«Կոմպլուտենյան Պոլիգլոտ». աշխատություն, որը մեծ նշանակություն է ունեցել թարգմանչական գործում
ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 1455 թ.–ին Աստվածաշնչի հրատարակության գործում հեղափոխություն տեղի ունեցավ։ Յոհան Գուտենբերգը շարժական տառերի միջոցով տպագրահաստոցի վրա հրատարակեց առաջին Աստվածաշունչը։ Վերջապես Աստվածաշնչի տարածումը չէր սահմանափակվի սակավաթիվ ձեռագրերով։ Հասավ պահը, երբ Աստվածաշունչը կարող էր հրատարակվել մեծ քանակով ու համեմատաբար էժան գնով։ Շուտով Աստվածաշունչը դառնալու էր աշխարհում ամենատարածված գիրքը։
Գուտենբերգի Աստվածաշունչը լատիներեն էր։ Բայց շուտով եվրոպացի գիտնականները հասկացան, որ կարիք ունեն եբրայերեն ու հունարեն վստահելի բնագրերի։ Կաթոլիկ եկեղեցին Աստվածաշնչի լատիներեն «Վուլգատան» դիտում էր որպես միակ ընդունելի թարգմանություն։ Սակայն երկու մեծ խնդիր կար այդ թարգմանության առնչությամբ։ 16–րդ դարում մարդկանց մեծամասնությունը չէր հասկանում լատիներեն։ Բացի այդ, հազար տարվա ընթացքում «Վուլգատայի» տեքստում արտագրողների պատճառով զգալի սխալներ էին հայտնվել։
Թե՛ թարգմանիչները և թե՛ գիտնականները կարիք ունեին բնագիր լեզուներով Աստվածաշնչի, ինչպես նաև լատիներեն Աստվածաշնչի բարելավված թարգմանության։ 1502 թ.–ին կարդինալ Հիմենես դե Սիսներոսը, որ Իսպանիայի Իզաբել I թագուհու քաղաքական ու հոգևոր հարցերի գծով խորհրդականն էր, որոշեց նրանց այդ կարիքը բավարարել ընդամենը մեկ հրատարակությամբ։ Թարգմանչության գործում մեծ նշանակություն ունեցած այս աշխատությունը հայտնի դարձավ «Կոմպլուտենյան պոլիգլոտ» անվանումով։ Սիսներոսը նպատակ դրեց պոլիգլոտ, այսինքն՝ բազմալեզու Աստվածաշունչ ստեղծել, որը կպարունակեր եբրայերեն, հունարեն, լատիներեն ու մասամբ արամերեն լավագույն ձեռագրերը։ Տպագրական գործը դեռ նոր էր սկիզբ առել, ուստի այս աշխատության լույս ընծայումը ուղենիշ էր դառնալու տպագրական արվեստի մեջ։
Սիսներոսն իր այս ահռելի ձեռնարկումը սկսեց՝ գնելով եբրայերեն հին ձեռագրեր, որոնք շատ էին Իսպանիայում։ Նա նաև հավաքեց հունարեն ու լատիներեն զանազան ձեռագրեր։ Սրանց հիման վրա պետք է ստեղծվեր «Կոմպլուտենյան պոլիգլոտը»։ Սիսներոսն աշխատանքը վստահեց գիտնականների մի խմբի, որոնց նա հրավիրել էր նորաստեղծ Ալկալա դե Հենարես համալսարան (Իսպանիա)։ Հրավիրվածների թվում էր նաև հայտնի լեզվագետ Էրազմ Ռոտերդամցին, սակայն նա մերժեց հրավերը։
Տասը տարի պահանջվեց գիտնականներից՝ ավարտին հասցնելու այդ մեծածավալ աշխատանքը, և չորս տարի էլ ծախսվեց տպագրության վրա։ Անհաշիվ տեխնիկական դժվարություններ կային, որովհետև իսպանական տպագրահաստոցները չունեին եբրայերեն, հունարեն և արամերեն տառեր։ Այդժամ Սիսներոսը օգտվեց տպագրության արվեստի վարպետ Առնալդո Գիլյերմո Բրոկարիոյի ծառայություններից՝ ձեռք բերելու համար այդ լեզուների տառերը։ 1514 թ.–ին, վերջապես, «Կոմպլուտենյան պոլիգլոտը» սկսեց տպագրվել։ Բոլոր վեց հատորների տպագրումը ավարտվեց 1517 թ. հուլիսի 10–ին՝ կարդինալի մահվանից ընդամենը չորս ամիս առաջ։ Այս աշխատությունը լույս տեսավ մոտ վեց հարյուր օրինակով և, որքան էլ տարօրինակ է, այն ժամանակ, երբ իսպանական ինկվիզիցիան ամբողջ թափով գործում էր։a
