Ընդօրինակենք Հիսուսին, քարոզենք համարձակությամբ
«Մենք համարձակությամբ լցվեցինք բարի լուրը.... ձեզ հայտնելու համար» (1 ԹԵՍԱՂ. 2։2)։
1. Ինչո՞ւ է Թագավորության մասին բարի լուրը գրավիչ։
ՀԱՃԵԼԻ է, երբ լավ լուր ես լսում։ Իսկ ո՞րն է ամենալավ լուրը։ Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Ինչո՞ւ։ Այն վստահեցնում է մեզ, որ տառապանքը, հիվանդությունը, ցավը, վիշտը և մահը կվերանան։ Բարի լուրն ազդարարում է հավիտենական կյանքի հնարավորության մասին, ցույց է տալիս, թե որն է Աստծու նպատակը, և թե ինչպես կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ հաստատել նրա հետ։ Թվում է, թե ամեն մարդ պետք է ուրախ լինի լսելու այդ լուրը, որը Հիսուսն ասել է մարդկանց։ Բայց, ցավոք, այդպես չէ։
2. Բացատրիր, թե ինչ են նշանակում Հիսուսի խոսքերը. «Ես եկել եմ բաժանելու»։
2 Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի՛ կարծեք, թե ես եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա. ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր։ Որովհետև ես եկել եմ բաժանելու տղային իր հորից, աղջկան իր մորից և հարսին իր սկեսրոջից։ Այո՛, մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն» (Մատթ. 10։34–36)։ Բարի լուրն ուրախությամբ ընդունելու փոխարեն՝ մարդկանց մեծ մասը մերժում է այն։ Ոմանք էլ թշնամանում են լուրը հռչակողների դեմ, նույնիսկ եթե նրանց ընտանիքի անդամ են։
3. Ի՞նչ է մեզ անհրաժեշտ քարոզելու գործը կատարելու համար։
3 Մենք հռչակում ենք այն նույն ճշմարտությունները, որ Հիսուսն էր հռչակում։ Մարդիկ այսօր էլ արձագանքում են այնպես, ինչպես այն ժամանակ։ Սա մեզ համար անսպասելի չէ։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ծառան մեծ չէ իր տիրոջից։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Շատ երկրներում չկա բացահայտ հալածանք, բայց կա արհամարհանք և անտարբերություն։ Հետևաբար, որպեսզի շարունակենք համարձակությամբ քարոզել բարի լուրը, մեզ անհրաժեշտ է հավատ և քաջություն (կարդա՛ 2 Պետրոս 1։5–8)։
4. Ինչո՞ւ էր Պողոսին համարձակություն անհրաժեշտ քարոզչությունը շարունակելու համար։
4 Հավանաբար, երբեմն զգում ես, որ դժվար է մասնակցել ծառայությանը, կամ գուցե վախենում ես քարոզչության որոշակի ձևերի մասնակցելուց։ Նման զգացումներ ունենում են նաև ուրիշ հավատարիմ քարոզիչներ։ Պողոս առաքյալը համարձակ և անվախ քարոզիչ էր, շատ լավ էր հասկանում ճշմարտությունը, բայց անգամ նրա համար երբեմն հեշտ չէր քարոզել։ Թեսաղոնիկեցի քրիստոնյաներին նա գրեց. «Սկզբում Փիլիպպեում չարչարանքներ կրելուց և անարգվելուց հետո (ինչը որ դուք արդեն գիտեք) մեր Աստծու շնորհիվ մենք համարձակությամբ լցվեցինք Աստծու բարի լուրը մեծ պայքարով ձեզ հայտնելու համար» (1 Թեսաղ. 2։2)։ Փիլիպպեում իշխանությունները Պողոսին ու նրա ընկերակից Շիղային ճիպոտահարեցին, հետո գցեցին բանտ ու նրանց ոտքերը կոճղերի մեջ դրեցին (Գործ. 16։16–24)։ Այնուամենայնիվ, Պողոսն ու Շիղան «համարձակությամբ լցվեցին» և շարունակեցին քարոզել։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ լցվել համարձակությամբ։ Նախ քննենք, թե ինչն օգնեց Աստծու վաղեմի ծառաներին համարձակությամբ խոսելու Եհովայի մասին, և հետո կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց։
Համարձակ՝ չնայած թշնամանքին
5. Ինչո՞ւ բոլոր նրանք, ովքեր նվիրված էին Եհովային, պետք է համարձակ լինեին։
5 Համարձակության և քաջության լավագույն օրինակը, անկասկած, Հիսուս Քրիստոսն է։ Սակայն օրինակելի համարձակություն են դրսևորել նաև Եհովայի մյուս ծառաները՝ սկսած մարդկության պատմության սկզբից մինչև մեր օրերը։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ դրսևորել այդ հատկությունը։ Եդեմի ապստամբությունից հետո Եհովան կանխագուշակեց, որ թշնամություն է լինելու իր ծառաների ու Սատանային ծառայողների միջև (Ծննդ. 3։15)։ Այդ թշնամությունը արագորեն ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ Աբելը, որ արդար մարդ էր, սպանվեց եղբոր կողմից։ Հետագայում թշնամական վերաբերմունքի արժանացավ Ենովքը՝ մեկ այլ հավատարիմ մարդ, որ ապրել է Ջրհեղեղից առաջ։ Նա մարգարեացավ, որ Աստված գալու է իր բյուրավոր սրբերով՝ դատաստան տեսնելու անաստվածների հետ (Հուդա 14, 15)։ Իհարկե, նրա խոսքերը դուր չեկան մարդկանց։ Նրանք ատեցին Ենովքին և, ըստ ամենայնի, կսպանեին, եթե Եհովան «չառներ» նրան։ Որքա՜ն համարձակ էր Ենովքը (Ծննդ. 5։21–24)։
6. Ինչո՞ւ էր Մովսեսին համարձակություն անհրաժեշտ փարավոնի հետ խոսելու համար։
6 Մովսեսը նույնպես համարձակ էր։ Նա անվախորեն խոսեց փարավոնի հետ, մի կառավարիչ, որը համարվում էր ոչ միայն աստվածների ներկայացուցիչ, այլև հենց աստված՝ արևի աստված Ռայի որդին։ Հնարավոր է՝ նա, մյուս փարավոնների նման, երկրպագում էր իր իսկ պատկերին։ Փարավոնի խոսքը օրենք էր։ Լինելով հպարտ, ամբարտավան ու համառ՝ նա սովոր չէր շարժվելու ուրիշների ասածով։ Հենց այսպիսի մարդու առջև մի քանի անգամ կանգնեց Մովսեսը՝ մի հեզ հովիվ, որին ո՛չ հրավիրել էին, ո՛չ էլ ուզում էին տեսնել։ Ի՞նչ կանխագուշակեց Մովսեսը։ Ավերիչ պատուհասներ։ Իսկ ի՞նչ նա պահանջեց։ Թույլտվություն, որ փարավոնի մի քանի միլիոն ստրուկներ հեռանան երկրից։ Համարձակության կարիք ունե՞ր Մովսեսը։ Իհա՛րկե (Թուոց 12։3; Եբր. 11։27)։
7, 8. ա) Ի՞նչ փորձությունների միջով են անցել նախաքրիստոնեական շրջանի հավատարիմ ծառաները։ բ) Ի՞նչն է օգնել նրանց, որ համարձակորեն թիկունք կանգնեն ճշմարիտ երկրպագությանը։
7 Դրանից հետո էլ Աստծու մարգարեներն ու մյուս հավատարիմ ծառաները շարունակել են համարձակորեն թիկունք կանգնել ճշմարիտ երկրպագությանը։ Սատանայի աշխարհը բարյացակամ չի եղել նրանց հանդեպ։ Պողոսը գրեց. «Նրանք քարկոծվեցին, փորձվեցին, սղոցվեցին, սրով մորթվելով մահացան, ոչխարի և այծի մորթիներով ման եկան, կարիքի ու նեղության մեջ եղան, դաժան վերաբերմունքի արժանացան» (Եբր. 11։37)։ Ի՞նչը օգնեց այդ նվիրված ծառաներին մնալու անսասան։ Այս խոսքերից առաջ առաքյալը նշեց, թե ինչն է Աբելին, Աբրահամին, Սառային և մյուսներին զորացրել դժվարությունների ժամանակ։ Նա գրեց. «Չստացան խոստացված բաները, սակայն նրանք հեռվից [հավատի աչքերով] տեսան դրանք և ողջունեցին» (Եբր. 11։13)։ Անկասկած, այնպիսի մարգարեներ, ինչպիսիք Եղիան ու Երեմիան էին, նաև նախաքրիստոնեական ժամանակների հավատարիմները, որոնք համարձակորեն պաշտպանել են ճշմարիտ երկրպագությունը, նույնպես զորացել են՝ իրենց աչքերը հառելով Եհովայի խոստումներին (Տիտոս 1։2)։
8 Աստծու այս ծառաները իրենց հայացքը ուղղել էին դեպի պայծառ ապագան։ Նոր աշխարհում հարություն առնելուց հետո նրանք կհասնեն կատարելության և Հիսուս Քրիստոսի ու 144 000–ի քահանայական ծառայության շնորհիվ «ազատ կարձակվեն ապականության ծառայությունից» (Հռոմ. 8։21)։ Եհովայի հավաստիացումները նույնպես համարձակություն էին տալիս Երեմիային և Աստծու վաղեմի մյուս ծառաներին։ Օրինակ՝ Եհովան Երեմիային վստահեցրեց. «Նորանք կ’պատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ» (Երեմ. 1։19)։ Այսօր մենք ևս զորանում ենք, երբ խորհրդածում ենք Աստծու այն խոստումների շուրջ, որոնք վերաբերում են մեր ապագային ու հոգևոր պաշտպանությանը (Առակ. 2։7; կարդա՛ 2 Կորնթացիներ 4։17, 18)։
Սերը մղում էր Հիսուսին համարձակորեն քարոզելու
9, 10. Ինչպե՞ս Հիսուսը համարձակություն դրսևորեց՝ ա) կրոնական առաջնորդների, բ) զինվորների, գ) քահանայապետի, դ) Պիղատոսի առաջ։
9 Մեր Օրինակը՝ Հիսուս Քրիստոսը, համարձակություն է դրսևորել ամենատարբեր իրավիճակներում։ Չնայած որ իշխանավոր և ազդեցիկ մարդիկ ատում էին նրան, նա չէր վախենում Աստծու խոսքը մարդկանց հայտնելուց։ Հիսուսը անվախորեն քողազերծեց հզոր կրոնական առաջնորդների ինքնահավանությունն ու մեծամտությունը և քննադատեց նրանց կեղծ ուսմունքներ սովորեցնելու համար։ Այդ մարդիկ արդեն դատապարտված էին, և Հիսուսը միանգամայն պարզ ու հստակ բառերով բնորոշեց նրանց։ Մի անգամ նա ասաց. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք թեև դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքրությամբ։ Այդպես էլ դուք. թեև դրսից արդար եք երևում մարդկանց, բայց ներսից լիքն եք կեղծավորությամբ ու անօրենությամբ» (Մատթ. 23։27, 28)։
10 Հիսուսը չթաքնվեց Գեթսեմանի պարտեզ եկած զինվորներից, այլ համարձակորեն հայտնեց իր ով լինելը (Հովհ. 18։3–8)։ Հիսուսին բռնեցին ու տարան Սինեդրիոն, որտեղ նրան հարցաքննեց քահանայապետը։ Թեև նա գիտեր, որ քահանայապետը իրեն սպանելու պատրվակ է փնտրում, սակայն անվախորեն հաստատեց, որ ինքն է Քրիստոսը և Աստծու Որդին։ Նաև ավելացրեց, որ նրանք կտեսնեն իրեն «զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերով գալիս» (Մարկ. 14։53, 57–65)։ Դրանից կարճ ժամանակ անց Քրիստոսը կանգնեց Պիղատոսի առաջ, որը իշխանություն ուներ նրան ազատելու։ Բայց Հիսուսը չպատասխանեց իր դեմ բարձրացված մեղադրանքներին (Մարկ. 15։1–5)։ Այդպես վարվելու համար, ինչ խոսք, մեծ քաջություն էր պետք։
11. Ինչպե՞ս է համարձակությունը կապված սիրո հետ։
11 Հիսուսը Պիղատոսին ասաց. «Ես հենց այս բանի համար ծնվեցի ու եկա աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (Հովհ. 18։37)։ Եհովան Հիսուսին հանձնարարել էր քարոզել բարի լուրը, և վերջինս հաճույքով դա արեց, որովհետև սիրում էր իր երկնային Հորը (Ղուկ. 4։18, 19)։ Հիսուսը նաև սիրում էր մարդկանց. նա գիտեր, որ նրանց կյանքը ծանր է։ Մենք պետք է ընդօրինակենք նրան։ Քարոզչության մեջ մեր համարձակությունը ևս պետք է բխի Աստծու և մերձավորի հանդեպ ունեցած սիրուց (Մատթ. 22։36–40)։
Սուրբ ոգին օգնում է քարոզելու համարձակորեն
12. Ի՞նչը ուրախություն պատճառեց Հիսուսի աշակերտներին։
12 Հիսուսի մահից մի քանի շաբաթ անց նրա աշակերտները տեսան, թե ինչպես է Եհովան ավելացնում փրկվողների թիվը։ Սա նրանց մեծ ուրախություն պատճառեց։ Ընդամենը մեկ օրում մկրտվեցին մոտ 3 000 հրեաներ և պրոզելիտներ, որոնք տարբեր երկրներից եկել էին Երուսաղեմ՝ տոնելու Պենտեկոստեն։ Հավանաբար, ամբողջ քաղաքը խոսում էր այդ իրադարձության մասին։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն հոգու վրա վախ էր ընկել, և շատ զարմանալի բաներ ու նշաններ էին կատարվում առաքյալների միջոցով» (Գործ. 2։41, 43)։
13. Ինչո՞ւ եղբայրներն աղոթեցին համարձակություն ստանալու համար, և Եհովան ինչպե՞ս պատասխանեց։
13 Այս ամենից գազազած՝ կրոնական առաջնորդները ձերբակալեցին Պետրոսին ու Հովհաննեսին և գիշերը պահեցին բանտում։ Նրանք առաքյալներին հրամայեցին այլևս չխոսել Հիսուսի մասին։ Ազատ արձակվելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը գնացին եղբայրների մոտ և պատմեցին, թե ինչ է պատահել։ Նրանք միասին աղոթեցին Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Եհովա, ....քո խոսքը քո ծառաներին ամենայն համարձակությամբ խոսել տուր»։ Եհովան պատասխանեց նրանց աղոթքին. «բոլորը սուրբ ոգով լցվեցին և համարձակությամբ Աստծու խոսքն էին խոսում» (Գործ. 4։23–31)։
14. Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում մեզ քարոզչության մեջ։
14 Նկատենք, որ Եհովայի սուրբ ոգի՛ն՝ այդ հզոր ուժը, օգնեց աշակերտներին Աստծու խոսքը խոսելու համարձակությամբ։ Մեզ Եհովան է համարձակություն տալիս, որ ճշմարտությունը պատմենք մարդկանց, այդ թվում նաև հակառակորդներին։ Եհովան պատրաստ է տալու մեզ իր ոգին և կտա էլ, եթե խնդրենք նրան։ Աստված մեզ կտա քաջություն, ինչի շնորհիվ կկարողանանք դիմանալ հակառակությանը (կարդա՛ Սաղմոս 138։3)։
Այսօր քրիստոնյաները քարոզում են համարձակորեն
15. Ինչպե՞ս է այսօր ճշմարտությունը բաժանում մարդկանց։
15 Մեր օրերում ևս ճշմարտությունը շարունակում է բաժանել մարդկանց։ Ոմանք արձագանքում են դրականորեն, մինչդեռ մյուսները չեն ուզում հասկանալ կամ ընդունել այն, թե ինչպես ենք մենք երկրպագում Աստծուն։ Ուրիշները քննադատում են, ծաղրում և նույնիսկ ատում են մեզ, ճիշտ այնպես, ինչպես որ կանխագուշակել էր Հիսուսը (Մատթ. 10։22)։ Երբեմն էլ մեր մասին զանգվածային լրատվամիջոցներով տարածում են ստեր և չարամիտ լուրեր (Սաղ. 109։1–3)։ Չնայած այս ամենին՝ Եհովայի ժողովուրդը շարունակում է համարձակորեն հռչակել բարի լուրը։
16. Օրինակով բացատրիր, թե համարձակությունն ինչպես կարող է փոխել այն մարդկանց տեսակետը, ում քարոզում ենք։
16 Մեր համարձակությունը կարող է մարդկանց մղել փոխելու իրենց տեսակետը Թագավորության լուրի հանդեպ։ Մի քույր (Ղրղզստան) պատմում է. Տնետուն ծառայության ժամանակ մի մարդ ինձ սպառնաց. «Ես հավատում եմ Աստծուն, բայց ոչ քրիստոնյաների Աստծուն։ Եթե մի անգամ էլ գաս այստեղ, շունս բաց կթողնեմ քեզ վրա»։ Նրա հետևում նկատեցի շղթայով կապված մի մեծ բուլդոգի։ «Կեղծ կրոնի վերջը մո՛տ է» թերթիկի («Թագավորության լուրը», №37) քարոզարշավի ժամանակ որոշեցի վերադառնալ այդ նույն տունը, հույսով, որ տնեցիներից մեկ ուրիշի կհանդիպեմ։ Բայց դուռը բացեց այդ նույն մարդը։ Անմիջապես աղոթեցի Եհովային ու ասացի. «Բարև ձեզ։ Ես հիշում եմ երեք օր առաջ տեղի ունեցած մեր զրույցը, հիշում եմ նաև, որ դուք շուն ունեք։ Գիտեք, չկարողացա անտարբեր անցնել Ձեր տան մոտով, որովհետև, ինչպես որ Դուք, ես էլ հավատում եմ մեկ ճշմարիտ Աստծու։ Նա շուտով կպատժի այն կրոններին, որոնք անպատվում են իրեն։ Դուք կարող եք ավելի շատ բան իմանալ այդ մասին՝ կարդալով այս թերթիկը»։ Ի զարմանս ինձ՝ նա վերցրեց այն։ Ես գնացի մեկ ուրիշ տան ուղղությամբ։ Բայց մի քանի րոպե անց այդ մարդը վազելով մոտեցավ ինձ՝ թերթիկը ձեռքին։ «Ես կարդացի,— ասաց նա։— Ի՞նչ պետք է անեմ, որ Աստծու բարկությունը չգա ինձ վրա»։ Այդ մարդը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովի հանդիպումներին»։
17. Ինչպե՞ս քրոջ քաջությունը զորացրեց Աստվածաշունչ ուսումնասիրողին, որը վախենում էր մարդկանցից։
17 Մեր համարձակությունը կարող է նաև քաջալերել ուրիշներին, որ իրենք էլ համարձակ լինեն։ Մի քույր (Ռուսաստան) ավտոբուսում մի կնոջ պարբերագիր առաջարկեց։ Այդ պահին մի տղամարդ վեր ցատկեց տեղից, ճանկեց պարբերագիրը քրոջ ձեռքից, ճմռթեց այն ու շպրտեց գետին։ Բարձրաձայն հայհոյելով՝ նա քրոջից պահանջեց նրա հասցեն և զգուշացրեց, որ այլևս չքարոզի գյուղում։ Քույրը աղոթեց Եհովային ու ինքն իրեն հիշեցրեց Հիսուսի խոսքերը. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը» (Մատթ. 10։28)։ Հանդարտություն պահպանելով՝ նա տեղից վեր կացավ ու այդ մարդուն ասաց. «Ես չեմ տա իմ հասցեն ու կշարունակեմ քարոզել գյուղում»։ Հետո քույրն իջավ ավտոբուսից։ Նա չգիտեր, որ այդ նույն ավտոբուսում էր նաև իր ուսումնասիրողներից մեկը։ Այդ կինը թույլ էր տվել, որ մարդավախությունը խանգարի իրեն հաճախելու քրիստոնեական հանդիպումներին։ Տեսնելով մեր քրոջ քաջությունը՝ նա որոշեց նորից հաճախել հանդիպումներին։
18. Ի՞նչը կօգնի քեզ Հիսուսի պես համարձակությամբ քարոզելու։
18 Աստծուց օտարացած այս աշխարհում համարձակություն է անհրաժեշտ Հիսուսի պես քարոզելու համար։ Ի՞նչը քեզ կօգնի։ Հայացքդ հառիր ապագային։ Սերդ վառ պահիր Աստծու և մերձավորի հանդեպ։ Աղոթիր Եհովային, որ քեզ քաջություն տա։ Միշտ հիշիր, որ դու ամենևին էլ մենակ չես. Հիսուսն է քեզ հետ (Մատթ. 28։20)։ Սուրբ ոգին քեզ կզորացնի։ Եհովան կօրհնի ու կպաշտպանի քեզ։ Ուստի թող որ լցվենք քաջությամբ ու ասենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։6)։
[նկար 21–րդ էջի վրա]
Հիսուսն անվախորեն քննադատեց կրոնական առաջնորդներին
[նկար 23–րդ էջի վրա]
Եհովան է մեզ քաջություն տալիս, որ քարոզենք
[նկար 23–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ Աստծու ծառաները համարձակության կարիք ունեն։
• Համարձակ լինելու հետ կապված ի՞նչ ենք սովորում...
նախաքրիստոնեական շրջանի հավատարիմներից,
Հիսուս Քրիստոսից,
վաղ քրիստոնյաներից,
ժամանակակից քրիստոնյաներից։