովազդում է այն սուտը, թե Եհովան չի սիրում մեզ։ Ուստի եթե երբեմն կասկածում ես, որ Եհովան սիրում է քեզ, կանգ առ ու մտածիր. «Ո՞ւմ պետք է հավատամ՝ «ստության հո՞րը», թե՞ «ճշմարտության Աստծուն»» (Հովհ. 8։44; Սաղ. 31։5, ծնթ.)։

9. Ի՞նչ է վստահեցնում Եհովան նրանց, ովքեր սիրում են իրեն (Ելք 20։5, 6)։

9 Մտածիր, թե Եհովան ինչպես է պատասխանում իր հանդեպ դրսևորված սիրուն։ Տեսնենք, թե Եհովան ինչ ասաց Մովսեսին և իսրայելացիներին (կարդա Ելք 20։5, 6)։ Եհովան խոստացավ, որ կշարունակի հավատարիմ սիրով սիրել նրանց, ովքեր սիրում են իրեն։ Այս խոսքերը վստահեցնում են մեզ, որ մեր նվիրված Աստվածը իր հանդեպ դրսևորված սերը երբեք անպատասխան չի թողնում (Նեեմ. 1։5)։ Ուստի եթե երբեմն Եհովայի սիրո հավաստիացման կարիքն ես ունենում, ինքդ քեզ հարցրու. «Ես սիրո՞ւմ եմ Եհովային»։ Հետո մտածիր. «Եթե սիրում եմ Եհովային ու ջանք չեմ խնայում նրան հաճելի բաներ անելու համար, ուրեմն չպետք է կասկածեմ, որ նա ջերմորեն սիրում է ինձ» (Դան. 9։4; 1 Կորնթ. 8։3)։ Այլ խոսքով՝ եթե համոզված ես, որ սիրում ես Եհովային, ուրեմն հաստատ իմացիր, որ նա էլ քեզ է սիրում։ Նրա սերն ու նվիրվածությունը կասկածի ենթակա չեն։

10-11. Եհովան ուզում է, որ ի՞նչ տեսակետ ունենանք փրկագնի վերաբերյալ (Գաղատացիներ 2։20)։

10 Խորհիր փրկագնի մասին։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհը մարդկությանը տրված Եհովայի մեծագույն նվերն է (Հովհ. 3։16)։ Բայց արդյո՞ք այդ զոհն անձամբ քեզ համար է տրվել։ Անկասկա՛ծ։ Ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի օրինակին։ Նախքան քրիստոնյա դառնալը նա լուրջ մեղքեր էր գործել և շարունակում էր պայքարել իր անկատար հակումների դեմ (Հռոմ. 7։24, 25; 1 Տիմոթ. 1։12-14)։ Բայց նա եկավ այն համոզման, որ փրկագինը Եհովայից անձամբ իրեն տրված նվեր է (կարդա Գաղատացիներ 2։20)։ Հիշենք, որ Եհովան մղեց Պողոսին գրի առնել այս միտքը, իսկ այն, ինչ գրվել է Աստվածաշնչում, մեր ուսուցման համար է գրվել (Հռոմ. 15։4)։ Պողոսի խոսքերից երևում է, թե Եհովան ինչ է ակնկալում. նա ուզում է, որ դու փրկագինը իր կողմից անձամբ քեզ տրված պարգև համարես։ Եթե փրկագնի վերաբերյալ այսպիսի տեսակետ ունենաս, հաստատ համոզված կլինես, որ Եհովան սիրում է քեզ անհատապես։

11 Մենք շնորհակալ ենք Եհովային, որ Հիսուսին ուղարկեց երկիր՝ մահանալու մեզ համար։ Հիսուսը եկավ երկիր նաև այն պատճառով, որ մարդկանց հայտնի Աստծու մասին ճշմարտությունը, այդ թվում՝ այն, թե ինչ է նա զգում իր զավակների հանդեպ (Հովհ. 18։37)։

ՀԻՍՈՒՍՆ ՕԳՆՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

12. Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովայի մասին Հիսուսի ասած խոսքերին։

12 Երբ Հիսուսը երկրի վրա էր, հաճույքով պատմում էր, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան (Ղուկ. 10։22)։ Մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու նրա այդ խոսքերին. չէ՞ որ նախքան երկիր գալը նա անհամար տարիներ ապրել է Եհովայի հետ (Կող. 1։15)։ Հիսուսն անձամբ է զգացել իր Հոր սերը և տեսել է, թե որքան շատ է նա սիրում իր հավատարիմ որդիներին ու դուստրերին։ Ինչպե՞ս է Հիսուսն օգնում ուրիշներին ընդունել, որ Աստված սիրում է նրանց։

