Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 մայիս էջ 14–19
  • Փափագով սպասիր մնայուն քաղաքին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փափագով սպասիր մնայուն քաղաքին
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՎՍՏԱՀԻՐ ՆՐԱՆ, ՈՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԹՈՂՆԻ ՔԵԶ
  • ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
  • ԵՂԲԱՅՐԱՍԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՍԵՐ ԵՂԵՔ
  • Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՊԱԳԱՅՈՒՄ
  • Նամակ, որը կօգնի հավատարմորեն դիմանալ մինչև վերջ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Միմյանց հետ մտերմանալը օգուտներ է բերում մեզ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 մայիս էջ 14–19

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21

ԵՐԳ 21 Առաջին տեղում դնենք Աստծու թագավորությունը

Փափագով սպասիր մնայուն քաղաքին

«Փափագով սպասում ենք գալիք քաղաքին» (ԵԲՐ. 13։14)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Եբրայեցիներ 13-րդ գլխում գրված խորհուրդները կարող են օգուտներ բերել մեզ այսօր և ապագայում։

1. Հիսուսն ի՞նչ մարգարեացավ առաջին դարում Երուսաղեմին պատահելիք բաների մասին։

ԻՐ ՄԱՀԻՑ մի քանի օր առաջ Հիսուս Քրիստոսը մի մարգարեություն հայտնեց, որի առաջին կատարումը տեղի էր ունենալու հրեական համակարգի վերջին օրերում։ Նա նախազգուշացրեց, որ մի օր «Երուսաղեմը զորքերով շրջապատված» է լինելու (Ղուկ. 21։20)։ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ հենց տեսնեն զորքերը (ինչպես հետագայում պարզ դարձավ, դրանք հռոմեական զորքերն էին), անմիջապես փախչեն սարերը (Ղուկ. 21։21, 22)։

2. Պողոս առաքյալը ի՞նչ ասաց Հրեաստանի և Երուսաղեմի հրեա քրիստոնյաներին։

2 Երուսաղեմի պաշարումից մի քանի տարի առաջ Պողոս առաքյալը մի ազդեցիկ նամակ գրեց, որն այսօր կրում է «Եբրայեցիներ» անունը։ Այդ նամակում Պողոսը Հրեաստանում և Երուսաղեմում գտնվող քրիստոնյաներին մի կենսական խորհուրդ տվեց, որը նրանց նախապատրաստելու էր առջևում սպասվող իրադարձությանը։ Ինչի՞ մասին էր խոսքը։ Երուսաղեմը կործանվելու էր։ Ուստի Պողոսը գրեց. «Այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ փափագով սպասում ենք գալիք քաղաքին» (Եբր. 13։14)։ Կործանումից փրկվելու համար քրիստոնյաները պետք է պատրաստ լինեին թողնելու իրենց տներն ու բիզնեսը։

3. Ո՞րն է «ամուր հիմք ունեցող քաղաքը», և ինչո՞ւ ենք փափագով սպասում դրան։

3 Այն քրիստոնյաները, ովքեր որոշեցին հեռանալ Երուսաղեմից ու Հրեաստանից, հավանաբար ծաղրուծանակի ենթարկվեցին, սակայն այդ որոշումն ի վերջո փրկեց նրանց կյանքը։ Մեզ նույնպես այսօր ծաղրում են, քանի որ մեր հույսը չենք դնում մարդկանց վրա և ընկած չենք փողի հետևից. չէ՞ որ գիտենք, որ այս աշխարհը ժամանակավոր է, և փափագով սպասում ենք «ամուր հիմք ունեցող [գալիք] քաղաքին»՝ Աստծու թագավորությանըa (Եբր. 11։10; Մատթ. 6։33)։ Այս հոդվածի յուրաքանչյուր ենթավերնագրի ներքո քննվում է, թե 1) Աստծու ներշնչմամբ Պողոսի գրած խորհուրդն ինչպես օգնեց առաջին դարի քրիստոնյաներին շարունակել փափագով սպասել «գալիք քաղաքին», 2) ինչպես Պողոսը նախապատրաստեց նրանց գալիք իրադարձություններին, և 3) ինչպես է նրա խորհուրդն օգնում մեզ այսօր։

ՎՍՏԱՀԻՐ ՆՐԱՆ, ՈՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԹՈՂՆԻ ՔԵԶ

4. Երուսաղեմն ինչո՞ւ էր կարևոր քաղաք քրիստոնյաների համար։

4 Երուսաղեմը կարևոր քաղաք էր քրիստոնյաների համար։ Առաջին դարի քրիստոնեական ժողովը մ.թ. 33 թ.-ին հիմնվել էր հենց այնտեղ։ Կառավարիչ մարմինը նույնպես այնտեղ էր գտնվում։ Բացի այդ՝ բազմաթիվ քրիստոնյաներ քաղաքում տներ ունեին և այլ ունեցվածք էին ձեռք բերել։ Սակայն Հիսուսը նախապես ասել էր իր հետևորդներին, որ հեռանան Երուսաղեմից, անգամ Հրեաստանից (Մատթ. 24։16)։

5. Պողոս առաքյալն ինչպե՞ս նախապատրաստեց քրիստոնյաներին գալիք իրադարձությանը։

5 Քրիստոնյաներին գալիք իրադարձությանը նախապատրաստելու համար Պողոս առաքյալը նրանց օգնեց իրենց ուշադրությունը կենտրոնացնել Երուսաղեմի վերաբերյալ Եհովայի տեսակետի վրա։ Պողոսը հիշեցրեց նրանց, որ տաճարը, քահանաներն ու Երուսաղեմում մատուցվող զոհերն այլևս սուրբ չեն Եհովայի համար (Եբր. 8։13)։ Քաղաքի բնակիչների մեծամասնությունը մերժել էր Մեսիային։ Երուսաղեմի տաճարն այլևս ճշմարիտ երկրպագության կենտրոնը չէր, և այն կործանվելու էր (Ղուկ. 13։34, 35)։

6. Եբրայեցիներ 13։5, 6 համարներում գրված հիշեցումը ինչո՞ւ էր ժամանակահարմար քրիստոնյաների համար։

6 Երբ Պողոսը նամակ գրեց հրեաներին, Երուսաղեմը բարգավաճ քաղաք էր։ Այդ ժամանակների մի գրող Երուսաղեմն անվանել է «Արևելքի ամենահայտնի քաղաքը»։ Հրեաները տարբեր երկրներից ամեն տարի գալիս էին Երուսաղեմ՝ տոներին մասնակցելու, ինչը մեծ ազդեցություն ուներ քաղաքի զարգացող տնտեսության վրա։ Անկասկած, քրիստոնյաներից ոմանք օգտվում էին տնտեսական այս նպաստավոր վիճակից։ Թերևս դա էր պատճառը, թե ինչու Պողոսն ասաց նրանց. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով»։ Պողոսը նաև սուրբ գրվածքներից մի մեջբերում արեց, որում Եհովան հետևյալ ազդեցիկ հավաստիացումն էր տալիս. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի» (կարդա Եբրայեցիներ 13։5, 6; 2 Օրենք 31։6; Սաղ. 118։6)։ Երուսաղեմում և Հրեաստանում ապրող քրիստոնյաներն այս հավաստիացման կարիքը շատ էին ունենալու, քանի որ նամակը ստանալուց կարճ ժամանակ անց նրանք ստիպված էին լինելու թողնել իրենց տները, բիզնեսը և ունեցվածքի մեծ մասը։ Նրանք նոր կյանք էին սկսելու, ինչը հեշտ չէր լինելու։

7. Ինչո՞ւ է անհրաժեշտ այսօր իսկ ամրացնել Եհովայի հանդեպ վստահությունը։

7 Ի՞նչ ենք սովորում։ Շուտով «մեծ նեղություն» կսկսվի, և այս չար աշխարհը կկործանվի (Մատթ. 24։21)։ Առաջին դարի քրիստոնյաների պես մենք պետք է հոգևորապես արթուն մնանք և պատրաստ լինենք այդ ժամանակներին (Ղուկ. 21։34-36)։ Մեծ նեղության ժամանակ գուցե ստիպված լինենք թողնել մեր ունեցվածքը կամ դրա որոշ մասը՝ լիարժեքորեն վստահ լինելով, որ Եհովան երբեք չի լքի մեզ։ Նույնիսկ այսօր՝ նախքան մեծ նեղության սկսվելը, մենք հնարավորություն ունենք ցույց տալու, թե ում ենք վստահում։ Լավ կլինի՝ ամեն մեկս մտածի. «Իմ գործերից ու նպատակներից երևո՞ւմ է, որ վստահում եմ ոչ թե հարստությանը, այլ Աստծուն, ով խոստանում է հոգ տանել ինձ համար» (1 Տիմոթ. 6։17)։ Մենք իհարկե բազմաթիվ բաներ կարող ենք սովորել առաջին դարում տեղի ունեցած իրադարձություններից, բայց գալիք մեծ նեղության ժամանակ շատ ավելի դժվար է լինելու։ Իսկ ինչպե՞ս ենք իմանալու, թե ինչ անենք։

ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

8. Հիսուսն ի՞նչ ցուցումներ տվեց իր աշակերտներին։

8 Պողոսի նամակը ստանալուց մի քանի տարի հետո հրեա քրիստոնյաները ականատես եղան, թե ինչպես է հռոմեական բանակը շրջապատում Երուսաղեմը։ Դա ազդանշան էր, որ նրանք պետք է փախչեն, քանի որ Երուսաղեմը կործանվելու էր (Մատթ. 24։3; Ղուկ. 21։20, 24)։ Իսկ ո՞ւր էին քրիստոնյաները գնալու։ Հիսուսը պարզապես ասել էր. «Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն» (Ղուկ. 21։21)։ Բայց այդ տարածքում բազմաթիվ սարեր կային, ուստի հարց էր առաջանում՝ կոնկրետ ո՞ր ուղղությամբ պիտի գնային։

9. Քրիստոնյաների համար ինչո՞ւ թերևս դժվար լիներ որոշել, թե որ լեռները փախչեն (տես նաև քարտեզը)։

9 Տեսնենք, թե ինչ հավանական տարբերակներ կային, ուր քրիստոնյաները կարող էին փախչել։ Այդ տարածքում էին գտնվում Սամարիայի լեռները, Գալիլեայի լեռները, Հերմոն լեռը, Լիբանանի լեռներն ու Հորդանանի շուրջը եղող լեռները (տես քարտեզը)։ Այդ լեռնային շրջաններում կային քաղաքներ, որոնք ապահով հանգրվան էին թվում։ Օրինակ՝ Գամլա քաղաքը գտնվում էր բարձր և անառիկ լեռան վրա։ Որոշ հրեաներ կարծում էին, թե այն գերազանց ապաստարան է։ Գամլան, սակայն, դարձավ հրեաների ու հռոմեացիների միջև կատաղի ճակատամարտի վայր, որտեղ դրա բնակիչներից շատ-շատերը սպանվեցին։b

Քարտեզում պատկերված են առաջին դարում Իսրայելում գտնվող լեռներն ու քաղաքները։ Երուսաղեմի հյուսիսում Լիբանանի, Գալիլեայի, Սամարիայի և Գաղաադի լեռներն են, ինչպես նաև Հերմոն լեռը և Թաբոր լեռը։ Երուսաղեմի հյուսիսում գտնվող քաղաքներն են Գամլան, Կեսարիան և Պելլան։ Երուսաղեմի հարավում Հուդայի և Աբարիմի լեռներն են, ինչպես նաև Մասադա քաղաքը։ Քարտեզում նաև պատկերված են հռոմեացիների ռազմարշավները և 67-73 թթ.-ին հրեաների կորցրած տարածքները։

Շատ սարեր կային, որտեղ վաղ շրջանի քրիստոնյաները կարող էին փախչել, բայց ոչ բոլորն էին ապահով վայրեր (տես պարբերություն 9)


10-11. ա) Եհովան ակներևաբար ինչպե՞ս ուղղություն ցույց տվեց քրիստոնյաներին (Եբրայեցիներ 13։7, 17)։ բ) Առաջնորդող եղբայրներին հնազանդվելու շնորհիվ քրիստոնյաներն ինչպե՞ս օրհնվեցին (տես նաև նկարը)։

10 Եհովան քրիստոնյաներին ակներևաբար ուղղություն ցույց տվեց ժողովում առաջնորդող եղբայրների միջոցով։ Պատմաբան Եվսեբիոսը հետագայում գրել է. «Երուսաղեմում գտնվող ժողովի անդամները ցուցումներ էին ստացել ժողովի որոշ տղամարդկանցից, ում Աստված հայտնել էր.... որ մինչև պատերազմը սկսվելը քրիստոնյաները պետք է լքեն քաղաքը և բնակություն հաստատեն Պիրեայի Պելլա քաղաքում»։ Պելլան իսկապես կատարյալ տարբերակ էր։ Այն Երուսաղեմից հեռու չէր, ուստի այնտեղ հասնելը համեմատաբար հեշտ էր։ Պելլայում հիմնականում այլազգի մարդիկ էին ապրում, ուստի այն անմասն էր մնացել հրեա մոլեռանդ ազատամարտիկների ազդեցությունից ու հռոմեացիների դեմ մղած նրանց մարտերից (տես քարտեզը)։

11 Այն քրիստոնյաները, ովքեր փախան սարերը, կիրառել էին Պողոսի հետևյալ խորհուրդը. «Հնազանդվեք.... [ժողովում] ձեզ առաջնորդողներին» (կարդա Եբրայեցիներ 13։7, 17)։ Դրա շնորհիվ նրանք փրկվեցին։ Պատմությունը փաստում է, որ Աստված չէր լքել նրանց, ովքեր «սպասում էին ամուր հիմք ունեցող քաղաքին»՝ Աստծու թագավորությանը (Եբր. 11։10)։

Առաջին դարի քրիստոնյաները քայլում են լեռնային տարածքով՝ տանելով իրենց իրերը։

Պելլան անվտանգ և մոտ գտնվող վայր էր (տես պարբերություններ 10-11)


12-13. Եհովան ինչպե՞ս է ուղղորդում իր ժողովրդին ծանր ժամանակներում։

12 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան առաջնորդող եղբայրների միջոցով հստակ ցուցումներ է տալիս։ Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան այն մասին, թե Եհովան ինչպես է հովիվների միջոցով ուղղորդել իր ժողովրդին ծանր ժամանակներում (2 Օրենք 31։23; Սաղ. 77։20)։ Այսօր մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, որ Եհովան շարունակում է գործել առաջնորդող եղբայրների միջոցով։

13 Երբ բռնկվեց COVID-19 համավարակը, առաջնորդող եղբայրները անհրաժեշտ ցուցումներ տվեցին ժողովներին։ Երեցները հրահանգներ ստացան, թե ինչպես է հարկավոր ժողովներ անցկացնել և շարունակել երկրպագել Եհովային։ Համավարակը սկսվելուց կարճ ժամանակ անց նշանակալից բան տեղի ունեցավ. ավելի քան 500 լեզուներով մի համաժողովի տեսագրություն տեղադրվեց համացանցում և հեռարձակվեց հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Մենք չդադարեցինք հոգևոր սնունդ ստանալ, ինչի շնորհիվ միասնական մնացինք։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ անկախ նրանից, թե ինչ փորձությունների կբախվենք ապագայում, Եհովան կշարունակի օգնել առաջնորդող եղբայրներին իմաստուն որոշումներ կայացնել։ Բացի Եհովային վստահելուց և նրա պատվիրաններին հնազանդվելուց՝ է՞լ որ հատկանիշները կօգնեն պատրաստ լինել մեծ նեղությանը և իմաստնորեն վարվել այդ աշխարհացունց իրադարձությունների ժամանակ։

ԵՂԲԱՅՐԱՍԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՍԵՐ ԵՂԵՔ

14. Եբրայեցիներ 13։1-3-ի համաձայն՝ քրիստոնյաներն ի՞նչ հատկանիշներ պետք է դրսևորեին հրեական համակարգի վերջին օրերում։

14 Երբ մեծ նեղությունը սկսվի, մենք ավելի քան երբևէ կարիք կունենանք սեր դրսևորելու իրար հանդեպ։ Այս առնչությամբ մեզ համար լավ օրինակ են Երուսաղեմում և Հրեաստանում ապրած քրիստոնյաները։ Նրանք միշտ սեր են ցուցաբերել միմյանց հանդեպ (Եբր. 10։32-34)։ Սակայն հրեական համակարգի վախճանին նախորդող տարիներին նրանք է՛լ ավելի մեծ եղբայրասիրություն և հյուրասիրություն պիտի դրսևորեին (կարդա Եբրայեցիներ 13։1-3)։c Նույն կերպ պետք է վարվենք նաև մենք, երբ գա այս համակարգի վերջը։

15. Քրիստոնյաների փախչելուց հետո ինչո՞ւ կարիք կար, որ նրանք եղբայրասեր և հյուրասեր լինեին։

15 Երբ հռոմեական զորքերը շրջափակեցին Երուսաղեմը, իսկ հետո անսպասելի հետ քաշվեցին, քրիստոնյաները փախան՝ իրենց հետ համեմատաբար քիչ իրեր վերցնելով (Մատթ. 24։17, 18)։ Սարերը փախչելու ճանապարհին, ինչպես նաև նոր բնակավայրում նրանք պետք է թև ու թիկունք լինեին միմյանց։ Անկասկած, շատ էին լինում դեպքեր, երբ հրատապ օգնության կարիք էր առաջանում, և քրիստոնյաները առիթ էին ունենում անկեղծ եղբայրասիրություն և հյուրասիրություն դրսևորել՝ միմյանց աջակցելով ու կիսելով ունեցածը (Տիտոս 3։14)։

16. Ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել օգնության կարիք ունեցող մեր հավատակիցների հանդեպ (տես նաև նկարը)։

16 Ի՞նչ ենք սովորում։ Սերը մղում է մեզ թիկունք կանգնել մեր հավատակիցներին, երբ դրա կարիքն են ունենում։ Աստծու ծառաներից շատերը պատրաստակամորեն հոգացել են իրենց այն եղբայրների հոգևոր և նյութական կարիքները, ովքեր վերջերս տեղի ունեցած պատերազմների և բնական աղետների պատճառով փախստական են դարձել։ Ուկրաինացի մի քույր, ով պատերազմի պատճառով լքել է իր տունը, ասում է. «Մենք զգացել ենք, թե Եհովան ինչպես է մեզ ուղղորդում և օգնում մեր եղբայրների միջոցով։ Նրանք ջերմորեն ընդունեցին մեզ ու աջակցեցին Ուկրաինայում, Հունգարիայում, իսկ այժմ այստեղ՝ Գերմանիայում»։ Ովքեր հյուրասիրություն են դրսևորում եղբայրների ու քույրերի հանդեպ և հոգում են նրանց կարիքները, արժեքավոր գործիք են Եհովայի ձեռքում (Առակ. 19։17; 2 Կորնթ. 1։3, 4)։

Տարեց ամուսինները ջերմորեն իրենց տուն են ընդունում մի փախստական ընտանիքի։ Ընտանիքը ունի մի ճամպրուկ և մի քանի պայուսակ։

Քրիստոնյա փախստականներն այսօր մեր աջակցության կարիքն ունեն (տես պարբերություն 16)


17. Ինչո՞ւ է հույժ կարևոր այսօր իսկ եղբայրասեր և հյուրասեր լինել։

17 Անկասկած, ապագայում ավելի շատ կարիք կլինի աջակցելու միմյանց (Ամբ. 3։16-18)։ Եհովան մեզ սովորեցնում է, թե ինչպես լինել եղբայրասեր և հյուրասեր՝ հատկանիշներ, որոնք կենսական կարևորություն կունենան այդ ժամանակ։

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՊԱԳԱՅՈՒՄ

18. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել առաջին դարի հրեա քրիստոնյաներին։

18 Պատմությունը փաստում է, որ սարերը փախած քրիստոնյաներին հաջողվեց խուսափել Երուսաղեմին պատուհասած աղետից։ Նրանք լքեցին քաղաքը, բայց Եհովան երբեք չլքեց նրանց։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ստույգ չգիտենք, թե ապագայում դեպքերն ինչպես են զարգանալու։ Սակայն Հիսուսը զգուշացրել է, որ պատրաստ լինենք հնազանդվելու (Ղուկ. 12։40)։ Պողոս առաքյալը նույնպես գործնական խորհուրդներ է տվել, որոնք գրված են եբրայեցիներին ուղղած իր նամակում։ Ավելին՝ Եհովան անձամբ երաշխավորել է, որ երբեք մեզ մենակ չի թողնի ու չի լքի (Եբր. 13։5, 6)։ Թող որ մեծ փափագով սպասենք մնայուն քաղաքին՝ Աստծու թագավորությանը, և հավերժական օրհնություններ վայելենք (Մատթ. 25։34)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչո՞ւ է հիմա անհրաժեշտ ամրացնել Եհովայի հանդեպ մեր վստահությունը։

  • Ինչո՞ւ է հնազանդությունը կենսական լինելու մեծ նեղության ժամանակ։

  • Ինչո՞ւ է կարևոր այսօր իսկ եղբայրասեր և հյուրասեր լինել։

ԵՐԳ 157 Ծով անդորր

a Աստվածաշնչյան ժամանակներում քաղաքներում հաճախ թագավոր էր իշխում, ուստի նման քաղաքը կարող էր համարվել թագավորություն (Ծննդ. 14։2)։

b Դա տեղի ունեցավ մ.թ. 67-ին՝ Հրեաստանում և Երուսաղեմում ապրող քրիստոնյաների փախչելուց կարճ ժամանակ հետո։

c «Եղբայրասիրություն» թարգմանված բառը կարող է վերաբերել մոտ ազգականների հանդեպ ունեցած սիրուն, բայց Պողոսը այն գործածում է՝ նկատի ունենալով հավատակիցների միջև եղած սիրո ամուր կապը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը