28 հոկտեմբերի, երեքշաբթի
[Եհովան ձեզ] հաստատուն կդարձնի (1 Պետ. 5։10)։
Թեև մենք հավատարմորեն ծառայում ենք Եհովային, բայց մյուս մարդկանց պես բախվում ենք դժվարությունների և առողջական խնդիրներ ենք ունենում։ Բացի այդ՝ Աստծուն ատող մարդիկ հակառակվում և հալածում են մեզ։ Ճիշտ է, Եհովան մեզ չի ազատում այսպիսի խնդիրներից, բայց խոստանում է օգնել (Ես. 41։10)։ Նրա աջակցությամբ մենք կարող ենք պահպանել մեր ուրախությունը, ճիշտ որոշումներ կայացնել և նվիրված մնալ նրան նույնիսկ դժվար իրավիճակներում։ Եհովան խոստանում է օգնել մեզ՝ տալով իր խաղաղությունը (Փիլիպ. 4։6, 7)։ Դա մտքի և սրտի հանդարտ վիճակն է, որը ունենում ենք Եհովայի հետ մտերիմ լինելու շնորհիվ։ Այն «վեր է մարդկային ամեն հասկացողությունից»։ Երբևէ եղե՞լ է, որ Եհովային ջերմեռանդորեն աղոթելուց հետո հանկարծակի աննկարագրելի հանգստություն զգաս։ Այդ զգացումը հենց Աստծու խաղաղությունն է։ w24.01, էջ 20, պրբ. 2; էջ 21, պրբ. 4
29 հոկտեմբերի, չորեքշաբթի
Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր, իմ ո՛ղջ էություն, նրա սուրբ անունը փառաբանիր (Սաղ. 103։1)։
Աստծու հանդեպ սերը մղում է հավատարիմ մարդկանց ողջ սրտով գովաբանելու նրա անունը։ Դավիթ թագավորը հասկանում էր, որ Աստծու անունը գովաբանել նշանակում է գովաբանել հենց Եհովային։ Աստծու անունը ներառում է նրա համբավը, ուստի այն մեզ հիշեցնում է նրա գեղեցիկ հատկությունների և զարմանահրաշ գործերի մասին։ Դավիթը սուրբ էր համարում իր երկնային Հոր անունը և գովաբանում էր այն։ Նա ուզում էր, որ իր «ողջ էությունը» գովաբանի Աստծուն, այսինքն՝ նա դա անի իր ամբողջ սրտով։ Ղևտացիները նույնպես առաջնորդություն էին վերցնում Եհովային գովաբանելու հարցում։ Նրանք խոնարհաբար ընդունում էին, որ իրենց խոսքերով երբեք չեն կարողանա Եհովայի սուրբ անվանը մատուցել այն գովաբանությունը, որին նա արժանի է (Նեեմ. 9։5)։ Անկասկած, խոնարհությամբ և սրտանց արված այդ գովաբանությունը ուրախացնում էր Եհովայի սիրտը։ w24.02, էջ 9, պրբ. 6
30 հոկտեմբերի, հինգշաբթի
Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով (Փիլիպ. 3։16)։
Եհովան քեզ ձախողակ չի համարի, եթե չես հասել մի նպատակի, որը պարզապես վեր է քո ուժերից (2 Կորնթ. 8։12)։ Խոչընդոտը սովորելու առիթ համարիր։ Մտածիր այն նպատակների մասին, որոնց արդեն հասել ես։ Աստվածաշունչն ասում է. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը» (Եբր. 6։10)։ Ուստի դու էլ մի՛ մոռացիր քո ձեռքբերումների մասին։ Մտածիր, թե ինչ նպատակների ես արդեն հասել։ Օրինակ՝ Եհովայի հետ մտերմանալը, նրա մասին ուրիշներին պատմելը կամ մկրտվելը։ Ինչպես անցյալում ես կարողացել հոգևորապես առաջադիմել և որոշ նպատակների հասնել, այնպես էլ շարունակիր ձգտել ներկայիս նպատակներիդ։ Եհովայի օգնությամբ դա հնարավոր է։ Նպատակներիդ հասնելու ճանապարհին մի՛ մոռացիր տեսնել, թե ինչպես է Եհովան օգնում և օրհնում քեզ (2 Կորնթ. 4։7)։ Եթե չհանձնվես, առատ օրհնություններ կքաղես (Գաղ. 6։9)։ w23.05, էջ 31, պրբ. 16-18