13. Հիսուսն ուզում է, որ ի՞նչ վերաբերմունք ունենանք Եհովայի հանդեպ։

13 Հիսուսն ուզում է, որ Եհովայի մասին ունենանք այն տեսակետը, որն ինքն ունի։ Ավետարաններում արձանագրված է ավելի քան 160 դեպք, երբ նա Եհովային դիմում է որպես իր Հոր։ Իր հետևորդների հետ խոսելիս նա օգտագործեց «ձեր երկնային Հայրը», «ձեր Հայրը» և նմանատիպ այլ արտահայտություններ (Մատթ. 5։16; 6։8)։ Մատթեոս 5։16 համարի լրացուցիչ տեղեկության մեջ ասվում է. «Եհովայի վաղեմի ծառաները նրա մասին խոսելիս կամ նրան դիմելիս օգտագործել են բազմաթիվ վեհ տիտղոսներ, օրինակ՝ «Ամենակարող», «Բարձրյալ» և «Մեծ Արարիչ», սակայն Հիսուսը հաճախ օգտագործում էր պարզ և տարածված «Հայր» բառը, որով ընդգծվում է Աստծու՝ իր ծառաների հետ ունեցած մտերիմ հարաբերությունները»։ Հստակ է, որ Հիսուսն ուզում է՝ Եհովային վերաբերվենք այնպես, ինչպես ինքն է վերաբերվում՝ որպես սիրող Հոր, ում զավակները անչափ թանկ են իր համար։ Եկեք քննենք երկու դեպք, երբ Հիսուսը Եհովային կոչեց «Հայր»։

14. Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ մեզանից յուրաքանչյուրը թանկ է մեր երկնային Հոր համար (Մատթեոս 10։29-31; տես նաև նկարը)։

14 Նախ քննենք Մատթեոս 10։29-31 համարներում արձանագրված Հիսուսի խոսքերը (կարդա)։ Ճնճղուկները, որոնք ընդամենը փոքրիկ թռչուններ են, երբևէ չեն սիրելու ու պաշտելու Եհովային։ Սակայն նրանք այնքան թանկ են մեր երկնային Հոր համար, որ «ոչ մեկը գետին չի ընկնում» առանց նրա իմացության։ Ուստի եթե Եհովան այդքան արժևորում է ճնճղուկներին, առավել ևս հոգ կտանի մեզանից յուրաքանչյուրի մասին, քանի որ մենք սիրում ու երկրպագում ենք իրեն։ 30-րդ համարում նշված «նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազն է հաշվված» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության մեջ ասվում է. «Այն, որ Եհովան շատ լավ գիտի այդպիսի մանրուքները, վստահեցնում է, որ նա խորապես հետաքրքրված է Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդով»։ Մենք մեծ արժեք ունենք մեր երկնային Հոր աչքում, և հստակ է, որ Հիսուսը ցանկանում է՝ ընդունենք դա։

Հիսուսը ձեռքով ցույց է տալիս մի ճնճղուկի, որը իջնում է գետնին։ Նրա աշակերտները ուշադիր լսում են։

Եհովայի համար մի ճնճղուկը այնքան թանկ է, որ «ոչ մեկը գետին չի ընկնում» առանց նրա իմացության։ Որքա՜ն ավելի մեծ արժեք ունես դու նրա աչքում՝ որպես հավատարիմ ծառա, ով սիրում է նրան (տես պարբերություն 14)


15. Հովհաննես 6։44 համարում արձանագրված Հիսուսի խոսքերը ի՞նչ են հայտնում մեր երկնային Հոր մասին։

15 Ուշադրություն դարձնենք մյուս դեպքին, երբ Հիսուսը օգտագործեց «Հայր» բառը (կարդա Հովհաննես 6։44)։ Քո երկնային Հայրը անձամբ քնքշորեն ձգել է քեզ դեպի իրեն, քանի որ տեսել է, որ լավ սիրտ ունես և տրամադրված ես ընդունելու ճշմարտությունը (Գործ. 13։48)։ Հովհաննես 6։44 համարի լրացուցիչ տեղեկության մեջ ասվում է, որ Հիսուսը հավանաբար վկայակոչում էր Երեմիայի հետևյալ խոսքերը, որոնք նշված են այս հոդվածի բնաբանում. «Հավատարիմ սիրով դեպի ինձ ձգեցի [շարունակ հավատարիմ սեր ցուցաբերեցի քո հանդեպ]» (Երեմ. 31։3, ծնթ.; համեմատիր Օսեե 11։4)։ Փաստորեն, մեր սիրող երկնային Հայրը շարունակ քո մեջ տեսնում է այն լավ բաները, որոնք հնարավոր է՝ դու չես տեսնում։

16. ա) Հիսուսն ըստ էության ի՞նչ է ասում մեզ, և ինչո՞ւ պետք է հավատանք նրան։ բ) Ինչպե՞ս կարող ես ավելացնել համոզվածությունդ այն բանում, որ Եհովան լավագույն Հայրն է (տես նաև «Հայր, որի կարիքը բոլորս ունենք» շրջանակը)։