Աշխատության կազմությունը
«Պոլիգլոտի» յուրաքանչյուր էջ առատ էր ինֆորմացիայով։ Չորս հատորներում, որոնք նվիրված էին Եբրայերեն Գրություններին, «Վուլգատայի» տեքստը տեղադրված էր էջի կենտրոնական մասում, եբրայերեն տեքստը՝ արտաքին սյունակում, իսկ հունարենը՝ տողացի լատիներեն թարգմանության հետ մեկտեղ՝ ներքին սյունակում։ Լուսանցքներում բերված էին բազմաթիվ եբրայերեն բառարմատներ։ Իսկ էջի ստորին մասում, որը հատկացված էր Հնգամատյանին, հրատարակիչները տեղադրել էին «Օնկելոսի թարգումը» (Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի վերապատմում հին արամերենով) ու դրա լատիներեն թարգմանությունը։
«Պոլիգլոտի» հինգերորդ հատորը պարունակում էր Հունարեն Գրությունները՝ երկու սյունակով։ Առաջին սյունակում գրված էր հունարեն տեքստը, երկրորդում՝ դրան համապատասխան լատիներեն տեքստը՝ վերցված «Վուլգատայից»։ Տեքստերի համապատասխանեցումը արված էր փոքրիկ տառերի միջոցով, որոնք ընթերցողին օգնում էին գտնել համապատասխան բառը յուրաքանչյուր սյունակում։ «Պոլիգլոտի» հունարեն տեքստը Հունարեն Գրությունների, կամ՝ Նոր Կտակարանի երբևէ տպագրված առաջին ամբողջական հավաքածուն էր, որին շուտով հետևեց Էրազմի կողմից պատրաստված հրատարակությունը։
Հրատարակիչները այնքան մանրազնին ձևով էին սրբագրել տեքստը, որ միայն հիսուն տպագրական սխալ էր սպրդել հինգերորդ հատոր։ Քանի որ նրանք այդպիսի մանրակրկիտություն էին ցուցաբերել, ժամանակակից քննադատները այդ հատորը ավելի բարձր գնահատեցին, քան Էրազմի հանրահայտ հունարեն տեքստը։ Հունարեն տառերի նրբագեղությունը համապատասխանում էր հին ունցիալային ձեռագրերի պարզ գեղեցկությանը։ Իր գրքում Ռ. Փրոքտորը ասում է. «Իսպանիային է պատկանում առաջին հունարեն տպատառը ստեղծելու պատիվը. դա, անկասկած, երբևէ եղած ամենագեղեցիկ տառատեսակն է» («The Printing of Greek in the Fifteenth Century»)։
«Կոմպլուտենյան պոլիգլոտի» վեցերորդ հատորը պարունակում էր տարբեր ձեռնարկներ Աստվածաշնչի ուսումնասիրության համար. եբրայերեն ու արամերեն բառերի բառարան, լատիներեն բառերի ցանկ այդ բառարանի համար, հունարեն, եբրայերեն ու արամերեն անունների վերաբերյալ մեկնաբանություններ ու եբրայերենի քերականություն։ Զարմանալի չէ, որ «Կոմպլուտենյան պոլիգլոտը» հռչակվեց որպես «գրատպության արվեստի ու աստվածաշնչագիտության հուշարձան»։
Սիսներոսն ուզում էր, որ այս աշխատությունը «վերածներ մինչ այդ խամրած հետաքրքրությունը գրությունների ուսումնասիրության հանդեպ»։ Սակայն նա չէր ուզում, որ Աստվածաշունչը մատչելի դառնա հանրության լայն շրջաններին։ Նա ասում էր, որ «Աստծո Խոսքը պետք է շրջահայեցորեն ծրարված լինի գաղտնիքներով՝ անհասանելի հասարակ մարդուն»։ Նաև նա համոզված էր, որ «Գրությունները պետք է գրվեն միայն այն երեք հին լեզուներով, որոնցով, Աստծո թույլատրությամբ, նրա խաչված Որդու գլխավերևում մակագրություններ արվեցին»։b Այդ իսկ պատճառով «Կոմպլուտենյան պոլիգլոտում» չընդգրկվեց որևէ իսպաներեն թարգմանություն։
«Վուլգատան» և բնագրերը
«Պոլիգլոտի» վրա աշխատողները որոշ անհամաձայնություններ ունեին։ Իսպանացի հռչակավոր գիտնական Անտոնիո դե Նեբրիհանc պատասխանատու էր ստուգելու համար «Վուլգատայի» տեքստը, որ պետք է տպվեր «Պոլիգլոտ» Աստվածաշնչում։ Թեև Կաթոլիկ եկեղեցին Հերոնիմի «Վուլգատան» համարում էր միակ հեղինակավոր թարգմանությունը, Նեբրիհան անհրաժեշտություն տեսավ համեմատել այդ թարգմանությունը եբրայերեն, արամերեն ու հունարեն բնագրերի հետ։ Նա ցանկանում էր ուղղել այն ակնհայտ սխալները, որ մտել էին «Վուլգատայի» առկա օրինակների մեջ։
Լուծելու համար անհամաձայնությունները «Վուլգատայի» ու բնագրերի միջև, Նեբրիհան Սիսներոսին հորդորում էր. «Մեկ անգամ ևս վառեք մեր կրոնի երկու հանգած լապտերները՝ եբրայերեն և հունարեն լեզուները։ Արժանին հատուցեք նրանց, ովքեր նվիրվել են այդ գործին»։ Նեբրիհան նաև հետևյալ առաջարկությունը արեց. «Ամեն անգամ, երբ տարբերություն է նկատվում Նոր Կտակարանի լատիներեն տարբեր ձեռագրերի միջև, մենք պետք է դրանք ստուգենք հունարեն ձեռագրերի միջոցով։ Ամեն անգամ, երբ անհամաձայնություն կա Հին Կտակարանի լատիներեն տարբեր ձեռագրերի կամ լատիներեն ու հունարեն ձեռագրերի միջև, մենք պետք է ճշգրտությունը պարզենք եբրայերեն բնագրերով»։
Ինչպե՞ս Սիսներոսը պատասխանեց։ «Կոմպլուտենյան պոլիգլոտի» նախաբանում նա կասկած չի թողնում իր կարծիքի վերաբերյալ։ «Մենք օրհնյալ Հերոնիմի լատիներեն թարգմանությունը տեղադրել ենք Սինագոգի [եբրայերեն տեքստի] ու Արևելյան Եկեղեցու [հունարեն տեքստի] միջև, ճիշտ ինչպես որ ավազակներն էին կախված Հիսուսի երկու կողմում, որը ներկայացնում է Հռոմեական, կամ՝ լատինական Եկեղեցին»։ Այսպիսով՝ Սիսներոսը թույլ չտվեց Նեբրիհային, որ ուղղի լատիներեն «Վուլգատան» բնագրերին համապատասխան։ Ի վերջո Նեբրիհան որոշեց, որ ավելի լավ է հեռանալ այս ծրագրից, քան իր անունը դնել թերություններ ունեցող աշխատության վրա։
«Կոմմա Յոհանեում»
Թեև Ալկալա դե Հենարեսի «Պոլիգլոտ» Աստվածաշունչը մի վիթխարի քայլ էր դեպի Աստվածաշնչի ճշգրտված բնագրեր ունենալը, այնուամենայնիվ երբեմն ավանդությունը հաղթում էր իմացությանը։ «Վուլգատա» թարգմանությունն այնպիսի մեծ համարում ուներ, որ հրատարակիչներն իրենց պարտավորված էին զգում Նոր Կտակարանի հունարեն տեքստը մի քանի տեղերում ուղղել, որպեսզի այն համապատասխաներ լատիներենին՝ փոխանակ հակառակը անելու։ Այդպիսի «ուղղված» տեղերից մեկը հայտնի «կոմմա Յոհանեում»–ն էր։d Հունարեն հին բնագրերից ոչ մեկը չէր պարունակում այդ հատվածը, որը ակնհայտորեն ներմուծվել է մի քանի դար անց այն բանից հետո, երբ Հովհաննեսը գրեց իր նամակը։ Այդ խոսքերը նաև չեն հայտնվում «Վուլգատայի» ամենահին լատիներեն ձեռագրերում։ Այդ իսկ պատճառով Էրազմը իր հունարեն Նոր Կտակարանից հանեց այս ընդմիջարկությունը։
«Պոլիգլոտի» հրատարակիչները հակված չէին հանելու մի համար, որը դարեր շարունակ «Վուլգատայի» ավանդական տեքստի մասն էր եղել։ Ուստի նրանք պահպանեցին այդ ներմուծված խոսքերը լատիներենում ու որոշեցին թարգմանել դրանք հունարեն ու դնել հունարեն տեքստում, որպեսզի երկու սյունակները իրար համապատասխանեին։
Հիմք Աստվածաշնչի նոր թարգմանությունների համար
«Կոմպլուտենյան պոլիգլոտի» արժեքը չի որոշվում զուտ այն փաստով, որ նա պարունակում է ամբողջ Հունարեն Գրությունների ու «Յոթանասնից»–ի առաջին տպագիր հրատարակությունը։ Ճիշտ ինչպես Էրազմի Նոր Կտակարանը դարձավ Հունարեն Գրությունների համընդհանուր ճանաչում գտած տեքստ (որպես հիմք՝ բազմաթիվ լեզուներով թարգմանություններ անելու), այնպես էլ «Պոլիգլոտի» եբրայերեն տեքստը հիմք ծառայեց եբրայերեն–արամերեն Գրությունների թարգմանության համար։e Ուիլյամ Թինդալը «Պոլիգլոտի» եբրայերեն տեքստն օգտագործեց որպես հիմք՝ հրատարակելու անգլերեն Աստվածաշունչը։
Այսպիսով՝ այն գիտական աշխատանքը, որի արդյունքում ծնվեց «Կոմպլուտենյան պոլիգլոտը», զգալիորեն նպաստեց աստվածաշնչագիտության առաջընթացին։ Նրա հրատարակման ժամանակը համընկավ այն ժամանակներին, երբ ամբողջ Եվրոպայում Աստվածաշնչի հանդեպ աճում էր հետաքրքրությունը, որը խթան էր՝ այդ գիրքը թարգմանելու հասարակ ժողովրդի լեզվով։ «Պոլիգլոտը» հանդիսացավ ևս մեկ օղակ մարդկանց կողմից ցուցաբերվող նախաձեռնությունների շղթայում, որոնք նպաստեցին Աստվածաշնչի հունարեն ու եբրայերեն տեքստերի ճշգրտմանն ու պահպանմանը։ Այս բոլորը համահունչ է Աստծո նպատակին՝ այն, որ Եհովայի՝ «մեր Աստուծոյ» ‘մաքրված խոսքը’ «կ’մնայ յաւիտեան» (Սաղմոս 18։30; Եսայիա 40։8; Ա Պետրոս 1։25)։
[ծանոթագրություններ]
a Վեց հարյուր օրինակ տպագրվեց թղթի վրա, իսկ վեց օրինակ՝ մագաղաթի։ 1984 թ.–ին սահմանափակ քանակով լույս տեսան այս աշխատության ճշգրիտ պատճենները։
b Եբրայերեն, հունարեն և լատիներեն (Յովհաննէս 19։20)։
c Նեբրիհան համարվում է իսպանացի հումանիստների (ազատախոհ գիտնականների) նախակարապետը։ 1492 թ.–ին նա հրատարակեց առաջին «Կաստիլերենի քերականություն» դասագիրքը («Gramática castellana»)։ Իսկ երեք տարի անց նա որոշեց իր մնացած կյանքը նվիրել Սուրբ Գրությունների ուսումնասիրությանը։
d Այդ կեղծ հավելումը Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Ա Հովհաննես 5։7–ում հնչում է այսպես. «Երկընքում վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են» (ԱԹ)։
e Էրազմի կատարած աշխատանքների մասին տե՛ս «Դիտարան», սեպտեմբերի 15, 1982, էջ 8–11 (անգլ.)։
[նկար 29–րդ էջի վրա]
Կարդինալ Հիմենես դե Սիսներոս
[թույլտվությամբ]
Biblioteca Histórica. Universidad Complutense de Madrid
[նկար 30–րդ էջի վրա]
Անտոնիո դե Նեբրիհա
[թույլտվությամբ]
Biblioteca Histórica. Universidad Complutense de Madrid
[նկար 28–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Biblioteca Histórica. Universidad Complutense de Madrid