Ընթերցողների հարցերը
Ելնելով Առակաց 22։6–ից՝ կարելի՞ է միանշանակ եզրակացնել, որ եթե քրիստոնյայի երեխան պատշաճորեն դաստիարակվի, չի հեռանա Եհովայից։
Այդ համարում գրված է. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»։ Ճիշտ ինչպես որ նորատունկ շիվի թեքությունն է ազդում այն բանի վրա, թե շիվն ինչպիսի ծառ կդառնա, այնպես էլ երեխան, որը պատշաճ դաստիարակություն է ստանում, հավանական է, կշարունակի ծառայել Եհովային, երբ մեծանա։ Յուրաքանչյուր ծնող գիտի, որ նման դաստիարակությունը բավականաչափ ժամանակ և ջանքեր է պահանջում։ Որպեսզի երեխան դառնա Քրիստոսի աշակերտ, ծնողները պետք է մանրակրկիտ կերպով նրան ուսուցանեն, հանդիմանեն, քաջալերեն, խրատեն, ինչպես նաև լավ օրինակ ծառայեն։ Նրանք պետք է դա անեն երկար տարիներ, ընդ որում հետևողականորեն և սիրառատ կերպով։
Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ եթե երեխան դադարում է ծառայել Եհովային, ուրեմն ծնողները նրան սխալ են դաստիարակել։ Իհարկե, երբեմն ծնողները գուցե բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի երեխաներին դաստիարակեն «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։ Բայց եթե նույնիսկ նրանք ամեն բան անեն իրենց երեխաներին ճիշտ դաստիարակելու համար, չի կարելի Առակաց 22։6–ի հիման վրա միանշանակ ասել, որ ծնողական լավ դաստիարակության շնորհիվ երեխաները հավատարիմ կմնան Աստծուն։ Միշտ չէ, որ ծնողները կարող են իրենց երեխայից կերտել այն, ինչ իրենց սիրտն է կամենում։ Ինչպես որ չափահասները, այնպես էլ երեխաները ունեն ազատ կամք, և վերջիվերջո նրա՛նք պետք է ընտրեն իրենց կյանքի ուղին (Բ Օրինաց 30։15, 16, 19)։ Չնայած ծնողների թափած ջանքերին՝ որոշ երեխաներ Եհովայի հանդեպ անհավատարիմ են գտնվում, ինչպես որ Սողոմոնը, որը գրեց քննարկվող համարը։ Նույնիսկ Եհովայի որդիներից ոմանք անհավատարիմ դարձան։
Այսպիսով՝ այս համարից չի հետևում, որ երեխան ոչ մի դեպքում «չի հեռանա» ճշմարտությունից։ Համարի իմաստն այն է, որ սովորաբար ծնողները հաջողության են հասնում երեխաներին Եհովայի ճանապարհներով դաստիարակելու հարցում։ Այս միտքը անչափ քաջալերական է ծնողների համար։ Նրանք կարող են շարունակել իրենց երեխաներին դաստիարակել աստվածահաճո կերպով։ Քանի որ ծնողների դերը կարևոր է, իսկ ազդեցությունը՝ մեծ, նրանք պետք է լրջորեն մոտենան իրենց պատասխանատվությանը (Բ Օրինաց 6։6, 7)։
Նույնիսկ երբ երեխան դադարում է ծառայել Եհովային, ծնողները, ովքեր բարեխղճորեն են կրթել իրենց զավակին, կարող են հույս փայփայել, որ վերջինս ուշքի կգա։ Աստվածաշնչյան ճշմարտությունը զորավոր է, և ի լրումն դրա՝ ծնողական դաստիարակությունը շուտ չի մոռացվում (Սաղմոս 19։7)։