Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 մարտ էջ 26–31
  • Եհովայի ձեռքը կարճ չէ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի ձեռքը կարճ չէ
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԴԱՍԵՐ ՔԱՂԻՐ ՄՈՎՍԵՍԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ
  • ԵՐԲ ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ
  • ԵՐԲ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ԵՆՔ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Դասեր՝ հավատարիմ մարդկանց վերջին խոսքերից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 մարտ էջ 26–31

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»

Եհովայի ձեռքը կարճ չէ

«Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է» (ԹՎԵՐ 11։23)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Վստահ լինենք, որ Եհովան միշտ հոգ կտանի մեր նյութական կարիքների համար, և ամրացնենք մեր ունեցած վստահությունը։

1. Իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելիս Մովսեսն ինչպե՞ս վստահություն դրսևորեց Եհովայի հանդեպ։

«ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ» գրքում նշված է հավատի տեր մարդկանց մասին, ովքեր լավ օրինակ են եղել, և նրանց շարքում Մովսեսն առանձնահատուկ տեղ ունի (Եբր. 3։2-5; 11։23-25)։ Իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելիս նա մեծ հավատ դրսևորեց։ Մովսեսը չվախեցավ փարավոնից ու նրա զորքից և, վստահելով Եհովային, ժողովրդին անցկացրեց Կարմիր ծովի միջով ու առաջնորդեց դեպի անապատ (Եբր. 11։27-29)։ Իսրայելացիների մեծամասնությունը սկսել էր կասկածել, որ Եհովան հոգ կտանի իրենց համար, մինչդեռ Մովսեսը շարունակում էր վստահել իր Աստծուն։ Եվ նա հուսախաբ չեղավ, քանի որ Եհովան հրաշքով սնունդ ու ջուր տվեց իր ժողովրդին, ու նրանք ողջ մնացին ամայի անապատում (Ելք 15։22-25; Սաղ. 78։23-25)։a

2. Աստված ինչո՞ւ Մովսեսին հարցրեց՝ «Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է» (Թվեր 11։21-23)։

2 Թեև Մովսեսը մեծ հավատ ուներ, այնուամենայնիվ, Եգիպտոսից հրաշքով ազատագրվելուց մոտ մեկ տարի անց նա կասկածեց, որ Եհովան կարող է իրագործել իսրայելացիներին մսով ապահովելու իր խոստումը։ Մովսեսը չէր պատկերացնում, թե Եհովան որտեղից է միս տալու այդ ամայի անապատում հանգրվանած միլիոնավոր մարդկանց։ Ուստի Եհովան հարցրեց նրան. «Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է» (կարդա Թվեր 11։21-23)։ Այս համարում «Եհովայի ձեռքը» արտահայտությունը վերաբերում է Աստծու սուրբ ոգուն, կամ՝ նրա գործի դրված զորությանը։ Ըստ էության՝ Եհովան հարցնում էր Մովսեսին. «Կարծում ես՝ չե՞մ կարող անել այն, ինչ խոստացել եմ»։

3. Ինչո՞ւ պետք է մտորենք Մովսեսի և իսրայելացիների օրինակի շուրջ։

3 Երբևէ մտահոգվե՞լ ես, թե արդյոք Եհովան հոգ կտանի քո և ընտանիքիդ նյութական կարիքների համար։ Ինչպիսին էլ լինի պատասխանդ, մտորիր Մովսեսի և իսրայելացիների մասին, որոնց վստահությունը Եհովայի հանդեպ խարխլվել էր, և նրանք սկսել էին կասկածել, որ Եհովան կարող է հոգ տանել իրենց համար։ Նաև ուշադրություն դարձրու աստվածաշնչյան որոշ սկզբունքների, որոնք կամրացնեն քո համոզվածությունն այն բանում, որ Եհովայի ձեռքը կարճ չէ։

ԴԱՍԵՐ ՔԱՂԻՐ ՄՈՎՍԵՍԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ

4. Ինչո՞ւ բազմաթիվ իսրայելացիներ կասկածեցին, որ Եհովան կարող է հոգալ իրենց ֆիզիկական կարիքները։

4 Ուշադրություն դարձնենք այս արձանագրության համատեքստին։ Իսրայելի ազգը, ինչպես նաև այլազգիներից բաղկացած «մի խառը բազմություն» Եգիպտոսից դեպի Խոստացված երկիր գնալիս որոշ ժամանակ դեգերում էին անապատում (Ելք 12։38; 2 Օրենք 8։15)։ Այլազգիները հոգնել էին ամեն օր մանանա ուտելուց, բազմաթիվ իսրայելացիներ՝ նույնպես, ուստի նրանք բոլորը սկսեցին տրտնջալ (Թվեր 11։4-6)։ Ժողովուրդը կարոտով հիշում էր Եգիպտոսում կերած ուտելիքները։ Ճնշման տակ հայտնվելով՝ Մովսեսը մտածեց, թե ի՛նքը պետք է հոգ տանի այդ ողջ ժողովրդի համար (Թվեր 11։13, 14)։

5-6. Ի՞նչ ազդեցություն ունեցան այլազգիները իսրայելացիներից շատերի վրա, և ի՞նչ դաս ենք քաղում դրանից։

5 Ապերախտ այլազգիներն ակներևաբար լուրջ ազդեցություն ունեցան իսրայելացիների մտավիճակի վրա։ Նմանապես՝ այս աշխարհի երախտամոռ ոգին կարող է ազդել մեզ վրա, ինչի հետևանքով կդադարենք գնահատել այն ամենը, ինչ Եհովան տալիս է մեզ։ Այդպես կարող է պատահել, եթե կարոտով նայենք անցյալում մեր ունեցած բաներին կամ սկսենք նախանձել ուրիշներին։ Սակայն երջանիկ կլինենք, եթե սովորենք գոհանալ մեր ունեցածով՝ անկախ մեր նյութական վիճակից։

6 Իսրայելացիներն ըստ ամենայնի հիշում էին, որ Եհովան խոստացել էր տալ ամեն բարիք նոր տանը, որտեղ իրենք բնակվելու էին։ Այդ խոստումը կատարվելու էր Խոստացված երկրում, ոչ թե անապատում։ Ուստի այս հետևությունն ենք անում. փոխանակ կենտրոնանալու, թե ինչ չենք կարող ունենալ այս աշխարհում, լավ կլինի՝ մտածենք այն հրաշալի օրհնությունների մասին, որոնք Եհովան կտա մեզ նոր աշխարհում։ Կարող ենք նաև մտորել Աստվածաշնչի այն համարների շուրջ, որոնք կօգնեն ավելի ու ավելի շատ վստահել Եհովային։

7. Ի՞նչ հիմք ունենք համոզված լինելու, որ Եհովայի ձեռքը կարճ չէ։

7 Գուցե դեռ մտածում ես, թե ինչու Եհովան հարցրեց Մովսեսին՝ «Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է»։ Եհովան ուզում էր, որ Մովսեսը խորհեր ոչ միայն իր հզոր ձեռքի անսահման զորության մասին, այլև այն բանի, որ իր ձեռքը կարող է հասնել ամեն տեղ։ Աստված կարո՛ղ էր առատորեն միս տալ իսրայելացիներին, թեպետ նրանք անբնակ անապատում էին։ Այո՛, «զորավոր ձեռքով, մեկնած բազկով» Եհովան ցույց տվեց իր ուժը (Սաղ. 136։11, 12; ծնթ.)։ Ուստի փորձության ենթարկվելիս չկասկածես, որ Աստված իր հզոր ձեռքով օգնության կհասնի քեզ (Սաղ. 138։6, 7)։

8. Ի՞նչը կօգնի չկրկնել անապատում շատերի կատարած սխալը (տես նաև նկարը)։

8 Եհովան ժողովրդին միս տվեց՝ ճամբարի շուրջբոլորը լորերով լցրեց։ Իսրայելացիները, սակայն, այդ հրաշքի համար շնորհակալություն չհայտնեցին նրան։ Ավելին՝ շատերը ագահաբար վարվեցին. գիշեր-ցերեկ նրանք որքան կարող էին, լոր հավաքեցին։ Եհովան զայրացավ այն մարդկանց վրա, «ովքեր ագահություն դրսևորեցին», և պատժեց նրանց (Թվեր 11։31-34)։ Այս դեպքից կարևոր բան ենք սովորում։ Պետք է ուշադիր լինենք, որ չհայտնվենք ագահության ճիրաններում։ Անկախ այն բանից՝ հարուստ ենք, թե աղքատ, մեզ համար առաջնային պետք է լինի «գանձեր դիզելը երկնքում», ինչը կարող ենք անել՝ Եհովայի և Հիսուսի հետ մտերիմ ընկերություն ունենալով (Մատթ. 6։19, 20; Ղուկ. 16։9)։ Այդ ժամանակ կարող ենք համոզված լինել, որ Եհովան հոգ կտանի մեզ համար։

