Ընդօրինակենք Եհովային՝ մեր անաչառ Աստծուն
«Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2։11)։
1, 2. ա) Ո՞րն էր Եհովայի նպատակը քանանացի ազգերի հետ կապված։ բ) Ի՞նչ արեց Եհովան, և դա ի՞նչ հարցեր է առաջ քաշում։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 1473 թ.–ին Իսրայել ազգը Մովաբի դաշտերում մեծ ուշադրությամբ ունկնդրում էր Մովսեսին։ Հորդանան գետի մյուս կողմում նրանց դժվարություններ էին սպասում։ Մովսեսը հայտարարեց Եհովայի նպատակի մասին՝ այն, որ իսրայելացիները ‘զարկելու’ էին Քանանի յոթ հզոր ազգերին, որոնք ապրում էին Ավետյաց երկրում։ Որքա՜ն քաջալերական էին Մովսեսի հետևյալ խոսքերը. «Քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը [կ]տայ, եւ դու նորանց [պետք է] զարկես»։ Իսրայելացիները չպետք է որևէ ուխտ կնքեին նրանց հետ. վերջիններս արժանի չէին բարեհաճ վերաբերմունքի (Բ Օրինաց 1։1; 7։1, 2)։
2 Սակայն Եհովան խնայեց մի ընտանիքի, որն ապրում էր իսրայելացիների կողմից գրոհի ենթարկված առաջին քաղաքում։ Չորս այլ քաղաքների բնակիչներ նույնպես պաշտպանություն գտան Եհովայի կողմից։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Եհովայի մասին ի՞նչ են մեզ սովորեցնում այն ուշագրավ իրադարձությունները, որոնց ընթացքում այս քանանացիները փրկություն ստացան։ Եվ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
Արձագանքներ Եհովայի անվան հռչակմանը
3, 4. Իսրայելացիների հաղթանակների լուրն ի՞նչ տպավորություն էր թողել Քանանի առանձին բնակիչների վրա։
3 Քառասուն տարիներ շարունակ, երբ իսրայելացիները նախքան Ավետյաց երկիր մտնելը գտնվում էին անապատում, Եհովան պաշտպանել էր իր ժողովրդին ու կռվել էր հանուն նրա։ Ավետյաց երկրի հարավային մասում իսրայելացիներին դեմ հանդիման դուրս եկավ քանանացի թագավոր Արադը։ Եհովայի օգնությամբ իսրայելացիները Հորմայի մոտ պարտության մատնեցին նրան ու նրա ժողովրդին (Թուոց 21։1–3)։ Հետո իսրայելացիները շրջանցեցին Եդովմի երկիրը և ուղղություն վերցրեցին դեպի հյուսիս՝ Մեռյալ ծովի հյուսիսարևելյան հատվածը։ Այստեղ, որ մի ժամանակ մովաբացիներն էին ապրում, այժմ հաստատվել էին ամորհացիները։ Ամորհացիների Սեհոն թագավորը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իրենց տարածքով։ Հասսայի մոտ, որն ակներևաբար գտնվում էր Առնոնի հեղեղատից հյուսիս, ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ էլ Սեհոնը կնքեց իր մահկանացուն (Թուոց 21։23, 24; Բ Օրինաց 2։30–33)։ Իսկ ավելի հյուսիս ապրող մյուս ամորհացիների վրա իշխում էր Բասանի թագավոր Ովգը։ Թեև Ովգը հսկա էր, նա չկարողացավ դիմադրել Եհովային։ Ովգը սպանվեց Եդրայիում (Թուոց 21։33–35; Բ Օրինաց 3։1–3, 11)։ Այս հաղթանակների լուրը, ինչպես նաև իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու մասին պատմությունները, անչափ տպավորել էին Քանանի առանձին բնակիչների։a
4 Անցնելով Հորդանանը՝ իսրայելացիները առաջին անգամ ոտք դրեցին Քանան և ճամբար զարկեցին Գաղգաղայում (Յեսու 4։9–19)։ Ոչ այնքան հեռու գտնվում էր Երիքովը՝ մի պարսպավոր քաղաք։ Այն, ինչ քանանացի Ռախաբը լսել էր Եհովայի կատարած գործերի մասին, մղեց այդ կնոջը հավատով վարվելու։ Դրա համար էլ, երբ Եհովան կործանեց Երիքովը, նա խնայեց նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվում էին նրա տանը (Յեսու 2։1–13; 6։17, 18; Յակոբոս 2։25)։
5. Ի՞նչը մղեց գաբավոնացիներին ‘խորամանկությամբ’ գործելու։
5 Այնուհետև իսրայելացիները Հորդանանի մոտակա ցածրադիր վայրերից սկսեցին բարձրանալ տարածաշրջանի կենտրոնական մասում գտնվող բլուրները։ Հետևելով Եհովայի առաջնորդությանը՝ Հեսուն Գայի քաղաքը գրավելու համար դիմեց դարանակալման մարտավարության (Յեսու, 8–րդ գլուխ)։ Այս քաղաքի գրավման մասին լուրը շատ քանանացի թագավորների ստիպեց միավորել ուժերը՝ պատերազմի դուրս գալու իսրայելացիների դեմ (Յեսու 9։1, 2)։ Մոտակա Գաբավոն քաղաքի բնակիչները, որ խևացիներ էին, այլ ձևով արձագանքեցին։ Յեսու 9։4–ում ասվում է. «Իրանք էլ խորամանկութիւն բանեցրին»։ Ռախաբի պես նրանք էլ էին լսել, թե ինչպես էր Եհովան փրկել իր ժողովրդին, երբ որ վերջինս դուրս էր գալիս Եգիպտոսից, և թե ինչպես էր Աստված ջախջախել Սեհոնին ու Ովգին (Յեսու 9։6–10)։ Գաբավոնացիները գիտակցում էին, որ անիմաստ է դիմադրություն ցույց տալ։ Ուստի հանուն Գաբավոնի ու մոտակա երեք քաղաքների՝ Կեփիրայի, Բերովթի ու Կարիաթարիմի, նրանք Գաղգաղա՝ Հեսուի մոտ մի պատվիրակություն ուղարկեցին, որի անդամներն իրենց ներկայացրեցին այնպես, իբր թե հեռու երկրից են եկել։ Այս ռազմական հնարքը իրեն արդարացրեց։ Հեսուն դաշինք կնքեց նրանց հետ, ինչը երաշխավորում էր նրանց փրկությունը։ Երեք օր անց Հեսուն և իսրայելացիները իմացան, որ իրենց խաբել են։ Բայց քանի որ նրանք Եհովայի անունով էին երդում արել և դաշինք կնքել, ուստի պահեցին այդ ուխտը (Յեսու 9։16–19)։ Հավանություն տվե՞ց Եհովան իսրայելացիների այդ քայլին։
6. Ինչպե՞ս Եհովան արձագանքեց այն դաշինքին, որ Հեսուն կնքեց գաբավոնացիների հետ։
6 Իսրայելացիները գաբավոնացիներին թույլ տվեցին դառնալու իրենց փայտահատներն ու ջրկիրները, և այդ գործերն անելու նույնիսկ «Տիրոջ սեղանի համար», որ գտնվում էր խորանում (Յեսու 9։21–27)։ Ավելին՝ երբ հինգ ամորհացի թագավորներ իրենց բանակներով եկան գաբավոնացիների վրա, Եհովան, հրաշք գործելով, միջամտեց։ Կարկուտից ավելի շատ թշնամի սպանվեց, քան Հեսուի զինվորների ձեռքով։ Եհովան նույնիսկ պատասխանեց Հեսուի այն խնդրանքին, որ արևն ու լուսինը կանգնեն այնքան ժամանակ, մինչև որ իրենք թշնամուն ամբողջովին ջախջախեն։ «Նորա պէս օր չ’եղաւ՝ ոչ առաջ եւ ոչ յետոյ,— նշեց Հեսուն,— որ Տէրը մարդի ձայնին լսեց. որովհետեւ Տէրը պատերազմեց Իսրայէլի համար» (Յեսու 10։1–14)։
7. Ո՞ր ճշմարտությունը փաստվեց որոշ քանանացիների դեպքում, որ ընդունում էր Պետրոսը։
7 Քանանացի Ռախաբը և նրա ընտանիքը, ինչպես նաև գաբավոնացիները, վախեցան Եհովայից ու համապատասխան քայլեր ձեռնարկեցին։ Ինչ որ պատահեց նրանց, պարզորոշ վկայում է այն ճշմարտության մասին, որի վերաբերյալ քրիստոնյա առաքյալ Պետրոսը հետագայում գրեց. «Աստուած աչառ չէ. այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք 10։34, 35)։
Աբրահամի ու Իսրայել ազգի հանդեպ
8, 9. Ինչպե՞ս է Եհովան անաչառություն հանդես բերել Աբրահամի ու Իսրայել ազգի հանդեպ։
8 Հակոբոս աշակերտը ուշադրություն դարձրեց Աստծո շնորհի վրա, որը Նա ցուցաբերել էր Աբրահամի ու նրա սերնդի հանդեպ։ Ոչ թե Աբրահամի ազգային ծագումը, այլ նրա հավատն էր, որ իրեն «Աստուծոյ բարեկամ» դարձրեց (Յակոբոս 2։23)։ Աբրահամի հավատն ու սերը Եհովայի հանդեպ նրա հետնորդներին օրհնություններ բերեցին (Բ Մնացորդաց 20։7)։ Եհովան Աբրահամին խոստացել էր. «Քեզ օրհնելով կ’օրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ»։ Բայց ուշադրություն դարձրեք, թե հաջորդ համարում նա ինչ խոստացավ. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։17, 18; Հռովմայեցիս 4։1–8)։
9 Ամենևին էլ աչառություն չանելով՝ Եհովան իսրայելացիների հանդեպ իր վարվելակերպով ցույց տվեց, թե ինչ կարող է անել իրեն հնազանդվողների համար։ Նման վարվելակերպը օրինակ է այն բանի, թե ինչպես է Եհովան հավատարմորեն սիրում իր անձնվեր ծառաներին։ Թեև Իսրայելը Եհովայի ‘սեփականությունն’ էր, դա չէր նշանակում, թե մյուս ժողովուրդները զրկված էին Աստծո բարեհաճությունից (Ելից 19։5; Բ Օրինաց 7։6–8)։ Ճիշտ է, Եհովան ազատել էր Իսրայելին Եգիպտոսի ստրկությունից և հայտարարել էր, որ ‘միայն նրանց է ճանաչում երկրի բոլոր ազգատոհմերից’, բայց նա Ամովս մարգարեի, ինչպեսև մյուսների միջոցով նաև խոստացել էր, որ մի հրաշալի հեռանկար է սպասում ‘բոլոր ազգերին’ (Ամովս 3։2; 9։11, 12; Եսայիա 2։2–4)։
Հիսուսը՝ անաչառ ուսուցիչը
10. Ինչպե՞ս Հիսուսն ընդօրինակեց իր Հորը անաչառություն դրսևորելու մեջ։
10 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը, որն իր Հոր ճշգրիտ ‘նկարագիրն’ է, ընդօրինակեց Եհովային անաչառություն դրսևորելու մեջ (Եբրայեցիս 1։3)։ Այդ ժամանակ նրա գլխավոր նպատակը ‘Իսրայելի տան կորած ոչխարները’ գտնելն էր։ Սակայն նա չխուսափեց վկայություն տալուց սամարացի կնոջը ջրհորի մոտ (Մատթէոս 15։24; Յովհաննէս 4։7–30)։ Նա նաև հրաշք գործեց, երբ խնդրանքով իրեն մոտեցավ բանակի մի սպա, ըստ երևույթին՝ ոչ հրեա (Ղուկաս 7։1–10)։ Նման մոտեցումը գումարվեց այն սիրուն, որը Հիսուսն իր գործերով ցույց էր տալիս Աստծո ժողովրդի հանդեպ։ Նրա աշակերտները նույնպես ամենուրեք քարոզում էին։ Պարզ դարձավ, որ Եհովայի օրհնությունը ստանալու համար չափանիշ է հանդիսանում ոչ թե անհատի ազգային պատկանելությունը, այլ նրա վերաբերմունքը։ Խոնարհ, ազնվասիրտ մարդիկ, որ ծարավ էին ճշմարտությանը, արձագանքեցին Թագավորության բարի լուրին։ Իսկ հպարտ ու ամբարտավան մարդիկ, հակառակը, արհամարհեցին Հիսուսին ու նրա բերած պատգամը։ «Գոհանում եմ քեզանից, հայր, երկնքի եւ երկրի Տէր,— բացականչեց Հիսուսը,— որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին» (Ղուկաս 10։21)։ Երբ մարդկանց հետ վարվելիս սիրո և հավատի սկզբունքներով ենք շարժվում, դրանով անաչառություն ենք դրսևորում՝ գիտենալով, որ այսպես Եհովայի հավանությանն ենք արժանանում։
11. Ինչպե՞ս էին վաղ քրիստոնեական ժողովի անդամները անաչառություն դրսևորում։
11 Վաղ քրիստոնեական ժողովում հրեաներն ու ոչ հրեաները հավասար էին։ «Փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին,— բացատրեց Պողոսը.— առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։ Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ»b (Հռովմայեցիս 2։10, 11)։ Որոշիչ հանգամանքը, թե արդյոք Եհովայի շնորհը նրանց օգուտներ կբերեր, ոչ թե նրանց ազգային ծագումն էր, այլ նրանց արձագանքը, երբ իմացան Եհովայի ու այն հեռանկարների մասին, որ բացվում էր նրանց առջև նրա Որդու՝ Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ (Յովհաննէս 3։16, 36)։ Պողոսը գրեց. «Նա չէ Հրէայ՝ որ դրսի երեւոյթով է, եւ այն չէ թլփատութիւնը՝ որ մարմնով դրսի երեւոյթով է. Այլ նա՝ որ ծածուկ Հրէայ է, եւ սրտի թլփատութիւնը հոգով՝ եւ ոչ թէ գրով»։ Այնուհետև՝ նա, բառախաղի դիմելով, որտեղ գործածեց նաև «հրեա» բառը (նշանակում է՝ «Հուդային պատկանող», այսինքն՝ գովաբանված), ավելացրեց. «Որի գովասանքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստուածանից» (Հռովմայեցիս 2։28, 29)։ Եհովան անաչառորեն է գովում։ Իսկ մե՞նք։
12. Յայտնութիւն 7։9–ում ի՞նչ հեռանկարի մասին է խոսվում, և ո՞ւմ համար է դա նախատեսված։
12 Ավելի ուշ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ հավատարիմ օծյալ քրիստոնյաներին, որոնք պատկերվում էին որպես 144 000 անձանցից բաղկացած մի հոգևոր ազգ՝ «կնքուած Իսրայէլի որդկանց ամեն ցեղերիցը»։ Սրանից հետո Հովհաննեսը տեսավ «մի շատ ժողովուրդ.... ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ» (Յայտնութիւն 7։4, 9)։ Ուստի ոչ մի էթնիկական խումբ կամ լեզու դուրս չի մնում մերօրյա քրիստոնեական ժողովից։ Ցանկացած անհատ, ինչպիսի ծագում էլ որ ունենա, հնարավորություն ունի վերապրելու գալիք ‘մեծ նեղությունը’ և նոր աշխարհում խմելու ‘կյանքի աղբյուրի կենսատու ջրից’ (ԱՆԹ) (Յայտնութիւն 7։14–17)։
Դրական արդյունքներ
13–15. ա) Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել ռասայական ու մշակութային տարբերությունները։ բ) Օրինակներով ցույց տվեք, թե ինչ օգուտներ կարող է բերել բարյացակամություն հանդես բերելը։
13 Եհովան մեզ լավ է ճանաչում, ինչպես լավ հայրն է ճանաչում իր երեխաներին։ Նման ձևով, երբ մենք, հետաքրքրություն հանդես բերելով ուրիշների մշակույթի ու ծագման հանդեպ, սկսում ենք ճանաչել նրանց, առկա տարբերությունները դառնում են ոչ կարևոր։ Ազգային խոչընդոտներն անհետանում են, բարեկամության ու սիրո կապերը՝ ամրապնդվում, ավելի միասնական ենք դառնում (Ա Կորնթացիս 9։19–23)։ Սա վառ կերպով երևում է միսիոներների գործունեությունից, որոնք ծառայում են օտար երկրներում։ Նրանք անհատապես հետաքրքրվում են տեղացիներով, և որպես արդյունք, միսիոներները շուտով հայտնաբերում են, որ իրենք շաղախվել են տեղի ժողովին (Փիլիպպեցիս 2։4)։
14 Անաչառ լինելը դրական արդյունքներ է բերում շատ երկրներում։ Եթովպացի Ակլիլուն իրեն միայնակ էր զգում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ Լոնդոնում։ Այդ զգացումն ավելի ուժեղացավ, ինչպես նա էր կարծում, օտարերկրացիների հանդեպ տեղացիների անբարյացակամությունից. մի բան, որ զգացվել է ժամանակակից Եվրոպայի շատ մեծ քաղաքներում։ Որքա՜ն փոխվեց նրա տեսակետը, երբ մի անգամ այցելեց Եհովայի վկաների Թագավորության սրահ, որտեղ քրիստոնեական հանդիպում էր անցկացվում։ Այնտեղ գտնվողները ողջունեցին նրան, և շատ չանցած նա իրեն զգաց ինչպես տանը։ Ակլիլուն արագորեն սկսեց խորացնել իր գիտելիքները Արարչի վերաբերյալ, ինչպես նաև ավելի ու ավելի երախտագիտությամբ լցվել նրա հանդեպ։ Շուտով նա հնարավորություններ էր փնտրում մասնակցելու այդ թաղամասում Թագավորության բարի լուրի տարածման գործին։ Իսկ երբ մի օր ծառայության ժամանակ նրա ընկերակիցը հարցրեց իրեն, թե այժմ ինչ նպատակներ է դրել, Ակլիլուն ուրախությամբ ասաց, որ հույս ունի իրենց լեզվով՝ ամհարերեն խոսող ժողովի անդամ դառնալ։ Երբ տեղի անգլիախոս ժողովի երեցներն իմացան այդ մասին, նրանք պատրաստակամորեն քայլեր ձեռնարկեցին, որ Ակլիլուի մայրենի լեզվով Աստվածաշնչի վրա հիմնված հանրային ելույթ ներկայացվի։ Հրավերներ ուղարկվեցին, ու բազմաթիվ օտարերկրացիներ ու տեղացիներ ներկա եղան Մեծ Բրիտանիայում ամհարերեն առաջին անգամ անցկացվող հանրային հանդիպմանը։ Այսօր այդ շրջանում կա մի բարգավաճող ժողով, որն իր մեջ միավորում է շատ եթովպացիների և ամհարերեն խոսող այլ մարդկանց։ Այս ժողովում շատերը հասկացել են, որ իրենց ոչինչ չի խանգարում Եհովայի կողմը բռնել ու դա խորհրդանշել քրիստոնեական մկրտությամբ (Գործք 8։26–36)։
15 Մարդիկ տարբեր առանձնահատկություններ ու ծագում ունեն։ Դրանք հիմք չեն տալիս, որ որևէ մեկն իրեն գերադաս կամ ստորադաս զգա ինչ–որ մեկի համեմատությամբ. դրանք ընդամենը տարբերություններ են։ Երբ Մալթա կղզում տեղի էր ունենում Եհովային նվիրված անձանց մկրտություն, միջոցառմանը ներկա տեղացի Վկաների ցնծությանը լրացնում էին Մեծ Բրիտանիայից եկածների ուրախության արցունքները։ Զգացումներ արտահայտեցին թե՛ մալթացիները և թե՛ բրիտանացիները, բայց նրանք դա յուրովի արեցին, և Եհովայի հանդեպ նրանց մեծ սերը ցեմենտեց այդ քրիստոնեական եղբայրության կապը (Սաղմոս 133։1, Արևմտ. Աստ.; Կողոսացիս 3։14)։
Հաղթահարենք կանխակալ հայացքները
16–18. Պատմեցեք մի դեպք, որը ցույց է տալիս, թե քրիստոնեական ժողովում ինչպես է հնարավոր հաղթահարել կանխակալ հայացքները։
16 Որքան մեր սերը Եհովայի ու մեր քրիստոնյա եղբայրների հանդեպ ավելի է խորանում, այնքան մենք կարող ենք ավելի ճիշտ ձևով ընդօրինակել Նրան այն հարցում, թե ինչպես ենք դիտում ուրիշներին։ Ցանկացած կանխակալ կարծիք, որ գուցե ունեցել ենք որևէ ազգի, ռասայի կամ մշակույթի վերաբերյալ, հնարավոր է հաղթահարել։ Օրինակ՝ քննենք Ալբերտի դեպքը։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում էր բրիտանական բանակում և գերվեց ճապոնացիների կողմից Սինգապուրի անկման ժամանակ՝ 1942 թ.–ին։ Այնուհետև նա մոտ երեք տարի աշխատեց «մահվան երկաթգծի» վրա՝ այն հատվածում, որը մոտ էր գտնվում հետագայում հայտնի դարձած այն կամրջին, որ գցվել էր Քխուենոյ գետի վրայով։ Պատերազմի վերջում, երբ Ալբերտը ազատվեց, նա 32 կիլոգրամ էր կշռում, նրա ծնոտն ու քիթը ջարդված էին, նա տառապում էր դիզենտերիայից, խուզող որքինից և մալարիայից։ Հազարավոր բանտարկյալներ նրանից ավելի վատ վիճակում էին, շատերն էլ կենդանի չմնացին։ Այն բոլոր գազանությունները, որ Ալբերտը տեսել և անձամբ իր վրա զգացել էր, դառնացրել էին նրա սիրտը, և նա, 1945 թ.–ին վերադառնալով տուն, ոչ մի հետաքրքրություն չուներ Աստծո կամ կրոնի հանդեպ։
17 Ալբերտի կինը՝ Այրինը, Եհովայի վկա դարձավ։ Կնոջը հաճեցնելու համար Ալբերտը հաճախեց տեղի Եհովայի վկաների ժողովի մի քանի հանդիպումներին։ Փոլ անունով մի երիտասարդ քրիստոնյա, որ լիաժամ ծառայող էր, այցելեց Ալբերտին՝ նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու նպատակով։ Ալբերտը շուտով հասկացավ, որ Եհովան անհատների մասին կարծիք է կազմում՝ նայելով նրանց սրտին։ Նա իր կյանքը նվիրեց Եհովային ու մկրտվեց։
18 Հետագայում Փոլը տեղափոխվեց Լոնդոն, սովորեց ճապոներեն ու սկսեց համագործակցել ճապոնախոս ժողովի հետ։ Նա իրենց ժողով եկած ճապոնացի Վկաներին առաջարկեց այցելել իր նախկին ժողովը։ Այս ժողովի եղբայրները հիշեցին, որ Ալբերտը խիստ կանխակալ հայացքներ ունի ճապոնացիների վերաբերյալ։ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո Ալբերտը խուսափել էր երես առ երես ճապոնացու հետ հանդիպելուց, և այժմ եղբայրներին հետաքրքիր էր, թե ինչպես նա կվարվեր։ Նրանք կարիք չունեին անհանգստանալու. Ալբերտը հյուրերի հանդեպ անսահման եղբայրական սեր ցույց տվեց (Ա Պետրոս 3։8, 9)։
«Լայնացէք»
19. Պողոսի ո՞ր խորհուրդը մեզ կօգնի, եթե ինչ–որ կերպ հակված ենք աչառության։
19 «Աչառութիւն ընելը աղեկ չէ»,— գրեց իմաստուն Սողոմոն թագավորը (Առակաց 28։21, Արևմտ. Աստ.)։ Հեշտ է մտերմություն զգալ նրանց հանդեպ, ում լավ ենք ճանաչում։ Բայց երբեմն հակված ենք լինում պակաս հետաքրքրվածություն հանդես բերել նրանց հանդեպ, ում լավ չենք ճանաչում։ Նման աչառությունը վայել չէ Եհովայի ծառային։ Միանշանակ է, որ լավ կլիներ, եթե բոլորս հետևենք Պողոսի հստակ խորհրդին՝ «լայնացէք», այո, լայնանանք տարբեր ծագում ունեցող հավատակիցների հանդեպ ցուցաբերած մեր սիրո մեջ (Բ Կորնթացիս 6։13)։
20. Կյանքի ո՞ր ոլորտներում պետք է ընդօրինակենք Եհովային՝ մեր անաչառ Աստծուն։
20 Անկախ այն բանից՝ երկնային կոչի թե երկրի վրա հավիտենական կյանքի հեռանկարի առանձնաշնորհումն ունենք, եթե անաչառ լինենք, ապա կկարողանանք վայելել մեկ Հովվի ներքո եղող մեկ հոտի միասնությունը (Եփեսացիս 4։4, 5, 16)։ Եհովային՝ մեր անաչառ Աստծուն, ընդօրինակելու հարցում ջանքեր թափելը կարող է օգնել մեզ քարոզչական ծառայության մեջ, ընտանիքում, ժողովում, այո՛, կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչպե՞ս։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։
[ծանոթագրություններ]
a Եհովայի անվան հռչակվելը հետագայում սուրբ երգերի թեմա դարձավ (Սաղմոս 135։8–11; 136։11–20)։
b Այստեղ «հույն» բառը վերաբերում է ընդհանրապես ոչ հրեաներին («Գրությունների ըմբռնում» հանրագիտարան, հատոր 1–ին, էջ 1004, անգլ.)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս Եհովան անաչառություն դրսևորեց Ռախաբի ու գաբավոնացիների հանդեպ։
• Ինչպե՞ս Հիսուսը անաչառություն դրսևորեց ուսուցանելու հետ կապված։
• Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարելու ցանկացած մշակութային կամ ռասայական կանխակալ հայացք։
[նկար 13–րդ էջի վրա]
Քանանի նվաճումը Իսրայելի կողմից սկսվում է
[նկար 15–րդ էջի վրա]
Հիսուսը չխուսափեց սամարացի կնոջը վկայություն տալուց
[նկար 16–րդ էջի վրա]
Ամհարերեն լեզվով անցկացվող հանրային հանդիպում Մեծ Բրիտանիայում
[նկար 16–րդ էջի վրա]
Սերը Եհովայի հանդեպ օգնեց Ալբերտին հաղթահարելու կանխակալ հայացքները