Ինչպես բնորոշել ճշմարիտ կրոնը
ՇԱՏ կրոններ պնդում են, թե այն, ինչ նրանք սովորեցնում են, Աստծուց է։ Ուստի լավ կանենք, եթե հետևենք Հիսուսի առաքյալ Հովհաննեսի խոսքերին, որն ասաց. «Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք» (Ա Յովհաննէս 4:1)։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել որեվէ բան՝ տեսնելու համար, թե արդյոք դա Աստծուց է։
Այն, ինչ տրվում է Աստծու կողմից, արտացոլում է նրա էությունը, հատկապես նրա գլխավոր հատկությունը՝ սերը։ Օրինակ՝ Աստծու սիրո դրսևորում է հոտառության մեր զգայարանը, որի շնորհիվ հաճույք ենք ստանում բույսերի և ծաղիկների, ինչպես նաև հենց նոր թխված հացի բուրմունքից։ Արևածագը, թիթեռներին կամ երեխայի ժպիտը տեսնելու մեր կարողությունը արտացոլում է Աստծու սերը մեր հանդեպ։ Նույնը կարելի է ասել գեղեցիկ երաժշտություն, թռչնի դայլայլը և սիրելի անձնավորության ձայնը լսելու մեր կարողության մասին։ Ուստի որքան էլ որ անկատար է մեր մարդկային էությունը, այն արտացոլում է Աստծու սերը։ Այդ իսկ պատճառով մենք հաճախ զգում ենք Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20:35)։ Մեզ հաճելի է սեր ցուցաբերել, քանի որ ստեղծված ենք «Աստուծոյ պատկերովը» (Ծննդոց 1:27)։ Թեև Եհովան շատ ուրիշ հատկություններ էլ ունի, սակայն սերն իր էության ամենից ակնառու հատկությունն է։
Աստծու կողմից ներշնչված գրությունները պետք է արտացոլեն նրա սերը։ Աշխարհի կրոնները ունեն շատ հին գրություններ։ Որքանո՞վ են այդպիսի գրությունները արտացոլում Աստծու սերը։
Իրականում հին կրոնական ձեռագրերից շատերը քիչ բան են ասում այն մասին, թե ինչպես է Աստված սիրում մեզ, կամ թե ինչպես մենք կարող ենք սիրել Աստծուն։ Ուստի միլիոնավոր մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է համատեղել Աստծու սերը, որ ակնհայտորեն երևում է նրա ստեղծագործություններից, չարության ու տառապանքի գոյության հետ։ Աստվածաշունչը միակ հին կրոնական գրությունն է, որը լիովին բացատրում է Աստծու սերը։ Այն նաև սովորեցնում է մեզ, թե ինչպես մենք կարող ենք սեր դրսևորել։
Գիրք սիրո մասին
Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, հայտնում է, որ Եհովան ‘սիրո Աստված’ է (Բ Կորնթացիս 13:11)։ Այնտեղ նաև ասվում է, թե ինչպես է սերը մղել Եհովային հիվանդությունից ու մահից զերծ կյանք պարգևել առաջին մարդկային զույգին։ Սակայն Աստծու իշխանության դեմ ապստամբությունը հանգեցրեց մարդկային տառապանքի (Բ Օրինաց 32:4, 5; Հռովմայեցիս 5:12)։ Եհովան միջոցներ ձեռնարկեց կորցրածը ետ բերելու համար։ Աստծու Խոսքում գրված է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3:16)։ Սուրբ Գրությունները ավելի վառ են պատկերում Աստծու սերը, երբ ասում են, որ Աստված Հիսուսի ղեկավարությամբ կատարյալ կառավարություն է հիմնել, որպեսզի հնազանդ մարդկության համար խաղաղություն հաստատի (Դանիէլ 7:13, 14; Բ Պետրոս 3:13)։
Աստվածաշնչում նաև գրված է, թե մարդը ինչ պարտականություն ունի։ Այնտեղ կարդում ենք. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը: Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը: Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս: Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը» (Մատթէոս 22:37–40)։ Աստվածաշունչը գրի է առնված Աստծու ներշնչմամբ։ Եվ քանի որ այդ գիրքը իրոք ի հայտ է բերում Աստծու էությունը, մենք կարող ենք վստահ լինել, որ այն տրված է ‘սիրո Աստծու’ կողմից (Բ Տիմոթէոս 3:16)։
Միայն այս սկզբունքը կիրառելով՝ արդեն իսկ կարող ենք ճանաչել, թե որ հնագույն ձեռագիրն է իսկապես Աստծու կողմից տրված։ Սերը նաև բնորոշում է ճշմարիտ երկրպագուներին, քանի որ նրանք ընդօրինակում են Աստծուն սեր ցուցաբերելու հարցում։
Ինչպես բնորոշել այն մարդկանց, ովքեր սիրում են Աստծուն
Այն, թե ովքեր են իսկապես սիրում Աստծուն, ակնհայտ է հատկապես այսօր, երբ մենք ապրում ենք, ինչպես Աստվածաշունչն է կոչում, վերջին օրերում։ Գնալով մարդիկ դառնում են «ինքնասէր, արծաթասէր.... աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր» (Բ Տիմոթէոս 3:1–4)։
