Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es25
  • Հունիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունիս
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
  • Ենթավերնագրեր
  • 1 հունիսի, կիրակի
  • 2 հունիսի, երկուշաբթի
  • 3 հունիսի, երեքշաբթի
  • 4 հունիսի, չորեքշաբթի
  • 5 հունիսի, հինգշաբթի
  • 6 հունիսի, ուրբաթ
  • 7 հունիսի, շաբաթ
  • 8 հունիսի, կիրակի
  • 9 հունիսի, երկուշաբթի
  • 10 հունիսի, երեքշաբթի
  • 11 հունիսի, չորեքշաբթի
  • 12 հունիսի, հինգշաբթի
  • 13 հունիսի, ուրբաթ
  • 14 հունիսի, շաբաթ
  • 15 հունիսի, կիրակի
  • 16 հունիսի, երկուշաբթի
  • 17 հունիսի, երեքշաբթի
  • 18 հունիսի, չորեքշաբթի
  • 19 հունիսի, հինգշաբթի
  • 20 հունիսի, ուրբաթ
  • 21 հունիսի, շաբաթ
  • 22 հունիսի, կիրակի
  • 23 հունիսի, երկուշաբթի
  • 24 հունիսի, երեքշաբթի
  • 25 հունիսի, չորեքշաբթի
  • 26 հունիսի, հինգշաբթի
  • 27 հունիսի, ուրբաթ
  • 28 հունիսի, շաբաթ
  • 29 հունիսի, կիրակի
  • 30 հունիսի, երկուշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
es25

Հունիս

1 հունիսի, կիրակի

Շատ նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը (Գործ. 14։22)։

Եհովան օրհնում էր առաջին դարի այն բոլոր քրիստոնյաներին, ովքեր հարմարվում էին ստեղծված հանգամանքներին։ Նրանք հալածանքների էին բախվում և երբեմն շատ անսպասելի ձևով։ Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Պողոս առաքյալի և Բառնաբասի հետ, երբ նրանք քարոզում էին Լյուստրայում։ Սկզբում նրանց ջերմորեն ընդունեցին և լսեցին։ Բայց հետո հակառակորդները «մարդկանց Պողոսի դեմ տրամադրեցին», և հենց այն նույն մարդիկ, ովքեր քիչ առաջ լսում էին բարի լուրը, քարկոծեցին նրան ու թողեցին, որ մեռնի (Գործ. 14։19)։ Սակայն Բառնաբասն ու Պողոսը շարունակեցին քարոզել այլ վայրերում, ինչի արդյունքում «շատերին օգնեցին աշակերտ դառնալ» և իրենց խոսքով ու օրինակով զորացրին հավատակիցներին (Գործ. 14։21, 22)։ Շատերը քաջալերվեցին՝ տեսնելով, որ Պողոսն ու Բառնաբասը անսպասելի փորձության միջով անցնելիս չեն հանձնվում։ Եհովան մեզ էլ կօրհնի, եթե չհանձնվենք և շարունակենք կատարել այն գործը, որ նա հանձնարարել է մեզ։ w23.04, էջ 16-17, պրբ. 13-14

2 հունիսի, երկուշաբթի

Ո՛վ Եհովա, ականջ դիր իմ աղոթքին, ուշադրություն դարձրու օգնության իմ աղաղակներին։ Նեղության օրը ես կկանչեմ քեզ, որովհետև վստահ եմ՝ դու ինձ կպատասխանես (Սաղ. 86։6, 7)։

Դավիթ թագավորը, ով իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ թշնամիներ է ունեցել, հաճախ էր օգնության համար Եհովային դիմում։ Դավիթը համոզված էր, որ Եհովան լսում և պատասխանում է իր աղոթքներին։ Դու էլ կարող ես նման համոզվածություն ունենալ։ Աստվածաշնչյան օրինակները վստահեցնում են, որ Եհովան կարող է մեզ տալ իմաստություն և փորձություններին դիմանալու համար անհրաժեշտ զորություն։ Նա կարող է մղել մեր հավատակիցներին և նույնիսկ նրանց, ովքեր այս պահին չեն պաշտում իրեն, որ որևէ կերպով օգնեն մեզ։ Միշտ չէ, որ Եհովան մեր աղոթքներին պատասխանում է մեր ակնկալած ձևով, բայց նա միշտ պատասխանում է։ Նա ճիշտ ժամանակին կտա մեզ այն, ինչի կարիքն ունենք։ Ուստի շարունակիր հավատով աղոթել՝ համոզված լինելով, որ Եհովան հոգ կտանի քո մասին այժմ և գալիք նոր աշխարհում, որտեղ «ամեն կենդանի արարածի փափագը կգոհացնի» (Սաղ. 145։16)։ w23.05, էջ 8, պրբ. 4; էջ 13, պրբ. 17-18

3 հունիսի, երեքշաբթի

Ինչո՞վ հատուցեմ ինձ համար նրա արած բոլոր բարիքների փոխարեն (Սաղ. 116։12)։

Երբ նպատակ ես դնում, լավ կլինի կենտրոնանալ օգուտների վրա։ Օրինակ՝ եթե նպատակ ես դրել բարելավել Աստվածաշնչի ընթերցանությունդ կամ աղոթքներիդ որակը, մտածիր, թե դրա շնորհիվ որքան կմտերմանաս Եհովայի հետ (Սաղ. 145։18, 19)։ Իսկ եթե ուզում ես որևէ հատկություն զարգացնել, մտածիր, թե դա ինչ դրական ազդեցություն կունենա ուրիշների հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա (Կող. 3։14)։ Մի տեղ գրիր այն օգուտները, որ կունենաս, եթե հասնես քո նպատակներին, և ժամանակ առ ժամանակ աչքի անցկացրու դրանք։ Ինչպես նաև ընկերակցիր նրանց հետ, ովքեր կմղեն քեզ հասնելու նպատակներիդ (Առակ. 13։20)։ Բոլորիս մոտ էլ լինում են օրեր, երբ մեր նպատակին հասնելու մղիչ ուժ չենք ունենում։ Բայց դա չի նշանակում, որ այլևս չպետք է ջանքեր թափենք։ Մենք պետք է ձգտենք մեր նպատակին անգամ այն ժամանակ, երբ ոչինչ անելու ցանկություն չունենք։ Ինչ խոսք, դրա համար ինքնակարգապահություն է պետք, բայց արժե ջանքեր թափել։ w23.05, էջ 27-28, պրբ. 5-8

4 հունիսի, չորեքշաբթի

Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի (Գաղ. 6։7)։

Այն բանի գիտակցումը, որ մենք պատասխանատու ենք մեր կայացրած որոշումների համար, մղում է մեզ, որ խոստովանենք մեր մեղքերը, շտկենք մեր սխալները և խուսափենք դրանք կրկնելուց։ Այս քայլերն անելը կօգնի մեզ մնալ կյանքի մրցավազքում։ Եթե սխալ որոշում ես կայացրել և այլևս չես կարող ոչինչ փոխել, հարմարվիր քո նոր իրավիճակին։ Էմոցիոնալ և մտային ուժերդ մի՛ վատնիր ինքդ քեզ արդարացնելու կամ քեզ և ուրիշներին մեղադրելու վրա։ Եթե խիղճդ տանջում է, խոնարհաբար դիմիր Եհովային, ընդունիր սխալդ և նրանից ներում խնդրիր (Սաղ. 25։11; 51։3, 4)։ Ներողություն խնդրիր նաև նրանցից, ովքեր տուժել են քո որոշման պատճառով, և անհրաժեշտության դեպքում դիմիր երեցների օգնությանը (Հակ. 5։14, 15)։ Դասեր քաղիր քո սխալներից ու փորձիր այլևս չկրկնել դրանք։ Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ Եհովան գթառատ կլինի քո հանդեպ և կօգնի քեզ (Սաղ. 103։8-13)։ w23.08, էջ 28-29, պրբ. 8-9

5 հունիսի, հինգշաբթի

Քանի դեռ Հովիադա քահանան ուսուցանում էր Հովասին, նա այդ ողջ ընթացքում անում էր այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում (2 Թագ. 12։2)։

Հովիադան լավ ազդեցություն էր թողնում Հովաս թագավորի վրա։ Ուստի երբ Հովասը երիտասարդ էր, ցանկանում էր հաճեցնել Եհովային։ Բայց երբ Հովիադան մահացավ, նա սկսեց ականջ դնել հավատուրաց իշխաններին (2 Տար. 24։4, 17, 18)։ Ինչ խոսք, դա մեծ ցավ պատճառեց Եհովային։ Չնայած դրան՝ Եհովան «մարգարեներ էր ուղարկում, որպեսզի նրանց վերադարձնի իր մոտ.... բայց նրանք ուշադրություն չէին դարձնում»։ Հովասն ու իր հպատակները չէին լսում նույնիսկ Հովիադայի որդի Զաքարիային, ով ոչ միայն Եհովայի մարգարեն ու քահանան էր, այլև Հովասի զարմիկը։ Հովասը սպանել տվեց Զաքարիային (2 Տար. 22։11; 24։19-22)։ Նա չպահպանեց Եհովայի հանդեպ առողջ վախը։ Եհովան ասել էր. «Ովքեր արհամարհում են ինձ, արհամարհված կլինեն» (1 Սամ. 2։30)։ Ասորական փոքր բանակը հաղթանակ տարավ Հովասի «մեծ զորքի» նկատմամբ, և Հովասը ծանր վիրավորվեց (2 Տար. 24։24, 25)։ Ասորիների հեռանալուց հետո Հովասին սպանեցին իր իսկ ծառաները՝ առնելով Զաքարիայի վրեժը։ w23.06, էջ 18-19, պրբ. 16-17

6 հունիսի, ուրբաթ

Մի ժամանակ դուք էլ էիք խավարի մեջ, բայց հիմա.... լույսի մեջ եք (Եփես. 5։8)։

Պողոսը բավականին ժամանակ էր անցկացրել Եփեսոսում՝ քարոզելով բարի լուրը և ուսուցանելով (Գործ. 19։1, 8-10; 20։20, 21)։ Նա շատ էր սիրում իր հավատակիցներին և ցանկանում էր օգնել նրանց, որ հավատարիմ մնան Եհովային։ Մի ժամանակ եփեսացիները կեղծ կրոնական գաղափարների և սնահավատության գերին էին։ Նրանք հայտնի էին իրենց ծայրահեղ անբարոյությամբ և լկտի վարքով։ Քաղաքում անցկացվող թատերական ներկայացումների և անգամ կրոնական տոնախմբությունների ժամանակ սեռական բնույթի անպարկեշտ խոսքերը սովորական բան էին (Եփես. 5։3)։ Եփեսացիներից շատերը «բարոյականության զգացումը կորցրել էին»։ Այս արտահայտությունը, բնագրից բառացի թարգմանած, հետևյալ կերպ է հնչում՝ «նրանց սիրտը անզգա էր դարձել» (Եփես. 4։17-19)։ Նախքան իմանալը, թե ինչն է իսկապես ճիշտ, և ինչը՝ սխալ, եփեսացիները խղճի խայթ չէին զգում։ Դրա համար էլ Պողոսը նրանց մասին ասաց, որ «մտային առումով խավարի մեջ են և հեռու են այն կյանքից, որ Աստված է առաջարկում»։ Բայց նրանցից ոմանք դուրս եկան խավարից։ w24.03, էջ 20, պրբ. 2, 4; էջ 21, պրբ. 5-6

7 հունիսի, շաբաթ

Եհովային հուսացողները նոր ուժով կլցվեն։ Նրանք.... չեն հոգնի (Ես. 40։31)։

Գեդեոնի հանձնարարությունը ֆիզիկական ծանր աշխատանք էր ներառում։ Երբ պատերազմի ժամանակ մադիանացիները գիշերով փախուստի դիմեցին, Գեդեոնը հետապնդեց նրանց Հեզրայելի հովտից մինչև Հորդանան գետը (Դատ. 7։22)։ Չնայած հոգնածությանը՝ նա իր 300 մարտիկների հետ անցավ Հորդանանը և շարունակեց հետապնդել զորքին։ Վերջապես նրանք հասան մադիանացիներին և ոչնչացրին նրանց (Դատ. 8։4-12)։ Գեդեոնը վստահ էր, որ Եհովան ուժ կտա իրեն, և այդպես էլ եղավ (Դատ. 6։14, 34)։ Մի անգամ նա և իր մարդիկ ոտքով հետապնդում էին Մադիանի երկու թագավորներին, որոնք հավանաբար ուղտերով էին (Դատ. 8։12, 21)։ Բայց Աստծու օգնությամբ նրանց հաջողվեց բռնել այդ թագավորներին և հաղթել պատերազմը։ Երեցները նույնպես կարող են իրենց հույսը դնել Եհովայի վրա, ով «չի հոգնում և ուժասպառ չի լինում»։ Եհովան ուժ կտա նրանց, երբ դրա կարիքն ունենան (Ես. 40։28, 29)։ w23.06, էջ 6, պրբ. 14; էջ 7, պրբ. 16

8 հունիսի, կիրակի

[Եհովան] մենակ չի թողնի ու չի լքի (2 Օրենք 31։6)։

Անկախ նրանից, թե ինչ փորձությունների կբախվենք՝ մենք կարող ենք հաստատուն սիրտ ունենալ, եթե վստահենք Եհովային։ Տեսնենք, թե ինչ հաջողությունների հասավ Բարակը՝ վստահելով Եհովայի առաջնորդությանը։ Թեև այդ ժամանակ ողջ Իսրայելում չկար ո՛չ վահան, ո՛չ էլ նիզակ, բայց Եհովան պատվիրեց Բարակին պատերազմել լավ սպառազինված քանանացիների զորքի դեմ, որի զորագլուխը Սիսարան էր (Դատ. 5։8)։ Մարգարեուհի Դեբորան Բարակին ասաց, որ իջնի լեռներից և հարթավայրում պատերազմի Սիսարայի և նրա 900 մարտակառքերի դեմ։ Բարակը հնազանդվեց այդ պատվերին՝ չնայած գիտեր, որ հարթավայրում մարտակառքերը մեծ առավելություն ունեն։ Երբ նրա զինվորները իջան Թաբոր լեռան վրայից, Եհովան երկնքից հորդառատ անձրև բերեց։ Սիսարայի մարտակառքերը խրվեցին ցեխի մեջ, և Եհովան Բարակին հաղթանակ շնորհեց (Դատ. 4։1-7, 10, 13-16)։ Նա մեզ էլ հաղթանակ կտա, եթե վստահենք իրեն և այն առաջնորդությանը, որ ստանում ենք իր կազմակերպության միջոցով։ w23.07, էջ 19, պրբ. 17-18

9 հունիսի, երկուշաբթի

Ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի (Մատթ. 24։13)։

Համբերատարությունը անչափ կարևոր է փրկության համար։ Անցյալում ապրած Աստծու հավատարիմ ծառաների նման՝ կարևոր է, որ համբերությամբ սպասենք Աստծուն, մինչ նա կիրագործի իր խոստումները (Եբր. 6։11, 12)։ Աստվածաշունչը մեզ համեմատում է հողագործի հետ (Հակ. 5։7, 8)։ Հողագործը տքնաջան աշխատում է, որ սերմ ցանի և ջրի այն, բայց նա չգիտի, թե այդ սերմը կոնկրետ երբ կսկսի աճել։ Ուստի համբերատար կերպով սպասում է՝ համոզված լինելով, որ մի օր բերք կհավաքի։ Նմանապես մենք զբաղված ենք մնում հոգևոր գործերով, թեև «չգիտենք, թե որ օրն է [մեր] Տերը գալու» (Մատթ. 24։42)։ Ուստի համբերատար կերպով սպասում ենք՝ համոզված, որ ճիշտ ժամանակին Եհովան կիրականացնի իր բոլոր խոստումները։ Եթե անհամբեր դառնանք, գուցե հոգնենք սպասելուց և աստիճանաբար հեռանանք ճշմարտությունից։ Հնարավոր է նաև, որ սկսենք հետամուտ լինել այնպիսի բաների, որոնք, մեր կարծիքով, հենց այսօր մեզ երջանիկ կդարձնեն։ Բայց եթե համբերատար լինենք, կկարողանանք դիմանալ մինչև վերջ ու կփրկվենք (Միք. 7։7)։ w23.08, էջ 22, պրբ. 7

10 հունիսի, երեքշաբթի

Ոտքի մատների մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից (Դան. 2։42)։

Համեմատելով Դանիել 2։41-43-ի մարգարեությունը «Դանիել» և «Հայտնություն» գրքերի այլ մարգարեությունների հետ՝ կարող ենք եզրակացնել, որ ոտնաթաթերը ներկայացնում են անգլո-ամերիկյան դաշինքը, որն այսօր աշխարհակալ ուժ է։ Դանիելն ասում է, որ այդ «թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ»։ Այն մասամբ դյուրաբեկ է, քանի որ հասարակ ժողովուրդը, որը թաց կավով է ներկայացված, թույլ չի տալիս, որ այն գործի երկաթանման զորությամբ։ Մենք մի շարք կարևոր ճշմարտություններ ենք իմանում՝ քննելով Նաբուգոդոնոսորի տեսած արձանի վերաբերյալ Դանիելի նկարագրությունը։ Նախ՝ իմանում ենք, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը տարբեր կերպերով ցույց է տվել իր հզորությունը։ Օրինակ՝ այն կարևոր դեր է ունեցել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում հաղթանակ տանելու հարցում։ Բայց այն թուլացել է և կշարունակի թուլանալ, քանի որ իր քաղաքացիները պայքարում են միմյանց և կառավարության դեմ։ Բացի այդ՝ անգլո-ամերիկյան դաշինքը կլինի վերջին աշխարհակալ ուժը, նախքան Աստծու Թագավորությունը վերջ կդնի բոլոր մարդկային թագավորություններին։ w23.08, էջ 10-11, պրբ. 12-13

11 հունիսի, չորեքշաբթի

Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի, օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի։ Իր տաճարից նա լսեց իմ ձայնը (Սաղ. 18։6)։

Երբեմն Դավիթը իր փորձությունների ու դժվարությունների պատճառով վհատվում էր (Սաղ. 18։4, 5)։ Բայց Եհովայի ջերմ սերն ու հոգատարությունը թարմացնում էին նրան։ Իր ուժասպառ եղած ընկերոջը Աստված տանում էր «խոտառատ արոտավայրեր» և «ջրառատ հանգրվաններ»։ Արդյունքում Դավիթը վերագտնում էր ուժերը և շարունակում ուրախությամբ ծառայել Եհովային (Սաղ. 18։28-32; 23։2)։ Նմանապես այսօր Եհովայի «հավատարիմ սիրո շնորհիվ» է, որ մենք կարողանում ենք դիմանալ փորձություններին և կյանքի դժվարություններին (Ողբ 3։22; Կող. 1։11)։ Դավթի կյանքը հաճախ վտանգի տակ էր հայտնվում, և նա բազմաթիվ հզոր թշնամիներ ուներ։ Բայց Եհովայի սիրո շնորհիվ նա իրեն ապահով ու պաշտպանված էր զգում։ Դավիթը գիտեր, որ ցանկացած իրավիճակում Եհովան իր հետ է, և դա նրան վստահությամբ էր լցնում։ Դրա համար էլ նա մղվեց երգելու. «Իմ բոլոր վախերից [Եհովան] ինձ ազատեց» (Սաղ. 34։4)։ Ճիշտ է, Դավիթը լուրջ վախեր ուներ, բայց կարողանում էր հաղթահարել դրանք, քանի որ գիտեր՝ Եհովան սիրում է իրեն։ w24.01, էջ 30, պրբ. 15-17

12 հունիսի, հինգշաբթի

Եթե մեղսագործները փորձեն հրապուրել քեզ, մի՛ ընկիր նրանց ազդեցության տակ (Առակ. 1։10)։

Դասեր քաղիր Հովասի սխալ որոշումներից։ Հովիադա քահանայապետի մահից հետո Հովասը վատ ընկերներ ձեռք բերեց (2 Տար. 24։17, 18)։ Նա սկսեց հետևել Հուդայի իշխանների խորհուրդներին, ովքեր չէին սիրում Եհովային։ Թերևս կհամաձայնես, որ Հովասը պետք է հեռու մնար այդ մարդկանցից։ Սակայն նա լսեց իր այսպես կոչված ընկերներին։ Արդյունքում, երբ Հովասի զարմիկ Զաքարիան փորձեց ուղղել նրան, Հովասը նրան մահվան մատնեց (2 Տար. 24։20, 21; Մատթ. 23։35)։ Ի՜նչ սարսափելի և անմիտ արարք։ Սկզբում Հովասը հավատարիմ էր Եհովային, բայց, ցավոք, հետագայում նա դարձավ հավատուրաց և մարդասպան։ Ի վերջո իր իսկ ծառաները սպանեցին նրան (2 Տար. 24։22-25)։ Նրա կյանքը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե նա շարունակեր լսել Եհովային և նրանց, ովքեր սիրում էին Նրան։ w23.09, էջ 9, պրբ. 6

13 հունիսի, ուրբաթ

Մի՛ վախեցիր (Ղուկ. 5։10)։

Հիսուսը գիտեր, որ Պետրոսը կարող է հավատարիմ մնալ։ Ուստի ջերմորեն հորդորեց նրան. «Մի՛ վախեցիր»։ Պետրոսի հանդեպ Հիսուսի վստահությունը լիովին փոխեց նրա կյանքը։ Պետրոսն ու նրա եղբայր Անդրեասը հետագայում թողեցին ձկնորսությունը և դարձան Մեսիայի լիաժամ հետևորդներ։ Այդ որոշումը առատ օրհնություններ բերեց նրանց (Մարկ. 1։16-18)։ Քրիստոսին հետևելով՝ Պետրոսը բազմաթիվ զարմանահրաշ դեպքերի ականատես եղավ։ Նա տեսավ, թե ինչպես է Հիսուսը բուժում հիվանդներին, հանում դևերին և նույնիսկ հարություն տալիս մահացածներին (Մատթ. 8։14-17; Մարկ. 5։37, 41, 42)։ Նա նաև ականատես եղավ Հիսուսի ապագա Թագավորության փառքը ներկայացնող մի տեսիլքի, ինչը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա (Մարկ. 9։1-8; 2 Պետ. 1։16-18)։ Այո՛, այս ամենը տեղի չէր ունենա Պետրոսի հետ, եթե նա չդառնար Հիսուսի հետևորդը։ Նա պետք է որ շատ ուրախ լիներ, որ թույլ չէր տվել՝ սեփական անձի վերաբերյալ բացասական զգացումները զրկեին իրեն այդ բոլոր օրհնություններից։ w23.09, էջ 21, պրբ. 4-5

14 հունիսի, շաբաթ

[Հիսուսը] պատասխանեց. «Ո՛չ, յոթ անգամ չէ, այլ 77 անգամ» (Մատթ. 18։22)։

Իր առաջին նամակում Պետրոսը օգտագործում է «ուժգին սեր» արտահայտությունը։ Այդպիսի սերը ծածկում է ոչ թե պարզապես մի քանի մեղք, այլ «բազմաթիվ մեղքեր» (1 Պետ. 4։8)։ Թերևս Պետրոսը հիշում էր ներողամտության վերաբերյալ այն դասը, որ տարիներ առաջ սովորել էր Հիսուսից։ Հավանաբար, այդ ժամանակ Պետրոսը մտածում էր, որ ինքը մեծահոգություն է դրսևորում՝ առաջարկելով իր եղբորը ներել մինչև «յոթ» անգամ։ Բայց Հիսուսը նրան, ինչպես նաև մեզ, սովորեցրեց, որ հարկավոր է ներել մինչև «77 անգամ», այսինքն՝ անհաշիվ (Մատթ. 18։21)։ Եթե քեզ համար դժվար է կիրառել այս խորհուրդը, մի՛ վհատվիր։ Եհովայի բոլոր անկատար ծառաների համար էլ ներելը երբեմն դժվար է եղել։ Կարևորն այն է, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկես, որպեսզի ներես քո եղբորը և խաղաղ հարաբերություններ ունենաս նրա հետ։ w23.09, էջ 29, պրբ. 12

15 հունիսի, կիրակի

Ես կանչեցի քեզ, ո՜վ Եհովա, և դու պատասխանեցիր ինձ (Հովն. 2։2)։

Ձկան փորում Հովնանը համոզված էր, որ Եհովան կլսի իր խոնարհ աղոթքը և կաջակցի իրեն։ Այն բանից հետո, երբ Եհովան ազատեց Հովնանին ձկան փորից, վերջինս պատրաստ էր ընդունելու և կատարելու նրա տված հանձնարարությունը (Հովն. 2։10-3։4)։ Եղե՞լ է այնպես, որ փորձության ժամանակ միտքդ այնքան անհանգիստ լինի, որ չկարողանաս աղոթել, կամ այնքան թույլ զգաս, որ ի վիճակի չլինես անձնական ուսումնասիրություն անելու։ Նման պահերի հիշիր, որ Եհովան շատ լավ է հասկանում քո իրավիճակը։ Ուստի եթե կարողանում ես ընդամենը մի պարզ աղոթք անել, համոզված եղիր, որ Եհովան կտա քեզ հենց այն, ինչի կարիքն ունես (Եփես. 3։20)։ Եթե ֆիզիկական կամ զգացական առումով այնպիսի վիճակում ես, որ չես կարողանում կարդալ կամ ուսումնասիրել, լսիր Աստվածաշնչի կամ դրա վրա հիմնված մեր հրատարակությունների ձայնագրությունները։ Կարող ես նաև jw.org կայքում լսել մեր երգերից մեկը կամ դիտել մի տեսանյութ։ Եհովան ուզում է զորացնել քեզ։ Դու կստանաս անհրաժեշտ զորությունը, եթե աղոթես նրան և աղոթքիդ պատասխանը գտնելու համար կարդաս Աստվածաշունչը և օգտվես Եհովայի տրամադրած մյուս բոլոր միջոցներից։ w23.10, էջ 13, պրբ. 6; էջ 14, պրբ. 9

16 հունիսի, երկուշաբթի

Սուրբ ոգին հստակ ցույց է տալիս, որ քանի դեռ կանգուն էր առաջին խորանը, սուրբ վայր տանող ճանապարհը դեռևս բաց չէր (Եբր. 9։8)։

Խորանը, ինչպես նաև տաճարը, որը հետագայում կառուցվեց Երուսաղեմում, նույն կառուցվածքն ունեին։ Դրանց ներսում երկու սենյակներ կային՝ «Սրբությունը» և «Սրբությունների Սրբությունը», որոնք միմյանցից բաժանված էին ասեղնագործ մի վարագույրով (Եբր. 9։2-5; Ելք 26։31-33)։ Սրբությունում կար ոսկե ճրագակալ, խունկ ծխեցնելու համար նախատեսված սեղան և մեկ այլ սեղան, որի վրա ընծայված հացերն էին դնում։ Միայն «օծված.... քահանաները» իրավունք ունեին մտնելու Սրբություն, որ կատարեին իրենց սուրբ պարտականությունները (Թվեր 3։3, 7, 10)։ Իսկ Սրբությունների Սրբությունում գտնվում էր ոսկե «ուխտի տապանակը», որը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը (Ելք 25։21, 22)։ Միայն քահանայապետը իրավունք ուներ մտնելու վարագույրից ներս, այն էլ տարին մեկ օր՝ Քավության օրը (Ղևտ. 16։2, 17)։ Նա զոհաբերված կենդանիների արյունով մտնում էր Սրբությունների Սրբություն և քավություն անում իր և ամբողջ ազգի մեղքերի համար։ Հետագայում Եհովան հստակ ցույց տվեց, թե ինչ էին իրականում խորհրդանշում խորանի այս բաղկացուցիչ մասերը (Եբր. 9։6, 7)։ w23.10, էջ 27, պրբ. 12

17 հունիսի, երեքշաբթի

Սիրեք իրար (Հովհ. 15։17)։

Աստծու Խոսքում բազմիցս հորդոր է տրվում, որ «սիրենք իրար» (Հովհ. 15։12; Հռոմ. 13։8; 1 Թեսաղ. 4։9; 1 Պետ. 1։22; 1 Հովհ. 4։11)։ Սակայն սերը մի հատկություն է, որն առաջանում է մեր սրտում։ Այն մեր ներքին անձնավորությանն է բնորոշ և տեսանելի չէ ուրիշներին։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են ուրիշներն իմանալ, որ սիրում ենք իրենց։ Նրանք դա կտեսնեն մեր խոսքերից ու գործերից։ Մենք կարող ենք տարբեր կերպերով արտահայտել մեր սերը հավատակիցների հանդեպ։ Ահա մի քանի օրինակ՝ «ճիշտն ասեք իրար» (Զաք. 8։16), «իրար հետ խաղաղություն պահպանեք» (Մարկ. 9։50), «իրար պատվելու հարցում առաջինը եղեք» (Հռոմ. 12։10), «ընդունեք միմյանց» (Հռոմ. 15։7), «շարունակեք.... ներել» (Կող. 3։13), «շարունակեք կրել միմյանց ծանրությունները» (Գաղ. 6։2), «շարունակ մխիթարեք միմյանց» (1 Թեսաղ. 4։18), «շարունակեք.... զորացնել միմյանց» (1 Թեսաղ. 5։11), «աղոթեք իրար համար» (Հակ. 5։16)։ w23.11, էջ 9, պրբ. 7-8

18 հունիսի, չորեքշաբթի

Ձեր ունեցած հույսով ուրախացեք (Հռոմ. 12։12)։

Ամեն օր բախվում ենք այնպիսի հարցերի, որոնց վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու համար մեզ ամուր հավատ է պետք։ Մենք որոշումներ ենք կայացնում, օրինակ, ընկերակցության, հանգստի, կրթության, ամուսնության, երեխաների և աշխատանքի հետ կապված հարցերում։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Իմ որոշումներից երևո՞ւմ է համոզվածությունս այն բանում, որ այս աշխարհը ժամանակավոր է և շուտով փոխարինվելու է Աստծու նոր աշխարհով։ Թե՞ դրանց վրա ազդում են այն մարդիկ, ովքեր ապրում են այնպես, կարծես մահով ամեն բան ավարտվում է» (Մատթ. 6։19, 20; Ղուկ. 12։16-21)։ Մենք ճիշտ որոշումներ կկայացնենք, եթե համոզված լինենք, որ նոր աշխարհը դռան շեմին է։ Ամուր հավատ է պահանջվում նաև, երբ փորձությունների ենք բախվում։ Գուցե հալածվենք, ձեռք բերենք քրոնիկ հիվանդություն կամ հայտնվենք այնպիսի իրավիճակներում, որոնք վհատեցնում են մեզ։ Հաճախ փորձության սկզբում անկոտրում ոգի ենք դրսևորում։ Բայց երբ այն ձգձգվում է, ինչպես սովորաբար լինում է, մեզ ամուր հավատ է պետք, որ կարողանանք դիմանալ դրան և շարունակենք ուրախությամբ ծառայել Եհովային (1 Պետ. 1։6, 7)։ w23.04, էջ 27, պրբ. 4-5

19 հունիսի, հինգշաբթի

Միշտ աղոթեք (1 Թեսաղ. 5։17)։

Եհովան ակնկալում է, որ մեր աղոթքներին ներդաշնակ վարվենք։ Օրինակ՝ եղբայրը գուցե աղոթի, որ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար աշխատանքից բացակայելու թույլտվություն ստանա։ Ինչպե՞ս Եհովան կպատասխանի այդ աղոթքին։ Թերևս նա եղբորը քաջություն կտա գործատիրոջ հետ խոսելու համար։ Սակայն եղբայրը պետք է քայլեր անի՝ մոտենա գործատիրոջը և թույլտվություն խնդրի։ Հնարավոր է՝ նա մի քանի անգամ անի դա։ Գուցե նաև կարիք լինի, որ բաց թողած օրվա փոխարեն նա մեկ ուրիշ օր աշխատի կամ չվճարվող արձակուրդ վերցնի։ Եհովան ակնկալում է, որ շարունակ աղոթենք այն հարցերի մասին, որոնք կարևոր են մեզ համար։ Հիսուսի խոսքերից երևում է, որ մեր ոչ բոլոր խնդրանքները անմիջապես կկատարվեն (Ղուկ. 11։9)։ Ուստի մի՛ հանձնվիր։ Շարունակիր ջերմեռանդորեն աղոթել (Ղուկ. 18։1-7)։ Երբ մենք այդպես ենք վարվում, Եհովան տեսնում է, որ դա շատ կարևոր է մեզ համար։ Այդպես նաև ցույց ենք տալիս մեր համոզվածությունը այն բանում, որ Եհովան ի զորու է օգնելու մեզ։ w23.11, էջ 22, պրբ. 10-11

20 հունիսի, ուրբաթ

Հույսը փայփայելով՝ մենք չենք հիասթափվի (Հռոմ. 5։5)։

Եհովան իր ընկեր Աբրահամին խոստացավ, որ երկրի բոլոր ազգերը նրա սերնդով են օրհնվելու (Ծննդ. 15։5; 22։18)։ Քանի որ Աբրահամը մեծ հավատ ուներ Աստծու հանդեպ, համոզված էր, որ Աստծու խոստումը իրականություն կդառնա։ Նա 100 տարեկան էր, իսկ նրա կինը 90, բայց այս հավատարիմ զույգը դեռ որդի չուներ (Ծննդ. 21։1-7)։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «[Աբրահամը] հույս ուներ և հավատում էր, որ դառնալու է շատ ազգերի հայր, քանի որ Աստված ասել էր» (Հռոմ. 4։18)։ Մենք գիտենք, որ Աբրահամի հույսը իրականացավ։ Ծնվեց նրա երկար սպասված որդին՝ Իսահակը։ Իսկ ո՞րն էր նրա վստահության հիմքը։ Աբրահամը մտերիմ հարաբերություններ ուներ Եհովայի հետ, ուստի «լիովին համոզված էր, որ Աստված կարող է կատարել այն, ինչ խոստացել է» (Հռոմ. 4։21)։ Եհովան հավանություն տվեց Աբրահամին և արդար համարեց, քանի որ նա հավատ ուներ (Հակ. 2։23)։ w23.12, էջ 8, պրբ. 1-2

21 հունիսի, շաբաթ

Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար (Ղուկ. 16։10)։

Վստահելի եղբայրը ջանասիրաբար է կատարում իր բոլոր պատասխանատվությունները։ Այդ հարցում կատարյալ օրինակ է Հիսուսը։ Նա երբեք անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք չէր դրսևորում, այլ միշտ կատարում էր Եհովայի տված հանձնարարությունները, անգամ եթե այդպես վարվելը դժվար էր։ Նա սիրում էր մարդկանց, հատկապես իր աշակերտներին, և պատրաստակամորեն իր կյանքը տվեց նրանց համար (Հովհ. 13։1)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ քո լավագույնն արա հանձնարարություններդ կատարելու հարցում։ Եթե չգիտես ինչպես անել որևէ բան, խոնարհաբար օգնություն խնդրիր հասուն եղբայրներից։ Երբեք մի՛ բավարարվիր պահանջված նվազագույնը անելով (Հռոմ. 12։11)։ Եթե քո գործը անես «Եհովայի համար և ոչ թե մարդկանց», ապա մեծ պատասխանատվությամբ կվերաբերվես քո հանձնարարությանը (Կող. 3։23)։ Իհարկե, դու կատարյալ չես, ուստի խոնարհ եղիր և ընդունիր սխալներդ (Առակ. 11։2)։ w23.12, էջ 26, պրբ. 8

22 հունիսի, կիրակի

Օրհնված է այն մարդը, որն իր հույսը Եհովայի վրա է դնում (Երեմ. 17։7)։

Մկրտվելով և Եհովայի ընտանիքի մի մասը դառնալով՝ մենք մեծ ուրախություն ենք ապրում։ Նրանք, ովքեր վայելում են այդ մեծ պատիվը, կհամաձայնվեն սաղմոսերգու Դավթի հետ. «Երջանիկ է այն մարդը, ում դու՝ [Եհովա] ընտրում ես և քեզ ես մոտեցնում, որ նա բնակվի քո գավիթներում» (Սաղ. 65։4)։ Եհովան ոչ բոլորին է թույլ տալիս մտնել իր «գավիթներ»։ Նա մտերմանում է նրանց հետ, ովքեր փաստում են, որ իր հետ մտերմանալու ցանկություն ունեն (Հակ. 4։8)։ Երբ նվիրվում ես Եհովային ու մկրտվում, կարող ես համոզված լինել, որ այդուհետ նա քեզ վրա «օրհնություն կթափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղ. 3։10; Երեմ. 17։8)։ Մկրտությունը քրիստոնեական կյանքի սկիզբն է միայն։ Դրանից հետո պետք է ամեն ջանք գործադրես քո երդման համաձայն ապրելու համար նույնիսկ գայթակղությունների և հավատի փորձությունների բախվելիս (Ժող. 5։4, 5)։ Հիսուսի աշակերտը լինելով՝ դու պետք է սերտորեն հետևես նրա հետքերին և հնարավոր ամեն բան անես նրա պատվերներին հնազանդվելու համար (Մատթ. 28։19, 20; 1 Պետ. 2։21)։ w24.03, էջ 8, պրբ. 1-3

23 հունիսի, երկուշաբթի

Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը (Ծննդ. 2։24)։

Ի՞նչ կարող եք անել, եթե դու և կողակիցդ չեք սիրում միասին ժամանակ անցկացնել։ Քննենք մի օրինակ։ Խարույկը միանգամից չի բոցավառվում, սկզբում հարկավոր է փոքր փայտեր գցել դրա մեջ, հետո՝ աստիճանաբար ավելի մեծ կտորներ ավելացնել։ Նմանապես ձեր սերը բոցավառելու համար ամեն օր մի փոքր ժամանակ անցկացրեք միասին։ Այնպիսի զբաղմունք ընտրեք, որ երկուսդ էլ սիրում եք (Հակ. 3։18)։ Այդպես վարվելով՝ կտեսնեք, թե ինչպես է ձեր սերը ժամանակի ընթացքում բոցավառվում։ Ամուսնության մեջ հարգանքը նույնքան կենսական է, որքան թթվածինը խարույկի համար։ Առանց թթվածնի կրակը արագ հանգչում է։ Նմանապես, եթե ամուսինների միջև հարգանք չլինի, նրանց սերը կարող է արագ սառչել։ Իսկ երբ ամուսինն ու կինը ձգտում են հարգանք դրսևորել միմյանց հանդեպ, իրենց սերը վառ են պահում։ Բայց հիշեք, որ հարցն այն չէ՝ դուք ձեզ հարգալից համարում եք, թե ոչ, այլ այն, թե ձեր կողակիցը իրեն հարգված զգում է, թե ոչ։ w23.05, էջ 22, պրբ. 9; էջ 24, պրբ. 14-15

24 հունիսի, երեքշաբթի

Երբ անհանգստացնող մտքերը ինձ հանգիստ չէին տալիս, դու ինձ մխիթարում էիր և թեթևացնում հոգիս (Սաղ. 94։19)։

Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք գրել են, որ երբեմն ահ ու դողի մեջ են եղել իրենց թշնամիների կամ այլ ճնշումների պատճառով (Սաղ. 18։4; 55։1, 5)։ Մենք էլ գուցե տարբեր ճնշումների բախվենք դպրոցում, աշխատավայրում, ընտանիքում կամ էլ կառավարության կողմից։ Հնարավոր է նաև որևէ առողջական խնդրի պատճառով մեր կյանքը վտանգի ենթարկվի։ Այդպիսի իրավիճակներում գուցե մեզ երեխայի պես անօգնական զգանք։ Եհովան նման պահերին մխիթարում և հանգստացնում է մեզ։ Ուստի կանոնավորաբար ժամանակ անցկացրու Եհովայի հետ՝ աղոթելով նրան և կարդալով նրա Խոսքը (Սաղ. 77։1, 12-14)։ Այդ դեպքում սթրեսի մեջ հայտնվելիս առաջին բանը, որ կցանկանաս անել, քո երկնային Հորից օգնություն խնդրելը կլինի։ Պատմիր նրան քո վախերի ու անհանգստությունների մասին։ Թույլ տուր, որ նա խոսի քեզ հետ ու մխիթարի իր Խոսքի միջոցով (Սաղ. 119։28)։ w24.01, էջ 24-25, պրբ. 14-16

25 հունիսի, չորեքշաբթի

Աստված է ձեզ եռանդով լցնում՝ տալով գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ (Փիլիպ. 2։13)։

Հոգևոր նպատակների հասնելու հարցում մղիչ ուժ ունենալը անչափ կարևոր է։ Մղիչ ուժ ունենալ նշանակում է որևէ նպատակի հասնելու մեծ ցանկություն կամ ձգտում ունենալ։ Եվ որքան մեծ լինի մեր մղիչ ուժը, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կհասնենք մեր նպատակներին։ Աղոթքը ավելի կմեծացնի այն։ Իր ոգու միջոցով Եհովան կարող է օգնել քեզ, որ քո նպատակին հասնելու համար մղիչ ուժ ունենաս։ Երբեմն մենք նպատակ ենք դնում, քանի որ գիտենք՝ այդպես վարվելը ճիշտ է։ Եվ դա վատ չէ։ Բայց գուցե ցանկություն չունենանք հասնելու դրան։ Խորհիր այն ամենի մասին, ինչ Եհովան արել է քեզ համար (Սաղ. 143։5)։ Պողոսը խորհում էր այն անզուգական բարության շուրջ, որ Եհովան դրսևորել էր իր հանդեպ, և դա մղում էր նրան ջանասեր լինել Եհովայի գործում (1 Կորնթ. 15։9, 10; 1 Տիմոթ. 1։12-14)։ Եթե դու էլ խորհրդածես այն ամենի շուրջ, ինչ Եհովան արել է քեզ համար, ավելի շատ կձգտես հասնելու նպատակիդ (Սաղ. 116։12)։ w23.05, էջ 27, պրբ. 3-5

26 հունիսի, հինգշաբթի

Եհովայի անունը փառաբանեք (Սաղ. 113։1)։

Մեր երկնային Հայրը ուրախանում է, երբ գովաբանում ենք նրա անունը (Սաղ. 119։108)։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նա նման է անկատար մարդկանց, ովքեր փափագում են գովեստի արժանանալ, քանի որ վստահ չեն իրենց ուժերի վրա և քաջալերանքի կարիք ունեն։ Ո՛չ։ Երբ գովաբանում ենք մեր երկնային Հորը, հերքում ենք Սատանայի ստերից մեկը, որն առնչվում է անձամբ մեզ։ Նա պնդում է, թե ոչ մի մարդ նվիրված չէ Աստծուն և չի պաշտպանի նրա անունը։ Սատանայի ասելով՝ փորձության բախվելիս մեզանից ոչ ոք չի պահի իր անարատությունը, և հանուն մեր շահի մենք երես կթեքենք Աստծուց (Հոբ 1։9-11; 2։4)։ Բայց հավատարիմ Հոբը փաստեց, որ Սատանան ստախոս է։ Իսկ ինչպե՞ս կվարվես դու։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի պաշտպանելու մեր Հոր անունը և ուրախացնելու նրա սիրտը՝ հավատարմորեն ծառայելով նրան (Առակ. 27։11)։ Դա, ինչ խոսք, մեծ պատիվ է։ w24.02, էջ 8-9, պրբ. 3-5

27 հունիսի, ուրբաթ

Հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք (2 Տար. 20։20)։

Մովսեսի և Հեսուի մահից հետո Եհովան իր ժողովրդին առաջնորդելու համար դատավորներ նշանակեց։ Իսկ երբ Իսրայելում հաստատվեց թագավորների իշխանությունը, Եհովան սկսեց առաջնորդություն տալ մարգարեների միջոցով։ Հավատարիմ թագավորները հետևում էին նրանց խորհուրդներին։ Օրինակ՝ Դավիթ թագավորը խոնարհաբար ընդունեց Նաթան մարգարեի խորհուրդը, երբ վերջինս փորձեց ուղղել նրան (2 Սամ. 12։7, 13; 1 Տար. 17։3, 4)։ Իսկ Հովսափատ թագավորը առաջնորդության համար վստահեց Հաազիել մարգարեին և հորդորեց Հուդայի ժողովրդին «հավատալ [Աստծու] մարգարեներին» (2 Տար. 20։14, 15)։ Եզեկիա թագավորն էլ խնդիրների բախվելիս օգնության համար դիմեց Եսայիա մարգարեին (Ես. 37։1-6)։ Ամեն անգամ, երբ թագավորները հետևում էին Եհովայի առաջնորդությանը, օրհնվում էին, և ժողովուրդը վտանգներից պաշտպանված էր լինում (2 Տար. 20։29, 30; 32։22)։ Ակնհայտ էր, որ Եհովան իր ժողովրդին մարգարեների միջոցով էր առաջնորդում։ w24.02, էջ 21, պրբ. 8

28 հունիսի, շաբաթ

Նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք (Եփես. 5։7)։

Սատանան ուզում է, որ շփվենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր կթուլացնեն Եհովայի չափանիշներին կառչած մնալու մեր վճռականությունը։ Սակայն մենք պետք է շատ զգույշ լինենք, քանի որ այսօր մարդկանց հետ կարող ենք շփվել ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, այլ նաև սոցիալական ցանցերում։ Հարկավոր է զգույշ լինել, որ չորդեգրենք աշխարհի այն տեսակետը, թե անբարո կյանքով ապրելը նորմալ է. չէ՞ որ մենք գիտենք, որ դա այդպես չէ (Եփես. 4։19, 20)։ Լավ կլինի՝ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք զգույշ եմ, որ անտեղի չշփվեմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն հարգում Եհովայի արդար չափանիշները՝ լինի դա դպրոցում, աշխատավայրում, թե մեկ այլ վայրում։ Արդյո՞ք քաջաբար պահում եմ Եհովայի չափանիշները, նույնիսկ եթե ոմանք ինձ անհանդուրժող են համարում»։ Ինչպես նշվում է 2 Տիմոթեոս 2։20-22 համարներում, մենք պետք է զգույշ լինենք նաև, երբ մտերիմ ընկերներ ենք ընտրում քրիստոնեական ժողովում։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլորը կարող են օգնել մեզ հավատարմորեն ծառայել Եհովային։ w24.03, էջ 22-23, պրբ. 11-12

29 հունիսի, կիրակի

Եհովան անչափ գորովալից է (Հակ. 5։11)։

Երբևէ փորձե՞լ ես պատկերացնել, թե ինչպիսին է Եհովան։ Ճիշտ է, Եհովան անտեսանելի է, բայց Աստվածաշնչում նրա վերաբերյալ տարբեր նկարագրություններ կան։ Օրինակ՝ նա կոչվում է «արև ու վահան», ինչպես նաև «սպառող կրակ» (Սաղ. 84։11; Եբր. 12։29)։ Իսկ նրա ներկայությունը նմանեցվում է շափյուղա քարի, մետաղի ձուլվածքի փայլի և շողշողուն ծիածանի (Եզեկ. 1։26-28)։ Եհովան անտեսանելի է, ուստի հնարավոր է՝ մեզ համար դժվար լինի հավատալ, որ նա սիրում է մեզ։ Ոմանք իրենց անցյալի պատճառով մտածում են, որ Եհովան չի կարող սիրել իրենց։ Եհովան հասկանում է նման զգացումները և գիտի, որ դրանք կարող են խանգարել մեզ մտերմանալ իր հետ։ Մեզ օգնելու համար նա իր Խոսքում գրել է տվել իր հրաշալի հատկությունների մասին։ Նրան լավագույնս նկարագրող բառը՝ սերն է (1 Հովհ. 4։8)։ Սերը նրա էությունն է և անդրադառնում է նրա բոլոր գործերի վրա։ Աստծու սերը այնքան զորեղ է ու ջերմ, որ դրսևորվում է անգամ նրանց հանդեպ, ովքեր չեն սիրում նրան (Մատթ. 5։44, 45)։ w24.01, էջ 26, պրբ. 1-3

30 հունիսի, երկուշաբթի

Նա խոսում էր նրանց հետ ամպի սյան միջից (Սաղ. 99։7)։

Եհովան Մովսեսին էր նշանակել, որպեսզի իսրայելացիներին հանի Եգիպտոսից, և որպես տեսանելի ապացույց ցերեկը ամպի սյունն էր նրանց առջևից գնում, իսկ գիշերը՝ կրակի (Ելք 13։21)։ Մովսեսը հետևում էր սյանը, և այն նրանց տարավ Կարմիր ծովի մոտ։ Մարդիկ խուճապի մատնվեցին՝ կարծելով, թե ծուղակն են ընկել. մի կողմից կարմիր ծովն էր, մյուս կողմից՝ եգիպտացիների զորքը։ Բայց դա այդպես չէր։ Եհովան մտածված էր իսրայելացիներին Մովսեսի միջոցով այդտեղ բերել (Ելք 14։2)։ Նա պատրաստվում էր ապշեցուցիչ կերպով փրկել նրանց (Ելք 14։26-28)։ Այդ դեպքից հետո 40 տարի Աստծու ժողովրդին անապատում առաջնորդելիս Մովսեսը հետևում էր սյանը (Ելք 33։7, 9, 10)։ Սյան միջից Եհովան խոսում էր Մովսեսի հետ, և վերջինս իր ստացած հրահանգները փոխանցում էր ժողովրդին։ Իսրայելացիները հստակ տեսնում էին, որ Եհովան Մովսեսի միջոցով է առաջնորդում իրենց։ w24.02, էջ 21, պրբ. 4-5

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը