Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 3/15 էջ 6–10
  • Երբեք չմոռանաս Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբեք չմոռանաս Եհովային
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովային հիշելու պատճառներ
  • «Նրանց պահպանեց իր աչքի բիբի պես»
  • Մոռացկոտությունը ծնում է ապերախտություն
  • Երկու հոգի, որ չմոռացան
  • Երախտագետ եղիր
  • Եթե տոկաս, ցույց կտաս, որ հիշում ես Եհովային
  • Եհովայի Խոսքը երբեք գետին չի ընկնում
    2007 Դիտարան
  • Ինչ հիշեց Հեսուն
    2002 Դիտարան
  • Տասներկու հետախույզները
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ելք Եգիպտոսից
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2009 Դիտարան
w09 3/15 էջ 6–10

Երբեք չմոռանաս Եհովային

ՆՐԱՆՑԻՑ մի քանիսի կյանքում նման բան արդեն եղել էր։ Բայց մեծամասնության համար դա առաջին անգամ էր լինելու. նրանք առանց թրջվելու անցնելու էին ջրային տարածքով։ Եվ ահա Եհովան կանգնեցրեց Հորդանան գետի հոսքը։ Միլիոնավոր իսրայելացիներ, անցնելով գետի չոր հունը, մտան Ավետյաց երկիր։ Նրանցից շատերը իրենց հայրերի պես, որոնք 40 տարի առաջ անցել էին Կարմիր ծովը, թերևս իրենց մտքում ասում էին. «Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ Եհովան արեց այստեղ» (Յեսու 3։13–17)։

Այդուհանդերձ, Աստված գիտեր, որ կլինեն իսրայելացիներ, ովքեր «շուտով կմոռանան իր գործերը» (Սաղ. 106։13)։ Ուստի նա Իսրայելի առաջնորդ Հեսուին պատվիրեց 12 քար վերցնել գետի հունից և դնել առաջին իսկ իջևանատեղում։ Հեսուն բացատրեց. «Այս քարերը Իսրայէլի որդկանց մէջ յիշատակի համար լինեն յաւիտեան» (Յեսու 4։1–8)։ Այդ քարերը իսրայելացիներին պետք է հիշեցնեին Եհովայի զորավոր գործերի մասին։ Դրանք միշտ հիշեցնելու էին նրանց, թե Եհովային հավատարմորեն ծառայելու ինչ պատճառներ ունեն։

Օգտակա՞ր է արդյոք իսրայելացիների պատմության այս էջը Աստծու ներկայիս ծառաների համար։ Այո՛։ Մենք երբեք չպետք է մոռանանք Եհովային և պետք է շարունակենք հավատարմորեն ծառայել նրան։ Իսրայելացիներին տրվել էին տարբեր զգուշացումներ, որպեսզի նրանք չմոռանան Աստծուն։ Այդ զգուշացումները կարող են օգտակար լինել նաև մեզ համար։ Մովսեսն ասաց. «Քո անձին զգուշութիւն արա, մի գուցէ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ [«ու», ԱԱ] չը պահես նորա պատուիրանքները, դատաստանները եւ կանոնները» (Բ Օրին. 8։11)։ Փաստորեն, Եհովային գիտակցաբար չհնազանդվելը կապ ունի նրան մոռանալու հետ։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին զգուշացրեց, որ չհետևեն իսրայելացիների՝ անապատում դրսևորած «անհնազանդության օրինակին» (Եբր. 4։8–11)։ Այս վտանգը առկա է նաև մեր օրերում։

Այժմ Իսրայելի պատմությունից քննենք որոշ դեպքեր, որոնք կընդգծեն Եհովային չմոռանալու անհրաժեշտությունը։ Բացի այդ, կտեսնենք, թե ինչպես կարող ենք երկու հավատարիմ իսրայելացիների պես դրսևորել տոկունություն և ծառայել Եհովային երախտագիտությունից մղված։

Եհովային հիշելու պատճառներ

Այն բոլոր տարիներին, երբ իսրայելացիները Եգիպտոսում էին, Եհովան չմոռացավ նրանց։ Նա «յիշեց իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր» (Ելից 2։23, 24)։ Այն, թե ինչպես նա ազատեց Իսրայելին ստրկությունից, հնարավոր չէր մոռանալ։

Եհովան ինը պատուհաս բերեց Եգիպտոսի վրա։ Փարավոնի մոգերը անզոր էին դրանց դեմ։ Այդուհանդերձ, փարավոնը մերժեց Եհովային և իսրայելացիներին ազատ չարձակեց (Ելից 7։14–10։29)։ Բայց տասներորդ պատուհասից հետո այդ հպարտ կառավարիչը ստիպված էր հնազանդվելու Աստծուն (Ելից 11։1–10; 12։12)։ Իսրայել ազգը և մի «խառն բազմութիւն», ընդհանուր հաշվով՝ հավանաբար 3 000 000 մարդ, Մովսեսի առաջնորդությամբ դուրս եկան Եգիպտոսից (Ելից 12։37, 38)։ Նրանք դեռ շատ չէին հեռացել, երբ փարավոնը միտքը փոխեց։ Նրա հրամանով՝ իր ռազմակառքերն ու հեծելազորը (այն ժամանակվա ամենահզոր բանակը) սկսեցին հետապնդել նախկին ստրուկներին, որպեսզի հետ բերեն նրանց։ Այդ ընթացքում Եհովան Մովսեսին ասաց, որ իսրայելացիներին տանի Փիաիրոթ, որը գտնվում էր Կարմիր ծովի և մոտակա լեռների արանքում։ Թվում էր՝ նրանք հայտնվել են փակուղու մեջ (Ելից 14։1–9)։

Փարավոնը, կարծելով, թե իսրայելացիները ծուղակի մեջ են ընկել, պատրաստվեց հարձակման։ Բայց Եհովան կանխեց դա՝ ամպի ու կրակի սյուներ դնելով եգիպտացիների և իսրայելացիների միջև։ Հետո նա բացեց Կարմիր ծովը, և իսրայելացիները սկսեցին անցնել ծովի չոր հատակով, որի երկու կողմերում, ըստ ամենայնի, 15 մետր բարձրության ջրի պատեր էին։ Շուտով եգիպտացիները հասան ծովի ափ և տեսան, թե ինչպես են իսրայելացիները գնում դեպի մյուս ափը (Ելից 13։21; 14։10–22)։

Շրջահայաց առաջնորդը չէր շարունակի հետապնդումը։ Բայց փարավոնը շարունակեց։ Իր ուժերի վրա լիովին վստահ՝ նա իր բանակով մտավ բացված ճանապարհը։ Եգիպտացիների կառքերն ու հեծելազորը ամբողջ թափով առաջ էին ընթանում։ Բայց այդ խելահեղ հետապնդումը ավարտվեց ավելի շուտ, քան նրանք կհասնեին իսրայելացիներին. Եհովան հանեց կառքերի անիվները, և դրանք դժվարությամբ էին առաջ շարժվում (Ելից 14։23–25; 15։9)։

Մինչ եգիպտացիները փորձում էին գլուխ հանել իրենց ջարդված կառքերից, բոլոր իսրայելացիները հասան ծովի արևելյան ափը։ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա։ Այդ ժամանակ Եհովան այնպես արեց, որ ջրի հսկայական պատերը փլվեն։ Միլիոնավոր տոննաներով ջուրը հորդեց փարավոնի ու նրա զինվորների վրա։ Բոլորը խեղդվեցին, ոչ մեկը չփրկվեց։ Իսրայելացիները ազա՛տ էին (Ելից 14։26–28; Սաղ. 136։13–15)։

Այս դեպքի մասին լուրը երկար տարիներ վախի մեջ էր պահում շրջակա ազգերին (Ելից 15։14–16)։ Քառասուն տարի անց երիքովցի Ռախաբը երկու իսրայելացու ասաց. «Ձեր վախը մեր վերայ է ընկել.... Որովհետեւ մենք լսեցինք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովի ջրերը ձեր առաջիցը ցամաքեցրեց ձեր Եգիպտոսիցը դուրս եկած ժամանակը» (Յեսու 2։9, 10)։ Անգամ հեթանոս ազգերը չէին մոռացել, թե ինչպես Եհովան ազատեց իր ժողովրդին։ Հստակ է, որ առավել ևս իսրայելացինե՛րը պետք է հիշեին Եհովային։

«Նրանց պահպանեց իր աչքի բիբի պես»

Կարմիր ծովն անցնելուց հետո Իսրայել ազգը մտավ Սինայի «մեծ ու ահագին, եւ կիզող օձերով եւ կարիճներով լիքը» անապատը։ Այդ «չոր ու անջուր անապատում» սնունդ չկար այդքան շատ մարդկանց համար։ Բայց Եհովայի ձեռքը կարճ չէր։ Մովսեսն ասաց. «Ամայի երկրի մէջ [Եհովան] գտաւ [Իսրայելին], վայրի ոռնացող անապատումը. նորան շրջապատեց, նորան խրատեց, նորան պահպանեց իր աչքի բիբին պէս» (Բ Օրին. 8։15; 32։10)։ Ինչպե՞ս Աստված հոգաց իսրայելացիների կարիքները։

Եհովան հրաշքով «երկնքիցը հաց» տվեց նրանց, որը կոչվեց մանանա։ Մանանան «անապատի երեսի վերայ» էր լինում (Ելից 16։4, 14, 15, 35)։ Աստված նաև «ապառաժ քարիցը ջուր հանեց»։ Անապատում անցկացրած 40 տարիների ընթացքում նրանց հագուստը չմաշվեց, և նրանց ոտքերը չուռեցին (Բ Օրին. 8։4)։ Ինչպիսի՞ պատասխան էր ակնկալում Եհովան։ Մովսեսն ասաց Իսրայելին. «Զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցե մոռանաս այն բոլոր բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցե նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը» (Բ Օրին. 4։9)։ Եթե իսրայելացիները երախտագետ լինեին և հիշեին Եհովայի փրկարար գործերը, ապա միշտ կծառայեին իրենց Աստծուն և կհնազանդվեին նրա օրենքներին։ Իսկ ինչպե՞ս նրանք վարվեցին։

Մոռացկոտությունը ծնում է ապերախտություն

Մովսեսը Իսրայելին ասաց. «Դու քեզ ծնող Վէմը թողեցիր, եւ քեզ ստեղծող Աստուծուն մոռացար» (Բ Օրին. 32։18)։ Իսրայելացիները շուտով մոռացան այն բոլոր լավ բաները, որ Եհովան արել էր իրենց համար, այդ թվում նաև Կարմիր ծովի մոտ և անապատում արած հրաշքները։ Արդյունքում՝ նրանք դարձան անհնազանդ և ըմբոստ։

Մի անգամ իսրայելացիները նախատեցին Մովսեսին, որովհետև ջուր չկար (Թուոց 20։2–5)։ Իսկ մանանայի մասին, որը պահպանում էր իրենց կյանքը, ասացին. «Այս չնչին [«նողկալի», ՆԱ] հացիցը մեր սիրտը զզուել է» (Թուոց 21։5)։ Նրանք կասկածի տակ դրեցին Եհովայի առաջնորդության խելացիությունը և մերժեցին Մովսեսին՝ որպես իրենց առաջնորդի՝ ասելով. «Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք.... Եկէք մէկ զօրագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք» (Թուոց 14։2–4)։

Ի՞նչ էր զգում Եհովան, երբ իսրայելացիները չէին հնազանդվում իրեն։ Հետադարձ հայացք նետելով այդ դեպքերին՝ սաղմոսերգուն գրեց. «Քա՜նի անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։ Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։ Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։ Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը» (Սաղ. 78։40–43)։ Այո՛, Իսրայելի մոռացկոտությունը խորապես դառնացնում և վշտացնում էր Եհովային։

Երկու հոգի, որ չմոռացան

Սակայն որոշ իսրայելացիներ չմոռացան Եհովային։ Նրանցից էին Հեսուն և Քաղեբը։ Նրանք այն 12 մարդկանցից էին, ովքեր Կադես–բառնեայից ուղարկվել էին հետախուզելու Ավետյաց երկիրը։ Հետախույզներից տասը բացասաբար արտահայտվեցին, բայց Հեսուն ու Քաղեբը ժողովրդին ասացին. «Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։ Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կ’տանէ եւ այն մեզ կ’տայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։ Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք»։ Լսելով այս խոսքերը՝ ժողովուրդը ցանկացավ քարկոծել նրանց։ Սակայն Հեսուն և Քաղեբը մնացին հաստատակամ, քանի որ վստահում էին Եհովային (Թուոց 14։6–10)։

Տարիներ անց Քաղեբը Հեսուին ասաց. «Տիրոջ ծառայ Մովսէսը ինձ Կադէս–բառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու համար, եւ ես սրտիս մէջ եղածի պէս նորա համար լուր բերի. սակայն ինձ հետ վեր գնացող եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրին. բայց ես բոլորովին իմ Տէր Աստուծուն հետեւեցի» (Յեսու 14։6–8)։ Վստահելով Աստծուն՝ Քաղեբն ու Հեսուն հաղթահարեցին զանազան դժվարություններ։ Նրանք վճռել էին հիշել Եհովային իրենց կյանքի բոլոր օրերում։

Քաղեբն ու Հեսուն նաև երախտագետ էին։ Նրանք գիտեին, որ Եհովան կատարել է իր ժողովրդին բերրի երկիր տալու խոստումը։ Իսրայելացիները իրենց գոյության համար պետք է երախտապարտ լինեին Եհովային։ Հեսուն գրեց. «Տէրը տուաւ Իսրայէլին այն բոլոր երկիրը, որ երդում էր արել նորանց հայրերին տալու.... Ոչ մի բան չ’պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ» (Յեսու 21։43, 45)։ Ինչպե՞ս կարող ենք Քաղեբի և Հեսուի պես երախտագետ լինել։

Երախտագետ եղիր

Աստվածավախ սաղմոսերգուն հարցրեց. «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ» (Սաղ. 116։12)։ Եհովան մեզ տալիս է անհաշիվ օրհնություններ։ Նա առաջնորդում է մեզ և տվել է փրկության միջոց։ Նրանից ստացած բարիքներն այնքան շատ են, որ նույնիսկ ողջ հավիտենության ընթացքում չենք կարողանա փոխհատուցել։ Իրականում մենք երբեք չենք կարող փոխհատուցել Եհովային։ Բայց կարո՛ղ ենք երախտագիտություն դրսևորել նրա հանդեպ։

Եհովայի խորհուրդները օգնե՞լ են քեզ խուսափելու խնդիրներից։ Նրա ներողամտությունը օգնե՞լ է քեզ վերստին մաքուր խիղճ ունենալու։ Այն, ինչ ստանում ես Աստծուց, բերում է մնայուն օգուտներ։ Մնայուն պետք է լինի նաև քո երախտագիտությունը նրա հանդեպ։ Սանդրա անունով 14–ամյա մի աղջիկ լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն Եհովայի օգնությամբ հաղթահարել է դրանք։ Նա ասում է. «Ես աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ։ Ինձ ապշեցնում էր այն, թե ինչպես է նա անում դա։ Հիմա հասկանում եմ, թե ինչու էր հայրս այդքան հաճախ մեջբերում Առակաց 3։5, 6 համարները. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Ես համոզված եմ, որ Եհովան ինչպես մինչև հիմա է օգնել ինձ, այնպես էլ կօգնի հետագայում»։

Եթե տոկաս, ցույց կտաս, որ հիշում ես Եհովային

Աստվածաշնչում նշվում է մեկ ուրիշ հատկություն ևս, որը կապ ունի Եհովային հիշելու հետ. «Տոկունությունը թող որ ավարտին հասցնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և ամբողջական լինեք բոլոր առումներով և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակ. 1։4)։ Ի՞նչ է նշանակում «կատարյալ և ամբողջական լինել բոլոր առումներով»։ Նշանակում է զարգացնել հատկություններ, որոնք կօգնեն մեզ փորձությունների ժամանակ ապավինելու Եհովային և վճռականորեն հաղթահարելու դրանք։ Երբ փորձությունը վերջանում է (իսկ այն միշտ էլ վերջանում է), անհատը խոր բավարարվածություն է զգում, որ կարողացել է տոկալ (1 Կորնթ. 10։13)։

Եհովային երկար տարիներ ծառայած մի եղբայր, որ առողջական բազմաթիվ լուրջ խնդիրներ է դիմագրավում, ասում է, թե ինչն է օգնում իրեն տոկալու. «Փորձում եմ մտածել այն մասին, թե ինչ է Եհովա՛ն անում և ոչ թե՝ ինչ եմ ուզում ե՛ս անել։ Ինձ համար լինել անարատ նշանակում է հայացքս հառել Աստծու նպատակների և ոչ թե իմ ցանկությունների վրա։ Երբ խնդիրներ եմ ունենում, չեմ ասում. «Ինչո՞ւ հենց ես, Եհո՛վա»։ Պարզապես շարունակում եմ ծառայել նրան։ Իսկ երբ անսպասելի դժվարություններ են առաջանում, ավելի ամուր եմ բռնում նրա ձեռքից»։

Մեր օրերում քրիստոնեական ժողովը Եհովային երկրպագում է «ոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։23, 24)։ Ի տարբերություն Իսրայել ազգի՝ ճշմարիտ քրիստոնյաները՝ որպես մեկ ժողովուրդ, երբեք չեն մոռանա Աստծուն։ Սակայն ժողովի անդամ լինելը չի երաշխավորում, որ մենք անհատապես հավատարիմ կմնանք Եհովային։ Քաղեբի և Հեսուի նման՝ յուրաքանչյուրս պետք է տոկուն լինի սուրբ ծառայության մեջ և երախտագիտություն դրսևորի Եհովայի հանդեպ։ Մենք պետք է այդպես վարվենք, որովհետև Աստված շարունակում է առաջնորդել մեզնից յուրաքանչյուրին և հոգալ մեր կարիքները այս դժվար ժամանակներում։

Հեսուի դրած 12 քարերի պես՝ Աստծու փրկարար գործերի մասին արձանագրությունները վստահեցնում են, որ Եհովան երբեք չի լքի իր ժողովրդին։ Թող որ դու էլ սաղմոսերգուի պես ասես. «Յիշում եմ Տիրոջ գործերը. որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։ Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները» (Սաղ. 77։11, 12)։

[նկար 7-րդ էջի վրա]

Ամբողջ ազգը պետք է դեգերեր «չոր ու անջուր անապատում»

[թույլվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 8-րդ էջի վրա]

Մինչ Իսրայելը իջևանել էր Կադես–բառնեայում, հետախույզներ ուղարկվեցին Ավետյաց երկիր

[թույլվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 9-րդ էջի վրա]

Անապատում անցկացրած երկար տարիներից հետո իսրայելացիները պետք է երախտապարտ լինեին Եհովային բերրի Ավետյաց երկրի համար

[թույլվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 10-րդ էջի վրա]

Եհովայի նպատակների վրա կենտրոնանալը կօգնի մեզ, որ տոկանք ցանկացած փորձության ներքո

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը