Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս հասկանալ Առակաց 24։27–ը։
«Առակաց» գրքում երիտասարդին խորհուրդ է տրվում. «Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ» (Առակ. 24։27)։ Ո՞րն է այս առակի իմաստը։
Նախկինում այս համարը երբեմն բացատըրվում էր այսպես. ամուսինը կամ տան հայրը պետք է ոչ միայն աշխատի, այլ նաև «շինի», կամ՝ կերտի իր ընտանիքը, օրինակ՝ հոգևոր կրթություն տալով։ Անշուշտ, նա պետք է այդպես վարվի, չէ՞ որ դա սուրբգրային պահանջ է։ Սակայն գլխավոր միտքը դա չէ։ Առակը ցույց է տալիս, որ ամուսնանալուց առաջ տղամարդը պետք է լավ նախապատրաստվի՝ հաշվի առնելով այն, թե ինչ լուրջ քայլ է նա պատրաստվում կատարել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
Նախ՝ այս համարում «շինել» բառը չի նշանակում կերտել, կամ՝ ամրացնել արդեն գոյություն ունեցող ընտանիքը։ Թեև այստեղ «շինել» բառը օգտագործված է բառացի իմաստով, այն ունի նաև փոխաբերական իմաստ, այն է՝ ստեղծել ընտանիք, ամուսնանալ, երեխաներ ունենալ։
Երկրորդ՝ համարը շեշտում է գործողությունների հերթականությունը. «Սկզբից այս արա, հետո՝ այն»։ Արդյոք առակն ուզո՞ւմ է ասել, որ մարդը սկզբից պետք է դրսի գործերն անի, հետո միայն զբաղվի հոգևոր գործերով։ Իհարկե ոչ։
Աստվածաշնչյան ժամանակներում, երբ տղամարդն ուզում էր «շինել [իր] տունը», կամ՝ ընտանիք կազմել, նա պետք է ինքն իրեն հարցներ. «Պատրա՞ստ եմ հոգ տանելու և աջակցելու կնոջս ու երեխաներիս»։ Մինչև ամուսնանալը նա պետք է աշխատեր՝ մշակեր դաշտը, հավաքեր բերքը և այլն։ Աստվածաշնչի թարգմանություններից մեկն այսպես է արտահայտում այս առակի իմաստը. «Մինչև չավարտես դաշտիդ աշխատանքը, և վստահ չլինես, որ կարող ես ապրուստ վաստակել, ընտանիք մի՛ կազմիր» (Today’s English Version)։ Կիրառելի՞ է այս համարի սկզբունքն այսօր։ Անշո՛ւշտ։
Երիտասարդ տղամարդը, որն ուզում է ամուսնանալ, պետք է պատրաստ լինի կատարելու դրա հետ կապված պարտականությունները։ Եթե նրա առողջությունը թույլ է տալիս, նա պետք է աշխատի։ Ինչ խոսք, տղամարդը պետք է հոգա իր ընտանիքի ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ և հոգևոր կարիքները։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այն տղամարդը, ով չի անում դա, անհավատից էլ վատն է (1 Տիմոթ. 5։8)։ Ուստի ամուսնանալուց առաջ նա պետք է իրեն տա հետևյալ հարցերը. «Կարո՞ղ եմ նյութապես ապահովել իմ ընտանիքը։ Պատրա՞ստ եմ հոգալու ընտանիքիս հոգևոր կարիքները։ Կկարողանա՞մ կնոջս և երեխաներիս հետ միասին Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն անցկացնել։ Աստծու Խոսքը հստակ բացատրում է, որ այդ պարտականությունները կատարելը անչափ կարևոր է (Բ Օրին. 6։6–8; Եփես. 6։4)։
Այն տղամարդը, որը կին է փնտրում, պետք է լրջորեն մտածի Առակաց 24։27–ում տրված սկզբունքի շուրջ։ Նույնը վերաբերում է և երիտասարդ կնոջը։ Նա պետք է ինքն իրեն հարցնի, թե պատրա՞ստ է արդյոք դառնալու լավ կին և մայր։ Երիտասարդ զույգը նույնպես կարող է մտածել այս սկզբունքի շուրջ երեխաներ ունենալու հարցը քննարկելիս (Ղուկ. 14։28)։ Հետևելով այս ներշնչյալ առաջնորդությանը՝ Աստծու ծառաները կխուսափեն շատ խնդիրներից և հաճույք կստանան ընտանեկան կյանքից։
[Մեջբերում 12–րդ էջի վրա]
Ինչի՞ մասին պետք է մտածի տղամարդը նախքան ամուսնանալը