Իսրայելացիները գիշերով մեծ քանակությամբ լոր են հավաքում անապատում։

Անապատում շատերը ի՞նչ ոգի ցուցաբերեցին, և ի՞նչ դաս ենք քաղում դրանից (տես պարբերություն 8)


9. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

9 Եհովան այսօր մեկնում է ձեռքը, որ օգնի իր ժողովրդին։ Դա չի նշանակում, որ մենք երբեք նյութական կորուստ չենք ունենա կամ սոված չենք լինի։b Բայց Եհովան երբեք մեզ չի լքի. նա կաջակցի, ինչ փորձությունների միջով էլ որ անցնելիս լինենք։ Այս ճշմարտության մեջ համոզվելու համար մենք պետք է վստահենք Եհովային։ Քննենք, թե որ երկու իրավիճակում կարող ենք փաստել մեր վստահությունն այն բանում, որ Եհովան կմեկնի իր ձեռքը և հոգ կտանի մեր նյութական կարիքների համար։ Դա կարող ենք անել, 1) երբ բախվում ենք ֆինանսական խնդիրների և 2) երբ մտահոգվում ենք ծերության տարիների մասին։

ԵՐԲ ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ

10. Ի՞նչ ֆինանսական խնդիրների գուցե բախվենք։

10 Որքան այս աշխարհի վերջը մոտենում է, մենք հասկանում ենք, որ տնտեսական վիճակը գնալով վատանալու է։ Քաղաքական անկայունության, զինված հակամարտությունների, բնական աղետների և համաճարակների պատճառով գուցե չնախատեսված ծախսեր առաջանան կամ էլ կորցնենք մեր աշխատանքը, ունեցվածքը կամ տունը։ Հնարավոր է՝ աշխատանք փնտրենք մեր տարածքում կամ էլ մտածենք ընտանիքով մեկ ուրիշ վայր տեղափոխվելու մասին։ Ի՞նչը կօգնի մեզ այնպիսի որոշումներ կայացնել, որոնցում կարտացոլվի մեր վստահությունը Եհովայի հանդեպ։

11. Ի՞նչը կօգնի քեզ լուծել ֆինանսական խնդիրներդ (Ղուկաս 12։29-31)։

11 Ամենաառաջին և արդյունավետ քայլը Եհովային մտահոգություններիդ մասին ասելն է (Առակ. 16։3)։ Նրանից իմաստություն խնդրիր, որ ճիշտ որոշումներ կայացնես, ինչպես նաև հանդարտ սիրտ, որ խուսափես «մտատանջություններից» (կարդա Ղուկաս 12։29-31)։ Նրան խնդրիր, որ օգնի քեզ բավարարվել կյանքի համար անհրաժեշտ բաներով (1 Տիմոթ. 6։7, 8)։ Մեր հրատարակություններում փնտրտուքներ արա այն մասին, թե ինչպես կարելի է լուծել ֆինանսական խնդիրները։ Շատերն են օգուտներ քաղել jw.org կայքի՝ տնտեսական խնդիրները հաղթահարելու մասին նյութերից։

12. Ո՞ր հարցերի մասին մտածելը քրիստոնյային կօգնի իր ընտանիքի համար լավագույն որոշումը կայացնել։

12 Ոմանց մեջ ցանկություն է առաջանում ընտրելու այնպիսի աշխատանք, որի պատճառով նրանք թերևս ստիպված են լինելու իրենց ընտանիքից հեռու ապրել։ Սակայն հաճախ փորձը ցույց է տալիս, որ դա իմաստուն որոշում չէ։ Նախքան նոր գործի անցնելը հաշվի առ ոչ միայն ֆինանսական առավելությունները, այլև հոգևոր գործունեության վրա այդ աշխատանքի թողած ազդեցությունը (Ղուկ. 14։28)։ Մտածիր հետևյալ հարցերի մասին. «Եթե աշխատանքի պատճառով հեռու լինեմ իմ կողակցից, ինչպե՞ս դա կազդի մեր ամուսնության վրա։ Կկարողանա՞մ մասնակցել ժողովներին և քարոզչական գործին, ինչպես նաև շփվել հավատակիցներիս հետ»։ Եթե երեխաներ ունես, լավ կլինի՝ նաև մտածես. «Եթե երեխաներիս կողքին չլինեմ, կկարողանա՞մ մեծացնել նրանց՝ «խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում»» (Եփես. 6։4)։ Առաջնորդվիր Աստծու մտածելակերպով, ոչ թե այն հարազատների ու ընկերների, ովքեր չեն հարգում աստվածաշնչյան սկզբունքները։c Թոնին, ով ապրում է Արևմտյան Ասիայում, արտասահմանում աշխատելու մի շարք գրավիչ առաջարկներ ստացավ։ Սակայն աղոթելուց և իր կնոջ հետ այդ առաջարկները քննարկելուց հետո նա որոշեց մերժել դրանք և փոխարենը նվազեցնել ընտանիքի ծախսերը։ Հետադարձ հայացք նետելով՝ Թոնին ասում է. «Պատիվ եմ ունեցել ոմանց օգնելու, որ ճանաչեն Եհովային, և նպաստելու, որ երեխաներս շատ սիրեն ճշմարտությունը։ Մեր ընտանիքը սովորեց, որ քանի դեռ ապրում ենք Մատթեոս 6։33-ի համաձայն, Եհովան հոգ է տանում մեզ համար»։

ԵՐԲ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ԵՆՔ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13. Ի՞նչ ողջամիտ քայլեր կարող ենք ձեռնարկել հիմա, որ ծերության տարիներին ի վիճակի լինենք հոգ տանելու մեզ համար։

13 Եհովայի հանդեպ մեր վստահությունը կարող է փորձվել նաև այն ժամանակ, երբ սկսենք մտահոգվել այն մասին, թե ինչպես ենք հոգալու մեր ֆինանսական կարիքները տարեց հասակում։ Աստվածաշունչը հորդորում է մեզ աշխատասեր լինել (Առակ. 6։6-11)։ Ողջամիտ վարված կլինենք, եթե հնարավորության դեպքում ապագայի համար որոշակի գումար մի կողմ դնենք։ Փողը որոշ չափով պաշտպանում է մեզ (Ժող. 7։12)։ Սակայն չպետք է թույլ տանք, որ մեր կյանքը նյութական բաների շուրջ պտտվի։

14. Եբրայեցիներ 13։5 համարը ինչպե՞ս է օգնում մեզ հավասարակշռված լինել։

14 Հիսուսը մի պատմության միջոցով ցույց տվեց, որ անմտություն կլինի գումար կուտակել, բայց «հարուստ չլինել Աստծու աչքին» (Ղուկ. 12։16-21)։ Ոչ ոք չգիտի, թե վաղվա օրը ինչ կբերի (Առակ. 23։4, 5; Հակ. 4։13-15)։ Լինելով Քրիստոսի հետևորդներ՝ մենք երբեմն կանգնում ենք յուրօրինակ դժվարության առաջ։ Հիսուսն ասաց, որ իր աշակերտը լինելու համար պետք է պատրաստ լինենք «հրաժարվել մեր ողջ ունեցվածքից» (Ղուկ. 14։33)։ Հրեաստանում ապրող առաջին դարի քրիստոնյաները չկորցրին ուրախությունը, երբ նրանցից խլեցին իրենց ունեցվածքը (Եբր. 10։34)։ Մեր օրերում շատ եղբայրներ նյութական կորուստներ են ունեցել, քանի որ հրաժարվել են որևէ քաղաքական ուժի այս կամ այն կերպ աջակցելուց (Հայտն. 13։16, 17)։ Նրանց օգնել է Եհովայի հետևյալ խոստման հանդեպ լիակատար վստահությունը. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի» (կարդա Եբրայեցիներ 13։5)։ Մենք հնարավորինս ամեն բան անում ենք, որպեսզի որոշակի գումար ունենանք տարեց հասակում մեր կարիքները հոգալու համար, սակայն երբ անսպասելի իրավիճակներ են առաջանում, լիովին ապավինում ենք Եհովային։

15. Քրիստոնյա ծնողները ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենան իրենց երեխաների վերաբերյալ (տես նաև նկարը)։

15 Որոշ մշակույթներում մարդիկ երեխաներ են ունենում, որպեսզի վերջիններս հոգ տանեն իրենց մասին ծերության ժամանակ։ Ինչ-որ առումով այս զույգերը երեխաներին համարում են «իրենց բարեկեցիկ ծերության համար արված ներդրում»։ Աստվածաշունչն ասում է, որ ծնողները պետք է հոգան իրենց երեխաների կարիքները (2 Կորնթ. 12։14)։ Ծնողներն, իհարկե, տարիքն առնելուն զուգընթաց իրենք են գործնական օգնության կարիք ունենում, և շատ զավակներ ուրախությամբ աջակցում են նրանց (1 Տիմոթ. 5։4)։ Սակայն քրիստոնյա ծնողները հասկանում են, որ իսկապես երջանիկ կլինեն, եթե իրենց երեխաներին օգնեն դառնալ Եհովայի ծառաներ, ոչ թե միջոց իրենց բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար (3 Հովհ. 4)։

Ամուսինները տեսակապով ուրախ զրուցում են իրենց աղջկա և նրա ամուսնու հետ։ Վերջիններիս հագին արտացոլող շինարարական բաճկոններ են։

Եհովային հավատարիմ զույգերը ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս իմաստնորեն են վարվում և առաջնորդվում են աստվածաշնչյան սկզբունքներով (տես պարբերություն 15)d


16. Ծնողներն ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին նախապատրաստել ինքնուրույն կյանքի (Եփեսացիներ 4։28)։

16 Երբ ձեր երեխաներին նախապատրաստում եք ինքնուրույն կյանքի, որ իրենք հոգան իրենց ֆինանսական կարիքները, ձեր օրինակով նրանց օգնեք վստահել Եհովային։ Փոքր տարիքից նրանց ցույց տվեք աշխատասեր լինելու կարևորությունը (Առակ. 29։21; կարդա Եփեսացիներ 4։28)։ Նաև հորդորեք, որ ձգտեն լավ սովորել դպրոցում։ Լավ կլինի՝ քրիստոնյա ծնողները փնտրեն ու կիրառեն աստվածաշնչյան այն սկզբունքները, որոնք իրենց երեխաներին կօգնեն կրթության վերաբերյալ իմաստուն որոշումներ կայացնել, որպեսզի նրանք հետագայում կարողանան հոգալ իրենց կարիքները և միևնույն ժամանակ լիարժեքորեն մասնակցել քարոզչական ծառայությանը։

17. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

17 Եհովայի նվիրված ծառաները կարող են համոզված լինել, որ նա ի զորու է և ցանկանում է բավարարել իրենց նյութական կարիքները։ Մինչ այս աշխարհի վերջը մոտենում է, մենք ակնկալում ենք, որ Եհովայի հանդեպ մեր վստահությունը կփորձվի։ Սակայն ինչ էլ լինի, եկեք երբեք չկասկածենք, որ Եհովան իր զորությունը գործի կդնի մեզ նյութապես աջակցելու համար։ Նրա մեկնած հզոր ձեռքը կարճ չէ։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ ենք սովորում Մովսեսի և իսրայելացիների օրինակից։

  • Երբ ֆինանսական խնդիրներ ենք ունենում, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր վստահությունը Եհովայի հանդեպ։

  • Ի՞նչ պետք է հաշվի առնենք, երբ մտածում ենք ծերության տարիներին մեր նյութական կարիքները հոգալու մասին։

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

a Տես «Ընթերցողների հարցերը» հոդվածը «Դիտարանի» 2023թ. հոկտեմբերի համարում։

b Տես «Ընթերցողների հարցերը» հոդվածը «Դիտարանի» 2014թ. սեպտեմբերի 15-ի համարում։

c Տես «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» հոդվածը «Դիտարանի» 2014թ. ապրիլի 15-ի համարում։

d ՆԿԱՐ։ Եհովային հավատարիմ ամուսինները տեսակապով զրուցում են իրենց զավակի հետ, ով ամուսնու հետ մասնակցում է Թագավորության սրահի շինարարությանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը