14 սեպտեմբերի, կիրակի
Լիովին ըմբռնե[ք] ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ (Եփես. 3։18)։
Տուն գնելիս գուցե ցանկանաս անձամբ իմանալ քո ապագա տան հետ կապված ամեն մի մանրուք։ Նման մոտեցում կարող ենք ցուցաբերել նաև Աստվածաշունչը կարդալիս և ուսումնասիրելիս։ Եթե արագ կարդաս այն, պարզապես կծանոթանաս այնտեղ գրված հիմնական ճշմարտություններին՝ «Աստծու սուրբ խոսքի տարրական բաներին» (Եբր. 5։12)։ Բայց այդպես վարվելու փոխարեն «մտիր ներս» և ուշադրություն դարձրու բոլոր մանրամասներին։ Աստվածաշունչը լավագույնս ուսումնասիրելու կերպերից մեկն այն է, որ փորձես տեսնել, թե ինչպես են դրա տարբեր մասերը կապված իրար։ Փորձիր ոչ միայն հասկանալ, թե ինչին ես հավատում, այլ թե ինչու ես հավատում։ Աստծու Խոսքը լիովին հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք դրանում զետեղված խոր ճշմարտությունները։ Պողոս առաքյալը իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին հորդորեց ջանադրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, որ նրանք կարողանային «լիովին ըմբռնել ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ»։ Այդպիսով նրանք ավելի «խոր արմատներ կունենան և կանգնած կլինեն ամուր հիմքի»՝ իրենց հավատի հիմքի վրա (Եփես. 3։14-19)։ Մենք էլ պետք է նույնն անենք։ w23.10, էջ 18, պրբ. 1-3
15 սեպտեմբերի, երկուշաբթի
Եղբայրնե՛ր, տառապանքին դիմանալու և համբերատար լինելու հարցում ընդօրինակեք մարգարեներին, որոնք Եհովայի անունից խոսեցին (Հակ. 5։10)։
Աստվածաշնչում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Լավ կլինի՝ անձնական ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրես դրանք։ Օրինակ՝ թեև Դավիթը Իսրայելի թագավոր էր օծվել, երբ դեռ պատանի էր, բայց նախքան թագավոր դառնալը նա պետք է երկար տարիներ սպասեր։ Իսկ Սիմեոնն ու Աննան, մինչ սպասում էին խոստացված Մեսիային, հավատարմորեն շարունակում էին պաշտել Եհովային (Ղուկ. 2։25, 36-38)։ Նրանց օրինակներն ուսումնասիրելիս փորձիր գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչն է օգնել նրանց համբերություն դրսևորել։ Ի՞նչ օգուտներ են նրանք քաղել համբերատար լինելու շնորհիվ։ Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել նրանց»։ Դու կարող ես սովորել նաև այն մարդկանց օրինակներից, ովքեր համբերություն չեն դրսևորել (1 Սամ. 13։8-14)։ Դրանք ուսումնասիրելիս մտածիր այս հարցերի շուրջ. «Թերևս ի՞նչն է եղել նրանց անհամբերության պատճառը։ Ի՞նչ վատ հետևանքների է դա հանգեցրել»։ w23.08, էջ 25, պրբ. 15
16 սեպտեմբերի, երեքշաբթի
Մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը (Հովհ. 6։69)։
Պետրոս առաքյալը նվիրված մարդ էր. նա թույլ չտվեց, որ որևէ բան հետ պահի իրեն Հիսուսին հետևելուց։ Մի անգամ Պետրոսը փաստեց իր նվիրվածությունը, երբ Հիսուսն ասաց մի բան, ինչը նրա աշակերտները չհասկացան (Հովհ. 6։68)։ Առանց այդ մտքի բացատրությունը լսելու՝ շատերը դադարեցին Հիսուսին հետևելուց, բայց ոչ Պետրոսը։ Նա հասկանում էր, որ «հավիտենական կյանքի տանող խոսքերը» միայն Հիսուսն ունի։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսն ու մյուս առաքյալները լքելու էին իրեն։ Չնայած դրան՝ նա իր համոզվածությունն արտահայտեց այն բանում, որ Պետրոսը ոտքի կկանգնի և կշարունակի հավատարմորեն իրեն հետևել (Ղուկ. 22։31, 32)։ Հիսուսը հասկանում էր, որ «մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար» (Մարկ. 14։38)։ Ուստի անգամ երբ Պետրոսը ուրացավ նրան, նա ձեռք չքաշեց իր առաքյալից։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին, ակներևաբար, երբ նա մենակ էր (Մարկ. 16։7; Ղուկ. 24։34; 1 Կորնթ. 15։5)։ Դա պետք է որ անչափ քաջալերական լիներ վհատված առաքյալի համար։ w23.09, էջ 22, պրբ. 9-10