ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47
ԵՐԳ 38 Աստված քեզ կզորացնի
«Դու շատ թանկագին մարդ ես»
«Դու շատ թանկագին մարդ ես» (ԴԱՆ. 9։23)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Օգնել թերարժեքության զգացում ունեցող մարդկանց հասկանալու, որ նրանք արժեքավոր են Եհովայի համար։
1-2. Ի՞նչը կօգնի մեզ հավաստիանալ, որ թանկ ենք Եհովայի աչքում։
ԵՀՈՎԱՅԻ ծառաները շատ թանկ են նրա համար, սակայն նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն։ Հնարավոր է՝ նրանց հետ վատ են վարվել՝ ներշնչելով այն միտքը, թե նրանք ոչ մի արժեք չունեն։ Դու է՞լ նման զգացում ունես։ Եթե՝ այո, ինչպե՞ս կարող ես համոզված լինել, որ թանկ ես Եհովայի աչքում։
2 Քեզ համար օգտակար կլինի ուսումնասիրել աստվածաշնչյան այն արձանագրությունները, որոնք ցույց են տալիս, թե մարդկանց հանդեպ ինչպիսի վերաբերմունքն է հաճելի Եհովային։ Նրա Որդին՝ Հիսուսը, մարդկանց վերաբերվում էր արժանապատվությամբ և հարգանքով։ Այդպես նա ցույց էր տալիս, որ ինքը և իր Հայրը բարձր են գնահատում այն խոնարհ մարդկանց, ովքեր իրենց անարժեք են զգում (Հովհ. 5։19; Եբր. 1։3)։ Այս հոդվածում կտեսնենք, թե 1) Հիսուսն ինչպես է օգնել մարդկանց հասկանալու, որ նրանք արժեքավոր են, և 2) թե ինչպես կարող ենք հավաստիացնել ինքներս մեզ, որ իսկապես թանկ ենք Աստծու աչքում (Անգե 2։7)։
ԻՆՉՊԵՍ Է ՀԻՍՈՒՍՆ ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ՆՐԱՆՔ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՆ
3. Ինչպե՞ս Հիսուսը վերաբերվեց այն գալիլեացիներին, ովքեր ցանկանում էին, որ նա օգնի իրենց։
3 Հիսուսի քարոզչական երրորդ շրջագայության ժամանակ Գալիլեայում մարդիկ հավաքվեցին նրա մոտ, որպեսզի լսեին նրան, և Հիսուսը բուժեց նրանց։ Հիսուսը նկատեց, որ նրանք «հովիվ չունեցող ոչխարների պես կեղեքված ու անտեսված էին» (Մատթ. 9։36)։ Կրոնական առաջնորդները համարում էին, որ նրանք տգետ են և իրենց ուշադրությանը արժանի չեն, նույնիսկ նրանց կոչում էին «անիծված» (Հովհ. 7։47-49)։ Բայց Հիսուսը արժանապատվությամբ վերաբերվեց այդ մարդկանց և ժամանակ տրամադրեց, որպեսզի սովորեցնի ու բուժի նրանց (Մատթ. 9։35)։ Բացի այդ՝ ավելի շատ մարդկանց օգնելու համար Հիսուսը ուսուցանեց իր առաքյալներին, որպեսզի նրանք քարոզեին, և մարդկանց բուժելու իշխանություն տվեց (Մատթ. 10։5-8)։
4. Ի՞նչ ենք սովորում արհամարհված մարդկանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքից։
4 Հիսուսը, իրեն լսողներին արժանապատվությամբ ու բարությամբ վերաբերվելով, ցույց տվեց, որ ինքն ու իր Հայրը թանկ են համարում այն մարդկանց, ովքեր հաճախ արհամարհվում են հասարակության կողմից։ Եթե ծառայում ես Եհովային, բայց կասկածում ես, որ թանկ ես նրա համար, մտածիր, թե Հիսուսը որքան ուշադիր էր այն խոնարհ մարդկանց հանդեպ, ովքեր ուզում էին սովորել իրենից։ Դա կօգնի քեզ հասկանալու, որ դու մեծ արժեք ունես Եհովայի աչքում։
5. Ի՞նչ իրավիճակում էր գտնվում այն գալիլեացի կինը, ում հանդիպեց Հիսուսը։
5 Հիսուսը ոչ միայն սովորեցնում էր մարդկանց խմբերի, այլև ուշադրություն էր դարձնում նրանց անհատապես։ Օրինակ՝ Գալիլեայում ծառայելիս նա հանդիպեց մի կնոջ, ով 12 տարի տառապում էր արյունահոսությամբ (Մարկ. 5։25)։ Քանի որ կինն այդ վիճակում էր, ծիսականորեն անմաքուր էր համարվում, ուստի ով որ դիպչեր նրան, նույնպես անմաքուր կդառնար։ Իր հիվանդության պատճառով նա գրեթե չէր շփվում մարդկանց հետ։ Ավելին՝ նա չէր կարող մյուսների հետ երկրպագել Աստծուն՝ մասնակցելով հանրային միջոցառումների կամ տոներ նշելով (Ղևտ. 15։19, 25)։ Անկասկած, այս կինը տառապում էր թե՛ ֆիզիկապես և թե՛ զգացապես (Մարկ. 5։26)։
6. Արյունահոսությամբ տառապող կինն ինչպե՞ս բուժվեց։
6 Արյունահոսությամբ տառապող կինը ուզում էր, որ Հիսուսը բուժի իրեն, բայց չդիմեց նրան այդ խնդրանքով։ Գուցե իր վիճակի պատճառով նա ամաչում էր կամ իրեն նվաստացած էր զգում։ Կամ էլ հնարավոր է՝ վախենում էր, որ Հիսուսը կմերժի իրեն, քանի որ նա, ծիսականորեն անմաքուր լինելով, մտել էր բազմության մեջ։ Ուստի կինը զգուշորեն դիպավ Հիսուսի վերնահագուստին՝ համոզված լինելով, որ այդպես կբուժվի (Մարկ. 5։27, 28)։ Այդ կնոջ հավատը վարձատրվեց. նա կրկին առողջ էր։ Հետո Հիսուսը հարցրեց, թե ով էր իրեն դիպչողը, և կինը խոստովանեց իր արարքը։ Ինչպե՞ս Հիսուսը վարվեց նրա հետ։
7. Հիսուսն ինչպե՞ս վարվեց վհատված կնոջ հետ (Մարկոս 5։34)։
7 Հիսուսը այդ կնոջ հետ վարվեց բարությամբ և հարգանքով։ Աստծու Որդին տեսավ, որ նա «վախից դողում է» (Մարկ. 5։33)։ Հաշվի առնելով նրա զգացումները՝ նա բարությամբ խոսեց նրա հետ, նույնիսկ կոչեց «դուստր»։ Այս ջերմ բառը ոչ միայն քաղաքավարություն էր արտահայտում, այլև բարություն և քնքշություն (կարդա Մարկոս 5։34)։ Սա Աստվածաշնչում հանդիպող միակ դեպքն է, երբ Հիսուսը որևէ կնոջ կոչել է «դուստր»։ Հավանաբար, նա այս ջերմ բառը օգտագործեց այն պատճառով, որ տեսավ, թե որքան վախեցած է այդ կինը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ թեթևություն զգաց վերջինս։ Եթե Հիսուսը նրա հետ բարությամբ չխոսեր, նա կհեռանար այդտեղից՝ թեպետ ֆիզիկապես բուժված, բայց մեղավորության զգացումից ճնշված։ Սակայն Հիսուսն օգնեց նրան տեսնելու իր իրական արժեքը, այն, որ նա իր սիրառատ երկնային Հոր թանկ դուստրն է։
8. Բրազիլիայից մի քույր ի՞նչ դժվարություններ ուներ։
8 Այսօր նույնպես Աստծու ծառաներից ոմանք առողջական խնդիրներ ունեն, որոնք զգացապես ճնշում են նրանց։ Բրազիլիայից Մարիաa անունով ռահվիրա մի քույր ծնվել է ֆիզիկական արատով՝ առանց ոտքերի և ձախ ձեռքի։ Նա ասում է. «Հաշմանդամությանս պատճառով հաճախ ծաղրանքի էի ենթարկվում։ Ինձ վիրավորական մականունով էին կոչում։ Նույնիսկ ընտանիքիս անդամներն էին կողմնապահությամբ վերաբերվում ինձ»։
9. Ի՞նչն օգնեց Մարիային զգալու, որ Եհովան գնահատում է նրան։
9 Ի՞նչն օգնեց Մարիային։ Երբ նա դարձավ Եհովայի վկա, հավատակիցները մխիթարեցին նրան և օգնեցին, որ ինքն իրեն նայի Եհովայի աչքերով։ Նա ասում է. «Նոթատետրիս էջերը չեն հերիքի, որ գրեմ բոլոր նրանց անունները, ովքեր ինձ օգնել են։ Իմ ողջ սրտով շնորհակալ եմ Եհովային, որ հրաշալի հոգևոր ընտանիք է պարգևել ինձ»։ Մարիայի հավատակիցներն օգնեցին նրան հասկանալու, որ նա թանկ է Աստծու համար։
10. Ի՞նչ վիճակում էր գտնվում Մարիամ Մագդաղենացին (տես նաև նկարները)։
10 Տեսնենք, թե Հիսուսն ինչպես օգնեց Մարիամ Մագդաղենացուն։ Վերջինս յոթ դևերի իշխանության տակ էր (Ղուկ. 8։2)։ Հավանաբար, նա իրեն տարօրինակ էր պահում այդ դիվային ազդեցության պատճառով, և մարդիկ խուսափում էին նրանից։ Իր կյանքի այդ մռայլ ժամանակահատվածում նա թերևս իրեն մերժված, անապահով և անօգնական էր զգում։ Ըստ ամենայնի, Հիսուսը Մարիամի միջից հանեց նրան տանջող դևերին, և նա դարձավ նրա հավատարիմ աշակերտուհին։ Է՞լ ինչպես Աստծու Որդին օգնեց Մարիամ Մագդաղենացուն հասկանալու, թե նա որչափ թանկ է իր երկնային Հոր համար։
Հիսուսը ինչպե՞ս հավաստիացրեց Մարիամ Մագդաղենացուն, որ նա թանկ է Եհովայի համար (տես պարբերություններ 10-11)
11. Հիսուսն իր վերաբերմունքով ինչպե՞ս Մարիամ Մագդաղենացուն ցույց տվեց, որ նա թանկ է Աստծու համար (տես նաև նկարները)։
11 Հիսուսը Մարիամ Մագդաղենացուն հրավիրեց իր հետ շրջելու քարոզչական շրջագայությունների ժամանակ։b Այդպիսով Մարիամը շարունակեց օգուտ քաղել՝ լսելով այն ամենը, ինչ Տերը սովորեցնում էր ուրիշներին։ Բացի այդ՝ Հիսուսը իր հարության օրը երևաց նրան։ Մարիամը առաջին աշակերտներից մեկն էր, ում հետ Հիսուսը խոսեց այդ օրը և նույնիսկ հանձնարարեց նրան հայտնել առաքյալներին իր հարության մասին։ Այս առանձնահատուկ ձևերով Աստծու Որդին օգնեց Մարիամին տեսնելու, որ նա թանկ է Եհովայի համար (Հովհ. 20։11-18)։
12. Լիդիայի մանկությունը ինչո՞ւ էր վատ հետք թողել իր հուզական աշխարհի վրա։
12 Այսօր Մարիամ Մագդաղենացու պես շատերը մերժված լինելու զգացման դեմ են պայքարում։ Իսպանիայից Լիդիա անունով մի քույր պատմում է, որ իր մայրը իրենով հղի լինելու ժամանակ մտածել է հղիության արհեստական ընդհատման մասին։ Քույրը հիշում է, որ նույնիսկ երբ ինքը մանուկ էր, իր մայրը արհամարհում էր նրան ու խոսքերով ստորացնում։ Լիդիան ասում է. «Ուրիշների կողմից սիրված և ընդունված լինելը կյանքիս նպատակն էր դարձել։ Վախենում էի, որ երբեք չեմ արժանանա այդ սիրուն, քանի որ մայրս համոզել էր ինձ, որ ես վատ մարդ եմ»։
13. Ի՞նչն օգնեց Լիդիային հասկանալու, որ նա մեծ արժեք ունի Եհովայի աչքում։
13 Ճշմարտությունն ընդունելուց հետո Լիդիայի անձնական աղոթքները և ուսումնասիրությունը, ինչպես նաև հավատակիցների բարի խոսքերն ու գործերը օգնեցին նրան հասկանալու, որ նա մեծ արժեք ունի Եհովայի աչքում։ Քույրը պատմում է. «Ամուսինս հաճախ ասում է, որ շատ է սիրում ինձ։ Նա անընդհատ հիշեցնում է, թե ինչ լավ հատկություններ ունեմ։ Մոտ ընկերներս էլ են այդպես քաջալերում»։ Միտքդ գալի՞ս է ինչ-որ մեկը, ով կարիք ունի հավաստիանալու, որ թանկ է Եհովայի համար։
ԻՆՔԴ ՔԵԶ ՆԱՅԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ
14. 1 Սամուել 16։7 համարը ինչպե՞ս է օգնում, որ ինքներս մեզ նայենք Եհովայի աչքերով (տես նաև «Ինչո՞ւ է Եհովան թանկ համարում իր ժողովրդին» շրջանակը)։
14 Հիշիր, որ Եհովան քեզ չի նայում այնպես, ինչպես աշխարհն է նայում (կարդա 1 Սամուել 16։7)։ Նա քեզ չի որակում՝ հիմնվելով քո արտաքին տեսքի, սոցիալական կարգավիճակի կամ կրթության վրա (Ես. 55։8, 9)։ Ուստի այս աշխարհի նշաձողով ինքդ քեզ չափելու փոխարեն քո արժեքը տես Եհովայի չափանիշների լույսի ներքո։ Աստվածաշնչից կարող ես կարդալ այն մարդկանց մասին, ովքեր երբեմն անարժեք են զգացել իրենց, բայց իրականում շատ թանկ են եղել Եհովայի համար։ Այդ մարդկանց թվում են Եղիան, Նոյեմին և Աննան։ Կարող ես նաև գրի առնել քեզ հետ տեղի ունեցած այն դեպքերը, որոնք փաստում են, որ Եհովան իսկապես սիրում ու գնահատում է քեզ։ Դրան գումարած՝ մեր հրատարակություններում ինքնագնահատականի վերաբերյալ նյութեր ուսումնասիրիր։c
15. Ինչո՞ւ էր Դանիելը Եհովայի համար «շատ թանկագին մարդ» (Դանիել 9։23)։
15 Իմացիր, որ հավատարմությունդ է քեզ արժեքավոր դարձնում Եհովայի աչքում։ Գրեթե հարյուր տարեկան հասակում Դանիելի կյանքում եկավ մի պահ, երբ նա «ուժասպառ» եղավ և վհատվեց (Դան. 9։20, 21)։ Եհովան ինչպե՞ս սրտապնդեց նրան։ Աստված ուղարկեց Գաբրիել հրեշտակին ու հիշեցրեց Դանիելին, որ նա «շատ թանկագին մարդ» է, և նրա աղոթքները լսվել են (կարդա Դանիել 9։23)։ Իսկ ինչո՞ւ էր Եհովան նրան թանկագին համարում։ Ի հավելումն բազմաթիվ այլ հատկությունների՝ Դանիելը սիրում էր արդարությունը և հավատարիմ էր Աստծուն (Եզեկ. 14։14)։ Եհովան իր Խոսքում գրել է տվել նրա մասին՝ մեզ մխիթարելու համար (Հռոմ. 15։4)։ Քո երկնային Հայրը լսում է նաև քո աղոթքները և թանկ է համարում քեզ, քանի որ սիրում ես արդարությունը ու հավատարմորեն ծառայում ես նրան (Միք. 6։8, ծնթ.; Եբր. 6։10)։
16. Ի՞նչը կօգնի քեզ Եհովային ընդունել որպես քո սիրառատ Հոր։
16 Եհովային ընդունիր որպես քո սիրառատ Հոր։ Նա ցանկանում է օգնել քեզ, ոչ թե սխալներ է փնտրում քո մեջ (Սաղ. 130։3; Մատթ. 7։11; Ղուկ. 12։6, 7)։ Այս մասին խորհելը թերարժեքության զգացումով տառապող շատ մարդկանց է օգնել։ Քննենք Միշել անունով մի քրոջ օրինակը, ով ապրում է Իսպանիայում։ Տարիներ շարունակ նրա ամուսինը վիրավորական խոսքերով նվաստացնում էր նրան, ինչի պատճառով նա իրեն մերժված ու անպիտան էր զգում։ Քույրն ասում է. «Երբ ինձ անպետք եմ զգում, փորձում եմ պատկերացնել, որ Եհովան ինձ իր գիրկն է առել, պարուրել է իր սիրով ու պաշտպանում է» (Սաղ. 28։9)։ Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող Լորեն անունով մի քույր ինքն իրեն հիշեցնում է. «Եթե Եհովան բարությամբ դեպի իրեն է ինձ ձգել սիրո կապերով, տարիների ընթացքում օգնել է մոտ մնալ իրեն և նույնիսկ իմ միջոցով սովորեցրել է ուրիշներին, ուրեմն անկասկած ինձ թանկ ու պիտանի է համարում» (Օս. 11։4)։
17. Ի՞նչը կօգնի քեզ համոզվել, որ ունես Եհովայի հավանությունը (Սաղմոս 5։12; տես նաև նկարը)։
17 Համոզվիր, որ ունես Եհովայի հավանությունը (կարդա Սաղմոս 5։12)։ Դավիթը Եհովայի հավանությունը նմանեցրեց «մեծ վահանի», որը պաշտպանում է արդարներին։ Այն բանի գիտակցումը, որ ունես Եհովայի հավանությունն ու աջակցությունը, կարող է պաշտպանել քեզ անինքնավստահությունից։ Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք ունես Եհովայի հավանությունը։ Հոդվածից տեսանք, որ Եհովան այդ հավաստիացումը տալիս է իր Խոսքի միջոցով։ Բացի այդ՝ նա երեցների, մտերիմ ընկերների և ուրիշների միջոցով հիշեցնում է քեզ, որ թանկ ես իր աչքում։ Տեսնենք, թե ինչպես ճիշտ կլինի արձագանքել նման հավաստիացմանը։
Այն բանի գիտակցումը, որ ունենք Եհովայի հավանությունը, կարող է պաշտպանել մեզ անինքնավստահության զգացումից (տես պարբերություն 17)
18. Ինչո՞ւ պետք է ընդունենք գովեստը։
18 Մի՛ մերժիր այն մարդկանց անկեղծ գովեստը, ովքեր ճանաչում ու սիրում են քեզ։ Եհովան թերևս նրանց միջոցով օգնում է քեզ համոզվել, որ ունես իր հավանությունը։ Միշելը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Կամաց-կամաց սովորում եմ սրտիս մոտ ընդունել ուրիշների բարի խոսքերը։ Դա պայքար է, բայց գիտեմ, որ Եհովան դա է ինձնից ակնկալում»։ Երեցները սիրով օգնել են Միշելին ընդունելու, որ նա ունի Եհովայի հավանությունը։ Այժմ քույրը ծառայում է որպես ռահվիրա և Բեթելի հեռակա կամավոր։
19. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ թանկ ենք Աստծու աչքում։
19 Հիսուսը մեզ հիշեցնում է, որ անչափ արժեքավոր ենք մեր երկնային Հոր համար (Ղուկ. 12։24)։ Ուստի թող որ կասկած անգամ չունենանք, որ Եհովան մեզ թանկ է համարում։ Երբե՛ք չմոռանանք սա։ Ու թող որ մեր ձեռքից եկածն անենք, որպեսզի օգնենք ուրիշներին տեսնելու, թե որքան թանկ են նրանք Աստծու համար։
ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում
a Որոշ անուններ փոխված են։
b Ակներևաբար, Մարիամ Մագդաղենացին Հիսուսի հետ ճամփորդող կանանցից մեկն էր։ Այս կանայք իրենց միջոցներով հոգ էին տանում Հիսուսի և առաքյալների համար (Մատթ. 27։55, 56; Ղուկ. 8։1-3)։
c Օրինակ՝ տես «Մոտեցիր Եհովային» գրքի 24-րդ գլուխը և կարդա «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկի «Թերարժեքություն» վերնագրի տակ նշված աստվածաշնչյան համարներն ու արձանագրությունները։