Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 փետրվար էջ 20–24
  • Եհովան միշտ «ուղղել է իմ շավիղները»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան միշտ «ուղղել է իմ շավիղները»
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԾՆՈՂՆԵՐՍ ԻՆՁ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԵՆ ԴՐԵԼ
  • ՀՈՒՅՍՍ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ ԵՄ ԴՆՈՒՄ
  • ԵՀՈՎԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ ԻՐԵՆ ՎՍՏԱՀՈՂՆԵՐԻՆ
  • ՈՒՐԻՇ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ
  • «ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ» ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ
  • Առատապես օրհնվել ենք միսիոներական ոգի պահպանելու համար
    2004 Դիտարան
  • Վճռականորեն տրամադրված ենք՝ ծառայելու Եհովային
    2006 Դիտարան
  • Թե ուր տարավ ինձ լիաժամ ծառայությունը
    2014 Դիտարան
  • Յոթանասուն տարի բռնել եմ հրեա մարդու քղանցքը
    2012 Դիտարան
Ավելին
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 փետրվար էջ 20–24
Ստիվեն Հարդին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան միշտ «ուղղել է իմ շավիղները»

Պատմում է ՍՏԻՎԵՆ ՀԱՐԴԻՆ

ՄԻ ԱՆԳԱՄ մեր երիտասարդ եղբայրներից մեկը հարցրեց, թե Աստվածաշնչից որն է իմ ամենասիրած համարը։ Առանց երկմտելու՝ ասացի. «Առակներ 3-ի 5, 6 համարները, որտեղ ասվում է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները»»։ Եվ իսկապես, Եհովան միշտ ուղղել է իմ շավիղները։ Ուզո՞ւմ եք՝ պատմեմ, թե ինչպես։

ԾՆՈՂՆԵՐՍ ԻՆՁ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԵՆ ԴՐԵԼ

Հայրս ու մայրս ճշմարտությունն իմացել են 1920-ականներին, երբ դեռ ամուսնացած էլ չէին։ Ես ծնվել եմ 1939-ին։ Մենք ապրում էինք Անգլիայում։ Մանկուց ծնողներիս հետ հաճախել եմ ժողովի հանդիպումներին, հետո էլ ցուցակագրվել եմ Աստվածապետական ծառայության դպրոցին։ Պարզ հիշում եմ, թե առաջին հանձնարարությունս ներկայացնելու համար ինչպես բարձրացա ամբիոնի հետևում դրված մի մեծ արկղի վրա, որ ունկնդիրները տեսնեն ինձ։ Ընդամենը վեց տարեկան էի։ Անասելի հուզվում էի, երբ նայում էի այն բոլոր մեծահասակներին, որոնց հայացքները ինձ էին սևեռված։

Ստիվեն Հարդին երեխա ժամանակ. քարոզում է իր ծնողների և մի քանի այլ քարոզիչների հետ։ Նրանք կրում են ազդագրեր, որոնց վրա նշված է համաժողովի հանրային ելույթի վերնագիրը

Ծնողներիս հետ՝ փողոցի վկայության ժամանակ

Երբ ութ տարեկան էի, հայրս ինձ համար թղթի վրա մի պարզ մատուցում գրեց, որ կարողանամ մասնակցել քարոզչական ծառայությանը։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես տնետան ծառայության ժամանակ առաջին անգամ մեն-մենակ մոտեցա մի դռան։ Ուրախությանս չափ չկար, երբ բնակիչը թղթիս գրությունը կարդալուն պես վերցրեց «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը։ Շնչակտուր վազեցի փողոցն ի վար, որ պատմեմ հորս։ Քարոզչական ծառայությունն ու ժողովի հանդիպումները ինձ մեծ ուրախություն էին պատճառում։ Դրանք նաև Եհովային լիաժամ ծառայելու անհագ ցանկություն արթնացրին սրտումս։

Հայրս ինձ համար «Դիտարան» ամսագիր բաժանորդագրվեց։ Հենց որ փոստով ստանում էի ամսագրի իմ օրինակը, մեծ անհամբերությամբ ու հետաքրքրությամբ կարդում էի այն։ Ճշմարտությունն ավելի ու ավելի խորն էր մտնում սիրտս։ Նաև օր օրի մեծանում էր Եհովայի հանդեպ վստահությունս։ Ուստի ի վերջո նվիրվեցի Եհովային։

1950 թ.-ին ընտանիքով ներկա եղանք «Աստվածապետության աճը» վերնագրով համաժողովին, որը տեղի ունեցավ Նյու Յորքում։ Հինգշաբթի օրվա՝ օգոստոսի երեքի խորագիրն էր՝ «Միսիոների օրը»։ Այդ օրը մկրտության ելույթը ներկայացրեց եղբայր Քերի Բարբերը, որը հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Մկրտության թեկնածուների թվում էի նաև ես։ Երբ եղբայրը ելույթի վերջում երկու հարց տվեց, ես ոտքի կանգնեցի և ոգևորված ասացի՝ «այո՛»։ Թեև 11 տարեկան էի, բայց քաջ գիտակցում էի, որ շատ կարևոր քայլ եմ անում։ Այդ ամենը իհարկե շատ ուրախալի էր, բայց մի խնդիր կար՝ ես վախենում էի ջուրը մտնել, քանի որ լողալ չգիտեի։ Հորեղբայրս ինձ հետ եկավ մինչև լողավազան և հավաստիացրեց, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ իսկապես, ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ոտքերս անգամ չհասցրին դիպչել լողավազանի հատակին։ Եղբայրներից մեկը, ձեռքերիցս բռնած, ջրի միջով ինձ տարավ մկրտող եղբոր մոտ, սպասեց մինչև մկրտվեցի, ապա օգնեց, որ դուրս գամ լողավազանից։ Այդ կարևոր օրը և դրանից ի վեր Եհովան միշտ ուղղել է իմ շավիղները։

ՀՈՒՅՍՍ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ ԵՄ ԴՆՈՒՄ

Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի ռահվիրայական ծառայություն սկսել, բայց ուսուցիչներս համոզում էին, որ բարձրագույն կրթություն ստանամ։ Ես տեղի տվեցի նրանց ճնշմանը և ընդունվեցի համալսարան։ Սակայն շուտով հասկացա, որ չեմ կարող միաժամանակ և՛ ճշմարտության մեջ ամուր մնալ, և՛ տրվել ուսմանը։ Ուստի որոշեցի կիսատ թողնել կրթությունս։ Եհովային աղոթեցի այդ մասին, ապա մի հարգալից նամակ գրեցի, որով տնօրինությանը տեղեկացրի, որ առաջին կուրսն ավարտելուն պես դուրս եմ գալու համալսարանից։ Հույսս ամբողջովին Եհովայի վրա դնելով՝ անմիջապես ռահվիրայություն սկսեցի։

1957 թ.-ի հուլիսն էր։ Նշանակվեցի ծառայելու Ուելինգբորո քաղաքում։ Լոնդոնի մասնաճյուղի եղբայրներին ասել էի, որ շատ եմ ուզում ծառայել մի փորձառու ռահվիրայի հետ, և հարցրել էի, թե ում խորհուրդ կտան։ Այդ ռահվիրան Բերտ Վեյզին էր, ով ինձ իր թևի տակ առավ և շատ բաներ սովորեցրեց։ Նա սրտանց օգնեց, որ քարոզչական գործում հունի մեջ ընկնեմ։ Ուելինգբորոյի մեր ժողովում ծառայում էինք ես, եղբայր Վեյզին և 6 տարեց քույրեր։ Ժողովի բոլոր հանդիպումներին նախապատրաստվելն ու դրանց մասնակցելը օգնեցին, որ ավելի շատ վստահեմ Եհովային, ինչպես նաև հավատս արտահայտելու բազմաթիվ հնարավորություններ տվեցին։

Զինծառայությունից հրաժարվելու պատճառով ինձ կարճ ժամանակով բանտ նստեցրին։ Ազատ արձակվելուց հետո ծանոթացա Բարբարայի՝ հատուկ ռահվիրա մի քրոջ հետ։ Մենք ամուսնացանք 1959 թ.-ին։ Ես ու Բարբարան պատրաստ էինք ծառայելու ցանկացած վայրում, ուր էլ որ մեզ նշանակեին։ Սկզբում մեզ ուղարկեցին Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լանքաշիր կոմսություն։ 1961-ի հունվարին ինձ հրավիրեցին Լոնդոնի Բեթել՝ մասնակցելու Թագավորական ծառայության դպրոցին, որը պետք է տևեր մեկ ամիս։ Շատ զարմացա, երբ այդ դպրոցն ավարտելուց հետո նշանակվեցի որպես շրջանային վերակացու։ Բիրմինգհեմ քաղաքում մի փորձառու շրջանային վերակացուի մոտ երկու շաբաթ մարզում ստացա։ Այդ ընթացքում Բարբարային թույլ տվեցին միանալ ինձ։ Դրանից հետո միասին անցանք մեր ծառայությանը Լանքաշիր և Չեշիր կոմսություններում։

ԵՀՈՎԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ ԻՐԵՆ ՎՍՏԱՀՈՂՆԵՐԻՆ

1962 թ. օգոստոսին՝ մեր արձակուրդի ժամանակ, մասնաճյուղից նամակ ստացանք, որին «Գաղաադ» դպրոցի» երկու դիմում էր կցված։ Մեզ խնդրել էին հնարավորինս արագ պատասխանել այդ նամակին։ Եհովային աղոթելուց հետո ես ու Բարբարան լրացրինք դիմումները և անմիջապես ուղարկեցինք մասնաճյուղ։ Հինգ ամիս անց արդեն Նյու Յորքի ճանապարհին էինք, որ սովորեինք «Գաղաադի» 38-րդ դասարանում։ Մենք աստվածապետական տասնամսյա կրթություն էինք ստանալու։

«Գաղաադում» շատ բան սովորեցինք Աստծու խորունկ մտքերի, կազմակերպության գործունեության, ինչպես նաև մեր համաշխարհային եղբայրության նվիրված ծառայության մասին։ Լինելով բավականին երիտասարդ (25 տարեկան էլ չկայինք)՝ մենք շատ բան սովորեցինք նաև մեր համադասարանցիներից։ Այդ ամիսների ընթացքում ես մեծ առանձնաշնորհում ունեցա ամեն օր (կես օրով) աշխատել եղբայր Ֆրեդ Ռասկի՝ մեր դասավանդողներից մեկի հետ որպես նրա քարտուղար։ Նա սիրում էր կրկնել, որ եթե ուզում ես՝ տվածդ խորհուրդը ճիշտ լինի, այն պետք է լիովին հիմնված լինի Սուրբ Գրքի վրա։ Այդ խոսքերը մինչ օրս հնչում են ականջներումս։ Դպրոցի ընթացքում մեզ համար դասախոսություններ են կարդացել այնպիսի փորձառու եղբայրներ, ինչպիսիք են Նաթան Նորը, Ֆրեդերիկ Ֆրանցը և Կարլ Քլեյնը։ Էլ չեմ ասում, թե ինչքան բան ենք սովորել մեր խոնարհ եղբայր Մակմիլանից։ Նրա դասախոսություններից մեկն այն մասին էր, թե Եհովան ինչպես է օգնել իր ժողովրդին 1914-ից 1919 թթ. միջև ընկած ստուգման ու մաքրման տարիներին։

ՈՒՐԻՇ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

Ավարտականից կարճ ժամանակ առաջ եղբայր Նորը ինձ ու Բարբարային ասաց, որ նշանակվել ենք ծառայելու Բուրունդիում՝ Աֆրիկա։ Վազեցինք Բեթելի գրադարան, որ «Տարեգրքի» մեջ նայենք, թե Բուրունդիում քանի քարոզիչ կա։ Պատկերացնո՞ւմ եք մեր զարմանքը, երբ ոչ մի տեղ այդ երկրի քարոզիչների մասին որևէ տեղեկություն չգտանք։ Այո՛, մենք գնում էինք մի տարածք, որտեղի բնակիչները երբեք չէին քարոզվել, և որի մասին գրեթե ոչինչ չգիտեինք։ Այնքան էինք լարվել, որ միայն թախանձագին աղոթքից հետո կարողացանք փոքր-ինչ խաղաղվել։

Մեր նոր տարածքում ամեն ինչը՝ եղանակը, մշակույթը, լեզուն, անչափ տարբերվում էր այն ամենից, ինչին սովոր էինք։ Մենք պետք է ֆրանսերեն սովորեինք։ Դժվարություններից մեկն էլ ապրելու տեղ գտնելն էր։ Մեր գալուց երկու օր անց «Գաղաադի» մեր համադասարանցիներից մեկը՝ Հարի Արնոտը, այցելեց մեզ։ Նա վերադառնում էր Զամբիա՝ իր նշանակման վայրը։ Հարին օգնեց մեզ տեղավորվել մի բնակարանում, որը դարձավ մեր առաջին միսիոներական տունը։ Սակայն շուտով իշխանությունները, որոնք ոչինչ չգիտեին Եհովայի վկաների մասին, սկսեցին հակառակվել մեզ։ Նոր-նոր էինք սկսել ուրախություն ստանալ մեր նշանակումից, երբ պետական մարմինները տեղեկացրին, որ առանց աշխատանքային թույլտվության չենք կարող մնալ իրենց երկրում։ Ցավոք, ստիպված եղանք հեռանալ Բուրունդիից։ Գնացինք Ուգանդա։

Մենք շատ էինք անհանգստանում, թե առանց վիզայի ինչպես ենք գնալու Ուգանդա, բայց Եհովայի հանդեպ վստահությունը մեղմեց մեր վախը։ Մի կանադացի եղբայր, որը ծառայում էր Ուգանդայում, մեր իրավիճակի մասին պատմեց ներգաղթյալների հարցերով զբաղվող պաշտոնյաներից մեկին։ Վերջինս մեզ մի քանի ամիս ժամանակ տվեց, որ կարողանանք իրենց երկրում մնալու համար թույլտվություն ստանալ։ Դեպքերի այդպիսի ընթացքը հավաստիացրեց, որ Եհովան մեզ հետ է։

Ուգանդայում իրավիճակը բոլորովին այլ էր։ Այստեղ Թագավորության գործի հիմքն արդեն դրված էր, քանի որ երկրում 28 Վկա կար։ Տարածքում շատ մարդ գտանք, որոնք անգլերեն գիտեին։ Բայց կարճ ժամանակ անց հասկացանք, որ եթե ուզում ենք օգնել հետաքրքրվողներին առաջադիմել, պետք է տեղի լեզուներից գոնե մեկը սովորենք։ Սկսել էինք քարոզել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում և դրա շրջակայքում։ Այդ տարածքում լայնորեն տարածված էր լուգանդա լեզուն, ուստի որոշեցինք հենց դա սովորել։ Մի քանի տարի պահանջվեց, մինչև կարողացանք վարժ խոսել այդ լեզվով, բայց արժեր ջանքեր թափել, քանի որ այդպիսով մեր ծառայության արդյունավետությունը զգալիորեն մեծացավ։ Մենք սկսեցինք ավելի լավ հասկանալ, թե Աստվածաշնչի մեր ուսումնասիրողները հոգևոր ինչ կարիքներ ունեն։ Նրանք էլ, տեսնելով իրենց հանդեպ մեր հետաքրքրվածությունը, սկսեցին ավելի շատ վստահել մեզ և անկաշկանդ արտահայտվել իրենց սովորած ճշմարտությունների մասին։

«ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ» ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակցված նկարներ։ 1) Աֆրիկայի քարտեզը, որի վրա նշված են այն վայրերից մի քանիսը, որտեղ ծառայել է Ստիվեն Հարդին, 2) Ստիվենը նստած է աթոռին իրենց բեռնասայլ-մեքենայի կողքին, 3) Բարբարան՝ Ստիվենի առաջին կինը, պլաստիկ թասի մեջ բանջարեղեն է լվանում

Մեր ուղևորություններից մեկի ժամանակ, Ուգանդա

Աստծու Խոսքը խոնարհ մարդկանց ուսուցանելը մեր սիրտը ուրախությամբ էր լցնում, բայց պակաս ուրախալի չէր նաև այն, որ մեզ խնդրեցին Ուգանդայում շրջանային ծառայության անցնել։ Քենիայի մասնաճյուղի առաջնորդության ներքո մենք սկսեցինք փնտրել այնպիսի տարածքներ, որտեղ հատուկ ռահվիրաների մեծ կարիք կար։ Այդ ճամփորդությունների ընթացքում շատ անգամներ անծանոթների կողմից այնպիսի հյուրընկալության ենք արժանացել, որ հիացմունքից ապշել ենք։ Ընդ որում այդ մարդիկ մինչ այդ երբեք չէին հանդիպել Վկաներին։ Նրանք ջերմորեն ընդունում էին մեզ և համեղ ուտեստներ պատրաստում մեզ համար։

Որոշ ժամանակ անց մեր ճամփորդությունների բնույթը փոխվեց։ Կամպալայից ես երկու օր գնացքով ճանապարհ անցա, որ հասնեմ Քենիայի Մոմբասա նավահանգիստ, իսկ այնտեղից նավով ուղևորվեցի Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներ։ 1965–1972 թթ.-ին Սեյշելյան կղզիներ կատարած կանոնավոր այցելություններիս ժամանակ Բարբարան ուղեկցում էր ինձ։ Սկզբում այդ տարածքում ընդամենը երկու քարոզիչ կար, բայց այդ տարիների ընթացքում այնտեղ խումբ կազմավորվեց, որն էլ ի վերջո դարձավ ծաղկուն ժողով։ Հետո ես սկսեցի այցելել Էրիթրեայի, Եթովպիայի և Սուդանի մեր հավատակիցներին։

Ուգանդայում ռազմական հեղաշրջում եղավ, ինչից հետո քաղաքական իրավիճակը լիովին փոխվեց։ Հեղաշրջմանը հաջորդեցին շատ դժվար տարիներ, որոնց ժամանակ բազմիցս համոզվեցի, թե որքան իմաստուն է հնազանդվել «կայսրինը կայսրին տվեք» հրահանգին (Մարկ. 12։17)։ Օրինակ՝ Ուգանդայի իշխանությունները բոլոր օտարերկրացիներից պահանջեցին, որ իրենց բնակության վայրին ամենամոտ ոստիկանատանը գրանցվեն։ Մենք անմիջապես հնազանդվեցինք։ Մի քանի օր անց Կամպալայի միջով անցնելիս ոստիկանության գաղտնի գործակալները մոտեցան ինձ ու միսիոներ մի եղբոր։ Վախից սրտներս դողում էին։ Նրանք մեզ մեղադրեցին լրտեսության մեջ և տարան գլխավոր ոստիկանատուն։ Այնտեղ բացատրեցինք, որ անվնաս մարդիկ ենք, միսիոներներ ենք, նաև ասացինք, որ գրանցված ենք ոստիկանատանը, բայց այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ ոք մեզ չէր լսում։ Ինձ ու այդ եղբորը ձերբակալեցին և տարան մեր միսիոներական տանը ամենամոտ գտնվող ոստիկանության բաժանմունք։ Ինչպիսի՜ թեթևացում ապրեցինք, երբ այնտեղի ոստիկաններից մեկը, ով ներկա էր եղել մեր գրանցման ժամանակ, ճանաչեց մեզ և ասաց, որ ազատ արձակեն մեզ։

Այդ օրերին հաճախ էինք զինվորական անցակետերի մոտ այդպիսի լարված պահեր ունենում, հատկապես, երբ մեզ կանգնեցնող զինվորները հարբած էին լինում։ Նման դեպքերում միշտ աղոթում էինք, և մեր սիրտը խաղաղությամբ էր լցվում։ Ցավոք, 1973 թ.-ին բոլոր օտարերկրացի միսիոներներին պատվիրեցին լքել Ուգանդան։

Ստիվենը միմիոգրաֆով թերթիկ է պատճենում

Կոտ դ’Իվուարի մասնաճյուղում միմիոգրաֆով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկն եմ պատճենում, Աբիջան

Մեր նշանակումը փոխվեց. մեզ ուղարկեցին Կոտ դ’Իվուար՝ Արևմտյան Աֆրիկա։ Եվ կրկին մենք պետք է հարմարվեինք լիովին նոր պայմանների ու մշակույթի։ Այդուհետ անընդհատ պետք է ֆրանսերեն խոսեինք, բացի այդ՝ պետք է սովորեինք ապրել տարբեր երկրներից եկած միսիոներների հետ։ Սակայն շատ ուրախալի էր տեսնել, որ Եհովան այստեղ էլ է խոնարհ ու անկեղծ սիրտ ունեցող մարդկանց ձգում դեպի իրեն, և նրանք արագ արձագանքում են բարի լուրին։ Ես ու Բարբարան լիովին ապավինեցինք Եհովային, և Նա, ինչպես միշտ, ուղղեց մեր շավիղները։

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Բարբարայի մոտ անսպասելիորեն քաղցկեղ հայտնաբերվեց։ Բուժման նպատակով շատ անգամներ այլ երկրներ մեկնեցինք, բայց 1983 թ.-ին պարզ դարձավ, որ այլևս չենք կարող շարունակել մեր ծառայությունը Աֆրիկայում։ Դա երկուսիս համար էլ ծանր հարված էր։

Լոնդոնի մասնաճյուղում ծառայելիս Բարբարայի առողջական վիճակը վատթարացավ, և, ցավոք, նա մահացավ։ Այդ դժվարին ժամանակներում Բեթելի ընտանիքը՝ հատկապես մի ամուսնական զույգ, ինձ շատ օգնեց։ Նրանց շնորհիվ կարողացա հարմարվել կորստիս հետ և շարունակել ապավինել Եհովային։ Հետագայում ծանոթացա Բեթելում համագործակցող Էն անունով մի քրոջ հետ։ Նա նախկինում հատուկ ռահվիրա էր եղել։ Էնը խորապես սիրում էր Եհովային և հոգևոր անձնավորություն էր։ Մենք ամուսնացանք 1989-ին և մինչ օրս ծառայում ենք Լոնդոնի Բեթելում։

Ստիվեն և Էն Հարդիները

Էնի հետ. հետևում Մեծ Բրիտանիայի նոր Բեթելն է

1995-ից մինչև 2018 թվականը պատիվ եմ ունեցել ծառայելու որպես գլխավոր վարչության ներկայացուցիչ (նախկինում՝ զոնալ վերակացու)։ Այցելել եմ մոտ 60 երկիր և այդ բոլոր այցելություններիս ընթացքում բազմաթիվ ապացույցներ եմ տեսել, որ Եհովան, անկախ հանգամանքներից, միշտ հոգ է տանում իր ժողովրդին։

2017-ին ճանապարհներն ինձ կրկին բերեցին Աֆրիկա։ Անչափ ուրախ էի, որ կարող եմ Էնին ծանոթացնել Բուրունդիի մեր հավատակիցների հետ, և որ կարող ենք միասին հիանալ՝ տեսնելով այնտեղի քարոզիչների թվի աճը։ Հենց այն փողոցում, որտեղ 1964-ին տնետուն եմ արել, այժմ մի գեղեցիկ մասնաճյուղ է կառուցված, որը հոգ է տանում այդ երկրում ծառայող ավելի քան 15 500 քարոզիչների մասին։

Ուրախությանս չափ չկար, երբ իմացա, թե 2018-ին ո՛ր երկրներն եմ այցելելու։ Դրանց թվում էր Կոտ դ’Իվուարը։ Աբիջան այցելելը, որը Կոտ դ’Իվուարի ամենամեծ քաղաքն է, ինձ համար համահավասար էր տուն վերադառնալուն։ Այնտեղ մի զավեշտալի բան տեղի ունեցավ. Բեթելի հեռախոսահամարների ցուցակում աչքովս ընկավ, որ հենց մեր հյուրասենյակի հարևանությամբ Սոսու ազգանունով եղբայր է ապրում։ Անմիջապես հիշեցի, որ Աբիջանում ծառայածս տարիներին այդ եղբայրը նշանակված էր որպես քաղաքային վերակացու։a Բայց պարզվեց, որ դա ոչ թե իմ իմացած Սոսուն էր, այլ նրա որդին։

Եհովան միշտ իր խոսքի տերն է եղել։ Կյանքիս փորձով եմ համոզվել, որ երբ ապավինում ենք Եհովային, նա իրոք ուղղում է մեր շավիղները։ Ես ուզում եմ շարունակել ընթանալ արդարության անվերջանալի ուղով, որը գնալով ավելի ու ավելի է պայծառանալու՝ մեզ հասցնելով դրախտային նոր աշխարհ (Առակ. 4։18)։

a Այսօր քաղաքային վերակացուներ չեն նշանակվում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը