Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 մարտ էջ 20–25
  • Շարունակիր ապրել հավատով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակիր ապրել հավատով
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ
  • ԵՐԲ ԿՈՂԱԿԻՑ ԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ
  • ԵՐԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս փարատել կասկածները
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովային հաճելի որոշումներ կայացրու
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 մարտ էջ 20–25

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12

ԵՐԳ 119 Մենք պետք է հավատ ունենանք

Շարունակիր առաջնորդվել հավատով

«Մենք հավատով ենք ապրում, ոչ թե տեսանելի բաներով» (2 ԿՈՐՆԹ. 5։7)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Կարևոր որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հավատ դրսևորել։

1. Ի՞նչն էր պատճառը, որ Պողոսը, հետադարձ հայացք նետելով, խոր բավարարվածություն էր զգում։

ՊՈՂՈՍ առաքյալը հասկանում էր, որ շուտով մահապատժի է ենթարկվելու, բայց նա բոլոր պատճառներն ուներ խոր բավարարվածություն զգալու։ Հետադարձ հայացք նետելով՝ նա ասաց. «[Ես] ավարտել եմ մրցավազքը, հավատի մեջ ամուր եմ մնացել» (2 Տիմոթ. 4։6-8)։ Պողոսը իմաստուն որոշում էր կայացրել՝ իր կյանքը նվիրելով Եհովային ծառայելուն, և համոզված էր, որ այդպիսով հաճեցրել է նրան։ Մենք նույնպես կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել և ունենալ Աստծու հավանությունը։ Իսկ ի՞նչը կօգնի այդպես վարվել։

2. Ի՞նչ է նշանակում ապրել հավատով։

2 Պողոսը իր և այլ հավատարիմ քրիստոնյաների մասին ասաց. «Մենք հավատով ենք ապրում, ոչ թե տեսանելի բաներով» (2 Կորնթ. 5։7)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Երբ մարդը տեսանելի բաներով է ապրում, կամ՝ առաջնորդվում, որոշումներ է կայացնում՝ հիմնվելով միայն իր տեսածի, լսածի կամ զգացածի վրա։ Իսկ երբ ապրում է հավատով, որոշումներ է կայացնում՝ վստահելով Եհովա Աստծուն։ Նրա գործերից երևում է վստահությունն այն բանում, որ Աստված կվարձատրի իրեն, և որ նրա Խոսքում գրված խորհուրդներին հետևելը օգուտներ կբերի (Սաղ. 119։66; Եբր. 11։6)։

3. Ի՞նչ օգուտներ է բերում հավատով առաջնորդվելը (2 Կորնթացիներ 4։18)։

3 Ինչ խոսք, բոլորս էլ երբեմն որոշումներ ենք կայացնում՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ ընկալում ենք մեր զգայարաններով։ Բայց եթե կարևոր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնենք միայն մեր տեսածն ու լսածը, ամենայն հավանականությամբ խնդիրներ կունենանք։ Պատճառն այն է, որ մեր զգայարանները կարող են խաբել մեզ։ Անգամ եթե այդպես չլինի, միևնույն է, միայն տեսանելի բաներով առաջնորդվելով՝ ի վերջո գուցե անտեսենք Աստծու կամքը կամ ոտնահարենք նրա չափանիշները (Ժող. 11։9; Մատթ. 24։37-39)։ Սակայն, եթե առաջնորդվենք հավատով, այնպիսի որոշումներ կկայացնենք, որոնք «ընդունելի [կլինեն] Տիրոջը» (Եփես. 5։10)։ Աստծու խորհուրդներին հետևելը մեզ ներքին խաղաղություն կտա և իսկապես երջանիկ կդարձնի (Սաղ. 16։8, 9; Ես. 48։17, 18)։ Բացի այդ՝ հավատով առաջնորդվելու շնորհիվ մենք հավերժ կապրենք (կարդա 2 Կորնթացիներ 4։18)։

4. Ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ հավատո՞վ ենք առաջնորդվում, թե՞ տեսանելի բաներով։

4 Որպեսզի իմանանք՝ արդյոք հավատով ենք առաջնորդվում, թե տեսանելի բաներով, լավ կլինի՝ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչ գործոններ են ազդում մեր որոշումների վրա։ Արդյո՞ք միայն հիմնվում ենք տեսանելի բաների վրա, թե՞ վստահում ենք Եհովային ու առաջնորդվում նրա խորհուրդներով»։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք հավատով առաջնորդվել աշխատանք փնտրելիս, կողակից ընտրելիս և կազմակերպությունից առաջնորդություն ստանալիս։ Տեսնենք նաև, թե յուրաքանչյուր բնագավառի վերաբերյալ ինչ գործոններ պետք է հաշվի առնենք, որպեսզի իմաստուն որոշումներ կայացնենք։

ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

5. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնենք աշխատանք ընտրելիս։

5 Բոլորս էլ ցանկանում ենք բավականաչափ գումար վաստակել, որ կարողանանք հոգալ մեր և մեր ընտանիքի կարիքները (Ժող. 7։12; 1 Տիմոթ. 5։8)։ Որոշ աշխատանքներ լավ են վարձատրվում, ինչը հնարավորություն է տալիս հոգալ առօրյա կարիքները և որոշ գումար էլ մի կողմ դնել։ Այլ աշխատանքներ էլ քիչ են վարձատրվում, և մարդիկ հազիվ ծայրը ծայրին են հասցնում։ Հասկանալի է, որ աշխատանքի ընդունվելիս հաշվի ենք առնում աշխատավարձի չափը, սակայն եթե դա մեր որոշման վրա ազդող միակ գործոնն է, ապա դա ազդանշան է, որ գլխավորապես առաջնորդվում ենք տեսանելի բաներով։

6. Աշխատանքի ընտրության հարցում ինչպե՞ս կարող ենք առաջնորդվել հավատով (Եբրայեցիներ 13։5)։

6 Եթե հավատով ենք առաջնորդվում, հաշվի կառնենք, թե մեր ընտրած աշխատանքն ինչպես կանդրադառնա Եհովայի հետ ունեցած մեր ընկերության վրա։ Կարող ենք մտածել. «Այս գործն անելիս չե՞մ ներքաշվի այնպիսի բաների մեջ, որոնք Եհովան ատում է» (Առակ. 6։16-19)։ «Արդյոք այն կխանգարի՞ մասնակցել հոգևոր գործերին, կամ դրա պատճառով երկար ժամանակ հեռո՞ւ կլինեմ ընտանիքիցս» (Փիլիպ. 1։10)։ Եթե այս և նման հարցերի պատասխանները դրական են, իմաստուն չի լինի ընտրել այդ աշխատանքը, անգամ եթե հազիվ ես գտել այն։ Քանի որ առաջնորդվում ենք հավատով, այնպիսի որոշումներ ենք կայացնում, որոնք ցույց են տալիս մեր վստահությունն այն բանում, որ Եհովան այս կամ այն կերպ հոգ կտանի մեզ համար (Մատթ. 6։33; կարդա Եբրայեցիներ 13։5)։

7-8. Ինչի՞ց երևաց, որ Հարավային Ամերիկայում բնակվող մի եղբայր առաջնորդվում է հավատով (տես նաև նկարը)։

7 Հարավային Ամերիկայում բնակվող Խավիերa անունով մի եղբայր իր փորձով է համոզվել, թե որքան կարևոր է առաջնորդվել հավատով։ Նա պատմում է. «Ես դիմեցի մի աշխատանքի համար, որի դիմաց նախորդ աշխատանքիս համեմատ կրկնակի չափով էի վարձատրվելու, և այն ինձ շատ էր դուր գալիս»։ Բայց Խավիերը նաև ռահվիրա ծառայելու մեծ ցանկություն ուներ։ Նա ավելացնում է. «Աշխատանքի ընդունվելու համար ինձնից հարցազրույց պետք է վերցներ կազմակերպության գլխավոր մենեջերը։ Հարցազրույցից առաջ օգնության համար աղոթեցի Եհովային՝ վստահ լինելով, որ նա գիտի, թե ինչն է լավ ինձ համար։ Ուզում էի գործի մեջ առաջընթաց ունենալ, բայց չէի ուզում, որ դա ինձ խանգարի հասնել հոգևոր նպատակներիս»։

8 Խավիերն ասում է. «Հարցազրույցի ընթացքում մենեջերն ասաց, որ պարբերաբար պետք է արտաժամ մնամ։ Քաղաքավարի պատասխանեցի, որ չեմ կարող, քանի որ դա կխանգարի իմ ծառայությանը»։ Խավիերը հրաժարվեց այդ աշխատանքից և երկու շաբաթ անց ռահվիրայություն սկսեց։ Այդ տարի նա կես դրույքով աշխատանք գտավ։ Եղբայրն ասում է. «Եհովան լսեց աղոթքներս և օգնեց գտնել մի աշխատանք, որը չէր խանգարի ինձ ռահվիրա ծառայել։ Այժմ այնպիսի գործ ունեմ, որ կարողանում եմ ավելի շատ ծառայել Եհովային և հավատակիցներիս, ինչի համար անչափ ուրախ եմ»։

Տնօրենը մեր եղբորը, ով աշխատանքային հագուստով է, և ում թևի տակ պաշտպանիչ սաղավարտ կա, ցույց է տալիս թափուր գրասենյակը և առաջարկում պաշտոնի բարձրացում։

Եթե քեզ լավ վարձատրվող աշխատանք առաջարկեն, քո որոշումով ցույց կտա՞ս, որ վստահ ես՝ Եհովան գիտի, թե ինչն է քեզ համար լավ (տես պարբերություններ 7-8)


9. Ի՞նչ ես սովորում Թրեզորի օրինակից։

9 Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե հասկանում ենք, որ մեր աշխատանքը խանգարում է մեզ առաջնորդվել հավատով։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ապրող Թրեզորի օրինակը ուսանելի է մեզ համար։ Նա պատմում է. «Աշխատանքս «խոշոր շահում» էր։ Նախորդ աշխատանքիս համեմատ եռակի աշխատավարձ էի ստանում, և շատ հարգված էի»։ Սակայն արտաժամ աշխատելու պատճառով Թրեզորը պարբերաբար բաց էր թողնում ժողովները։ Բացի այդ՝ նրան ստիպում էին կոծկել անազնիվ գործերը։ Եղբայրը ցանկանում էր հեռանալ աշխատանքից, սակայն անհանգստանում էր, որ գործազուրկ կդառնա։ Նա պատմում է, թե ինչն ի վերջո օգնեց նրան. «Ամբակում 3։17-19 համարներն օգնեցին ինձ հասկանալու, որ անգամ եթե զրկվեմ եկամտիս աղբյուրից, Եհովան ինչ-որ կերպով անշուշտ հոգ կտանի ինձ համար։ Ուստի հեռացա աշխատանքից»։ Թրեզորն ասում է. «Շատ գործատերեր կարծում են, որ հանուն լավ աշխատավարձի՝ մարդ ամեն ինչ կզոհի, այդ թվում՝ հոգևոր գործերին և իր ընտանիքին հատկացվող ժամանակը։ Ուրախ եմ, որ պահպանեցի Եհովայի ու իմ ընտանիքի հետ ունեցած հարաբերություններս։ Մեկ տարի անց Եհովան օգնեց, որ կայուն աշխատանք գտնեմ, որի շնորհիվ համեստ կյանքով եմ ապրում և ավելի շատ ժամանակ եմ հատկացնում հոգևոր գործերին։ Եհովային պաշտելը առաջնային համարելով՝ գուցե ժամանակ առ ժամանակ ֆինանսական դժվարություններ ունենանք, սակայն նա անկասկած հոգ կտանի մեզ համար»։ Եթե վստահենք մեր երկնային Հոր խորհուրդներին ու խոստումներին, կշարունակենք հավատով առաջնորդվել և կօրհնվենք։

ԵՐԲ ԿՈՂԱԿԻՑ ԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ

10. Կողակից ընտրելիս ո՞ր դեպքում տեսանելի բաներով առաջնորդված կլինենք։

10 Ամուսնությունը Եհովայից տրված պարգև է, ուստի կողակից ունենալու ցանկությունը բնական է։ Կողակից ընտրելիս քույրը գուցե ուշադրություն դարձնի եղբոր բնավորությանը, արտաքինին, համբավին, ֆինանսական վիճակին, ընտանեկան պարտականություններին, և այն բանին, թե արդյոք նա կկարողանա երջանկացնել իրեն։b Ինչ խոսք, այս գործոնները կարևոր են։ Սակայն եթե նա միայն նշված բաները հաշվի առնի, առաջնորդված կլինի տեսանելի բաներով։

11. Կողակից ընտրելիս ինչպե՞ս կարող ենք հավատով առաջնորդվել (1 Կորնթացիներ 7։39)։

11 Եհովան հպարտանում է մեր այն հավատակիցներով, ովքեր կողակից ընտրելիս հետևում են իր խորհուրդներին։ Նրանք լուրջ են վերաբերվում այն հորդորին, որ պետք է սպասել՝ «երիտասարդության ծաղկունքի շրջանը» անցնի, հետո միայն մտածել ընկերություն անելու մասին (1 Կորնթ. 7։36)։ Կողակից ընտրելիս նրանք հիմնականում ուշադրություն են դարձնում, թե արդյոք տվյալ անհատը ունի այն հատկությունները, որոնք Եհովայի տեսանկյունից պետք է ունենա լավ ամուսինը կամ կինը (Առակ. 31։10-13, 26-28; Եփես. 5։33; 1 Տիմոթ. 5։8)։ Եթե ոչ Վկա անհատը ռոմանտիկ հետաքրքրվածություն է ցուցաբերում քրիստոնյայի հանդեպ, վերջինս հետևում է 1 Կորնթացիներ 7։39 համարում գրված «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու վերաբերյալ խորհրդին (կարդա)։ Նա շարունակում է առաջնորդվել հավատով՝ վստահ լինելով, որ Եհովայից լավ ոչ ոք չի կարող հոգ տանել իր զգացական կարիքների մասին (Սաղ. 55։22)։

12. Ի՞նչ ենք սովորում Ռոզայի օրինակից։

12 Ուշադրություն դարձնենք Կոլումբիայում ապրող մի ռահվիրա քրոջ՝ Ռոզայի օրինակին։ Աշխատանքի բերումով նա հաճախ շփվում էր մի ոչ Վկա տղամարդու հետ, ով սկսել էր հետաքրքրություն ցուցաբերել նրա հանդեպ։ Ռոզան համակրում էր նրան։ Նա ասում է. «Նա լավ մարդ էր երևում. օգնում էր իր շրջապատի մարդկանց և առողջ ապրելակերպ էր վարում։ Բացի այդ՝ ինձ լավ էր վերաբերվում։ Նա այնպիսի բնավորության գծեր ուներ, ինչպիսիք որ կցանկանայի տեսնել ամուսնուս մեջ։ Բայց... նա Վկա չէր»։ Քույրն ավելացնում է. «Հեշտ չէր մերժել մտերմություն անելու առաջարկը, քանի որ զգացմունքներս այլ բան էին թելադրում։ Այդ ժամանակ ես ինձ մենակ էի զգում և ուզում էի ամուսնանալ, բայց համապատասխան եղբոր չէի հանդիպում»։ Սակայն Ռոզան չկենտրոնացավ իր աչքի տեսածի վրա, այլ մտածեց, թե ինչպես իր որոշումը կազդի Եհովայի հետ ունեցած իր մտերմության վրա։ Ուստի դադարեց շփվել այդ տղամարդու հետ և զբաղված մնաց հոգևոր գործերով։ Դրանից կարճ ժամանակ հետո քույրը հրավիրվեց սովորելու Թագավորության քարոզիչների դպրոցում և այժմ հատուկ ռահվիրա է։ Նա ասում է. «Եհովան ինձ աննկարագրելի երջանկություն պարգևեց»։ Այո՛, հավատով առաջնորդվելը գուցե դժվար լինի այն իրավիճակներում, երբ սիրտդ հակառակն է թելադրում, բայց այդպես վարվելը միշտ օգուտներ է բերում։

ԵՐԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

13. Ի՞նչը գուցե մղի մեզ տեսանելի բաներով առաջնորդվել, երբ կազմակերպությունից առաջնորդություն ենք ստանում։

13 Հաճախ մենք առաջնորդություն ենք ստանում մեր ժողովի երեցների, շրջանային վերակացուների, մասնաճյուղի կամ էլ կառավարիչ մարմնի կողմից, ինչն օգնում է մեզ ճիշտ պաշտել Աստծուն։ Սակայն թերևս լինեն դեպքեր, երբ չհասկանանք, թե ինչու է այս կամ այն առաջնորդությունը տրվում, և սկսենք տեսնել միայն այն բացասական հետևանքները, որ գուցե կրենք՝ դրանց հետևելով։ Հնարավոր է՝ անգամ կենտրոնանանք առաջնորդություն տվող եղբայրների անկատարության վրա։

14. Ի՞նչը մեզ կօգնի հավատով առաջնորդվել, երբ առաջնորդություն ստանանք (Եբրայեցիներ 13։17)։

14 Երբ հավատով ենք առաջնորդվում, համոզված ենք լինում, որ Եհովան վերահսկում է իրավիճակը և գիտի մեր հանգամանքները։ Արդյունքում չենք հապաղում հնազանդվել և դա անում ենք պատրաստակամորեն (կարդա Եբրայեցիներ 13։17)։ Մենք գիտակցում ենք, որ հնազանդությամբ նպաստում ենք ժողովի միասնությանը (Եփես. 4։2, 3)։ Ու թեև առաջնորդող եղբայրներն անկատար են, բայց վստահ ենք, որ Եհովան կօրհնի մեզ հնազանդության համար (1 Սամ. 15։22)։ Ճիշտ ժամանակին նա կշտկի այն, ինչ անհրաժեշտ է շտկել (Միք. 7։7)։

15-16. Ի՞նչն օգնեց մի եղբոր առաջնորդվել հավատով՝ չնայած տրված առաջնորդության վերաբերյալ նրա ունեցած կասկածներին (տես նաև նկարը)։

15 Քննենք մի դեպք, որն ընդգծում է հավատով առաջնորդվելու օգուտը։ Պերուում, չնայած որ իսպաներենը լայնորեն տարածված է, բնակիչներից շատերը խոսում են բնիկների լեզուներով։ Դրանցից մեկը կեչուա լեզուն է։ Մի քանի տարի մեր կեչուախոս հավատակիցները այդ տարածքում փնտրում էին մարդկանց, ովքեր խոսում են կեչուա լեզվով։ Սակայն մարդկանց փնտրելու մեթոդում փոփոխություն եղավ, որպեսզի այն համապատասխանի երկրի նոր օրենքներին (Հռոմ. 13։1)։ Ոմանք սկսեցին կասկածել, որ այդ տարածքում նոր մեթոդը արդյունավետ կլինի։ Բայց երբ եղբայրները կիրառեցին այն, Եհովան օրհնեց կեչուախոս մարդկանց փնտրելու ուղղությամբ նրանց ներդրած ջանքերը։

16 Քևին անունով մի երեց, որը ծառայում է կեչուախոս ժողովում, նույնպես նման մտավախություն ուներ։ Նա բացատրում է. «Ես մտածում էի. «Բա հիմա ինչպե՞ս ենք գտնելու կեչուախոս մարդկանց»»։ Ի՞նչ արեց Քևինը։ «Ես խորհեցի Առակներ 3։5-ի շուրջ,– ասում է նա,– և մտածեցի Մովսեսի մասին։ Նա իսրայելացիներին պետք է դուրս բերեր Եգիպտոսից՝ տանելով թվացյալ փակուղի, ինչի արդյունքում նրանք հեշտությամբ եգիպտացիների զոհը կդառնային։ Սակայն նա հնազանդվեց, ու Եհովան օրհնեց նրան՝ մի ցնցող հրաշք անելով» (Ելք 14։1, 2, 9-11, 21, 22)։ Քևինը կիրառեց նոր մեթոդը։ Նա ասում է. «Ես ապշել էի, թե Եհովան ինչպես օրհնեց մեզ։ Առաջ մենք շատ տարածքներ էինք անցնում քարոզելու համար և երբեմն միայն մեկ կամ երկու կեչուախոս մարդու էինք հանդիպում։ Հիմա կոնկրետ գնում ենք այն տարածքներ, որտեղ կեչուախոս շատ մարդիկ կան։ Արդյունքում շատերի հետ ենք զրուցում, բազմաթիվ վերայցելություններ ենք անում և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։ Ժողով եկողների թիվն էլ մեծացել է»։ Իսկապես, երբ հավատով ենք առաջնորդվում, Եհովան միշտ վարձատրում է։

Վկա զույգը ծառայության ժամանակ խոսում է կեչուախոս մարդու հետ։ Նա նրանց ցույց է տալիս մեկ ուրիշ կեչուախոս մարդու տունը։

Եղբայրները հանդիպեցին շատ մարդկանց, ովքեր ցույց տվեցին, թե որտեղ կարող են գտնել կեչուախոսների (տես պարբերություններ 15-16)


17. Ի՞նչ սովորեցիր այս հոդվածից։

17 Մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես կարող ենք երեք կարևոր ոլորտներում առաջնորդվել հավատով։ Բայց, ինչ խոսք, հավատով առաջնորդվել հարկավոր է կյանքի բոլոր ոլորտներում՝ զվարճության և հանգստի ձև ընտրելիս, կրթության կամ երեխաներին դաստիարակելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս և այլն։ Ինչ որոշումներ էլ որ կայացնենք, պետք է առաջնորդվենք՝ հիմնվելով ոչ միայն մեր տեսածի վրա, այլև Եհովայի հետ մեր ունեցած հարաբերությունների, նրա խորհուրդների, ինչպես նաև մեզ հոգ տանելու մասին նրա տված խոստման վրա։ Եթե այդպես վարվենք, «մեր Աստված Եհովայի անունով կընթանանք դարեդար, հավիտյան» (Միք. 4։5)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՀԱՎԱՏՈՎ, ԵՐԲ՝

  • աշխատանք ենք փնտրում,

  • կողակից ենք ընտրում,

  • կազմակերպությունից առաջնորդություն ենք ստանում։

ԵՐԳ 156 Հավատն է հուր

a Որոշ անուններ փոխված են։

b Թեև այս պարբերությունը վերաբերում է ամուսնանալ ցանկացող քրոջը, սակայն նույն խորհուրդները վերաբերում են նաև ամուսնանալ ցանկացող եղբորը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը