Ճշմարտությունը դարձրե՞լ եք ձեր սեփականը
«Նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք.... թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։
1, 2. Ինչո՞ւ այսօր հեշտ չէ լինել ճշմարիտ քրիստոնյա։
ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյա լինել այս վերջին օրերում՝ «չար ժամանակներում», այնքան էլ հեշտ չէ (Բ Տիմոթէոս 3։1)։ Իսկապես, Քրիստոսի օրինակին հետևելու համար մարդուն հարկավոր է հաղթել աշխարհին (Ա Յովհաննէս 5։4)։ Հիշեցեք, թե Հիսուսն ինչ ասաց քրիստոնեական ուղու մասին. «Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ Նա նաև ասաց. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ ետեւից» (Մատթէոս 7։13, 14; Ղուկաս 9։23)։
2 Կյանքի նեղ ճանապարհը գտնելուց հետո քրիստոնյայի առջև նաև մի խնդիր է ծառանում՝ մնալ այդ ճանապարհում։ Ինչո՞ւ է դա խնդիր։ Դա խնդիր է, քանի որ մենք, նվիրվելով Աստծուն ու մկրտվելով, դառնում ենք Սատանայի նենգ հնարքների թիրախ (Եփեսացիս 6։11)։ Գիտենալով մեր տկարությունները՝ նա առիթ է փնտրում քայքայելու մեր հոգևորը։ Վերջիվերջո, եթե նա փորձել է կոտրել Հիսուսի ուղղամտությունը, ապա ինչո՞ւ չպետք է սպասել, որ մեր հանդեպ էլ այդպես կվարվի (Մատթէոս 4։1–11)։
Սատանայի նենգ գործելակերպը
3. Ինչպե՞ս Սատանան կասկածի սերմեր ցանեց Եվայի սրտում։
3 Սատանայի խորամանկ հնարքներից մեկը կասկածներ սերմանելն է։ Նա մեր հոգևոր սպառազինության մեջ թույլ տեղեր է փնտրում։ Ամենասկզբում իսկ Սատանան այդ գործելակերպն օգտագործեց Եվայի նկատմամբ՝ հարցնելով. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք» (Ծննդոց 3։1)։ Այլ խոսքով՝ նա հարցնում էր. «Մի՞թե հնարավոր է, որ Աստված նման արգելք դներ ձեր վրա։ Մի՞թե նա ինչ–որ լավ բան թաքցրել է ձեզանից... Այո՜, Աստված գիտի, թե այն օրը, որ այդ ծառից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծո պես կլինեք՝ բարին և չարը հասկացող»։ Սատանան կասկածի սերմեր ցանեց ու սպասեց, մինչև որ դրանք ծլարձակեն (Ծննդոց 3։5)։
4. Ինչպիսի՞ կասկածներ կարող են ունենալ ոմանք այսօր։
4 Ինչպե՞ս է Սատանան այս գործելակերպը կիրառում այսօր։ Եթե անուշադրության ենք մատնում Աստվածաշնչի մեր ընթերցանությունը, անձնական ուսումնասիրությունը, աղոթքները, քրիստոնեական ծառայությունը և հանդիպումները, ապա մենք հնարավորություն ենք տալիս ուրիշներին՝ մեր մեջ կասկածներ սերմանելու։ Օրինակ՝ որտեղի՞ց գիտենք, որ սա է Հիսուսի սովորեցրած ճշմարտությունը։ Արդյո՞ք իրականում ապրում ենք վերջին օրերում. վերջիվերջո, արդեն 21–րդ դա՛րն է։ Գտնվո՞ւմ ենք արդյոք Արմագեդոնի շեմին, թե՞ դեռ երկար պետք է սպասել։ Եթե այսպիսի կասկածներ են առաջանում, ի՞նչ կարող ենք անել՝ փարատելու դրանք։
5, 6. Ի՞նչ պետք է անենք, եթե կասկածներ են առաջանում։
5 Հակոբոսը գործնական խորհուրդ է տալիս՝ գրելով. «Եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն,– որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում,– եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի և թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է» (Յակոբոս 1։5–8)։
6 Ուրեմն, ի՞նչ է հարկավոր անել։ Հարկավոր է շարունակաբար աղոթքով խնդրել Աստծուց հավատ ու հասկացողություն և ջանքեր ներդնել՝ հետազոտություններ կատարելով մեզ հետաքրքրող հարցերի կամ ունեցած կասկածների վերաբերյալ։ Նաև կարող ենք օգնություն խնդրել նրանցից, ում հավատն առավել զորեղ է և ովքեր երբեք չեն կասկածում, որ Եհովան կտա անհրաժեշտ օգնություն։ Հակոբոսը նաև ասաց. «Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։ Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ»։ Այո՛, մեր կասկածները կփարատվեն, եթե մոտենանք Աստծուն ուսումնասիրության և աղոթքի միջոցով (Յակոբոս 4։7, 8)։
7, 8. Թվարկեք այն մի քանի հիմնական չափանիշները, որոնք բնորոշում են Հիսուսի սովորեցրած երկրպագության ձևը։ Ովքե՞ր են համապատասխանում դրանց։
7 Օրինակ՝ քննարկենք հետևյալ հարցը. որտեղի՞ց գիտենք, որ մենք դավանում ենք Հիսուսի սովորեցրած կրոնը։ Այս հարցին պատասխանելու համար ի՞նչ չափանիշներ է հարկավոր նկատի առնել։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ իսկական քրիստոնյաները պետք է անկեղծորեն սիրեն միմյանց (Յովհաննէս 13։34, 35)։ Նրանք պետք է սրբացնեն Եհովա Աստծո անունը (Եսայիա 12։4, 5; Մատթէոս 6։9)։ Նաև նրանք պետք է հայտնի դարձնեն այդ անունը (Ելից 3։15; Յովհաննէս 17։26)։
8 Ճշմարիտ երկրպագության մեկ այլ բնութագիծ է հանդիսանում հարգանքը Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի նկատմամբ։ Դա միակ գիրքն է, որը բացահայտում է Աստծո ով լինելն ու նրա նպատակները (Յովհաննէս 17։17; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Նաև իսկական քրիստոնյաները հռչակում են Աստծո Թագավորությունը՝ որպես երկրային դրախտում հավիտենական կյանքի միակ հույս մարդկանց համար (Մարկոս 13։10; Յայտնութիւն 21։1–4)։ Նրանք հեռու են մնում այս աշխարհի անսկզբունք քաղաքական գործերից ու անբարո կենսակերպից (Յովհաննէս 15։19; Յակոբոս 1։27; 4։4)։ Ովքե՞ր են այսօր իրոք համապատասխանում այդ չափանիշներին։ Փաստերը ցույց են տալիս, որ միայն մեկ պատասխան գոյություն ունի՝ Եհովայի վկաները։
Իսկ եթե կասկածները չեն անցնո՞ւմ
9, 10. Ի՞նչ կարող ենք անել խոր կասկածները փարատելու համար։
9 Ի՞նչ կարելի է անել, եթե զգում ենք, որ կասկածն ամբողջովին պատել է մեզ։ Իմաստուն Սողոմոն թագավորը հետևյալ պատասխանն է տալիս. «Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ. որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին, երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին, եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կգտնես» (Առակաց 2։1–5)։
10 Մի՞թե ապշեցուցիչ չէ այս միտքը։ Եթե մենք պատրաստ ենք լրջորեն ուշադրություն դարձնել աստվածային իմաստությանը, ապա ‘կգտնենք Աստծո գիտությունը’։ Այո՛, մենք կարող ենք գիտելիքներ ձեռք բերել Տիեզերքի Գերիշխան Տիրոջ մասին, եթե պատրաստ ենք ընդունել և գանձի պես պահել նրա խոսքերը։ Դա նշանակում է աղոթել Եհովային ու զբաղվել անձնական ուսումնասիրությամբ։ Նրա Խոսքում թաքնված գանձերը կարող են փարատել ամեն տեսակի կասկածներ ու օգնել մեզ տեսնելու ճշմարտության լույսը։
11. Ինչպե՞ս եղավ, որ կասկածը պատեց Եղիսեի ծառային։
11 Դ Թագաւորաց 6։11–18-ում նկարագրված է մի պարզ օրինակ, թե ինչպես աղոթքը օգնեց Աստծո ծառաներից մեկին, երբ նրան պատել էր վախն ու տարակուսանքը։ Խոսքը Եղիսեի ծառայի մասին է, որը թերացավ հոգևոր ըմբռնողականություն ցուցաբերելու մեջ։ Նա գլխի չէր ընկնում, որ երկնային զորքեր կային այնտեղ՝ պաշտպանելու Աստծո մարգարեին, որին պաշարել էր ասորական բանակը։ Վախով համակված՝ ծառան գոչեց. «Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք»։ Ինչպե՞ս պատասխանեց Եղիսեն։ Նա ասաց. «Մի վախենար. որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»։ Ինչպե՞ս պետք է ծառան համոզվեր դրանում. նա չէր կարող տեսնել երկնային զորքերը։
12. ա) Ինչպե՞ս փարատվեցին ծառայի կասկածները։ բ) Ինչպե՞ս մենք կարող ենք փարատել մեր կասկածները։
12 «Եղիսէն աղօթք արավ ու ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը»։ Այդ դեպքում Եհովան այնպես արեց, որ ծառան տեսնի Եղիսեին պաշտպանող երկնային զորքերը։ Այսօր, սակայն, սխալ կլինի Աստծուց ակնկալել նույնանման օգնություն։ Հիշենք, որ ի տարբերություն մեզ, մարգարեի ծառան Աստվածաշունչն ամբողջությամբ չուներ, որի ուսումնասիրությամբ կարողանար զորացնել իր հավատը։ Իսկ մենք ունե՛նք։ Եթե Աստվածաշնչի խրատները կիրառենք կյանքում, ապա մեր հավատը նույնպես կզորանա։ Օրինակ՝ կարող ենք խորությամբ քննել աստվածաշնչյան այն դրվագները, որտեղ Եհովան նկարագրված է իր երկնային արքունիքում։ Եթե դա անենք, ապա այլևս կասկածի տեղ չի մնա, որ Եհովան իրոք ունի երկնային կազմակերպություն, որն այսօր պաշտպանում է նրա ծառաներին աշխարհածավալ կրթական աշխատանքը կատարելու մեջ (Եսայիա 6։1–4; Եզեկիէլ 1։4–28; Դանիէլ 7։9, 10; Յայտնութիւն 4։1–11; 14։6, 7)։
Զգուշացեք Սատանայի հնարքներից
13. Ի՞նչ միջոցներով է Սատանան փորձում խարխլել ճշմարտության մեջ մեր դիրքերը։
13 Ուրիշ ի՞նչ միջոցներով է Սատանան փորձում մեզ հոգևորապես թուլացնել ու հեռու տանել ճշմարտությունից։ Դրանցից է, օրինակ, անբարոյականությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Սեքսով տոգորված այսօրվա աշխարհում այն, ինչը անվանվում է սեր (անհավատարմությունը ծածկելու համար) կամ գիշերային արկած (պատահական ապօրինի կենակցություն), սովորական երևույթ է դարձել հաճոյապաշտ սերնդի համար, որը ամեն գնով ցանկանում է հագուրդ տալ իր ցանկություններին։ Այս կենսաձևը խրախուսում են կինոն, հեռուստատեսությունը և տեսաֆիլմերը։ Պոռնկագրությունը ներթափանցում է զանգվածային լրատվության միջոցների, հատկապես Ինտերնետի մեջ։ Ովքեր հետաքրքրասիրություն են հանդես բերում այս ուղղությամբ, նրանց վտանգ է սպառնում (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–5; Յակոբոս 1։13–15)։
14. Քրիստոնյաներից ոմանք ինչո՞ւ են Սատանայի հնարքների զոհը դարձել։
14 Որոշ քրիստոնյաներ, հետաքրքրասիրությունից մղված, ապականել են իրենց միտքը՝ այսպես կոչված մեղմ և նույնիսկ բիրտ պոռնկագրական պատկերներ դիտելով։ Նրանք թույլ են տվել իրենց ընկնելու Սատանայի հրապուրիչ թակարդը։ Այդ ամենը հաճախ տարել է հոգևոր նավաբեկության։ Այդպիսիները թերացել են ‘երեխա լինել չարություն գործելու մեջ’, և չեն դարձել ‘մտքով չափահաս’ (Ա Կորնթացիս 14։20)։ Ամեն տարի հազարավոր մարդիկ թանկ են վճարում Աստծո Խոսքի սկզբունքներից ու չափանիշներից կառչած չմնալու համար։ Նրանք աչքաթող են արել «Աստծու սպառազինութիւնը» հագնելու ու այդպես սպառազինված մնալու կարևորությունը (Եփեսացիս 6։10–13; Կողոսացիս 3։5–10; Ա Տիմոթէոս 1։18, 19)։
Գանձի պես պահենք մեր ունեցածը
15. Ինչո՞ւ ոմանց համար դժվար է գնահատել իրենց հոգևոր ժառանգությունը։
15 «Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8։32)։ Վկաների մեծամասնությունն այնպիսի անհատներ են, ովքեր կյանքում վճիռ են կայացրել մերժել իրենց նախկին ապրելակերպն ու կրոնական կապերը։ Ուստի, նրանք ավելի պատրաստակամ են ճշմարտության բերած ազատությունը գնահատելու մեջ։ Մինչդեռ, քրիստոնյա ծնողներ ունեցող երեխաներից ոմանց համար դժվար է գնահատել իրենց հոգևոր ժառանգությունը։ Նրանք երբեք չեն առնչվել կեղծ կրոնին կամ այս աշխարհի մաս չեն կազմել, որին հատուկ է հաճոյամոլությունը, թմրամոլությունը և անբարոյականությունը։ Այդ իսկ պատճառով վտանգ կա, որ նրանք չտեսնեն այն ցայտուն հակադրությունը, որ գոյություն ունի մեր հոգևոր դրախտի ու Սատանայի փչացած աշխարհի միջև։ Ոմանք նույնիսկ տրվում են աշխարհի թույնը ճաշակելու գայթակղությանը, փորձելով պարզել, թե ինչ են իրենք ձեռքից բաց թողնում (Ա Յովհաննէս 2։15–17; Յայտնութիւն 18։1–5)։
16. ա) Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։ բ) Ի՞նչ ուսուցում ենք մենք ստանում, և խրախուսվում ենք ինչպե՞ս վարվել։
16 Մի՞թե անպայման հարկավոր է ձեռքը գցել կրակի մեջ՝ համոզվելու համար, որ ցավ կզգանք։ Մի՞թե չենք կարող սովորել ուրիշների սխալներից։ Մի՞թե հարկավոր է ընկնել այս աշխարհի «ցեխի» (ԱԹ) մեջ, որպեսզի տեսնենք, թե արդյոք ինչ–որ բան չե՞նք կորցնում (Բ Պետրոս 2։20–22)։ Պետրոսը հիշեցրեց առաջին դարի քրիստոնյաներին, որոնք նախկինում Սատանայի աշխարհի մեջ էին եղել. «Բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրեն կռապաշտութիւններով»։ Անշուշտ, կարիք չկա ընթանալ այս աշխարհի «անկարգ զեխութեամբ»՝ տեսնելու համար, թե ինչպիսին է անառակ կյանքը (Ա Պետրոս 4։3, 4)։ Դրա փոխարեն՝ յուրացնում ենք Եհովայի բարձր բարոյական չափանիշները մեր Թագավորության սրահներում, որոնք աստվածաշնչյան կրթական կենտրոններ են։ Եվ մենք խրախուսվում ենք մեր բանականությամբ ցույց տալ, որ ունենք ճշմարտությունը և այն դարձրել ենք մեր սեփականը (Յեսու 1։8; Հռովմայեցիս 12։1, 2; Բ Տիմոթէոս 3։14–17)։
Մեր անունը սոսկ անուն չէ
17. Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ լինել՝ որպես Եհովայի վկաներ։
17 Եթե ճշմարտությունը դարձնենք մեր սեփականը, ապա կձգտենք այն հասցնել ուրիշներին յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում։ Դա չի նշանակում, թե կհարկադրենք հետաքրքրություն հանդես չբերող մարդկանց լսել մեզ (Մատթէոս 7։6)։ Պարզապես, մենք չենք ամաչում, որ Եհովայի վկաներ ենք։ Եթե անհատը փոքր–ինչ հետաքրքրություն է ցույց տալիս, անկեղծորեն հարց ուղղելով կամ աստվածաշնչյան գրականություն վերցնելով, ապա մենք պետք է պատրաստ լինենք նրանց հետ խոսել մեր հույսի մասին։ Իհարկե, դրա համար լավ կլինի միշտ ձեռքի տակ ունենալ որևէ գրականություն, որտեղ էլ որ լինենք՝ տանը, աշխատավայրում, դպրոցում, խանութում կամ էլ ժամանցի վայրում (Ա Պետրոս 3։15)։