16 Եհովային ներկայացնելով որպես մեր Հայր՝ Հիսուսն ըստ էության ասում է. «Եհովան ոչ միայն իմ Հայրն է, այլ նաև քո Հայրն է։ Վստահեցնում եմ, որ նա սիրում է քեզ ու հոգ է տանում քո մասին»։ Ուստի երբ կասկածում ես, որ Եհովան սիրում է քեզ, ինքդ քեզ հարցրու. «Չպե՞տք է արդյոք հավատամ Որդու խոսքերին, ով ամենալավն է ճանաչում Հորը և միշտ ճշմարտությունն է ասում» (1 Պետ. 2։22)։

«Հայր, որի կարիքը բոլորս ունենք»

Այս խոսքերը վերցված են «Մոտեցիր Եհովային» գրքի նախաբանից, որտեղ բացատրվում է գրքի նպատակը։ Այնտեղ ասվում է. «Մենք կտեսնենք, որ Եհովան.... այն Հայրն է, որի կարիքը բոլորս ունենք։ Լինելով զորեղ, արդար, իմաստուն և սիրառատ՝ նա երբեք չի լքում իր հավատարիմ զավակներին»։

Մի ընթերցող, ում հայրը բռնարար մարդ է եղել, պատմում է, թե այս գիրքն ինչպես է օգնել նրան. «Այն սովորեցրեց ինձ, որ «հայր» բառը չպետք է վախ ներշնչի։ Հիմա հասկանում եմ՝ ինչ ասել է լավ հայր։ Գիտեմ, որ Եհովան սիրում է ինձ, և ես ընդունում եմ, որ նա իմ Հայրն է»։ Մեկ ուրիշ ընթերցող այս գիրքը կարդալուց հետո ասաց. «Եհովան ամենալավ Հայրն է, որ կարող եմ պատկերացնել»։

Որպեսզի ամրացնես համոզվածությունդ այն բանում, որ Եհովան այն Հայրն է, ում կարիքը դու ունես, նպատակ դիր ընթերցելու կամ վերընթերցելու այս հրատարակությունը։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՄՐԱՑՆԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ

17. Ինչո՞ւ պետք է շարունակ ամրացնենք մեր վստահությունն այն բանում, որ Եհովան սիրում է մեզ։

17 Մենք կարիք ունենք անընդհատ ամրացնելու մեր վստահությունն այն բանում, որ Եհովան սիրում է մեզ։ Ինչպես գիտենք, մեր խորամանկ ոսոխը՝ Սատանան, ամեն ինչ կանի, որ ստիպի մեզ՝ դադարենք ծառայել Եհովային։ Փորձելով թուլացնել մեր վճռականությունը՝ Սատանան կշարունակի համոզել, որ Եհովան մեզ չի սիրում։ Եկեք թույլ չտանք, որ թշնամին հաղթի մեզ (Հոբ 27։5)։

18. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան սիրում է մեզ։

18 Որպեսզի ամրացնես համոզվածությունդ այն բանում, որ Եհովան սիրում է քեզ, շարունակ աղոթիր, որ նա օգնի՝ ինքդ քեզ նայես նրա աչքերով։ Մտածիր այն մասին, թե Աստվածաշունչը գրողները ինչպես են Աստծու ներշնչմամբ նկարագրել նրա քնքուշ սերը։ Խորհիր նաև, թե նա ինչպես է արձագանքում իր հանդեպ դրսևորված սիրուն. նա երբեք այն անպատասխան չի թողնում։ Մի՛ մոռացիր, որ փրկագինը անձամբ քեզ տրված պարգև է։ Վստահիր Հիսուսի այն խոսքերին, որ Եհովան քո երկնային Հայրն է։ Եվ եթե որևէ մեկը հարցնի՝ «Վստա՞հ ես, որ Եհովան սիրում է քեզ», դու համոզվածությամբ կպատասխանես. «Այո՛, վստահ եմ և ամեն օր ձեռքիցս եկածն անում եմ, որ ցույց տամ իմ սերը նրա հանդեպ»։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչո՞ւ է կարևոր ընդունել, որ Եհովան սիրում է մեզ։

  • Ի՞նչը կօգնի ընդունել, որ Եհովան սիրում է մեզ։

  • Հիսուսն ինչպե՞ս է օգնում ընդունել, որ Եհովան սիրում է մեզ։

ԵՐԳ 154 Խոր սեր անմար

a Լրացուցիչ մխիթարական համարներ, որոնք հավաստիացնում են մեզ Եհովայի սիրո մեջ, կարելի է գտնել «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկի «Թերարժեքություն» վերնագրով թեմայում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը