1 Կորնթացիներ
Պօղոսը ծանուցանում է թէ իր քարոզութիւնը մարդկային իմաստութիւնով չէ, այլ Աստուծոյ զօրութիւնովը։
2 Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու: 2 Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին: 3 Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ: 4 Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. 5 Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը: 6 Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին: 7 Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար: 8 Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ. 9 Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար: 10 Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ: 11 Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին: 12 Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ: 13 Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով: 14 Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում: 15 Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում: 16 Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք: