ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20
ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորության Աղբյո՛ւր
Վստահ եղիր, որ Եհովան կմխիթարի քեզ
«Թող փառավորվի.... ջերմ գթասրտության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» (2 ԿՈՐՆԹ. 1։3)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Մենք շատ դասեր ենք սովորում այն բանից, թե ինչպես էր Եհովան մխիթարում հրեա գերիներին։
1. Ինչպիսի՞ն էր հրեա գերիների կյանքը։
ՀՐԵԱՆԵՐԸ Բաբելոնում գերի էին։ Նրանց աչքի առաջ իրենց հայրենիքը կործանվել էր։ Հրեաների ու նրանց նախահայրերի մեղքերի պատճառով Եհովան թույլ էր տվել, որ նրանք տեղահան լինեն ու գերի տարվեն։ Ժողովուրդն անկասկած շատ ընկճված էր (2 Տար. 36։15, 16, 20, 21)։ Ճիշտ է, Բաբելոնում գերիները որոշակի ազատություն ունեին և կարող էին զբաղվել առօրյա գործերով, սակայն նրանց համար կյանքը հեշտ չէր. նրանք իրենց կամքով չէին հայտնվել այնտեղ (Երեմ. 29։4-7)։ Հրեաների ապրումների մասին իմանում ենք գերիներից մեկի հետևյալ խոսքերից. «Բաբելոնի գետերի մոտ նստած՝ հիշում էինք Սիոնն ու արտասվում» (Սաղ. 137։1)։ Այո՛, նրանք վհատված էին և մխիթարության կարիք ունեին։ Ո՞վ կմխիթարեր նրանց։
2-3. ա) Ի՞նչ արեց Եհովան հրեա գերիների համար։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Եհովան «ամենայն մխիթարության Աստվածն» է (2 Կորնթ. 1։3)։ Լինելով սիրառատ Հայր՝ նա մխիթարում է բոլոր նրանց, ովքեր մտերմանում են իր հետ։ Եհովան գիտեր, որ Բաբելոնում եղող հրեաներից ոմանք ընդունելու էին իր խրատը և վերադառնալու էին իր մոտ (Ես. 59։20)։ Ուստի նրանց գերեվարվելուց ավելի քան 100 տարի առաջ Եհովայի ներշնչմամբ Եսայիան գրեց իր անունը կրող գիրքը։ Ի՞նչ նպատակով։ Մարգարեն գրում է. «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,– ասում է ձեր Աստվածը» (Ես. 40։1)։ Այո՛, Եսայիայի գրածների միջոցով Եհովան մխիթարեց հրեա գերիներին։
3 Հրեա գերիների նման մենք էլ ժամանակ առ ժամանակ մխիթարության կարիք ենք ունենում։ Հոդվածում կքննենք երեք կերպ, որոնցով Եհովան մխիթարեց հրեաներին։ Նա 1) խոստացավ ներել զղջացողներին, 2) հույս տվեց իր ժողովրդին և 3) փարատեց նրանց վախերը։ Նաև կիմանանք, թե մենք ինչ օգուտներ ենք քաղում Եհովայի մխիթարական խոսքերից։
ԵՀՈՎԱՆ ԳԹԱՍՐՏՈՐԵՆ ՆԵՐՈՒՄ Է ՄԵԶ
4. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ գթառատ Աստված է (Եսայիա 55։7)։
4 Եհովան «ջերմ գթասրտության Հայրն» է (2 Կորնթ. 1։3)։ Նա գթասրտություն ցուցաբերեց, երբ խոստացավ ներել զղջացող գերիներին (կարդա Եսայիա 55։7)։ Եհովան ասաց. «Հավիտյան քո հանդեպ հավատարիմ սեր կդրսևորեմ ու գթասիրտ կլինեմ» (Ես. 54։8)։ Իսկ ինչպե՞ս էր նա գթասրտություն ցուցաբերելու։ Ճիշտ է, հրեաները կրելու էին իրենց արարքների հետևանքները, բայց Եհովան խոստացավ ազատել նրանց Բաբելոնի գերությունից։ Նրանք ընդմիշտ գերի չէին մնալու (Ես. 40։2)։ Անկասկած, Եհովայի խոսքերը շատ մխիթարական ու քաջալերական էին զղջացող հրեաների համար։
5. Ինչո՞ւ ենք ասում, որ մենք ավելի լուրջ պատճառ ունենք համոզված լինելու, որ Եհովան գթառատ է։
5 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան պատրաստ է մեծահոգաբար ներել իր ծառաներին։ Այսօր մենք ավելի լուրջ պատճառ ունենք համոզված լինելու դրանում, քան գերեվարված հրեաները, որովհետև գիտենք, թե ինչի հիման վրա է Եհովան ներում մեր մեղքերը։ Եսայիայի մարգարեանալուց հարյուրավոր տարիներ անց Եհովան ուղարկեց իր սիրելի Որդուն, որպեսզի վերջինս փրկագին տա բոլոր զղջացող մարդկանց համար։ Հիսուսի զոհագործության հիման վրա մեր մեղքերը «ջնջվում» են՝ ամբողջովին մաքրվում (Գործ. 3։19; Ես. 1։18; Եփես. 1։7)։ Իրոք որ, Եհովան գթառատ Աստված է։
6. Ինչո՞ւ է Եհովայի գթասրտության մասին մտածելը օգտակար (տես նաև նկարը)։
6 Եթե մեղավորության զգացումը տանջում է մեզ, Եսայիա 55։7-ում գրված Եհովայի խոսքերը կարող են մխիթարական լինել մեզ համար։ Մեզանից ոմանք գուցե շարունակեն մեղավորության զգացում ունենալ անցյալում գործած մեղքերի համար անգամ զղջալուց հետո, հատկապես այն դեպքերում, երբ դեռ կրում են դրանց հետևանքները։ Բայց եթե խոստովանել ենք մեր մեղքերը և փոխել մեր ապրելակերպը, ապա կարող ենք համոզված լինել, որ Եհովան ներել է մեզ։ Իսկ երբ Եհովան ներում է մեղքը, այլևս չի հիշում այն (համեմատիր Երեմիա 31։34)։ Ուստի եթե Եհովան չի կենտրոնանում անցյալում կատարած մեր սխալների վրա, մենք էլ չպետք է կենտրոնանանք։ Եհովայի համար կարևոր են մեր ներկայիս գործերը, ոչ թե անցյալում արած սխալները (Եզեկ. 33։14-16)։ Բացի այդ՝ շուտով մեր գթառատ Հայրը մեկընդմիշտ կազատի մեզ մեր սխալների հետևանքներից։
Եհովայի համար կարևոր չէ, թե ինչ սխալներ ենք արել անցյալում, կարևորն այն է, թե ինչ ենք անում հիմա (տես պարբերություն 6)
7. Ի՞նչը կարող է մղել մեզ օգնության դիմել, եթե մեղք ենք գործել, բայց թաքցնում ենք այն։
7 Ի՞նչ պետք է անենք, եթե մեր խիղճը տանջում է մեր գործած լուրջ մեղքի համար, որը թաքցնում ենք։ Աստվածաշունչը հորդորում է դիմել երեցների օգնությանը (Հակ. 5։14, 15)։ Դա անելը գուցե հեշտ չլինի։ Բայց մենք ուժ կգտնենք երեցներին դիմելու, եթե իսկապես զղջանք մեր արածի համար ու հիշենք, որ Եհովան և նրա նշանակած այդ հավատարիմ տղամարդիկ սիրով գթասրտություն կդրսևորեն մեր հանդեպ։ Տեսնենք, թե ինչպես է Եհովան երեցների միջոցով մխիթարել Արթուրa անունով մի եղբոր, ով մեղավորության ծանր զգացում ուներ։ Արթուրը պատմում է. «Մոտ մեկ տարի ես պոռնկագրություն էի դիտում։ Բայց մի ելույթ լսեցի խղճի մասին, որը մղեց ինձ մեղքս խոստովանելու կնոջս ու երեցներին։ Դրանից հետո թեթևացում զգացի, բայց դեռ վհատված էի իմ արածի պատճառով։ Երեցները հիշեցրին, որ Եհովան չի մերժել ինձ։ Նա խրատում է մեզ, քանի որ սիրում է։ Նրանց ջերմ խոսքերը հասան սրտիս և օգնեցին հասկանալ, որ Եհովան իսկապես ներել է ինձ»։ Այժմ Արթուրը ռահվիրա է և ծառայող օգնական։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ երբ զղջում ենք, Եհովան գթասրտություն է դրսևորում մեր հանդեպ։
ԵՀՈՎԱՆ ՄԵԶ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ
8. ա) Եհովան ի՞նչ հույս տվեց հրեա գերիներին։ բ) Եսայիա 40։29-31 համարների համաձայն՝ Եհովայի տված հույսը ի՞նչ ազդեցություն էր ունենալու զղջացող հրեաների վրա։
8 Մարդկային տեսանկյունից հրեա գերիների իրավիճակն անհույս էր։ Բաբելոնյան աշխարհակալ ուժը հայտնի էր նրանով, որ երբեք ազատ չէր արձակում գերիներին (Ես. 14։17)։ Բայց Եհովան իր ժողովրդին հույս տվեց։ Նա խոստացավ ազատել հրեաներին գերությունից, և ոչինչ չէր կարող նրան հետ պահել իր խոստումը կատարելուց (Ես. 44։26; 55։12)։ Եհովայի համար Բաբելոնը մակերեսի վրա նստած փոշի էր (Ես. 40։15)։ Իսկ փոշուց հեշտությամբ կարելի է ազատվել՝ ընդամենը թեթև փչելով դրա վրա։ Բայց ինչպե՞ս էր Եհովայի տված հույսը օգնելու գերեվարված հրեաներին։ Այն մխիթարելու էր նրանց և ոչ միայն։ Եսայիան գրել է. «Եհովային հուսացողները նոր ուժով կլցվեն» (կարդա Եսայիա 40։29-31)։ Այո՛, հույսը նրանց թարմ ուժերով կլցներ, և նրանք «վեր կբարձրանային արծիվների պես»։
9. Հրեա գերիները ի՞նչ հիմք ունեին վստահելու Եհովայի խոստումներին։
9 Հրեա գերիները ի՞նչ հիմք ունեին հավատալու, որ Եհովայի խոստումները իրականություն կդառնան։ Հիշենք, որ մի շարք մարգարեություններ արդեն կատարվել էին։ Օրինակ՝ հրեաները գիտեին, որ Ասորեստանը նվաճել է Իսրայելի տասցեղ թագավորությունը և ժողովրդին գերի տարել (Ես. 8։4)։ Բացի այդ՝ տեսել էին, թե ինչպես է Բաբելոնը կործանում Երուսաղեմը և գերեվարում դրա բնակիչներին (Ես. 39։5-7)։ Նրանց կյանքի ընթացքում էր, որ Սեդեկիա թագավորին կուրացրել էին և բերել Բաբելոն (Երեմ. 39։7; Եզեկ. 12։12, 13)։ Իրենց վերաբերյալ Եհովայի բոլոր ասածները իրականություն էին դարձել (Ես. 42։9; 46։10)։ Այս ամենն ի մտի ունենալը պետք է որ նրանց համոզվածությամբ լցներ, որ գերությունից ազատվելու վերաբերյալ Եհովայի տված խոստումը նույնպես իրագործվելու է։
10. Ի՞նչը կօգնի մեզ վառ պահել մեր հույսը այս վերջին օրերում։
10 Ի՞նչ ենք սովորում։ Հույսը կարող է մխիթարել մեզ և օգնել վերագտնել մեր ուժերը, երբ վհատված ենք։ Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներում և դիմադրում ենք հզոր թշնամիների։ Սակայն այս ամենը չպետք է մեզ թևաթափ անի. չէ՞ որ Եհովան խաղաղ ու ապահով միջավայրում հավիտյան ապրելու հիանալի հույս է տվել մեզ։ Մենք պետք է այդ հույսը մեր սրտում ու մտքում վառ պահենք, հակառակ դեպքում այն կխամրի։ Դա նման կլինի այն բանին, որ գեղեցիկ բնապատկերին նայենք կեղտոտ պատուհանից։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մեր հույսը վառ պահել, այսինքն՝ «մաքրել պատուհանի ապակին». կանոնավորաբար խորհրդածելով այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում։ Օգտակար կլինի նաև մեր հույսի մասին հոդվածներ կարդալ, տեսանյութեր դիտել և երգեր լսել։ Բացի այդ՝ լավ կլինի՝ Եհովային պատմենք, թե նրա տված որ խոստումներին ենք անձկությամբ սպասում։
11. Ի՞նչն է օգնում քրոնիկ հիվանդություն ունեցող մի քրոջ նոր ուժով լցվել։
11 Տեսնենք, թե ինչպես է հույսը մխիթարում ու զորացնում Ջոյ անունով մի քրոջ, ով տառապում է քրոնիկ հիվանդությունից։ Նա ասում է. «Երբ ուժասպառ եմ լինում, Եհովային պատմում եմ իմ ամենախոր զգացումների մասին՝ համոզված լինելով, որ նա հասկանում է ինձ։ Նման պահերին Եհովան ինձ «մարդկային ուժից վեր զորություն» է տալիս» (2 Կորնթ. 4։7)։ Ջոյը նաև իրեն պատկերացնում է նոր աշխարհում, որտեղ «ոչ մի մարդ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Ես. 33։24)։ Եթե մեր սիրտը բացենք Եհովայի առաջ և կենտրոնանանք մեր հույսի վրա, մենք էլ նոր ուժով կլցվենք։
12. Ի՞նչ հիմքեր ունենք վստահելու Եհովայի խոստումներին (տես նաև նկարը)։
12 Ինչպես հրեա գերիներին, այնպես էլ մեզ Եհովան շատ հիմքեր է տվել վստահելու իր խոստումներին։ Խորհենք այն մարգարեությունների մասին, որոնք իրականանում են մեր աչքի առաջ։ Օրինակ՝ մենք ապրում ենք այն աշխարհակալ ուժի օրոք, որը «մասամբ հզոր է.... մասամբ՝ դյուրաբեկ» (Դան. 2։42, 43)։ Բացի այդ՝ լսում ենք, որ «տարբեր վայրերում.... երկրաշարժեր են լինում», ինչպես նաև մասնակցում ենք «բոլոր ազգերին» քարոզելու գործին (Մատթ. 24։7, 14)։ Այս և նմանօրինակ մարգարեությունները ամրացնում են մեր հավատը Եհովայի տված այն մխիթարական խոստումների հանդեպ, որոնք դեռ իրագործվելու են։
Մեր օրերում կատարվող մարգարեությունները հիմք են տալիս մեզ վստահելու Եհովայի խոստումներին (տես պարբերություն 12)
ԵՀՈՎԱՆ ՓԱՐԱՏՈՒՄ Է ՄԵՐ ՎԱԽԵՐԸ
13. ա) Հրեաները ի՞նչ դժվարությունների էին բախվելու, երբ նրանց ազատագրումը մոտենար։ բ) Եսայիա 41։10-13 համարների համաձայն՝ Եհովան ինչպե՞ս մխիթարեց հրեա գերիներին։
13 Ճիշտ է, Եհովան հրեաներին գերությունից ազատագրվելու հույս էր տվել, բայց գիտեր, որ ինչքան մոտենա այդ ժամանակը, նրանց համար ավելի դժվար կլինի։ Նա մարգարեաբար ասել էր, որ մի հզոր զավթիչ հպատակեցնելու է շրջակա ազգերին և նույնիսկ հարձակվելու է Բաբելոնի վրա (Ես. 41։2-5)։ Արդյոք դա կվախեցնե՞ր հրեաներին։ Դեռ տարիներ առաջ Եհովան հետևյալ մխիթարական խոսքերն էր ասել իր ժողովրդին. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի՛ մտահոգվիր, որովհետև ես քո Աստվածն եմ» (կարդա Եսայիա 41։10-13)։ Ի՞նչ նկատի ուներ Եհովան՝ ասելով. «Ես քո Աստվածն եմ»։ Նա հրեաներին ոչ թե հիշեցնում էր, որ պետք է երկրպագեն իրեն, ինչը նրանք արդեն գիտեին, այլ հավաստիացնում էր, որ ինքը նրանց կողքին է (Սաղ. 118։6)։
14. Եհովան է՞լ ինչպես փարատեց հրեաների վախերը։
14 Հրեա գերիների վախերը Եհովան նաև փարատեց՝ հիշեցնելով նրանց իր անսահման զորության և իմաստության մասին։ Նա նրանց ուշադրությունը հրավիրեց աստղազարդ երկնքի վրա և ասաց, որ ոչ միայն ստեղծել է աստղերը, այլև գիտի դրանց բոլորի անունները (Ես. 40։25-28)։ Տրամաբանական է եզրակացնել, որ Եհովան իր ծառաներից յուրաքանչյուրին նույնպես անունով է ճանաչում։ Եվ եթե նա այնքան զորեղ է, որ ստեղծել է աստղերը, վստահաբար կարող է նաև օգնել իր ժողովրդին։ Այո՛, հրեա գերիները վախենալու կամ մտահոգվելու ոչ մի պատճառ չունեին։
15. Եհովան ինչպե՞ս իր ժողովրդին պատրաստեց ապագա իրադարձություններին։
15 Եհովան իր ժողովրդին նաև պատրաստեց ապագա իրադարձություններին՝ ասելով. «Մտիր քո տան խորքի սենյակները և հետևիցդ փակիր դռները։ Մի պահ թաքնվիր, մինչև որ անցնի իմ բարկությունը» (Ես. 26։20)։ Այս համարներում գրվածը, ըստ ամենայնի, առաջին անգամ կատարվեց այն ժամանակ, երբ Կյուրոս թագավորը նվաճեց Բաբելոնը։ Մի հույն պատմիչ գրել է, որ երբ Կյուրոսը մտավ Բաբելոն, «հրահանգ տվեց սպանել բոլոր նրանց, ովքեր դրսում էին գտնվում»։ Բաբելոնի բնակիչները պետք է որ ահ ու սարսափի մեջ լինեին։ Բայց հրեա գերիները փրկվեցին թերևս այն պատճառով, որ հետևեցին Եհովայի տված հրահանգներին։
16. Ինչո՞ւ չպետք է չափից շատ անհանգստանանք մեր ապագայի մասին (տես նաև նկարը)։
16 Ի՞նչ ենք սովորում։ Շուտով կսկսվի մեծ նեղությունը՝ մարդկության պատմության ամենածանր ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ մարդիկ շփոթված ու վախեցած կլինեն, բայց ոչ Եհովայի ժողովուրդը։ Եհովան մեր Աստվածն է։ Մենք «ուղիղ կկանգնենք»՝ իմանալով, որ «[մեր] ազատագրումը մոտենում է» (Ղուկ. 21։28)։ Անգամ երբ ազգերի դաշինքը հարձակվի մեզ վրա, մենք չենք սասանվի։ Եհովան կպաշտպանի մեզ հրեշտակների միջոցով, ինչպես նաև կարևոր հրահանգներ կտա, որոնց հետևելով՝ կփրկվենք։ Մենք դեռ չգիտենք, թե այդ հրահանգները ինչպես են փոխանցվելու մեզ։ Բայց հավանական է, որ դրանք կտրվեն ժողովների միջոցով։ Գուցե ժողովները լինեն այն «խորքի սենյակները», որտեղ ապահով կլինենք։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել ապագա իրադարձություններին։ Մենք պետք է մտերմանանք մեր հավատակիցների հետ, պատրաստակամորեն հետևենք մեր կազմակերպության տված ցուցումներին և համոզված լինենք, որ Եհովան է ղեկավարում այն (Եբր. 10։24, 25; 13։17)։
Եթե խորհրդածենք Եհովայի զորության և փրկելու կարողության մասին, մեծ նեղության ժամանակ չափից շատ չենք մտահոգվի (տես պարբերություն 16)b
17. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
17 Ինչպես տեսանք, հրեաների կյանքը հեշտ չէր Բաբելոնում, բայց Եհովան մխիթարեց նրանց։ Նա մեզ էլ կմխիթարի։ Ուստի, անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում, համոզված եղիր, որ Եհովան կմխիթարի քեզ և գթասրտություն կցուցաբերի քո հանդեպ։ Հույսդ ամուր պահիր և հիշիր՝ Եհովան քո Աստվածն է, դու վախենալու ոչ մի պատճառ չունես։
ԵՐԳ 3 Մեր հույսի և ուժի աղբյուր
a Որոշ անուններ փոխված են։
b ՆԿԱՐ։ Մի քանի եղբայրներ ու քույրեր հավաքվել են սենյակում։ Նրանք նայում են գիշերային երկնքին և խորհելով դրա մասին՝ վստահությամբ են լցվում, որ Եհովան ի զորու է պաշտպանելու իրենց՝ անկախ նրանից, թե իրենք որտեղ են ապրում։