Ղուկաս
21 Հիսուսը նայեց և տեսավ հարուստների, որոնք իրենց դրամական ընծաները գանձանակների մեջ էին գցում+։ 2 Ապա տեսնելով մի կարիքավոր այրու, որը շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ* գցեց այնտեղ+՝ 3 ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը+, 4 որովհետև ամենքը իրենց ավելացածից ընծաներ գցեցին, բայց այս կինը, որ թեև չքավոր էր, գցեց իր ողջ ապրուստը»+։
5 Հետո, երբ ոմանք խոսում էին տաճարի մասին, որ այն զարդարված էր գեղեցիկ քարերով ու նվիրված բաներով+, 6 նա ասաց. «Այս բոլորը, որ տեսնում եք, կքանդվեն։ Օրեր կգան, երբ քարը քարի վրա չի մնա այստեղ»+։ 7 Այդ ժամանակ նրանք հարցրին նրան. «Ուսուցի՛չ, ե՞րբ են լինելու այս բաները։ Ի՞նչ նշանով կարող ենք իմանալ, թե երբ պիտի տեղի ունենան դրանք»+։ 8 Նա էլ ասաց. «Զգո՛ւյշ եղեք, որ չմոլորվեք+, որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն՝ «ե՛ս եմ նա», «ժամանակը մոտեցել է»+։ Մի՛ գնացեք նրանց հետևից։ 9 Երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ սարսափեք+, որովհետև նախ այս բաները պետք է լինեն, բայց վերջը անմիջապես չի գա»։
10 Ապա շարունակեց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա+, և թագավորություն՝ թագավորության դեմ+, 11 մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-տեղ՝ համաճարակներ ու սովեր+, և ահազդու երևույթներ ու երկնքից մեծ նշաններ կլինեն+։
12 Բայց այս բոլոր բաներից առաջ մարդիկ ձեզ կբռնեն ու կհալածեն+՝ իմ անվան պատճառով մատնելով ձեզ ժողովարաններին ու բանտերին, քարշ տալով թագավորների ու կառավարիչների առաջ+։ 13 Դա ձեզ համար վկայություն տալու հնարավորություն կստեղծի+։ 14 Ուստի նախապես մի՛ մտածեք, թե ինչպես ձեզ պաշտպանեք+, 15 որովհետև ես ձեր բերանում իմաստություն կդնեմ, որին ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակառակ խոսել+։ 16 Նույնիսկ ձեր ծնողները+, եղբայրները, հարազատներն ու ընկերները կմատնեն ձեզ, և նրանք ձեզանից ոմանց կսպանեն+, 17 ու իմ անվան պատճառով բոլոր մարդկանց կողմից ատված կլինեք+։ 18 Սակայն ձեր գլխից մի մազ+ անգամ չի կորչի։ 19 Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները+։
20 Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված+, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է+։ 21 Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան, իսկ ովքեր Երուսաղեմի շրջակայքում են, թող չմտնեն այնտեղ+, 22 որովհետև դրանք այնպիսի օրեր են լինելու, երբ արդարադատություն է գործի դրվելու, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն+։ 23 Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին+, որովհետև մեծ զրկանք կլինի երկրի վրա ու ցասում՝ այս ժողովրդի վրա։ 24 Նրանք սրի բերանով կընկնեն ու գերի կտարվեն բոլոր ազգերի մեջ+։ Եվ ազգերը կկոխկռտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերին սահմանված ժամանակները+ լրանան։
25 Նաև նշաններ կլինեն արևի+, լուսնի ու աստղերի վրա, և երկրի վրա ազգերը կտառապեն՝ չիմանալով ելքը, որովհետև ծովը կշառաչի+ ու կխռովվի+, 26 և մարդիկ կնվաղեն վախից+ և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան+, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն+։ 27 Այդ ժամանակ մարդու Որդուն+ կտեսնեն ամպի մեջ զորությամբ ու մեծ փառքով գալիս+։ 28 Բայց երբ այս բաները սկսեն կատարվել, ուղիղ կանգնեք և բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է»։
29 Ապա նրանց մի օրինակ բերեց. «Նայեք թզենուն և մյուս բոլոր ծառերին+։ 30 Տեսնելով, որ դրանք բողբոջել են՝ իմանում եք, որ ամառն արդեն մոտ է+։ 31 Նմանապես, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է+։ 32 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն+։ 33 Երկինքն ու երկիրը կանցնեն+, բայց իմ խոսքերը չեն անցնի+։
34 Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան+ շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով+, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա+ 35 ինչպես ծուղակ+, որովհետև այն պիտի գա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին+։ 36 Ուրեմն արթուն եղեք+՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով+, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի, և կանգնել մարդու Որդու առաջ»+։
37 Ամբողջ օրը Հիսուսը սովորեցնում էր տաճարում+, իսկ գիշերը դուրս էր գալիս այնտեղից և գիշերում էր Ձիթենյաց+ կոչվող լեռան վրա։ 38 Եվ ամբողջ ժողովուրդը+ վաղ առավոտյան գալիս էր նրա մոտ տաճար՝ նրան լսելու։