18. Ինչո՞վ է օգտակար այն, որ հստակորեն ի հայտ ենք բերում մեր քրիստոնեա լինելը։
18 Երբ մենք հստակորեն ի հայտ ենք բերում մեր ինքնությունը որպես քրիստոնյա, ապա դրանով ուժեղացնում ենք մեր պաշտպանությունը՝ ընդդեմ Սատանայի նենգ հարվածների։ Երբ մեր աշխատակիցները նշում են որևէ ծննդյան օր, կամ Նոր տարի, կամ էլ, ասենք, վիճակախաղ են կազմակերպում, նրանք հաճախ ասում են. «Մի անհանգստացրեք նրան. նա Եհովայի վկա է»։ Նույն պատճառով մարդիկ ավելի քիչ են հակված անպատկառ անեկդոտներ պատմել մեր ներկայությամբ։ Այսպիսով, եթե մենք հայտնի ենք դարձնում մարդկանց մեր քրիստոնեական հայացքները, ապա դա հօգուտ մեզ է, ինչպեսև Պետրոս առաքյալն է նշում. «Ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարուն։ Իսկ եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ» (Ա Պետրոս 3։13, 14)։
19. Որտեղի՞ց գիտենք, որ ապրում ենք վերջին օրերի վերջում։
19 Ճշմարտությունը մեր սեփականը դարձնելու օգուտներից մեկն էլ այն է, որ համոզված կլինենք, որ մեր ժամանակներն իրերի այս համակարգի իսկապես վերջին օրերն են։ Մենք կիմանանք, որ աստվածաշնչյան մարգարեություններից շատերը իրենց կատարումն են ունենում մեր օրերում։a Պողոսի նախազգուշացումը այն մասին, որ «վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան», լիովին հաստատվում է՝ նկատի ունենալով անցած դարի սարսափելի իրադարձությունները (Բ Տիմոթէոս 3։1–5; Մարկոս 13։3–37)։ Վերջերս մի լրագրում քսաներորդ դարի վերաբերյալ հոդված տպագրվեց, որը վերնագրված էր՝ «Այն կհիշվի որպես բարբարոսության դար»։ Հոդվածում ասվում էր. «1999 թվականը եղավ ամենաարյունոտ դարի երկրորդ կեսի ամենաարյունոտ տարին»։
20. Հիմա ի՞նչ անելու ժամանակն է։
20 Հիմա տարուբերվելու ժամանակը չէ։ Եհովան ակնհայտորեն օրհնում է հողագնդի վրա երբևէ կատարված մեծագույն աստվածաշնչային կրթական գործը՝ ի վկայություն բոլոր ազգերի (Մատթէոս 24։14)։ Դարձրե՛ք ճշմարտությունը ձեր սեփականը ու տարածեք այն։ Ձեր հավիտենական ապագան կախված է նրանից, թե ինչով եք զբաղված հիմա։ Ձեռքերը թուլացնելով՝ Եհովայի օրհնությունը չենք ստանա (Ղուկաս 9։62)։ Դրա փոխարեն՝ ժամանակն է ‘հաստատ լինել, անշարժ մնալ, ամեն ժամանակ ավելի առաջանալ Տիրոջ գործում՝ իմանալով, որ ձեր աշխատանքը զուր չէ Տերում’ (Ա Կորնթացիս 15։58, ԱԹ)։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Դիտարանի» 2000 թ. փետրվարի 1–ի համարը, էջ՝ 7, 8։ 13–18 պարբերություններում ներկայացվում են վեց առանձնահատկություններ, որոնք հստակորեն ցույց են տալիս, որ 1914–ից ի վեր ապրում ենք վերջին օրերում։
Հիշո՞ւմ եք արդյոք
• Ինչպե՞ս կարող ենք փարատել մեր կասկածները։
• Ի՞նչ կարող ենք սովորել Եղիսեի ծառայի հետ կատարվածից։
• Բարոյականության հարցերում ինչպիսի՞ գայթակղություններից պետք է մշտապես զգուշանանք։
• Ինչո՞ւ պետք է հստակորեն ի հայտ բերենք մեր՝ Եհովայի վկաներ լինելը։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը և աղոթքը կարող են օգնել մեզ՝ ցրելու կասկածները
[նկար 11–րդ էջի վրա]
Տեսիլքը ցրեց Եղիսեի ծառայի կասկածները
[նկար 12–րդ էջի վրա]
Այնպիսի Թագավորության սրահներում, ինչպիսին Բենինում գտնվող այս սրահն է՝ մենք յուրացնում ենք Եհովայի բարձր բարոյական չափանիշները