Ինչպե՞ս կարող եք ճանաչել նրանց, ովքեր սիրում են Աստծուն։ Աստվածաշունչն ասում է. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք» (Ա Յովհաննէս 5:3)։ Աստծու հանդեպ սերը մղում է մարդկանց հարգել Աստվածաշնչի բարոյական չափանիշները։ Օրինակ՝ Աստծու Խոսքը պարունակում է ամուսնության և սեռական հարաբերության վերաբերյալ օրենքներ։ Սեռական հարաբերությունները թույլատրելի են միայն ամուսնացած զույգերի միջև, իսկ ամուսնությունը համարվում է հարատև կառույց (Մատթէոս 19:9; Եբրայեցիս 13:4)։ Երբ Իսպանիայում ապրող մի կին, որը աստվածաբանություն էր ուսումնասիրում, այցելեց Եհովայի վկաների ժողովի հանդիպումը, որտեղ նրանք ուսումնասիրում էին Աստվածաշնչի բարոյական չափանիշները, նա ասաց. «Դուրս գալով սրահից՝ ես ինձ բավարարված էի զգում ոչ միայն Գրությունները պարզաբանող ելույթների շնորհիվ, այլ նաև տեսնելով այդ մարդկանց միջև եղող միասնությունը, նրանց բարձր բարոյական չափանիշները և լավ վարքը»։
Բացի այն, որ ճշմարիտ քրիստոնյաները սիրում են Աստծուն, նրանք նաև հեշտությամբ բնորոշվում են իրենց մերձավորի հանդեպ ունեցած սիրով։ Այդ մարդկանց կարևորագույն գործը ուրիշներին Աստծու Թագավորության՝ մարդկության միակ հույսի մասին պատմելն է (Մատթէոս 24:14)։ Ուրիշ ոչ մի բան չի կարող տևական օգուտներ բերել նրանց մերձավորներին, քան Աստծու մասին գիտելիքներ փոխանցելը (Յովհաննէս 17:3)։ Ճշմարիտ քրիստոնյաները իրենց սերը դրսևորում են նաև այլ կերպերով։ Նրանք գործնական օգնություն են ցուցաբերում ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Օրինակ՝ երբ Իտալիայում երկրաշարժ եղավ, տեղի թերթերից մեկում տեղեկացվեց, որ Եհովայի վկաները «ձեռք են մեկնում նրանց, ովքեր դժվարության մեջ են, և չեն մտածում անգամ, թե այդ մարդիկ որ կրոնին են պատկանում»։
Աստծուն և մերձավորին սիրելուց բացի՝ ճշմարիտ քրիստոնյաները սիրում են նաև միմյանց։ Հիսուսն ասաց. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք: Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13:34, 35)։
Արդյո՞ք ճշմարիտ քրիստոնյաների միջև եղած սերը նկատելիորեն տարբերվում է։ Էմմա անունով մի սպասուհի այդպես էր մտածում։ Նա աշխատում է Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում, որտեղ էթնիկական ծագումը հաճախ բաժանում է հարուստներին աղքատներից։ Նա ասում է. «Երբ առաջին անգամ ներկա եղա Եհովայի վկաների հանդիպմանը, տեսա, թե ինչպես է լավ հագնված մի տղամարդ զրուցում մի հնդկուհու հետ։ Նման բան երբեք չէի տեսել։ Այդ պահին հասկացա, որ սա Աստծու ժողովուրդն է»։ Իսկ մի երիտասարդ բրազիլուհի, որի անունը Միրիամ է, ասաց. «Ես չգիտեի, թե ինչպես կարող եմ երջանիկ լինել, նույնիսկ իմ ընտանիքում։ Առաջին անգամ սիրո դրսևորում տեսա Եհովայի վկաների մեջ»։ Միացյալ Նահանգներում հեռուստատեսության համար աշխատող մի թերթի խմբագիր գրեց. «Եթե ավելի շատ մարդիկ ապրեին այնպես, ինչպես ձեր կրոնն է սովորեցնում, ապա մարդկությունը չէր լինի նման իրավիճակում։ Ես լրագրող եմ և գիտեմ, որ ձեր կազմակերպությունը հիմնված է սիրո և Ստեղծիչի հանդեպ ամուր հավատի վրա»։
Փնտրեք ճշմարիտ կրոնը
Սերը ճշմարիտ երկրպագության առանձնահատկություններից մեկն է։ Հիսուսը ճշմարիտ կրոնը գտնելը համեմատեց ճիշտ ճանապարհ գտնելու և այդ ճանապարհով քայլելու հետ։ Դա հավիտենական կյանքի առաջնորդող միակ ճանապարհն է։ Հիսուսն ասաց. «Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները: Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները» (Մատթէոս 7:13, 14)։ Ճշմարիտ քրիստոնյաների միայն մեկ խումբ է Աստծու հետ միավորված քայլում։ Ուստի կարևո՛ր է, թե որ կրոնն եք դուք ընտրում։ Եթե գտնեք այդ ճանապարհը և քայլեք դրանով, ապա կյանքի լավագույն ուղին գտած կլինեք, քանի որ այդ ճանապարհը սիրո ճանապարհ է (Եփեսացիս 4:1–4)։
Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսի՜ ուրախություն կարող եք ունենալ ճշմարիտ ճանապարհով քայլելիս։ Դա նման է Աստծու հետ քայլելուն։ Իսկ Աստծուց դուք կարող եք իմաստություն և սեր ստանալ, որի շնորհիվ մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ կունենաք։ Կարող եք իմանալ, թե որն է կյանքի իմաստը, թե ինչ խոստումներ է Աստված տալիս, ինչպես նաև ապագայի հույս ունենալ։ Դուք երբեք չեք զղջա, որ փնտրել եք ճշմարիտ կրոնը։
[նկար 5–րդ էջի վրա]
Հին կրոնական գրություններից միայն Աստվածաշունչն է բացահայտում Աստծու սերը
[նկար 7–րդ էջի վրա]
Ճշմարիտ քրիստոնյաները ճանաչվում են սեր դրսևորելու շնորհիվ