Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Մատթեոս 1 ։ 1–28 ։ 20
  • Մատթեոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մատթեոս
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Մատթեոս

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

1 Աբրահամի որդի+ և Դավթի որդի+ Հիսուս Քրիստոսի* կյանքի պատմության գիրքը:*

 2 Աբրահամը ունեցավ Իսահակին,+

Իսահակը ունեցավ Հակոբին,+

Հակոբը ունեցավ Հուդային+ և իր մյուս որդիներին,

 3 Հուդան ունեցավ Փարեսին և Զարային,+ որոնց ծնեց Թամարը,

Փարեսը ունեցավ Եսրոնին,+

Եսրոնը ունեցավ Ռամին,+

 4 Ռամը ունեցավ Ամինադաբին,

Ամինադաբը ունեցավ Նաասոնին,+

Նաասոնը ունեցավ Սալմոնին,

 5 Սալմոնը ունեցավ Բոոսին, որին ծնեց Ռախաբը,+

Բոոսը ունեցավ Օբեդին, որին ծնեց Հռութը,+

Օբեդը ունեցավ Հեսսեին,+

 6 Հեսսեն ունեցավ Դավթին,+ որը թագավոր դարձավ,

Դավիթը ունեցավ Սողոմոնին,+ որին ծնեց Ուրիայի կինը,

 7 Սողոմոնը ունեցավ Ռոբովամին,+

Ռոբովամը ունեցավ Աբիային,

Աբիան ունեցավ Ասային,+

 8 Ասան ունեցավ Հովսափատին,+

Հովսափատը ունեցավ Հովրամին,+

Հովրամը ունեցավ Օզիային,

 9 Օզիան ունեցավ Հովաթամին,+

Հովաթամը ունեցավ Աքազին,+

Աքազը ունեցավ Եզեկիային,+

10 Եզեկիան ունեցավ Մանասեին,+

Մանասեն ունեցավ Ամոնին,+

Ամոնը ունեցավ Հովսիային,+

11 Հովսիան+ ունեցավ Հեքոնիային+ և իր մյուս որդիներին. դա հրեաների՝ Բաբելոն գերեվարվելու ժամանակաշրջանն էր:+

12 Բաբելոն գերեվարվելուց հետո Հեքոնիան ունեցավ Սաղաթիելին,

Սաղաթիելը ունեցավ Զորաբաբելին,+

13 Զորաբաբելը ունեցավ Աբիուդին,

Աբիուդը ունեցավ Եղիակիմին,

Եղիակիմը ունեցավ Ազորին,

14 Ազորը ունեցավ Սադոկին,

Սադոկը ունեցավ Աքիմին,

Աքիմը ունեցավ Ելիուդին,

15 Ելիուդը ունեցավ Եղիազարին,

Եղիազարը ունեցավ Մատթանին,

Մատթանը ունեցավ Հակոբին,

16 Հակոբը ունեցավ Հովսեփին, որը դարձավ Մարիամի ամուսինը: Մարիամը ծնեց Հիսուսին,+ որին Քրիստոս են կոչում:+

17 Այսպիսով՝ Աբրահամից մինչև Դավիթը 14 սերունդ էր, Դավթի ժամանակներից մինչև հրեաների՝ Բաբելոն գերեվարվելը՝ 14 սերունդ, և գերեվարման ժամանակներից մինչև Քրիստոսը՝ 14 սերունդ:

18 Ահա թե ինչ եղավ նախքան Հիսուս Քրիստոսի ծնվելը: Նրա մայրը՝ Մարիամը, որը նշանված էր Հովսեփի հետ, մինչև իրենց ամուսնությունը սուրբ ոգու*+ շնորհիվ հղիացավ: 19 Մարիամի ամուսինը՝ Հովսեփը, արդար մարդ էր և չէր ցանկանում նրան հանրության առաջ խայտառակել, ուստի մտադրվեց գաղտնաբար բաժանվել նրանից:+ 20 Բայց երբ արդեն ծանրութեթև էր արել այս ամենը, Եհովայի* հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վարանիր տուն տանել կնոջդ՝ Մարիամին, որովհետև սուրբ ոգու շնորհիվ է նա հղիացել:+ 21 Մարիամը որդի կծնի, և նրա անունը Հիսուս* կդնես,+ քանի որ նա փրկելու է իր ժողովրդին՝ ազատելով մեղքերից»:+ 22 Այս ամենով կատարվեց մարգարեի միջոցով Եհովայի ասածը. 23 «Կույսը կհղիանա ու մի որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն»,+ որը թարգմանվում է «մեզ հետ Աստված է»:+

24 Քնից զարթնելով՝ Հովսեփը վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր Եհովայի հրեշտակը, և իր կնոջը իր տուն տարավ: 25 Բայց հարաբերություն չունեցավ նրա հետ, մինչև որ երեխան ծնվեց:+ Եվ Հովսեփը նրա անունը Հիսուս դրեց:+

2 Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ+ քաղաքում Հերովդես* թագավորի իշխանության օրոք:+ Որոշ ժամանակ անց Արևելքից աստղագուշակներ* եկան Երուսաղեմ 2 ու ասացին. «Որտե՞ղ է ծնված երեխան՝ հրեաների թագավորը:+ Մենք նրա աստղը տեսանք, երբ դեռ Արևելքում էինք, և հիմա եկել ենք խոնարհվելու նրա առաջ»: 3 Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խիստ անհանգստացավ: Իրարանցման մեջ ընկավ նաև ողջ Երուսաղեմը: 4 Հերովդեսը հավաքեց բոլոր ավագ քահանաներին ու Օրենքի ուսուցիչներին* և հարցուփորձ արեց նրանց, թե որտեղ պետք է ծնվեր Քրիստոսը:* 5 Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում,+ քանի որ մարգարեն գրել է. 6 «Ո՛վ Հուդայի երկրի Բեթլեհեմ, Հուդայի իշխանները բոլորովին էլ չպետք է քեզ աննշան համարեն, որովհետև քեզանից է դուրս գալու այն իշխանը, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին»»:+

7 Այդ ժամանակ Հերովդեսը գաղտնի իր մոտ կանչեց աստղագուշակներին և նրանցից ճշտեց, թե կոնկրետ երբ էր երևացել աստղը: 8 Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացեք, ստույգ իմացեք երեխայի տեղը ու երբ գտնեք նրան, տեղեկացրեք ինձ, որ ես էլ գնամ ու խոնարհվեմ նրա առաջ»: 9 Թագավորի հրահանգները ստանալուց հետո նրանք ճանապարհ ընկան: Աստղը, որ տեսել էին Արևելքում,+ գնում էր նրանց առջևից, մինչև որ կանգ առավ այն տան վերևում, որտեղ երեխան էր: 10 Դա տեսնելով՝ նրանք շատ ուրախացան: 11 Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ: Նրանք ծնկի գալով խոնարհվեցին երեխայի առաջ, ապա բացեցին տուփերը և տվեցին իրենց բերած նվերները՝ ոսկի, կնդրուկ ու զմուռս:* 12 Նրանք իրենց երկիր վերադարձան մեկ ուրիշ ճանապարհով, քանի որ երազում Աստծուց հրահանգ ստացան,+ որ հետ չգնան Հերովդեսի մոտ:

13 Նրանց հեռանալուց հետո Եհովայի* հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին+ ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս և մնա այնտեղ: Չվերադառնաս, մինչև չասեմ քեզ, քանի որ Հերովդեսը մտադիր է գտնել ու սպանել երեխային»: 14 Ուստի Հովսեփը գիշերով վեր կացավ և Մարիամի ու երեխայի հետ ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս: 15 Նրանք այնտեղ մնացին մինչև Հերովդեսի մահը: Այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով Եհովայի ասածը. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»:+

16 Երբ Հերովդեսը հասկացավ, որ աստղագուշակները հիմարացրել են իրեն, ցասումով լցվեց: Նա մարդիկ ուղարկեց և Բեթլեհեմում ու դրա շրջակայքում կոտորել տվեց երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին (այդ տարիքը նա որոշել էր աստղագուշակների ասածների հիման վրա):+ 17 Այդպիսով կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. 18 «Ձայն լսվեց Ռամայում, լացի ու մեծ ողբի ձայն. Ռաքելն+ էր լաց լինում իր երեխաների համար և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք այլևս չկային»:+

19 Հերովդեսի մահից հետո Եհովայի հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին,+ որը Եգիպտոսում էր, 20 ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը և գնա Իսրայել, քանի որ երեխային սպանել ցանկացողները մահացել են»: 21 Հովսեփն էլ վերցրեց Մարիամին ու երեխային և վերադարձավ Իսրայել: 22 Բայց լսելով, որ Հրեաստանում Հերովդեսից հետո նրա որդի Արքեղայոսն է թագավորում՝ վախեցավ այնտեղ գնալ: Ավելին՝ նա երազում Աստծուց նախազգուշացում ստացավ,+ ուստի գնաց Գալիլեա:+ 23 Նա բնակվեց Նազարեթ+ կոչվող քաղաքում, և այդպիսով կատարվեց մարգարեների միջոցով ասվածը. «Նա նազարեթցի* կկոչվի»:+

3 Հետագայում Հովհաննես+ Մկրտիչը սկսեց քարոզել+ Հրեաստանի անապատում: 2 Նա ասում էր. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»:+ 3 Հենց Հովհաննեսի մասին էր Եսայիա մարգարեի միջոցով ասվել.+ «Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին»»:+ 4 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր կրում և մեջքին կաշվե գոտի էր կապում:+ Նա սնվում էր մորեխներով ու վայրի մեղրով:+ 5 Երուսաղեմից, ողջ Հրեաստանից և Հորդանանի բոլոր շրջակա տարածքներից մարդիկ գալիս էին նրա մոտ:+ 6 Նրանք բացեիբաց խոստովանում էին իրենց մեղքերը, և Հովհաննեսը մկրտում* էր նրանց Հորդանան գետում:+

7 Տեսնելով, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից+ շատերն էլ են գալիս այդտեղ՝ նա ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ,+ ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք փախչել Աստծու ցասումից, որ գալու է ձեզ վրա:+ 8 Նախ ձեր գործերով փաստեք, որ զղջում եք:* 9 Եվ թող մտքներովդ չանցնի ինքներդ ձեզ ասել. «Մեր հայրը Աբրահամն է»:+ Վստահեցնում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ զավակներ ստեղծել Աբրահամի համար: 10 Կացինն արդեն մոտեցվել է ծառերի բնին. ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պետք է հիմքից կտրվի ու կրակը գցվի:+ 11 Ժողովո՛ւրդ, ես ձեզ մկրտում եմ, քանի որ դուք զղջացիք:+ Ես ջրով եմ մկրտում, բայց ինձնից հետո եկողը ինձնից զորավոր է, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալները հանելու:+ Նա ձեզ կմկրտի սուրբ ոգով+ ու կրակով:*+ 12 Քամհարելու եղանը* նրա ձեռքում է, և նա ամբողջությամբ կմաքրի իր կալը.* ցորենը ամբարում կհավաքի, իսկ թեփը կայրի անմար կրակով»:+

13 Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու:+ 14 Սակայն Հովհաննեսն առարկեց. «Այդ դո՛ւ պետք է մկրտես ինձ, ոչ թե ես՝ քեզ»: 15 Հիսուսը պատասխանեց. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպիսով կկատարենք Աստծու կամքը»: Ուստի Հովհաննեսն այլևս չառարկեց: 16 Մկրտվելուց հետո հենց որ Հիսուսը դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց,+ ու նա* տեսավ, որ Աստծու ոգին աղավնու տեսքով իջնում է նրա վրա:+ 17 Եվ երկնքից մի ձայն+ ասաց. «Սա իմ սիրելի Որդին է,+ որն ունի իմ հավանությունը»:+

4 Այնուհետև Աստծու ոգին Հիսուսին մղեց, որ գնա անապատ: Այնտեղ Բանսարկուն+ փորձության ենթարկեց նրան:+ 2 Հիսուսը 40 օր և 40 գիշեր ծոմ էր պահել ու քաղցած էր: 3 Այդ ժամանակ Փորձիչը+ մոտեցավ նրան ու ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»: 4 Բայց նա պատասխանեց. «Գրված է. «Մարդ չպետք է միայն հացով ապրի, այլ պետք է ապրի նաև Եհովայի* բերանից դուրս եկող ամեն խոսքով»»:+

5 Հետո Բանսարկուն նրան տարավ սուրբ քաղաք+ և կանգնեցնելով տաճարի եզրապատի ամենաբարձր տեղում՝+ 6 ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած գցիր, քանի որ գրված է՝ «Նա կհրամայի իր հրեշտակներին» և «Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ քարի չխփես»»:+ 7 Հիսուսն էլ ասաց. «Բայց նաև գրված է. «Մի՛ փորձեք Եհովային՝ ձեր Աստծուն»»:+

8 Ապա Բանսարկուն նրան տարավ մի շատ բարձր լեռ, ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը+ 9 և ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գեթ մեկ անգամ ծնկի գաս ու երկրպագես ինձ»: 10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք+ և միմիայն նրան ծառայեք»»:*+ 11 Դրանից հետո Բանսարկուն նրան թողեց ու հեռացավ:+ Եվ հրեշտակները եկան ու հոգ տարան նրան:+

12 Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը ձերբակալվել է,+ գնաց Գալիլեա:+ 13 Ավելի ուշ նա հեռացավ Նազարեթից ու բնակվեց Կափառնայումում,+ որը գտնվում է ծովեզերքին՝* Զաբուղոնի ու Նեփթաղիմի կողմերում: 14 Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. 15 «Այլազգիներով բնակեցված Գալիլե՛ա՝ Զաբուղոնի ու Նեփթաղիմի տարածքնե՛ր, որ դեպի ծով տանող ճանապարհին եք՝ Հորդանանի արևմտյան կողմում, 16 խավարում նստած մարդիկ մեծ լույս տեսան, մահվան ստվերով ծածկված շրջանում բնակվողների վրա լույս+ ծագեց»:+ 17 Այդ ժամանակվանից Հիսուսը սկսեց քարոզել՝ ասելով. «Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը»:+

18 Գալիլեայի ծովի* ափով քայլելիս նա տեսավ երկու եղբայրների, որոնք ձկնորսներ էին՝ Սիմոնին, որին Պետրոս են կոչում,+ և Անդրեասին: Այդ պահին նրանք ձկնորսական ցանցը ծովն էին նետում:+ 19 Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»:+ 20 Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն ու հետևեցին Հիսուսին:+ 21 Շարունակելով ճանապարհը՝ նա ուրիշ երկու եղբայրների տեսավ՝ Զեբեդեոսի որդիներ Հակոբոսին ու Հովհաննեսին,+ որոնք իրենց հոր հետ նավակի մեջ ցանցերն էին նորոգում: Հիսուսը նրանց էլ կանչեց:+ 22 Եղբայրներն անմիջապես թողեցին նավակն ու իրենց հորը և հետևեցին նրան:

23 Դրանից հետո Հիսուսը շրջում էր ողջ Գալիլեայով մեկ,+ ուսուցանում էր ժողովարաններում,+ քարոզում Թագավորության մասին բարի լուրը և բուժում մարդկանց ամեն տկարություն ու հիվանդություն:+ 24 Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում:* Նրա մոտ էին բերում տարատեսակ հիվանդություններով ու ցավերով տառապողների,+ դիվահարների,+ ընկնավորների+ ու անդամալույծների, և նա բուժում էր նրանց: 25 Այնպես որ նրա հետևից գնում էին մարդկանց մեծ խմբեր, որ գալիս էին Գալիլեայից, Դեկապոլիսից,* Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի արևելյան կողմից:

5 Տեսնելով, որ մեծ բազմություն է հավաքվել՝ Հիսուսը բարձրացավ լեռան լանջը և նստեց այնտեղ: Աշակերտները նրա մոտ եկան, 2 և նա սկսեց ուսուցանել.

3 «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն,*+ որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:

4 Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև կմխիթարվեն:+

5 Երջանիկ են նրանք, ովքեր հեզ* են,+ որովհետև կժառանգեն երկիրը:+

6 Երջանիկ են նրանք, ովքեր ծարավ են+ արդարության, որովհետև կհագենան:+

7 Երջանիկ են նրանք, ովքեր գթասիրտ են,+ որովհետև նրանց հանդեպ գթասրտություն կդրսևորվի:

8 Երջանիկ են նրանք, ովքեր անարատ սիրտ ունեն,+ որովհետև նրանք կտեսնեն* Աստծուն:

9 Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են,+ որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն:

10 Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են ճիշտն անելու համար,+ որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:

11 Երջանիկ եք, երբ մարդիկ վիրավորում+ ու հալածում են ձեզ+ և ամեն տեսակ ստեր ու վատ բաներ են ասում ձեր մասին իմ հետևորդը լինելու պատճառով:+ 12 Ուրախացեք և ցնծացեք,+ որովհետև ձեզ մեծ վարձատրություն է սպասում Աստծուց.*+ ձեզնից առաջ մարգարեներն էլ են այդպես հալածվել:+

13 Դուք երկրի աղն եք:+ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ոչ մի բանի համար պիտանի չի լինի. չէ՞ որ այլևս հնարավոր չէ դրա համը վերականգնել: Այն պարզապես դուրս կթափվի+ ու կտրորվի մարդկանց ոտքերի տակ:

14 Դուք աշխարհի լույսն եք:+ Ինչպես սարի վրա գտնվող քաղաքը չի կարող աննկատ մնալ, 15 և ինչպես ճրագը վառում ու դնում են ոչ թե զամբյուղի տակ, այլ ճրագակալի վրա, որ լուսավորի տանը եղողներին,+ 16 այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առաջ,+ որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը+ և փառք տան ձեր երկնային Հորը:+

17 Մի՛ կարծեք, թե ես եկել եմ անվավեր դարձնելու Օրենքը և մարգարեների գրածները: Եկել եմ ոչ թե անվավեր դարձնելու, այլ կատարելու:+ 18 Հաստատ* ասում եմ ձեզ. ավելի շուտ երկինքն ու երկիրը կվերանան, քան Օրենքի ամենափոքր տառը կամ նույնիսկ տառի մի մասնիկը անվավեր կդառնա: Այնտեղ գրված ամեն բան կկատարվի:+ 19 Ուստի ով որ այս պատվիրաններից թեկուզ ամենաաննշանը խախտի և ուրիշներին էլ սովորեցնի նույնն անել, անարժան* կհամարվի երկնքի թագավորության համար: Իսկ ով որ կատարի և սովորեցնի դրանք, արժանի* կհամարվի երկնքի թագավորության համար: 20 Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը լինի ընդամենը այնպիսին, ինչպիսին Օրենքի ուսուցիչներինն* ու փարիսեցիներինն է,+ դուք հաստատ չեք մտնի երկնքի թագավորություն:+

21 Դուք գիտեք, որ հնում ապրողներին ասվել է. «Մի՛ սպանիր:+ Ով որ սպանի, պետք է իր արածի համար պատասխան տա դատարանի առաջ»:+ 22 Բայց ես ասում եմ ձեզ. ով որ իր եղբոր* վրա զայրացած մնա,+ պետք է պատասխան տա դատարանի առաջ: Ով որ իր եղբորը խիստ վիրավորական խոսք ասի, պետք է պատասխան տա Գերագույն դատարանի առաջ: Բայց ով որ ասի՝ անաստված հիմար,* ենթակա կլինի կրակոտ գեհենին:*+

23 Եվ ուրեմն, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ+ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, 24 ընծադ թող զոհասեղանի մոտ և գնա, նախ հաշտվիր եղբորդ հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ:+

25 Երբ մեկը բողոք ներկայացնի քո դեմ, գործերդ արագ հարթիր նրա հետ նախքան դատարան հասնելը, այլապես գուցե նա քեզ հանձնի դատավորի ձեռքը, դատավորն էլ՝ դատական ծառայողի ձեռքը, և դու բանտ գցվես:+ 26 Հաստատ ասում եմ. այնտեղից դուրս չես գա, քանի դեռ պարտքդ չես վճարել մինչև վերջին լուման:*

27 Դուք գիտեք, որ ասվել է. «Մի՛ շնացիր»:*+ 28 Բայց ես ասում եմ ձեզ. ով շարունակ այնպես նայի որևէ կնոջ,+ որ իր մեջ կրքեր արթնանան նրա հանդեպ, նա արդեն իսկ շնացած կլինի նրա հետ իր սրտում:+ 29 Ուրեմն եթե քո աչքը* մեղքի է դրդում քեզ, հանիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ մարմնիդ մասերից մեկը կորցնես, քան ամբողջ մարմինդ կործանվի գեհենում:+ 30 Եթե քո ձեռքը* մեղքի է դրդում քեզ, կտրիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ մարմնիդ մասերից մեկը կորցնես, քան ամբողջ մարմինդ կործանվի գեհենում:+

31 Նաև ասվել է. «Ով իր կնոջից բաժանվի, թող ամուսնալուծության վկայական տա նրան»:+ 32 Բայց ես ասում եմ ձեզ. ով բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության* պատճառով, նրան դրդում է շնության,* և ով ամուսնանում է այս ձևով բաժանված կնոջ հետ, շնություն է գործում:+

33 Դուք նաև գիտեք, որ հնում ապրողներին ասվել է. «Ձեր տված երդումը մի՛ դրժեք,+ այլ կատարեք Եհովային* տված խոստումները»:+ 34 Բայց ես ասում եմ ձեզ. ընդհանրապես երդում մի՛ տվեք:*+ Մի՛ երդվեք ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, 35 ո՛չ երկրով, քանի որ այն նրա ոտքերի պատվանդանն է,+ ո՛չ Երուսաղեմով, քանի որ այն մեծն Թագավորի քաղաքն է,+ 36 և ո՛չ էլ ձեր գլխով, քանի որ չեք կարող ձեր գլխի մի մազն անգամ սպիտակ կամ սև դարձնել: 37 Պարզապես թող ձեր «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ»,+ իսկ սրանից այն կողմ անցնողը Չարին է հետևում:+

38 Դուք գիտեք, որ ասվել է. «Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ»:+ 39 Բայց ես ասում եմ. հակահարված մի՛ տուր չար մարդուն, այլ եթե մեկը ապտակում է քո աջ այտին, մյուսն էլ նրան դարձրու:+ 40 Եթե մեկը ուզում է քեզ դատի տալ, որ վերցնի հագուստդ, վերնահագուստդ էլ տուր նրան:+ 41 Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն,* նրա հետ երկու մղոն գնա: 42 Եթե մեկը քեզնից մի բան է խնդրում, տուր նրա խնդրածը և քեզնից պարտք* ուզողին մի՛ մերժիր:+

43 Դուք գիտեք, որ ասվել է. «Սիրեք դրացուն+ և ատեք թշնամուն»: 44 Բայց ես ասում եմ ձեզ. սիրեք ձեր թշնամիներին+ և աղոթեք ձեզ հալածողների համար,+ 45 որպեսզի լինեք ձեր երկնային Հոր որդիները,+ քանի որ նա արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա:+ 46 Եթե սիրեք միայն նրանց, ովքեր սիրում են ձեզ, մի՞թե վարձատրության կարժանանաք:+ Չէ՞ որ հարկահավաքներն էլ են այդպես անում: 47 Եվ եթե միայն ձեր եղբայրներին ողջունեք, ի՞նչ արտասովոր բան արած կլինեք: Չէ՞ որ ուրիշ ազգերի մարդիկ էլ են այդպես անում: 48 Ուստի կատարյալ եղեք,* ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ»:+

6 «Զգույշ եղեք, որ ճիշտը ցուցադրաբար չանեք պարզապես մարդկանց կողմից նկատվելու համար,+ այլապես վարձատրություն չեք ստանա ձեր երկնային Հորից: 2 Երբ օգնում եք չունևորներին,* շեփոր մի՛ հնչեցրեք, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու փողոցներում, որ մարդիկ գովաբանեն իրենց: Հաստատ ասում եմ ձեզ. նրանք արդեն ամբողջությամբ ստացել են իրենց վարձատրությունը: 3 Բայց երբ դուք օգնում եք չունևորներին, թող ձեր ձախ ձեռքը չիմանա՝ ինչ է անում աջը, 4 որ ձեր արածը մարդկանց աչքին աննկատ մնա: Այդ ժամանակ ձեր Հայրը, ով անտեսանելի է, բայց տեսնում է ամեն բան, կհատուցի ձեզ:+

5 Նաև աղոթելիս մի՛ եղեք կեղծավորների նման,+ ովքեր սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որ մարդիկ տեսնեն իրենց:+ Հաստատ ասում եմ ձեզ. նրանք արդեն ամբողջությամբ ստացել են իրենց վարձատրությունը: 6 Բայց դուք, երբ աղոթելու լինեք, մտեք ձեր սենյակ, փակեք դուռը և աղոթեք ձեր Հորը, որին ոչ ոք չի տեսնում:+ Այդ ժամանակ ձեր Հայրը, ով անտեսանելի է, բայց տեսնում է ամեն բան, կհատուցի ձեզ: 7 Աղոթելիս նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնեք, ինչպես ուրիշ ազգերի մարդիկ են անում. նրանց թվում է, որ եթե երկար աղոթեն, իրենց աղոթքը կլսվի: 8 Նրանց նման մի՛ վարվեք. ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք+ նույնիսկ նախքան ձեր խնդրելը:

9 Դուք այսպես աղոթեք.+

«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի+ քո անունը:*+ 10 Թող գա քո թագավորությունը:+ Թող կատարվի քո կամքը+ երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում:*+ 11 Տուր մեզ մեր օրվա հացը+ 12 և ներիր մեզ մեր պարտքերը,* ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին:+ 13 Եվ մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ,*+ այլ ազատիր մեզ Չարից»:+

14 Եթե դուք ներեք ձեր դեմ սխալ գործած մարդկանց, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների,+ 15 բայց եթե չներեք մարդկանց սխալները, ձեր Հայրն էլ ձեր սխալները չի ների:+

16 Ծոմ պահելիս+ տխուր դեմք մի՛ ընդունեք, ինչպես կեղծավորները, ովքեր տառապյալի տեսք են ընդունում,* որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենք ծոմ են պահում:+ Հաստատ ասում եմ ձեզ. նրանք արդեն ամբողջությամբ ստացել են իրենց վարձատրությունը: 17 Բայց դուք ծոմ պահելիս լվացեք ձեր երեսը և յուղով օծեք ձեր գլուխը, 18 որպեսզի ձեր ծոմ պահելը նկատելի լինի ոչ թե մարդկանց, այլ ձեր Հորը: Այդ ժամանակ ձեր Հայրը, ով անտեսանելի է, բայց տեսնում է ամեն բան, կհատուցի ձեզ:

19 Այլևս ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա,+ որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են դրանք, և գողերը՝ գողանում: 20 Փոխարենը ձեզ համար գանձեր դիզեք երկնքում,+ որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում դրանք,+ և ո՛չ էլ գողերն են գողանում: 21 Չէ՞ որ որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի:

22 Մարմնի ճրագը աչքն է:+ Ուստի եթե ձեր աչքը կենտրոնացած է մեկ բանի վրա,* ձեր ամբողջ մարմինը լուսավորված կլինի: 23 Բայց եթե ձեր աչքը նախանձով+ այս ու այն կողմ է նայում,* ձեր ամբողջ մարմինը խավարի մեջ կլինի: Եվ եթե ձեր միջի լույսը իրականում խավար է, ուրեմն ի՜նչ մեծ խավարի մեջ եք դուք:

24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կատի, իսկ մյուսին կսիրի,+ կամ էլ մեկին նվիրված կլինի, իսկ մյուսին կարհամարհի: Չեք կարող լինել և՛ Աստծու ծառան, և՛ հարստության:+

25 Ուստի ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք+ այն մասին, թե ինչ եք ուտելու, ինչ եք խմելու կամ ինչ եք հագնելու:+ Չէ՞ որ կյանքը* ուտելիքից ավելին է, և մարմինը՝ հագուստից:+ 26 Ուշադրություն դարձրեք երկնքի թռչուններին.+ նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ էլ ամբարում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք նրանցից թանկ եք: 27 Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով* երկարացնել:+ 28 Ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար: Սովորեք՝ նայելով, թե ինչպես են աճում դաշտի շուշանները. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում, 29 բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը+ իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց: 30 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե առավել ևս ձեզ չի հագցնի, ո՛վ թերահավատներ: 31 Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք+՝ ասելով՝ «Ի՞նչ ենք ուտելու», «Ի՞նչ ենք խմելու», կամ՝ «Ի՞նչ ենք հագնելու»:+ 32 Ուրիշ ազգերի մարդիկ* են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները: Մինչդեռ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ ամենը անհրաժեշտ է ձեզ:

33 Ձեր կյանքում միշտ առաջին տեղում դրեք Աստծու թագավորությունը և նրա արդար չափանիշները, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ:+ 34 Ուստի երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին.+ վաղվա օրը նոր մտահոգություններ կբերի իր հետ: Օրվա հոգսը արդեն իսկ բավական է»:

7 «Մի՛ դատեք,*+ որ չդատվեք, 2 որովհետև ինչպես որ դատեք, այնպես էլ կդատվեք,+ և ինչպես վերաբերվեք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն:*+ 3 Այդ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղին ուշադրություն դարձնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում:+ 4 Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «Թող աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա: 5 Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, այդ ժամանակ հստակ կտեսնես ու կկարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել:

6 Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք,+ քանի որ նրանք պարզապես ոտնատակ կանեն դրանք, ապա վրա կտան ու կհոշոտեն ձեզ:

7 Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ,+ շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+ 8 Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի: 9 Եթե մեկի որդին հաց խնդրի իրենից, մի՞թե նա քար կտա նրան, 10 կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտա նրան: 11 Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը բարիքներ կտա+ իրենից խնդրողներին:+

12 Ուրեմն ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ,+ որովհետև հենց սա է Օրենքի և մարգարեների գրածների բուն էությունը:+

13 Նեղ դռնով ներս մտեք,+ որովհետև լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կործանում են տանում, և այդ դռնով շատերն են մտնում, 14 մինչդեռ նեղ դուռն ու դժվարանցանելի ճանապարհը դեպի կյանք են տանում, և այն քչերն են գտնում:+

15 Զգուշացեք կեղծ մարգարեներից,+ որ գալիս են ձեզ մոտ՝ ոչխարի մորթիով քողարկված,+ բայց իրականում գիշատիչ գայլեր են:+ 16 Նրանց կճանաչեք իրենց պտուղներից: Չէ՞ որ փշերից խաղող չեն քաղում, ոչ էլ տատասկից՝ թուզ:+ 17 Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն վատ ծառ վատ պտուղ է տալիս:+ 18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, վատ ծառն էլ չի կարող լավ պտուղ տալ:+ 19 Լավ պտուղ չտվող ամեն ծառ կտրում և կրակն են գցում:+ 20 Այնպես որ իրենց պտուղներից կճանաչեք նրանց:+

21 Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասող ամեն մարդ չէ, որ կմտնի երկնքի թագավորություն, այլ միայն նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը:+ 22 Կգա օրը, երբ շատերը կասեն ինձ. «Տե՛ր, Տե՛ր,+ չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով զորավոր շատ գործեր արեցինք»:+ 23 Բայց այն ժամանակ պարզ կասեմ նրանց. «Ես ձեզ երբեք էլ չեմ ճանաչել: Հեռացե՛ք ինձնից, անօրենությո՛ւն գործողներ»:+

24 Այսպիսով՝ ով լսում է իմ այս խոսքերն ու կատարում դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը ժայռի վրա կառուցեց:+ 25 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ ժայռի վրա էր հիմնված: 26 Իսկ ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում դրանք, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց:+ 27 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը,+ և այն չդիմացավ ու ամբողջովին ավերվեց»:

28 Եվ այսպես՝ Հիսուսը վերջացրեց իր ասելիքը: Նրա ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր,+ 29 որովհետև նա սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը,+ ոչ թե իրենց Օրենքի ուսուցիչների* պես:

8 Երբ Հիսուսը իջավ լեռան լանջից, մարդկանց մեծ խմբեր գնացին նրա հետևից: 2 Այդ ժամանակ մի բորոտ մարդ մոտեցավ, ծնկի գալով խոնարհվեց նրա առաջ ու ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+ 3 Նա էլ, մեկնելով ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»:+ Եվ հենց այդ պահին նրա բորոտությունը բուժվեց:+ 4 Այնուհետև Հիսուսն ասաց նրան. «Տես, ոչ ոքի չպատմես:+ Գնա ներկայացիր քահանային+ ու մատուցիր Մովսեսի օրենքով սահմանված ընծան,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:

5 Երբ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ մոտեցավ նրան և աղաչելով ասաց.+ 6 «Տե՛ր, իմ ծառան տանը կաթվածահար պառկած է և սաստիկ տանջվում է»: 7 Հիսուսն ասաց. «Կգամ և կբուժեմ նրան»: 8 Իսկ հարյուրապետը պատասխանեց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես: Միայն մի բառ ասա, և ծառաս կբուժվի: 9 Ես ինքս իշխանության տակ եղող մարդ եմ, նաև ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, գնում է, մյուսին ասում եմ՝ արի՛, գալիս է, ծառայիս կարգադրում եմ՝ այս բա՛նն արա, և անում է»: 10 Սա լսելով՝ Հիսուսը շատ զարմացավ և իր հետևից եկող մարդկանց ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսպիսի մեծ հավատ չեմ տեսել:+ 11 Ասում եմ. շատերը արևելքից ու արևմուտքից կգան և երկնքի թագավորության մեջ սեղան կնստեն+ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, 12 իսկ Թագավորության որդիները կնետվեն դուրս՝ խավարի մեջ, որտեղ լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները»:+ 13 Ապա դիմելով հարյուրապետին՝ ասաց. «Տուն վերադարձիր: Քո դրսևորած հավատի համար խնդրանքդ կկատարվի»:+ Եվ այդ պահին նրա ծառան առողջացավ:+

14 Հետո Հիսուսը գնաց Պետրոսի տուն և տեսավ, որ նրա զոքանչը+ ջերմության մեջ պառկած է:+ 15 Նա դիպավ կնոջ ձեռքին,+ և ջերմությունն իջավ: Կինը վեր կացավ ու սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց: 16 Երեկոյան մարդիկ շատ դիվահարների բերեցին Հիսուսի մոտ, և նա, ընդամենը մի խոսք ասելով, դուրս էր հանում ոգիներին ու բուժում էր բոլոր հիվանդներին: 17 Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր տկարությունները և հեռու տարավ մեր ցավերը»:+

18 Երբ Հիսուսը տեսավ, որ իր շուրջը մարդկանց բազմություն է հավաքվել, աշակերտներին պատվիրեց, որ նավով իր հետ ծովի մյուս ափն անցնեն:+ 19 Նրան մոտեցավ Օրենքի մի ուսուցիչ* ու ասաց. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, կհետևեմ քեզ»:+ 20 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:+ 21 Ապա աշակերտներից մեկն ասաց Հիսուսին. «Տե՛ր, թույլ տուր՝ նախ գնամ իմ հորը թաղեմ»:+ 22 Նա էլ ասաց. «Շարունակիր հետևել ինձ. թող մահացածները* թաղեն մահացածներին»:+

23 Ապա Հիսուսը նավ մտավ, աշակերտներն էլ՝ նրա հետ:+ 24 Որոշ ժամանակ անց ծովում մեծ փոթորիկ բարձրացավ, այնպես որ ալիքները հեղեղում էին նավը, իսկ Հիսուսը քնած էր:+ 25 Աշակերտները եկան ու արթնացրին նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք»: 26 Բայց նա ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախեցել, թերահավատնե՛ր»:+ Ապա վեր կացավ, սաստեց քամուն ու ծովին, և կատարյալ հանդարտություն տիրեց:+ 27 Աշակերտներն ապշել էին: Նրանք ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամին ու ծովն են ենթարկվում նրան»:

28 Երբ հասան ծովի մյուս ափը՝ Գադարայի կողմերը, գերեզմանոցից երկու դիվահար մարդիկ եկան Հիսուսին ընդառաջ:+ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր համարձակվում անցնել այդ ճանապարհով: 29 Նրանք բղավեցին. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Աստծո՛ւ Որդի:+ Եկել ես՝ պատժե՞ս* մեզ+ նշանակված ժամանակից շուտ»:+ 30 Հեռվում խոզերի մի մեծ երամակ էր արածում:+ 31 Դևերը սկսեցին աղաչել. «Եթե մեզ հանելու ես, խոզերի երամակի մեջ ուղարկիր»:+ 32 Հիսուսն ասաց. «Գնացե՛ք»: Նրանք էլ դուրս եկան ու խոզերի մեջ մտան: Եվ ամբողջ երամակը գահավեժ ժայռից ցած նետվեց ծովը ու խեղդվեց ջրերի մեջ: 33 Իսկ խոզարածները փախան և գնալով քաղաք՝ մարդկանց պատմեցին ողջ եղելությունը, նաև դիվահարներին պատահածը: 34 Եվ քաղաքի ամբողջ բնակչությունը դուրս եկավ Հիսուսին ընդառաջ: Երբ հանդիպեցին նրան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից:+

9 Այսպիսով՝ Հիսուսը նավ նստեց և ծովն անցնելով՝ գնաց այն քաղաք, որտեղ ապրում էր:+ 2 Մարդիկ պատգարակի վրա պառկած մի անդամալույծի բերեցին նրա մոտ: Նրանց հավատը տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Մի՛ անհանգստացիր, զավա՛կս, քո մեղքերը ներված են»:+ 3 Օրենքի ուսուցիչներից* ոմանք իրենց մտքում ասացին. «Այս մարդն անարգում է Աստծուն»: 4 Իմանալով, թե նրանք ինչ մտքեր ունեն՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի չար բաներ մտածում:*+ 5 Հեշտ է ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է այս մարդուն ասել՝ վեր կաց ու քայլիր, և նա վեր կենա:+ 6 Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու: Որպեսզի համոզվեք դրանում...»:– Դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց. «Վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»:+ 7 Նա էլ վեր կացավ ու տուն գնաց: 8 Սա տեսնելով՝ բազմությունը վախով համակվեց: Նրանք սկսեցին փառաբանել Աստծուն, ով այսպիսի իշխանություն էր տվել մարդուն:

9 Այդտեղից գնալիս Հիսուսը տեսավ մաքսատանը նստած մի մարդու, որի անունը Մատթեոս էր, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»: Մատթեոսն էլ վեր կացավ ու նրան հետևեց:+ 10 Ավելի ուշ, երբ Հիսուսն իր աշակերտների հետ ճաշում էր նրա տանը, շատ հարկահավաքներ ու մեղսագործներ եկան նրանց հետ ճաշելու:+ 11 Դա տեսնելով՝ փարիսեցիները նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հաց ուտում հարկահավաքների ու մեղսագործների հետ»:+ 12 Երբ Հիսուսը լսեց նրանց խոսքերը, ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները:+ 13 Գնացեք և մտածեք, թե ինչ են նշանակում այս խոսքերը. «Իմ ուզածը գթասրտություն է, ոչ թե զոհ»:+ Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին»:

14 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան Հիսուսի մոտ ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ու փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:+ 15 Հիսուսն էլ նրանց ասաց. «Փեսայի ընկերները սգալու պատճառ չունեն, քանի դեռ փեսան+ իրենց հետ է: Սակայն օրեր կգան, երբ փեսային կխլեն նրանցից,+ և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն: 16 Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև նոր կտորը մտնելով կպոկվի, և պատռվածքն ավելի մեծ կլինի:+ 17 Ոչ էլ նոր գինին են լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը կպատռվեն. արդյունքում գինին կթափվի, տիկերն էլ կփչանան: Դրա համար նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և թե՛ գինին, թե՛ տիկերը անվնաս են մնում»:

18 Մինչ Հիսուսը նրանց հետ խոսում էր այս մասին, մի ղեկավար մարդ մոտեցավ ու խոնարհվելով նրա առաջ՝ ասաց. «Աղջիկս հիվանդ է և հիմա գուցե արդեն մահացած լինի, բայց եթե գաս ու ձեռքդ նրա վրա դնես, կկենդանանա»:+

19 Հիսուսն էլ վերցրեց իր աշակերտներին ու գնաց նրա հետ: 20 Մի կին, որը 12 տարի արյունահոսությամբ էր տառապում,+ հետևից մոտեցավ Հիսուսին ու դիպավ նրա վերնահագուստի եզրին:+ 21 Կինն իր մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»: 22 Հիսուսը շրջվեց և նրան տեսնելով՝ ասաց. «Մի՛ վախեցիր, դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ»:+ Այդ ժամանակվանից կնոջ առողջությունը վերականգնվեց:+

23 Երբ Հիսուսը հասավ այդ ղեկավար մարդու տուն, տեսնելով սրնգահարներին ու լացուկոծ անող բազմությանը՝+ 24 ասաց. «Դուրս եկեք այստեղից. աղջիկը չի մահացել, նա քնած է»:+ Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: 25 Հավաքվածներին դուրս հանելուց հետո՝ Հիսուսը գնաց այնտեղ, որտեղ աղջիկն էր: Ապա բռնեց աղջկա ձեռքը,+ և նա վեր կացավ:+ 26 Տեղի ունեցածի մասին լուրը տարածվեց այդ ողջ շրջանում:

27 Երբ Հիսուսը դուրս եկավ այդտեղից, երկու կույր մարդ,+ նրա հետևից գնալով, սկսեցին բղավել. «Խղճա՛ մեզ, Դավթի՛ Որդի»: 28 Հիսուսը մի տուն մտավ, կույրերն էլ եկան նրա մոտ, և նա հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բուժել ձեզ»:+ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»: 29 Այդ ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին+ ու ասաց. «Ձեր դրսևորած հավատի համար թող ձեր ուզածը կատարվի»: 30 Եվ նրանց աչքերը սկսեցին տեսնել: Հիսուսը խստիվ պատվիրեց. «Նայեք՝ հանկարծ ոչ ոք չիմանա այս մասին»:+ 31 Բայց նրանք դուրս եկան ու այդ շրջանում ամենուրեք պատմեցին նրա մասին:

32 Նրանց դուրս գալու ժամանակ Հիսուսի մոտ բերեցին մի համր մարդու, որը դիվահար էր:+ 33 Երբ Հիսուսը հանեց դևին, համրը սկսեց խոսել:+ Մարդիկ ապշահար ասում էին. «Իսրայելում երբեք այսպիսի բան չենք տեսել»:+ 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Նա դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+

35 Հիսուսը սկսեց շրջել բոլոր քաղաքներում և գյուղերում՝ ուսուցանելով ժողովարաններում, քարոզելով Թագավորության մասին բարի լուրը և բուժելով ամեն հիվանդություն ու տկարություն:+ 36 Երբ նա տեսնում էր մարդկանց բազմությունները, խղճահարությունից նրա սիրտը ճմլվում էր,+ որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես կեղեքված ու անտեսված էին:+ 37 Ուստի իր աշակերտներին ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ:+ 38 Այնպես որ աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար»:+

10 Հետո Հիսուսը կանչեց իր 12 աշակերտներին և նրանց տվեց չար* ոգիներին հանելու իշխանություն+ և ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն բուժելու զորություն:

2 Նրա 12 առաքյալներն* են+ Սիմոնը, որին նաև Պետրոս+ են անվանում, և նրա եղբայր Անդրեասը,+ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը՝+ Զեբեդեոսի որդիները, 3 Փիլիպոսն ու Բարդուղիմեոսը,+ Թովմասն+ ու հարկահավաք Մատթեոսը,+ մյուս Հակոբոսը՝ Ալփեոսի որդին, և Թադեոսը, 4 Սիմոն Կանանացին* և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան:+

5 Այս տասներկուսին Հիսուսն ուղարկեց՝ տալով հետևյալ հրահանգները.+ «Չգնաք այլազգիների մոտ և չմտնեք սամարացիների որևէ քաղաք,+ 6 այլ նորից ու նորից գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ:+ 7 Եվ երբ գնաք, քարոզեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»:+ 8 Բուժեք հիվանդներին,+ հարություն տվեք մահացածներին, առողջացրեք* բորոտներին, հանեք դևերին: Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք: 9 Ձեր գոտիների մեջ չդնեք ոսկե, արծաթե կամ պղնձե դրամներ+ 10 և ձեզ հետ չվերցնեք փոխնորդ հագուստ,* հավելյալ սանդալներ ու ցուպ,+ ոչ էլ ուտելիք՝* ճանապարհի համար, որովհետև աշխատողը արժանի է, որ ստանա իր կերակուրը:+

11 Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, գտեք արժանավոր մարդկանց և մնացեք նրանց տանը, քանի դեռ չեք հեռացել այդ տարածքից:+ 12 Երբ որևէ տուն մտնեք, ողջունեք այդ ընտանիքին՝ խաղաղություն մաղթելով նրանց: 13 Եթե այդ մարդիկ ընդունեն ձեզ,* թող ձեր մաղթած խաղաղությունը նրանց վրա գա,+ բայց եթե չընդունեն, թող ձեր մաղթած խաղաղությունը ձեզ վերադառնա: 14 Որտեղ էլ որ մարդիկ չընդունեն ձեզ ու չլսեն ձեր խոսքերը, այդ տնից կամ քաղաքից հեռանալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից:*+ 15 Հաստատ ասում եմ ձեզ. Սոդոմի ու Գոմորի+ համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար:

16 Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես զգույշ եղեք և աղավնիների պես՝ աննենգ:+ 17 Պատրաստ եղեք, քանի որ մարդիկ ձեզ դատարանների առաջ կկանգնեցնեն+ և իրենց ժողովարաններում+ կխարազանեն:+ 18 Իմ հետևորդը լինելու պատճառով դուք կտարվեք կառավարիչների ու թագավորների մոտ:+ Այդպես հնարավորություն կստեղծվի վկայություն տալու նրանց ու տարբեր ազգերի մարդկանց:+ 19 Երբ ձեզ կանգնեցնեն իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ պահին ձեզ միտք կտրվի, թե ինչ ասեք.+ 20 խոսելիս դուք մենակ չեք լինի, այլ ձեր Հայրն իր ոգով կօգնի ձեզ:*+ 21 Այս ամենից բացի՝ եղբայրը եղբորը կհանձնի նրա մահը փնտրողների ձեռքը, հայրը՝ զավակին, և զավակները դուրս կգան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց:+ 22 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից,+ բայց ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի:+ 23 Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք:+ Հաստատ ասում եմ ձեզ. չեք հասցնի անցնել Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա:

24 Աշակերտն իր ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից:+ 25 Աշակերտը կստանա նույն վերաբերմունքը, ինչ իր ուսուցիչը, և ծառան՝ ինչ իր տերը:*+ Եթե տան գլխին Բեհեղզեբուղ*+ անվանեցին, ապա մի՞թե տնեցիներին չեն անվանի: 26 Նրանցից մի՛ վախեցեք. չկա թաքցված մի բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա:+ 27 Ինչ որ ձեզ մթության մեջ եմ ասում, օրը ցերեկով պատմեք բոլորին, և ինչ որ շշուկով եք լսում, տանիքներից քարոզեք:+ 28 Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ,* բայց չեն կարող մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը,*+ այլ վախեցեք նրանից, ով ոչ միայն կարող է սպանել ձեզ, այլև մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը գեհենում:*+ 29 Երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով* է վաճառվում: Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնում* առանց ձեր Հոր իմացության:+ 30 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազն է հաշվված: 31 Ուրեմն մի՛ մտահոգվեք. դուք բազում ճնճղուկներից էլ թանկ եք:+

32 Ամեն ոք, ով մարդկանց առաջ բացահայտ ասի, որ իմ աշակերտն է,+ ես էլ իմ երկնային Հոր առաջ կասեմ, որ նա իմ աշակերտն է:+ 33 Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ երկնային Հոր առաջ:+ 34 Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա: Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր:+ 35 Եկել եմ բաժանելու տղային հորից, աղջկան՝ մորից և հարսին՝ սկեսրոջից:+ 36 Այո՛, մարդու թշնամիները իր իսկ տան անդամները կլինեն: 37 Ով իր հորը կամ մորը ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ իմ աշակերտը լինելու, և ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ իմ աշակերտը լինելու:+ 38 Ով չի ցանկանում կրել իր տանջանքի սյունը* և չի գալիս իմ հետևից, արժանի չէ իմ աշակերտը լինելու:+ 39 Ով փորձի փրկել իր կյանքը,* կկորցնի այն, և ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+

40 Ձեզ ընդունողը ինձ էլ է ընդունում, և ինձ ընդունողը ինձ ուղարկողին էլ է ընդունում:+ 41 Ով մարգարեի է ընդունում այն բանի համար, որ նա մարգարե է, կարժանանա նույն վարձատրությանը, ինչ մարգարեն է ստանում:+ Ով Աստծու ծառայի* է ընդունում այն բանի համար, որ նա Աստծու ծառա է, կարժանանա նույն վարձատրությանը, ինչ Աստծու ծառան է ստանում: 42 Եվ ով ընդամենը մի բաժակ սառը ջուր է տալիս այս հասարակ մարդկանցից* մեկին այն բանի համար, որ նա իմ աշակերտն է, հաստատ ասում եմ, ոչ մի դեպքում առանց վարձատրության չի մնա»:+

11 Իր 12 աշակերտներին հրահանգներ տալուց հետո Հիսուսն այնտեղից ճանապարհ ընկավ քարոզելու և ուսուցանելու այլ քաղաքներում:+

2 Հովհաննեսը, բանտում+ լսելով Քրիստոսի գործերի մասին, իր աշակերտներին ուղարկեց,+ որ 3 հարցնեն նրան. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»:+ 4 Հիսուսը պատասխանեց նրանց. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք.+ 5 կույրերը տեսնում են,+ կաղերը քայլում են, բորոտները առողջանում* են,+ խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է հռչակվում:+ 6 Երջանիկ է նա, ով ինձ հետ կապված կասկածներ չունի»:*+

7 Երբ նրանք ճանապարհ ընկան, Հիսուսը սկսեց խոսել Հովհաննեսի մասին՝ ժողովրդին ասելով. «Անապատ էիք գնում, որ ի՞նչ տեսնեք:+ Չէ՞ որ չէիք գնում տեսնելու քամուց տատանվող մի եղեգ:+ 8 Ուրեմն ի՞նչ տեսնելու էիք գնում: Փափուկ* հագուստ հագած մարդո՞ւ: Չէ՞ որ փափուկ հագուստ հագնողները թագավորական տներում են: 9 Ուրեմն ինչո՞ւ էիք գնում: Մարգարե՞ տեսնելու: Այո՛, ասում եմ ձեզ, նա մարգարեից էլ ավելին է:+ 10 Նրա մասին է գրված. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը»:+ 11 Հաստատ ասում եմ ձեզ. երկրի վրա ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծը դեռ չի եղել, թեև երկնային թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է:+ 12 Այն ժամանակվանից, ինչ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր գործունեությունը, մարդիկ ձգտում են մտնել երկնքի թագավորություն, և ովքեր ջանք չեն խնայում, կհասնեն այդ նպատակին:+ 13 Մինչև Հովհաննեսի գալը մարգարեների գրվածքներում և Օրենքում մարգարեացվել էր՝ ինչ է լինելու,+ 14 և ընդունեք, թե ոչ, նա է «Եղիան, որ պետք է գար»:+ 15 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի:

16 Ի՞նչ համեմատություն անեմ այս սերնդի վերաբերյալ:+ Իրավիճակը նման է նրան, որ երեխաները, շուկայում նստած, իրենց խաղընկերներին ասում են. 17 «Մենք ձեզ համար սրինգ էինք նվագում, բայց դուք չէիք պարում, լացուկոծ էինք անում, բայց դուք կուրծք չէիք ծեծում»: 18 Հովհաննեսը ուրիշների պես չէր ուտում ու խմում, ասում էին՝ դիվահար է: 19 Իսկ մարդու Որդին բոլորի պես ուտում է ու խմում,+ ասում են. «Որկրամոլ է ու գինեմոլ՝ հարկահավաքների և մեղսագործների ընկեր»:+ Ինչևէ, իմաստությունը փաստվում է գործերով»:*+

20 Ապա Հիսուսը սկսեց դատապարտել այն քաղաքները, որտեղ արել էր իր հրաշքների մեծ մասը, բայց մարդիկ չէին զղջացել: 21 Նա ասաց. «Վա՜յ քեզ, Քորազի՛ն: Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե ձեր մեջ արված հրաշքները Տյուրոսում և Սիդոնում արվեին, նրանք վաղուց արդեն քրձի* ու մոխրի մեջ զղջացած կլինեին:+ 22 Ասում եմ ձեզ. Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան ձեզ համար:+ 23 Եվ դու, Կափառնայո՛ւմ,+ կարծում ես երկի՞նք ես հասնելու: Դու գերեզմա՛ն* ես իջնելու,+ քանի որ եթե քո մեջ արված զորավոր գործերը Սոդոմում արված լինեին, այն կանգուն կմնար մինչ օրս: 24 Ուստի ասում եմ. Սոդոմի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան քեզ համար»:+

25 Հետո Հիսուսն ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և հայտնեցիր նրանց, ովքեր երեխաների պես խոնարհ են:+ 26 Այո՛, Հա՛յր, դա էր քեզ հաճելի: 27 Իմ Հայրը ամեն ինչ հանձնել է ինձ.+ ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն՝ բացի Հորից,+ և ոչ ոք լիովին չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, ինչպես նաև նրանցից, ում Որդին կամենա հայտնել Հոր մասին ճշմարտությունը:+ 28 Ինձ մոտ եկեք բոլորդ, որ հոգնած ու բեռնավորված եք, և ես կթարմացնեմ ձեզ: 29 Մտեք իմ լծի տակ և սովորեք ինձնից, որ հեզ* եմ ու սրտով խոնարհ,+ և դուք կթարմանաք. 30 իմ լուծը հարմար է,* և իմ բեռը՝ թեթև»:

12 Մի անգամ՝ Շաբաթ օրով, Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով: Աշակերտները սովածացել էին, ուստի սկսեցին ցորենի հասկեր պոկել և ուտել:+ 2 Դա տեսնելով՝ փարիսեցիներն ասացին Հիսուսին. «Տես՝ ինչ են անում աշակերտներդ՝ մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»:+ 3 Նա էլ ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին:+ 4 Դավիթը Աստծու տուն մտավ և ստանալով սուրբ հացերը՝*+ իր մարդկանց հետ կերավ, թեև իրենք այդ հացերից ուտելու իրավասություն չունեին. միայն քահանաներն ունեին դրա իրավունքը:+ 5 Կամ չե՞ք կարդացել Օրենքը. չէ՞ որ տաճարում քահանաները գործ են անում Շաբաթ օրերին, սակայն մեղավոր չեն համարվում:+ 6 Մինչդեռ, ասում եմ ձեզ, այստեղ կա մեկը, որը շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան տաճարը:+ 7 Եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում այս խոսքերը՝ «Իմ ուզածը գթասրտություն է,+ ոչ թե զոհ»,+ ապա չէիք դատապարտի անմեղներին: 8 Այս ամենն ասում եմ, քանի որ Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+

9 Հիսուսը այդտեղից հեռացավ ու գնաց ժողովարան: 10 Այնտեղ կռկված* ձեռքով մի մարդ կար:+ Հիսուսին մեղադրելու պատճառ գտնելու համար նրան հարցրին. «Թույլատրելի՞ է Շաբաթ օրով բուժում անել»:+ 11 Նա էլ պատասխանեց. «Ձեզանից ո՞ր մեկը Շաբաթ օրը փոսն ընկած իր միակ ոչխարին չի հանի փոսից: + 12 Իսկ մարդը որքա՜ն ավելի թանկ է ոչխարից: Ուրեմն Շաբաթ օրով բարի գործ անելը Օրենքին դեմ չէ»: 13 Ապա ասաց այդ մարդուն. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց ձեռքը, և այն մյուսի պես առողջ դարձավ: 14 Բայց փարիսեցիները դուրս գնացին ու սկսեցին դավ նյութել նրա դեմ, որ սպանեն: 15 Իմանալով այդ մասին՝ Հիսուսը հեռացավ այդտեղից: Շատերը գնացին նրա հետևից,+ և նա բուժեց բոլորին, 16 սակայն խստիվ պատվիրեց, որ իր մասին ոչ ոքի չպատմեն:+ 17 Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը.

18 «Ահա իմ ծառան,+ որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որն ունի իմ հավանությունը:+ Ես նրան կտամ իմ ոգին,+ և նա ժողովուրդներին ցույց կտա, թե ինչ է իսկական արդարությունը: 19 Նա չի վիճաբանի,+ չի բղավի, և ոչ ոք գլխավոր փողոցներում չի լսի նրա ձայնը: 20 Վնասված եղեգը նա չի կոտրի, մարող պատրույգը չի հանգցնի+ և ի վերջո այնպես կանի, որ արդարությունը հաղթանակի: 21 Ժողովուրդները իրենց հույսը նրա* վրա կդնեն»:+

22 Այնուհետև Հիսուսի մոտ բերեցին մի դիվահար մարդու, որը կույր էր ու համր, և նա բուժեց նրան: Այդ մարդը սկսեց տեսնել ու խոսել: 23 Բոլորը ապշահար էին ու ասում էին. «Գուցե հենց նա՞ է Դավթի Որդին»: 24 Դա լսելով՝ փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերի իշխան Բեհեղզեբուղի* օգնությամբ է հանում դևերին,+ այլ կերպ չէր կարող»: 25 Իմանալով, թե ինչ են մտածում՝ Հիսուսն ասաց. «Ամեն թագավորություն, որ պառակտված է, կփլուզվի, և ոչ մի պառակտված քաղաք կամ տուն կանգուն չի մնա: 26 Նույն ձևով էլ, եթե Սատանան Սատանային է հանում, ապա ինքն իր դեմ է դուրս գալիս, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա: 27 Եվ եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր հետևորդնե՞րը ում միջոցով են հանում: Այնպես որ հենց նրանք էլ կփաստեն, որ սխալ եք: 28 Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն արդեն եկել է, իսկ դուք բանից անտեղյակ եք:*+ 29 Ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ մարդուն: Միայն այդ դեպքում կկարողանա կողոպտել նրա տունը: 30 Ով իմ կողմից չէ, դեմ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցիրուցան է անում:+

31 Ասում եմ ձեզ. ամեն տեսակ մեղք և անարգանք կներվի, բայց ոգու դեմ անարգանքը չի ներվի:+ 32 Օրինակ, եթե մեկը մարդու Որդու դեմ որևէ բան ասի, կներվի,+ բայց ով որ սուրբ ոգու դեմ որևէ բան ասի, չի ներվի ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում:*+

33 Եթե լավ ծառ եք աճեցնում, այն լավ պտուղ է տալիս, իսկ եթե վատ ծառ եք աճեցնում, այն վատ պտուղ է տալիս: Ծառն իր պտղից է ճանաչվում:+ 34 Իժերի՛ ծնունդներ,+ ինչպե՞ս կարող եք բարի բաներ ասել, եթե չար եք: Չէ՞ որ բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը:+ 35 Բարի մարդը բարի բաներ է խոսում, քանի որ սրտում բարի բաներ է կուտակել, իսկ չար մարդը չար բաներ է խոսում, քանի որ սրտում չար բաներ է կուտակել:+ 36 Ասում եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն անպետք խոսքի համար հաշիվ կտան+ Դատաստանի օրը. 37 ձեր ասածների համար կա՛մ արդար կհայտարարվեք, կա՛մ կդատապարտվեք»:

38 Այդ ժամանակ Օրենքի ուսուցիչներից* ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք, որ մեզ նշան ցույց տաս»:+ 39 Նա էլ պատասխանեց. «Չար և անհավատարիմ* սերունդը շարունակ նշան է ուզում, սակայն Հովնան մարգարեի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան:+ 40 Ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում,+ այնպես էլ մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում:+ 41 Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրանց, որովհետև երբ Հովնանը քարոզեց նինվեցիներին, նրանք զղջացին,+ մինչդեռ այստեղ մեկն է, ով Հովնանից էլ մեծ է:+ 42 Հարավի թագուհին Դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու,+ մինչդեռ այստեղ մեկն է, ով Սողոմոնից էլ մեծ է:+

43 Երբ չար* ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստանալու տեղ գտնի, բայց չգտնելով՝+ 44 ասում է. «Հետ դառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա»: Եվ երբ վերադառնում է ու տեսնում, որ այն անբնակ է, ավլած-մաքրած ու զարդարված, 45 գնում է, իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է բերում, և նրանք մտնում ու միասին բնակվում են այնտեղ: Եվ այդ մարդու վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբում էր:+ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»:

46 Մինչ Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր, նրա մայրն ու եղբայրները+ կանգնած էին դրսում և ուզում էին նրա հետ խոսել:+ 47 Ինչ-որ մեկը նրան ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են. նրանք ուզում են խոսել քեզ հետ»: 48 Հիսուսը պատասխանեց՝ «Գիտե՞ս՝ ով է իմ մայրը, և ովքեր են իմ եղբայրները», 49 և ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա թե ովքեր են իմ մայրը և իմ եղբայրները:+ 50 Ով կատարում է իմ երկնային Հոր կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»:+

13 Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ ու գնաց նստեց ծովի ափին: 2 Մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը, ուստի նա նավակ նստեց, իսկ մարդիկ մնացին ծովափին կանգնած:+ 3 Եվ նա սկսեց առակներով շատ բաներ սովորեցնել նրանց.+ «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու:+ 4 Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք:+ 5 Որոշ սերմեր ընկան ժայռոտ մասերում, որտեղ բավականաչափ հող չկար: Դրանք անմիջապես ծիլ տվեցին, որովհետև հողը խորը չէր:+ 6 Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու չորացան, քանի որ խոր արմատ չէին գցել: 7 Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը աճեցին ու խեղդեցին դրանք:+ 8 Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ և աճեցին ու սկսեցին պտուղ տալ. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ՝ երեսնապատիկ:+ 9 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+

10 Աշակերտները մոտեցան Հիսուսին ու հարցրին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»:+ 11 Նա էլ պատասխանեց. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները,+ իսկ նրանց՝ ոչ: 12 Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 13 Դա է պատճառը, որ նրանց հետ առակներով եմ խոսում: Չէ՞ որ նրանք նայում են, բայց հենց այնպես են նայում, լսում են, բայց հենց այնպես են լսում և իմաստը չեն ըմբռնում:+ 14 Նրանց դեպքում կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «Կլսեք, բայց իմաստը չեք ըմբռնի, կնայեք, բայց չեք տեսնի:+ 15 Այս ժողովրդի սիրտն անզգայացել է: Իրենց ականջներով լսում են, բայց չեն արձագանքում: Փակում են իրենց աչքերն ու ականջները՝ չցանկանալով տեսնել, լսել և սրտով ըմբռնել իմաստն ու հետ դառնալ ինձ մոտ, որ ես բուժեմ նրանց»:+

16 Սակայն երջանիկ եք դուք, քանի որ ձեր աչքերը տեսնում են, և ձեր ականջները լսում են:+ 17 Հավաստիացնում եմ ձեզ. շատ մարգարեներ ու արդար մարդիկ էին ցանկանում տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան,+ և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին:

18 Հիմա լսեք սերմնացանի մասին առակի բացատրությունը:+ 19 Երբ մեկը լսում է Թագավորության մասին խոսքը, սակայն չի հասկանում դրա իմաստը, Չարը+ գալիս է և հափշտակում նրա սրտում ցանվածը. սա ճանապարհի եզրին ցանվածն է:+ 20 Ժայռոտ մասերում ցանվածի նշանակությունն այն է, որ երբ մարդ լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն,+ 21 սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրա մեջ, նա մի որոշ ժամանակ հավատում է, բայց երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, անմիջապես հետ է կանգնում: 22 Փշերի մեջ ցանվածի նշանակությունն այն է, որ մարդ լսում է խոսքը, բայց այս աշխարհի* հոգսերն+ ու հարստության մոլորեցնող հրապույրը խեղդում են այն, և խոսքը անպտուղ է լինում:+ 23 Իսկ լավ հողի մեջ ցանվածի նշանակությունն այն է, որ մարդ լսում է խոսքը, հասկանում է և պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, մեկ ուրիշն էլ՝ երեսնապատիկ»:+

24 Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, ով լավ սերմ ցանեց իր արտում: 25 Մինչ բոլորը քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ* ցանեց ցորենի մեջ ու գնաց: 26 Երբ ցորենը աճեց ու հասկեր տվեց, այդ ժամանակ որոմներն էլ հստակ երևացին: 27 Ուստի տանտիրոջ ծառաները եկան նրա մոտ ու հարցրին. «Տե՛ր, դու լավ սերմ չէի՞ր ցանել արտում: Այդ դեպքում որտեղի՞ց են հայտնվել որոմները»: 28 Նա էլ ասաց. «Թշնամու արածն է»:+ Նրանք հարցրին. «Կուզե՞ս գնանք ու քաղհանենք դրանք»: 29 Տերը ասաց. «Ո՛չ, միգուցե որոմը քաղհանելիս ցորենն էլ արմատախիլ անեք: 30 Թողեք, որ երկուսը միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք այրելու համար, հետո ցորենը հավաքեք և տարեք իմ ամբար»»»:+

31 Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ ցանեց իր արտում:+ 32 Թեև այն ամենափոքրն է բոլոր սերմերի մեջ, բայց աճելով ծառ է դառնում և բանջարանոցային բույսերի մեջ ամենամեծն է լինում, ու երկնքի թռչունները գալիս բույն են դնում դրա ճյուղերի մեջ»:

33 Նա ևս մեկ առակ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է թթխմորի, որը մի կին խառնում է երեք գրիվ* ալյուրի հետ, և այդպես ամբողջ զանգվածը խմորվում է»:+

34 Այս ամենի մասին Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր առակներով: Առանց առակի չէր խոսում նրանց հետ:+ 35 Եվ այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով ասվածը. «Ես առակներով կխոսեմ և սկզբից ի վեր* գաղտնի պահված բաները կհռչակեմ»:+

36 Ժողովրդին ճանապարհելուց հետո Հիսուսը մի տուն մտավ: Աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Բացատրիր մեզ արտում ցանված որոմների առակը»: 37 Նա էլ ասաց. «Լավ սերմ ցանողը մարդու Որդին է, 38 արտը աշխարհն է:+ Լավ սերմը Թագավորության որդիներն են, իսկ որոմները Չարի որդիներն են:+ 39 Թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է, հունձը՝ աշխարհի* վախճանի ժամանակները, իսկ հնձվորները հրեշտակներն են: 40 Ինչպես որոմն են հավաքում ու այրում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանի ժամանակներում.+ 41 մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք իր թագավորությունից կհավաքեն բոլոր նրանց, ովքեր* մարդկանց մեղքի են դրդում, և ովքեր անօրենություն են գործում, 42 ու նրանց կգցեն բոցավառ հնոցը:+ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները: 43 Իսկ արդարները արևի պես կշողան+ իրենց Հոր թագավորության մեջ: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի:

44 Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում: Նա այնքան է ուրախանում, որ գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը:+

45 Երկնքի թագավորությունը նաև նման է թանկարժեք մարգարտի, ինչպիսիք փնտրում է ճամփորդող վաճառականը: 46 Գտնելով այդպիսի մարգարիտ՝ նա գնում, իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն:+

47 Նաև երկնքի թագավորությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձկներ են հավաքվում: 48 Երբ ուռկանը լցվում է, մարդիկ այն ափ են քաշում, նստում ու լավ ձկները+ լցնում են տարաների մեջ, իսկ անպետքները+ դեն են գցում: 49 Այդպես էլ կլինի այս աշխարհի վախճանի ժամանակներում. հրեշտակները դուրս կգան, արդարների միջից կառանձնացնեն անօրեններին 50 ու կգցեն բոցավառ հնոցը: Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները:

51 Հասկացա՞ք այս ամենի իմաստը»: Աշակերտներն էլ պատասխանեցին. «Այո՛»: 52 Ապա Հիսուսն ասաց նրանց. «Ուրեմն իմացեք, որ մարդկանց ուսուցանող ամեն ոք, ով սովորում է երկնքի թագավորության մասին, նմանվում է մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից»:

53 Այս առակները պատմելուց հետո Հիսուսը հեռացավ այդտեղից: 54 Եվ գալով իր հայրենի վայրերը՝+ սկսեց ժողովարանում ուսուցանել մարդկանց: Նրանք զարմացած ասում էին. «Որտեղի՞ց այս մարդուն այդ իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը:+ 55 Չէ՞ որ սա ատաղձագործի որդին է,+ մոր անունն էլ Մարիամ է: Նրա եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան չե՞ն:+ 56 Քույրերն էլ մեզ հետ նույն քաղաքում են ապրում: Այդ դեպքում որտեղի՞ց նրան այդ բոլոր ունակությունները»:+ 57 Այսպես մտածելով՝ չէին ընդունում նրան:+ Հիսուսն էլ ասաց. «Մարգարեն ամենուրեք պատվի է արժանանում՝ բացի իր հայրենի վայրերից և իր իսկ տնից»:+ 58 Եվ նրանց անհավատությունը տեսնելով՝ այնտեղ շատ հրաշքներ չարեց:

14 Այդ ժամանակ մարզի կառավարիչ* Հերովդեսը,* լսելով Հիսուսի մասին,+ 2 իր ծառաներին ասաց. «Դա Հովհաննես Մկրտիչն է, որը հարություն է առել: Դրա համար էլ նա կարողանում է այդպիսի հրաշքներ անել»:+ 3 Բանն այն է, որ Հերովդեսը, ցանկանալով հաճեցնել իր եղբայր Փիլիպոսի կնոջը՝ Հերովդիային, Հովհաննեսին շղթայել ու բանտ էր գցել,+ 4 քանի որ վերջինս ասում էր. «Օրենքին դեմ է, որ նա քո կինը լինի»:+ 5 Հերովդեսը ցանկանում էր սպանել նրան, սակայն վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում:+ 6 Բայց երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն+ էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան դուր եկավ Հերովդեսին,+ 7 որ նա երդվեց նրան տալ, ինչ որ խնդրի: 8 Աղջիկն էլ մոր խորհրդով ասաց. «Սկուտեղի վրա ինձ տուր Հովհաննես Մկրտչի գլուխը»:+ 9 Թագավորին դա դուր չեկավ, բայց քանի որ երդումներ էր տվել հյուրերի առաջ, հրամայեց, որ տան նրա ուզածը: 10 Եվ այսպես՝ Հերովդեսը մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց: 11 Հովհաննեսի գլուխը, սկուտեղի վրա դրած, բերեցին ու տվեցին աղջկան, նա էլ իր մորը տվեց: 12 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան, մարմինը տարան ու թաղեցին: Ապա գնացին ու տեղի ունեցածի մասին պատմեցին Հիսուսին: 13 Երբ Հիսուսը լսեց նրանց պատմածը, նավով հեռացավ այդտեղից և մի մեկուսի վայր գնաց, որ մենակ մնա: Բայց մարդկանց մի մեծ բազմություն, իմանալով, թե նա ուր է գնում, տարբեր քաղաքներից ոտքով գնաց այնտեղ:+

14 Ափ դուրս գալով՝ Հիսուսը տեսավ, թե ինչքան շատ մարդ է հավաքվել: Նա խղճահարվեց+ և բուժեց հիվանդներին:+ 15 Երեկոյան աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Այս տեղը ամայի է, և արդեն ուշ ժամ է, թող մարդիկ գնան մոտակա գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»:+ 16 Սակայն Հիսուսն ասաց. «Պետք չէ՝ գնան: Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: 17 Նրանք էլ ասացին. «Այստեղ հինգ հացից ու երկու ձկից բացի՝ ուրիշ բան չունենք»: 18 Հիսուսն ասաց՝ «Բերեք դրանք», 19 և ժողովրդին պատվիրեց, որ նստեն խոտերի վրա: Նա վերցրեց հինգ հացը և երկու ձուկը, դեպի երկինք նայելով՝ աղոթեց,*+ ապա հացերը մասերի բաժանեց: Այնուհետև ուտելիքը տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+ 21 Ուտողները մոտ 5 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին:+ 22 Դրանից անմիջապես հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նավ նստեն ու գնան մյուս ափ, մինչև որ ինքը ճանապարհի ժողովրդին:+

23 Ժողովրդին ճանապարհ դնելուց հետո նա սարը բարձրացավ, որ մենակ մնա և աղոթի:+ Երբ մթնեց, նա դեռ այնտեղ էր: 24 Այդ ընթացքում նավն արդեն բավականին* հեռացել էր ցամաքից և հանդիպակաց քամու պատճառով դժվարությամբ էր առաջ շարժվում փոթորկված ալիքների միջով: 25 Լուսաբացից առաջ* Հիսուսը, ջրի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ: 26 Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, խուճապահար բացականչեցին. «Այս ի՜նչ տեսիլք է»: Ու վախից գոռացին: 27 Հիսուսը անմիջապես խոսեց նրանց հետ՝ ասելով. «Մի՛ վախեցեք: Այդ ե՛ս եմ»:+ 28 Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե դու ես, այնպես արա, որ ես, ջրի վրայով քայլելով, քեզ մոտ գամ»: 29 Նա էլ ասաց. «Ե՛կ»: Պետրոսը նավից իջավ և ջրի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը: 30 Բայց երբ շուրջը նայեց, փոթորկից վախեցավ ու սկսեց սուզվել: Նա բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Հիսուսն իսկույն մեկնեց ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր»:+ 32 Երբ նրանք նավ մտան, փոթորիկը դադարեց: 33 Նավում եղողները խոնարհվեցին Հիսուսի առաջ ու ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես»: 34 Անցնելով ծովը՝ նրանք ափ դուրս եկան Գեննեսարեթում:+

35 Այնտեղի մարդիկ ճանաչեցին Հիսուսին և լուր ուղարկեցին շրջակա բոլոր վայրերը, ու ժողովուրդը նրա մոտ բերեց բոլոր հիվանդներին: 36 Նրանք աղերսում էին, որ պարզապես դիպչեն նրա վերնահագուստի եզրին:+ Եվ բոլոր դիպչողները լիովին ապաքինվում էին:

15 Հետո Երուսաղեմից փարիսեցիներ ու Օրենքի ուսուցիչներ* եկան: Նրանք մոտեցան Հիսուսին+ և ասացին. 2 «Ինչո՞ւ են քո աշակերտները խախտում մեր նախնիների ավանդույթը. ուտելուց առաջ չեն լվանում իրենց ձեռքերը»:*+

3 Նա էլ պատասխանեց. «Իսկ դո՞ւք ինչու եք, հանուն ձեր ավանդույթների, Աստծու պատվիրանը խախտում:+ 4 Օրինակ՝ Աստված ասել է՝ «Պատվիր քո հորն ու մորը»+ և «Իր հոր կամ մոր հետ* անարգանքով խոսողը պետք է մահվան մատնվի»:+ 5 Բայց դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորը ասի՝ «Այն, ինչով կարող էի օգնել քեզ, Աստծուն խոստացված ընծա է»,+ 6 նա ընդհանրապես պարտավոր չէ պատվել* իր ծնողներին»: Այդպես, հանուն ձեր ավանդույթի, Աստծու խոսքը անվավեր եք դարձնում:+ 7 Կեղծավորնե՛ր, Եսայիա մարգարեն շատ տեղին է ասել ձեր մասին.+ 8 «Այս մարդիկ միայն իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից: 9 Զուր է նրանց պաշտամունքը, որովհետև մարդկային պատվիրաններն են սովորեցնում որպես ուսմունքներ»»:+ 10 Եվ ժողովրդին իր մոտ կանչելով՝ ասաց. «Լսեք և հասկացեք սա.+ 11 մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նա դնում է իր բերանը, այլ այն, ինչ դուրս է գալիս նրա բերանից»:+

12 Այնուհետև աշակերտները եկան ու ասացին նրան. «Գիտե՞ս, փարիսեցիները վրդովվեցին քո խոսքերից»:+ 13 Նա պատասխանեց. «Ամեն տունկ, որ իմ երկնային Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի: 14 Ուշադրություն մի՛ դարձրեք նրանց: Նրանք կույր առաջնորդներ են: Իսկ եթե կույրն է առաջնորդում կույրին, երկուսն էլ փոսը կընկնեն»:+ 15 Պետրոսն ասաց. «Բացատրիր մեզ այն օրինակը»: 16 Նա էլ ասաց. «Մի՞թե դուք էլ դեռ չեք հասկանում:+ 17 Չգիտե՞ք, որ ինչ դնում եք ձեր բերանը, անցնում է ստամոքսով և հետո արտաքնոցն է գնում: 18 Մինչդեռ բերանից դուրս եկածը սրտից է գալիս, և հենց դա է, որ կարող է պղծել մարդուն:+ 19 Օրինակ՝ սրտից են գալիս մեղավոր մտքերը,+ որ տանում են սպանության, ամուսնական դավաճանության, անբարոյական այլ արարքների,* գողության, սուտ վկայության, աստվածանարգության:* 20 Այսպիսի բաներն են պղծում մարդուն, ոչ թե անլվա ձեռքերով հաց ուտելը»:

21 Հիսուսը այնտեղից գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը:+ 22 Այդ կողմերում ապրող մի փյունիկեցի կին եկավ ու սկսեց աղերսել նրան՝ բացականչելով. «Խղճա՛ ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի: Աղջիկս դիվահար է ու շատ է տանջվում»:+ 23 Բայց Հիսուսը մի բառ անգամ չպատասխանեց: Աշակերտները մոտեցան ու ասացին. «Ճանապարհիր նրան, որ գնա, որովհետև շարունակ աղերսելով գալիս է մեր հետևից»: 24 Հիսուսը պատասխանեց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի՝ ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»:+ 25 Բայց կինը մոտեցավ ու ծնկի գալով նրա առաջ՝ ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Հիսուսը պատասխանեց. «Ճիշտ չի լինի երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»: 27 Կինն էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց չէ՞ որ շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում»:+ 28 Հիսուսն ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը: Թող քո ուզածը կատարվի»: Եվ այդ պահին նրա աղջիկն առողջացավ:

29 Այնտեղից Հիսուսը գնաց Գալիլեայի ծովի+ մոտ ու բարձրացավ մի սար: Եվ երբ նստած էր այնտեղ, 30 մարդկանց մի մեծ բազմություն նրա մոտ եկավ: Նրանք իրենց հետ բերել էին կաղերի, հաշմանդամների, կույրերի, համրերի և շատ ուրիշ հիվանդների: Նրանց բերում էին Հիսուսի ոտքերի մոտ, և նա բուժում էր նրանց:+ 31 Տեսնելով, որ համրերը խոսում են, հաշմանդամները ապաքինվում են, կաղերը քայլում են, և կույրերը տեսնում են՝ մարդիկ ապշում էին ու փառաբանում Իսրայելի Աստծուն:+

32 Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն: Չեմ ուզում սոված գնան, միգուցե ճանապարհին ուժասպառ լինեն»:+ 33 Աշակերտներն ասացին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց այդքան հաց գտնենք, որ այս մեծ բազմությունը ուտի ու կշտանա»:+ 34 Հիսուսը հարցրեց. «Քանի՞ հաց ունեք»: Նրանք պատասխանեցին. «Յոթ հաց, նաև մի քանի փոքր ձուկ»: 35 Ուստի ժողովրդին պատվիրելով, որ նստեն գետնին՝ 36 նա վերցրեց յոթ հացն ու այդ մի քանի ձուկը և Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, աշակերտներն էլ տվեցին ժողովրդին:+ 37 Բոլորը կերան կշտացան, հետո հավաքեցին ավելացած կտորները, և յոթ մեծ զամբյուղ լցվեց:+ 38 Ուտողները 4 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին: 39 Ժողովրդին ճանապարհելուց հետո Հիսուսը նավ նստեց ու գնաց Մագադանի* կողմերը:+

16 Այնտեղ փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին ու ցանկանալով փորձել՝ երկնային նշան խնդրեցին նրանից:+ 2 Նա էլ ասաց. «Երեկոյան հաճախ ասում եք՝ «Երկինքը հրակարմիր է, ուրեմն պարզ եղանակ է լինելու», 3 իսկ առավոտները ասում եք՝ «Երկինքը հրակարմիր է, բայց ամպամած է, ուրեմն այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու»: Երկնքին նայելով՝ կարողանում եք դատողություններ անել, բայց այս ժամանակների իրադարձությունների* նշանակությունը չեք կարողանում հասկանալ: 4 Չար և անհավատարիմ* սերունդը շարունակ նշան է ուզում, սակայն Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝+ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան»:+ Եվ թողեց հեռացավ նրանց մոտից:

5 Աշակերտները ծովի մյուս ափն անցան, բայց մոռացան իրենց հետ հաց վերցնել:+ 6 Հիսուսն ասաց նրանց. «Զգո՛ն եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից»:+ 7 Եվ նրանք սկսեցին իրար մեջ քննարկել. «Երևի որ հաց չենք վերցրել մեզ հետ, դրա համար է ասում»: 8 Իմանալով դա՝ Հիսուսն ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք իրար մեջ խոսում հաց չունենալու մասին: 9 Ասածիս միտքը չե՞ք հասկացել: Չե՞ք հիշում՝ ինչպես հինգ հացով 5 000 հոգու կերակրեցի, և քանի զամբյուղ ավելցուկ հավաքվեց,+ 10 կամ ինչպես յոթ հացով 4 000 հոգու կերակրեցի, և քանի մեծ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք այդ ժամանակ:+ 11 Մի՞թե չեք հասկանում, որ հացը նկատի չունեի, այլ խոսում էի փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից զգուշանալու մասին»:+ 12 Այդ ժամանակ նրանք վերջապես հասկացան, որ նա հացի թթխմորը նկատի չուներ, այլ խոսում էր փարիսեցիների ու սադուկեցիների ուսմունքներից զգուշանալու մասին:

13 Երբ Փիլիպպյան Կեսարիայի կողմերում էին, Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. «Ժողովուրդն ի՞նչ է ասում, ո՞վ է մարդու Որդին»:+ 14 Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես,+ ոմանք՝ Եղիան,+ ուրիշներն էլ ասում են՝ Երեմիան կամ մյուս մարգարեներից մեկը»: 15 Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝+ կենդանի Աստծու Որդին»:+ 17 Հիսուսն էլ ասաց նրան. «Երջանիկ ես դու, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, քանի որ դա քեզ հայտնեց ոչ թե մեկը, ով միս ու արյուն է,* այլ իմ Հայրը, որ երկնքում է:+ 18 Ասում եմ քեզ. դու Պետրոս* ես:+ Ես այս ապառաժի+ վրա կկառուցեմ իմ ժողովը, և մահը* չի հաղթի դրան: 19 Երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ, և դու երկրի վրա կկապես այն, ինչ երկնքում արդեն կապված կլինի, և երկրի վրա կարձակես այն, ինչ երկնքում արդեն արձակված կլինի»: 20 Այնուհետև նա խստիվ պատվիրեց աշակերտներին ոչ ոքի չասել, որ ինքը Քրիստոսն է:+

21 Այդ ժամանակվանից Հիսուսը սկսեց աշակերտներին բացատրել, որ պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանքների ենթարկվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի:+ 22 Դա լսելով՝ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու կշտամբեց. «Տե՛ր, այդպիսի բաներ մի՛ ասա:* Թող նման բան չպատահի քեզ»:+ 23 Բայց նա շրջվեց մեջքով դեպի Պետրոսը և ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛: Դու գայթակղության քար ես ինձ համար, քանի որ Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց»:+

24 Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը* և շարունակ ինձ հետևի:+ 25 Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+ 26 Ի՞նչ օգուտ, եթե մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+ Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի:+ 27 Չէ՞ որ մարդու Որդին գալու է իր Հոր փառքով իր հրեշտակների հետ, և այդ ժամանակ նա յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի:+ 28 Հավաստիացնում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորական փառքի մեջ»:*+

17 Վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ տարավ մի բարձր սար, որտեղ ուրիշ ոչ ոք չկար:+ 2 Այնտեղ նա այլակերպվեց նրանց առաջ. նրա երեսը արևի պես սկսեց փայլել, իսկ վերնահագուստը դարձավ լույսի պես պայծառ:*+ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ովքեր խոսում էին Հիսուսի հետ: 4 Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնեմ. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: 5 Երբ նա դեռ խոսում էր, նրանց գլխավերևում մի լուսավոր ամպ հայտնվեց, և մի ձայն լսվեց ամպի միջից. «Սա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ հավանությունը:+ Լսե՛ք նրան»:+ 6 Դա լսելով՝ աշակերտները շատ վախեցան և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին: 7 Այդ ժամանակ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք: Մի՛ վախեցեք»: 8 Վեր նայելով՝ նրանք տեսան, որ Հիսուսից բացի ուրիշ ոչ ոք չկա: 9 Երբ սարից իջնում էին, Հիսուսը նրանց կարգադրեց. «Ոչ ոքի չպատմեք այս տեսիլքի մասին, մինչև մարդու Որդին հարություն չառնի»:+

10 Աշակերտները նրան հարցրին. «Ինչո՞ւ են Օրենքի ուսուցիչներն* ասում, թե նախ Եղիան պետք է գա»:+ 11 Նա էլ պատասխանեց. «Եղիան իրոք գալիս է ու ամեն բան կվերականգնի:+ 12 Բայց ասում եմ ձեզ. Եղիան արդեն եկել է, սակայն նրան չճանաչեցին և նրա հետ վարվեցին, ինչպես ուզեցին:+ Այդպես էլ մարդու Որդին է նրանց ձեռքով տանջանքների ենթարկվելու»:+ 13 Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին է խոսում:

14 Երբ նրանք վերադարձան ժողովրդի մոտ,+ մի մարդ մոտեցավ Հիսուսին, ծնկի եկավ նրա առաջ ու ասաց. 15 «Տե՛ր, գթա իմ որդուն, նա հիվանդ է. ընկնավորությամբ է տառապում ու մե՛կ կրակի մեջ է ընկնում, մե՛կ ջրի:+ 16 Նրան բերեցի քո աշակերտների մոտ, բայց չկարողացան բուժել»: 17 Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ ու ապականված սերունդ,+ դեռ ինչքա՞ն պետք է ձեզ հետ մնամ, ինչքա՞ն պետք է հանդուրժեմ ձեզ: Ինձ մոտ բերեք տղային»: 18 Ապա դևին սաստելով՝ հանեց նրան տղայի միջից, և հենց այդ պահին տղան բուժվեց:+ 19 Դրանից հետո աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»: 20 Հիսուսն ասաց. «Քանի որ շատ քիչ հավատ ունեք: Հավաստիացնում եմ ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «Այստեղից այնտեղ տեղափոխվիր», ու կտեղափոխվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»:+ 21 ....*

22 Երբ Հիսուսը աշակերտների հետ Գալիլեայում էր, նրանց ասաց. «Մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի:+ 23 Նրան կսպանեն, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+ Դա լսելով՝ աշակերտները շատ տխրեցին:

24 Երբ եկան Կափառնայում, տաճարի հարկ* գանձողները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Ձեր ուսուցիչը տաճարի հարկը չի վճարո՞ւմ»:+ 25 Նա պատասխանեց. «Վճարում է»: Բայց երբ տուն մտավ, մինչ կխոսեր, Հիսուսը նրան ասաց. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, թագավորները ումի՞ց են տուրք ու գլխահարկ վերցնում՝ իրենց որդիների՞ց, թե՞ ուրիշներից»: 26 Նա պատասխանեց. «Ուրիշներից»: Հիսուսն էլ ասաց. «Նշանակում է՝ որդիներն ազատված են հարկերից: 27 Բայց որպեսզի նրանց վրդովվելու առիթ չտանք,+ գնա ծովը, կարթը գցիր ու երբ դուրս եկած առաջին իսկ ձկան բերանը բացես, այնտեղ մի արծաթադրամ* կգտնես: Այն տար և նրանց տուր իմ ու քո տեղը»:

18 Այդ ժամանակ աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Երկնքի թագավորության մեջ ո՞վ է լինելու մեծը»:+ 2 Հիսուսն էլ իր մոտ կանչեց մի երեխայի ու նրան կանգնեցնելով նրանց առաջ՝ 3 ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման,+ երբեք չեք մտնի երկնքի թագավորություն:+ 4 Ով խոնարհ լինի, ինչպես այս երեխան, հենց նա էլ մեծը կլինի երկնքի թագավորության մեջ,+ 5 և ով, հանուն ինձ, գրկաբաց ընդունի այս երեխայի նման մարդկանց,* ինձ էլ ընդունած կլինի: 6 Բայց ով պատճառ լինի, որ ինձ հավատացող այդպիսի խոնարհամիտ մարդկանցից* մեկը հետ կանգնի հավատից,* ավելի լավ է, որ նրա վզից մի մեծ աղացքար* կախեն ու ծովի խորքը նետեն:+

7 Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղության քարեր է դնում: Անշուշտ, այդպիսի գայթակղության քարեր կլինեն, բայց վա՜յ այն մարդուն, ում միջոցով դրանք կդրվեն: 8 Եթե ձեռքդ կամ ոտքդ մեղքի է դրդում քեզ, կտրիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ հաշմանդամ կամ կաղ լինես, բայց կյանք ստանաս, քան երկու ձեռքով ու երկու ոտքով հավիտենական կրակը գցվես:+ 9 Եթե աչքդ մեղքի է դրդում քեզ, հանիր այն ու դեն գցիր. ավելի լավ է՝ մեկ աչք ունենաս, բայց կյանք ստանաս, քան երկու աչքով կրակոտ գեհենը* գցվես:+ 10 Ոչ մի դեպքում չարհամարհեք այս խոնարհամիտներից* որևէ մեկին, որովհետև նրանց մասին հոգ են տանում հրեշտակները, ովքեր միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը:+ 11 ....*

12 Ի՞նչ եք կարծում. եթե մարդ 100 ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի,+ չի՞ թողնի 99-ին սարերում ու գնա փնտրի այն մեկ մոլորվածին:+ 13 Եվ եթե գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն 99-ի, որոնք չեն մոլորվել: 14 Այդպես էլ իմ* Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս խոնարհամիտներից* մեկն անգամ կործանվի:+

15 Եվ այսպես, եթե քո եղբայրը* մեղք գործի քո դեմ, գնա և ասա նրան իր սխալը, երբ դու և նա մենակ եք:+ Եթե եղբայրդ լսի քեզ, կվերագտնես նրան:+ 16 Իսկ եթե չլսի, վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ասածով* ամեն բան հաստատվի:+ 17 Եթե նրանց էլ չլսի, հարցը ներկայացրու ժողովին:* Իսկ եթե ժողովին էլ չլսի, ապա նրան վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերվում եք այլազգիներին+ ու հարկահավաքներին:+

18 Հաստատ ասում եմ ձեզ. դուք երկրի վրա կկապեք* այն, ինչ երկնքում արդեն կապված կլինի, և երկրի վրա կարձակեք* այն, ինչ երկնքում արդեն արձակված կլինի: 19 Նաև հավաստիացնում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկուսը միասնաբար որոշեն որևէ կարևոր բանի հետ կապված խնդրանքով դիմել իմ Հորը, որ երկնքում է, նա կկատարի նրանց խնդրանքը:+ 20 Որտեղ էլ որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով,+ ես նրանց հետ կլինեմ»:

21 Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ ու հարցրեց Հիսուսին. «Տե՛ր, եթե եղբայրս մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան: Ամենաշատը՝ յո՞թ»: 22 Նա պատասխանեց. «Ո՛չ, յոթ անգամ չէ, այլ 77 անգամ:+

23 Երկնքի թագավորությունը կարելի է նմանեցնել մի թագավորի, ով որոշեց իր ծառաներից պահանջել, որ վճարեն իրենց պարտքերը: 24 Երբ սկսեց հավաքել պարտքերը, նրա մոտ բերեցին մի մարդու, որը 10 000 տաղանդ* էր պարտք: 25 Բայց քանի որ այդ մարդը հնարավորություն չուներ պարտքը վճարելու, թագավորը հրամայեց, որ նրան, նրա կնոջը, երեխաներին ու նրա ողջ ունեցվածքը վաճառեն, որ պարտքը վճարվի:+ 26 Ծառան էլ նրա ոտքերն ընկավ և նրա առաջ խոնարհվելով՝ ասաց. «Ինձ ժամանակ տուր, ու ես ամբողջությամբ կվճարեմ պարտքս»: 27 Թագավորը, խղճալով ծառային, բաց թողեց նրան և պարտքը ներեց:+ 28 Բայց ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն 100 դինար* էր պարտք, բռնեց նրա կոկորդից և սկսեց խեղդել՝ ասելով. «Վճարի՛ր պարտքդ»: 29 Ծառայակիցն էլ նրա ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել. «Ինձ ժամանակ տուր, և ես կվճարեմ»: 30 Բայց ծառան չուզեց սպասել, այլ բանտարկել տվեց նրան, մինչև որ պարտքը վճարի: 31 Երբ մյուս ծառայակիցները տեսան պատահածը, դա նրանց շատ վշտացրեց: Նրանք գնացին ու ամեն բան պատմեցին թագավորին: 32 Թագավորն էլ կանչեց այդ ծառային ու ասաց. «Չա՛ր ծառա, երբ դու աղաչեցիր ինձ, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի: 33 Չպե՞տք է դու էլ գթասիրտ լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես՝ քո հանդեպ»:+ 34 Խիստ վրդովված՝ թագավորը նրան բանտապահներին հանձնեց, մինչև որ վճարի ամբողջ պարտքը: 35 Իմ երկնային Հայրն էլ նույն կերպ կվարվի ձեզ հետ,+ եթե ամեն մեկդ ձեր եղբորը սրտանց չներեք»:+

19 Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսը հեռացավ Գալիլեայից ու եկավ Հորդանանի մյուս կողմում գտնվող այն տարածքը, որը սահմանամերձ էր Հրեաստանին:+ 2 Նրա հետևից մի մեծ բազմություն եկավ, և նա բուժեց նրանց:

3 Հիսուսին փարիսեցիներ մոտեցան և փորձելու նպատակով հարցրին. «Մարդը կարո՞ղ է ցանկացած պատճառով բաժանվել իր կնոջից»:+ 4 Նա էլ պատասխանեց. «Չե՞ք կարդացել, որ ի սկզբանե Աստված տղամարդ ու կին ստեղծեց+ 5 և ասաց. «Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և երկուսը մեկ մարմին կլինեն»:+ 6 Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են: Ուրեմն ինչ որ Աստված միավորեց,* թող մարդը չբաժանի»:+ 7 Նրանք ասացին. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ է ասել, որ մարդը կարող է ամուսնալուծության վկայական տալ կնոջը ու բաժանվել նրանից»:+ 8 Նա էլ ասաց. «Ձեր սիրտը համառ է, այդ պատճառով էլ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից,+ մինչդեռ սկզբում այդպիսի բան չի եղել:+ 9 Իսկ ես ասում եմ ձեզ. ով որ բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության* պատճառով, և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում»:+

10 Աշակերտներն ասացին Հիսուսին. «Այդ դեպքում ավելի լավ է ընդհանրապես չամուսնանալ»: 11 Նա էլ ասաց նրանց. «Ոչ բոլորը կարող են այդպես ապրել, այլ միայն նրանք, ովքեր ընդունում են այդ պարգևը:*+ 12 Ոմանք չեն կարող ամուսնանալ,* քանի որ ի ծնե արատ ունեն, ոմանց մարդիկ են այդպիսին դարձրել, ոմանք էլ չեն ամուսնանում, որ ավելին անեն երկնքի թագավորության համար: Ով կարող է այդպես ապրել, թող ապրի»:+

13 Այնուհետև Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որ օրհնի նրանց* և աղոթի նրանց համար, բայց աշակերտները նախատեցին բերողներին:+ 14 Սակայն Հիսուսն ասաց. «Թողեք՝ երեխաները գան ինձ մոտ, մի՛ արգելեք նրանց. այդպիսիներինն է երկնքի թագավորությունը»:+ 15 Եվ երեխաներին օրհնելուց հետո նա հեռացավ այդտեղից:

16 Հետո մի երիտասարդ մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ բարի գործեր անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:+ 17 Նա էլ ասաց. «Բարու մասին ինչո՞ւ ես ինձ հարցնում: Կա միայն Մեկը, որ բարի է:*+ Բայց եթե ուզում ես կյանք ստանալ, միշտ պահիր պատվիրանները»:+ 18 Նա հարցրեց. «Որո՞նք»: Հիսուսն էլ պատասխանեց. ««Մի՛ սպանիր,+ մի՛ շնացիր,*+ մի՛ գողացիր,+ սուտ վկայություն մի՛ տուր,+ 19 պատվիր քո հորն ու մորը»+ և «Սիրիր դրացուդ քո անձի պես»»:+ 20 Երիտասարդն ասաց. «Ես այդ ամենը պահում եմ: Ուրիշ ի՞նչ պետք է անեմ»: 21 Հիսուսն ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել,* գնա վաճառիր ունեցվածքդ և աղքատներին տուր: Այդ դեպքում գանձ կունենաս երկնքում:+ Այնուհետև եկ ու իմ հետևորդը դարձիր»:+ 22 Դա լսելով՝ երիտասարդը տխուր-տրտում հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ:+ 23 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Հաստատ ասում եմ ձեզ. հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորություն:+ 24 Ավելին՝ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է՝ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»:+

25 Դա լսելով՝ աշակերտները անչափ զարմացան ու հարցրին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»:+ 26 Հիսուսը շեշտակի նայեց նրանց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար անհնարին բան չկա»:+

27 Այդ ժամանակ Պետրոսը նրան ասաց. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևում. հիմա մեզ ի՞նչ է սպասում»:+ 28 Հիսուսն ասաց նրանց. «Հավաստիացնում եմ ձեզ. վերստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառավոր գահին, դուք՝ ինձ հետևողներդ, նույնպես կնստեք 12 գահերին ու կդատեք Իսրայելի 12 ցեղերին:+ 29 Եվ ամեն ոք, ով իմ անվան համար թողել է եղբայրներ, քույրեր, հայր, մայր ու զավակներ կամ էլ տներ ու արտեր, հարյուրապատիկը կստանա և հավիտենական կյանքով կվարձատրվի:+

30 Շատերը, ովքեր հիմա առաջիններն են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները առաջիններ կլինեն»:+

20 «Երկնքի թագավորությունը նման է խաղողի այգու տիրոջ, որը վաղ առավոտյան դուրս եկավ աշխատողներ վարձելու:+ 2 Նա աշխատողների հետ պայմանավորվեց օրը մեկ դինար* վճարել և ուղարկեց իր այգին: 3 Առավոտյան ժամը իննի* կողմերը կրկին դուրս եկավ ու տեսավ ուրիշների, որ շուկայում անգործ կանգնած էին, 4 և ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ այգին, և ձեր հասանելիքը կտամ ձեզ»: 5 Նրանք էլ գնացին: Կեսօրվա և ժամը երեքի* կողմերն էլ դուրս եկավ ու նույն կերպ վարվեց: 6 Եվ վերջապես երեկոյան ժամը հինգի* կողմերը դուրս եկավ և ուրիշների էլ տեսավ պարապ կանգնած ու ասաց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրը անգործ կանգնել այստեղ»: 7 Նրանք պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք չի վարձել մեզ»: Նա ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ այգին»:

8 Երեկոյան այգու տերն ասաց գործավարին. «Կանչիր աշխատողներին և վերջիններից սկսած մինչև առաջինները՝ տուր նրանց աշխատավարձը»:+ 9 Եկան ժամը հինգին վարձվածները, և յուրաքանչյուրը մեկ դինար ստացավ: 10 Իսկ երբ առաջին վարձվածները եկան, կարծեցին, թե իրենք ավելի շատ կստանան, բայց նրանք նույնպես մեկական դինար ստացան: 11 Աշխատավարձը ստանալուց հետո նրանք սկսեցին դժգոհել 12 և ասացին այգու տիրոջը. «Այդ վերջինները ընդամենը մեկ ժամ են աշխատել, իսկ մենք ամբողջ օրն ենք աշխատել շոգ կրակին: Մինչդեռ դու նրանց տվեցիր նույնը, ինչ մեզ»: 13 Դիմելով նրանցից մեկին՝ այգու տերը պատասխանեց. «Բարեկա՛մս, ես քո հանդեպ ոչ մի սխալ բան չեմ անում: Դու ինձ հետ մեկ դինարով չե՞ս պայմանավորվել,+ 14 ուրեմն վերցրու աշխատավարձդ ու գնա: Ես ուզում եմ այս վերջիններին տալ նույնը, ինչ քեզ: 15 Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածը տնօրինել այնպես, ինչպես ես եմ ուզում: Թե՞ նախանձում ես,* որ նրանց հանդեպ բարի* եղա»:+ 16 Այսպես՝ վերջինները առաջիններ կլինեն, իսկ առաջինները՝ վերջիններ»:+

17 Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսը 12 աշակերտներին մի կողմ տարավ ու ասաց.+ 18 «Ահա և գնում ենք Երուսաղեմ: Այնտեղ մարդու Որդին կհանձնվի ավագ քահանաների ու Օրենքի ուսուցիչների* ձեռքը: Նրանք մահվան կդատապարտեն նրան+ 19 և կհանձնեն այլազգիներին, որ ծաղրուծանակի ենթարկվի, խարազանվի ու սյանը գամվի:+ Բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+

20 Հետո Զեբեդեոսի կինը իր երկու որդիների հետ+ մոտեցավ Հիսուսին և ծնկի եկավ՝ ցանկանալով ինչ-որ բան խնդրել նրանից:+ 21 Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»: Կինը պատասխանեց. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիներից մեկը կնստի քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»:+ 22 Հիսուսն ասաց. «Դուք չգիտեք՝ ինչ եք խնդրում: Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որ ես եմ խմելու»:+ Նրանք պատասխանեցին. «Կարող ենք»: 23 Նա էլ ասաց. «Դուք իհարկե կխմեք իմ բաժակից,+ բայց իմ աջ ու ձախ կողմում նստելը ես չեմ որոշում: Իմ Հայրն է որոշում, թե ով կնստի այդ տեղերում»:+

24 Երբ մյուս տասը աշակերտները լսեցին այդ խնդրանքի մասին, վրդովմունքով լցվեցին երկու եղբայրների հանդեպ:+ 25 Բայց Հիսուսը, բոլոր աշակերտներին իր մոտ կանչելով, ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում:+ 26 Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի.+ ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի,+ 27 և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է ձեր ծառան լինի:+ 28 Չէ՞ որ մարդու Որդին էլ եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի+ և իր կյանքը որպես փրկագին տա շատերի համար»:*+

29 Երբ նրանք դուրս էին գալիս Երիքովից, նրա հետևից գնում էր մի մեծ բազմություն: 30 Ճանապարհի եզրին երկու կույր մարդիկ էին նստած և երբ լսեցին, որ Հիսուսն է անցնում իրենց մոտով, բղավեցին. «Տե՛ր, Դավթի՛ Որդի, գթա՛ մեզ»:+ 31 Սակայն մարդիկ սաստում էին նրանց, որ լռեն, բայց նրանք է՛լ ավելի բարձր էին բղավում. «Տե՛ր, Դավթի՛ Որդի, խղճա՛ մեզ»: 32 Հիսուսը կանգ առավ, մոտ կանչեց նրանց ու հարցրեց. «Ի՞նչ եք ուզում՝ անեմ ձեզ համար»: 33 Նրանք էլ ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը տեսնեն»: 34 Խղճահարվելով Հիսուսը դիպավ այդ մարդկանց աչքերին:+ Նրանց տեսողությունն անմիջապես վերականգնվեց, և նրանք սկսեցին Հիսուսին հետևել:

21 Երբ նրանք արդեն մոտեցել էին Երուսաղեմին, կանգ առան Բեթփագեի մոտ, որը գտնվում է Ձիթենյաց լեռան վրա: Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց՝+ 2 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի ավանակ կտեսնեք կապված և դրա հետ՝ մի քուռակ: Արձակեք դրանց ու բերեք ինձ մոտ: 3 Եվ եթե ինչ-որ մեկը բան ասի ձեզ, կասեք՝ «Դրանք Տիրոջը պետք են», և նա միանգամից կթողնի, որ բերեք»:

4 Դա եղավ, որ կատարվի մարգարեի միջոցով ասվածը. 5 «Ասե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս,+ նա հեզ* է+ և գալիս է՝ ավանակ հեծած, այո՛, քուռակ՝ բեռնակիր կենդանու ձագ հեծած»»:+

6 Աշակերտները գնացին և արեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը պատվիրեց:+ 7 Երբ բերեցին ավանակն ու քուռակը, աշակերտները իրենց վերնահագուստները գցեցին դրանց վրա, և նա հեծավ քուռակը:+ 8 Այնտեղ ներկա բազմաթիվ մարդկանցից շատերը ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները,+ ոմանք էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու շաղ տալիս ճանապարհին: 9 Բազմությունը գնում էր նրա առջևից ու հետևից և բացականչում. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր Դավթի Որդուն:*+ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով:+ Ո՜վ բարձունքներում բնակվող, խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան»:+

10 Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ողջ քաղաքում իրարանցում սկսվեց: Այնտեղի բնակիչները հարցնում էին. «Սա ո՞վ է»: 11 Հիսուսի հետ եղողներն էլ պատասխանում էին. «Մարգարե Հիսուսն է՝+ Գալիլեայի Նազարեթից»:

12 Հիսուսը տաճար մտավ, այնտեղից վռնդեց բոլոր առուծախ անողներին և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները:+ 13 Նա ասաց. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն»,+ բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»:+ 14 Տաճարում Հիսուսի մոտ եկան կույր ու կաղ մարդիկ, և նա բուժեց նրանց:

15 Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները,* տեսնելով Հիսուսի արած զարմանահրաշ բաները և տղա երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին՝ «Խնդրո՜ւմ ենք, փրկի՜ր Դավթի Որդուն»,+ վրդովվեցին+ 16 ու ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ ինչ են ասում»: Նա էլ պատասխանեց. «Այո՛: Մի՞թե երբեք չեք կարդացել այս խոսքերը. «Երեխաների ու մանուկների բերանով գովաբանություն հնչեցրիր»»:+ 17 Ապա հեռացավ քաղաքից, գնաց Բեթանիա ու գիշերն այնտեղ մնաց:+

18 Վաղ առավոտյան քաղաք վերադառնալիս Հիսուսը քաղց զգաց:+ 19 Ճանապարհի եզրին նա մի թզենի տեսավ ու մոտ գնաց, բայց տերևներից բացի ոչինչ չգտնելով՝+ ասաց. «Թող էլ երբեք պտուղ չտաս»:+ Եվ թզենին իսկույն չորացավ: 20 Երբ աշակերտները դա տեսան, զարմացած հարցրին. «Այդ ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ»:+ 21 Հիսուսն էլ պատասխանեց. «Հավաստիացնում եմ ձեզ. եթե հավատ ունենաք և չկասկածեք, դուք ոչ միայն դա կկարողանաք անել, այլ նույնիսկ ավելին. եթե անգամ այս սարին ասեք՝ «Վեր կաց ու ծովն ընկիր», այդպես էլ կլինի:+ 22 Ձեր աղոթքներում ինչ էլ որ հավատով խնդրեք, կստանաք»:+

23 Այնուհետև Հիսուսը գնաց տաճար և սկսեց ուսուցանել: Ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները մոտեցան նրան ու հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը: Ո՞վ է տվել քեզ այդ իրավասությունը»:+ 24 Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ: Եթե պատասխանեք, կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը: 25 Հովհաննեսը մկրտելու իրավասությունը որտեղի՞ց էր ստացել՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»: Նրանք սկսեցին իրար հետ խորհրդակցել. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»,+ 26 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդի ձեռքից չենք պրծնի, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»: 27 Ուստի Հիսուսին պատասխանեցին. «Չգիտենք»: Նա էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը:

28 Իսկ ի՞նչ կասեք այս իրավիճակի մասին. մի մարդ երկու որդի ուներ: Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, այսօր գնա ու խաղողի այգում գործ արա»: 29 Նա էլ ասաց. «Չեմ գնա»: Բայց հետո փոշմանեց ու գնաց: 30 Մոտենալով երկրորդին՝ նրան էլ նույն բանն ասաց: Այս մեկը պատասխանեց՝ «Կգնամ, հա՛յր»,* բայց չգնաց: 31 Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը»: Նրանք պատասխանեցին. «Առաջինը»: Հիսուսն էլ ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. հարկահավաքներն ու մարմնավաճառները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն, 32 որովհետև Հովհաննեսը եկավ ձեզ մոտ ու ցույց տվեց ճիշտ* ճանապարհը, բայց դուք չհավատացիք նրան, մինչդեռ հարկահավաքներն ու մարմնավաճառները հավատացին:+ Դա տեսնելով էլ դուք, միևնույն է, չզղջացիք ու չհավատացիք նրան:

33 Մեկ ուրիշ առակ էլ լսեք: Մի հողատեր խաղողի այգի տնկեց,+ շուրջբոլորը ցանկապատեց, հնձան փորեց այնտեղ ու մի դիտաշտարակ կանգնեցրեց:+ Հետո այն վարձով տվեց մշակներին ու գնաց օտար երկիր:+ 34 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, նա իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքի իր բաժինը ստանալու: 35 Սակայն մշակները բռնեցին նրա ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մյուսին էլ քարկոծեցին:+ 36 Հողատերը նորից ծառաներ ուղարկեց, այս անգամ՝ նախորդներից ավելի շատ, բայց նրանց հետ էլ նույն կերպ վարվեցին:+ 37 Ի վերջո նա իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»: 38 Բայց որդուն տեսնելով՝ մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը:+ Եկեք սպանենք նրան ու տիրանանք նրա ժառանգությանը»: 39 Եվ բռնեցին նրան, քարշ տվեցին այգուց դուրս ու սպանեցին:+ 40 Ուստի երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին»: 41 Ավագ քահանաներն ու երեցները պատասխանեցին. «Նա սարսափելի* կործանում կբերի այդ չարագործների վրա և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք բերքահավաքի ժամանակ կտան իր բաժինը»:

42 Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել սուրբ գրվածքներում. «Այն քարը, որ մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը:*+ Դա Եհովայի արածն է և մեզ համար հիասքանչ է»:+ 43 Դրա համար էլ ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն արժանավայել պտուղներ կբերի: 44 Իսկ ինչ վերաբերում է այս քարին, նա, ում ոտքը դիպչի դրան, կընկնի ու ջարդուփշուր կլինի:+ Եվ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»:+

45 Երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները Հիսուսի առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է խոսում:+ 46 Նրանք ուզում էին բռնել* նրան, բայց վախեցան, քանի որ ժողովուրդը նրան մարգարե էր համարում:+

22 Հիսուսը կրկին սկսեց խոսել նրանց հետ առակներով. 2 «Երկնքի թագավորությունը կարելի է նմանեցնել մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք կազմակերպեց:+ 3 Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հրավիրվածներին, բայց նրանք չուզեցին գալ:+ 4 Նա ևս մեկ անգամ ծառաներ ուղարկեց՝ պատվիրելով. «Հրավիրվածներին ասեք. «Ճաշն արդեն պատրաստ է, ես մորթել եմ տվել իմ ցլերը, իմ լավագույն անասունները: Ամեն ինչ պատրաստ է, եկեք խնջույքին»»: 5 Բայց նրանք արհամարհեցին հրավերը. մեկն իր արտը գնաց,+ մեկն՝ իր առևտրին, 6 մյուսներն էլ բռնեցին նրա ծառաներին և անարգանքի ենթարկելով՝ սպանեցին:

7 Թագավորն էլ, ցասումով լցված, զորք ուղարկեց ու հաշվեհարդար տեսավ այդ մարդասպանների հետ, իսկ նրանց քաղաքը հրի մատնեց:+ 8 Ապա ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքի համար ամեն ինչ պատրաստ է, բայց հրավիրվածներն անարժան գտնվեցին:+ 9 Ուստի քաղաքից դուրս գնացեք և գլխավոր ճանապարհներին ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին»:+ 10 Ծառաները գնացին և այդ ճանապարհներին ում որ տեսան, հրավիրեցին՝ թե՛ լավ, թե՛ վատ գործեր անողներին, ու հարսանեկան սրահը լցվեց հյուրերով:

11 Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, նկատեց, որ նրանցից մեկը հարսանեկան խնջույքին վայել հագուստով չէր: 12 Թագավորը հարցրեց. «Բարեկա՛մ, ինչո՞ւ ես առանց համապատասխան հագուստի եկել այստեղ»: Նա ոչինչ չկարողացավ ասել: 13 Այդ ժամանակ թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»:

14 Այո՛, շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված»:

15 Փարիսեցիները գնացին ու սկսեցին դավադրաբար ծրագրել, թե ինչպես Հիսուսին իր իսկ խոսքերով ծուղակը գցեն:+ 16 Եվ իրենց աշակերտներին հերովդեսականների* հետ նրա մոտ ուղարկեցին:+ Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում, դու չես փորձում հաճոյանալ որևէ մեկին և արտաքին բաներով չես դատում մարդկանց: 17 Ուրեմն ասա մեզ. քո կարծիքով՝ թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 18 Սակայն Հիսուսը, իմանալով, թե ինչ չար մտադրություն ունեն, ասաց. «Ինչո՞ւ եք փորձում ինձ, կեղծավորնե՛ր: 19 Ցույց տվեք որպես գլխահարկ վճարվող մետաղադրամը»: Նրանք էլ մի դինար* բերեցին: 20 Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: 21 Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: Հիսուսն էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 22 Այդ խոսքերը ապշեցրին նրանց, ու նրանք թողեցին հեռացան:

23 Նույն օրը Հիսուսին մոտեցան սադուկեցիները, ովքեր չէին հավատում հարությանը,+ և հարցրին.+ 24 «Ուսուցի՛չ, Մովսեսն ասել է, որ եթե մարդ մահանա առանց երեխա ունենալու, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի:+ 25 Յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց հետո մահացավ ու քանի որ սերունդ չուներ, նրա եղբայրն ամուսնացավ նրա կնոջ հետ: 26 Նույնը պատահեց երկրորդին, երրորդին ու մնացածին. այդպես՝ յոթն էլ մահացան: 27 Վերջում կինն էլ մահացավ: 28 Հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ բոլորն էլ ամուսնացել էին նրա հետ»:

29 Հիսուսը պատասխանեց. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ սուրբ գրվածքներն եք հասկանում, ո՛չ էլ հասկանում եք, թե որքան մեծ է Աստծու զորությունը:+ 30 Հարության ժամանակ տղամարդիկ ու կանայք չեն ամուսնանալու, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու:+ 31 Մահացածների հարության առնչությամբ չե՞ք կարդացել Աստծու խոսքերը, ով ասել է. 32 «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»:+ 33 Մարդկանց բազմությունը, որ լսում էր այս ամենը, ապշել էր նրա ուսուցանելուց:+

34 Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը սադուկեցիներին լռեցրել էր, հավաքվեցին ու եկան նրա մոտ: 35 Նրանցից մեկը, ով Օրենքի գիտակ էր, ցանկանալով փորձել նրան, հարցրեց. 36 «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»:+ 37 Հիսուսը պատասխանեց. ««Սիրեք ձեր Աստված Եհովային* ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով* և ձեր ամբողջ մտքով»:+ 38 Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը: 39 Երկրորդն էլ սրա նման է. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»:+ 40 Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ողջ Օրենքն ու մարգարեների գրվածքները»:+

41 Քանի դեռ փարիսեցիներն այդտեղ հավաքված էին, Հիսուսը հարցրեց նրանց.+ 42 «Ի՞նչ կարծիքի եք Քրիստոսի մասին: Ո՞ւմ որդին է նա»: Նրանք պատասխանեցին. «Դավթի»:+ 43 Նա էլ հարցրեց. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, սուրբ ոգուց ներշնչված,+ նրան Տեր կոչում՝ ասելով. 44 «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»:+ 45 Եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա Դավթի որդին»:+ 46 Ոչ ոք չկարողացավ մի բառ անգամ պատասխանել Հիսուսին, և այդ օրվանից ոչ մեկն այլևս չէր համարձակվում որևէ հարց տալ նրան:

23 Այնուհետև Հիսուսը, դիմելով ժողովրդին և իր աշակերտներին, ասաց. 2 «Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները զբաղեցրել են Մովսեսի տեղը: 3 Ուստի նրանց սովորեցրած ամեն բան արեք, բայց նրանց պես մի՛ վարվեք, որովհետև նրանք ասում են, բայց իրենց ասածի համաձայն չեն վարվում:+ 4 Ծանր բեռներ են դնում մարդկանց ուսերին,+ իսկ իրենք չեն ուզում անգամ մատը մատին տալ դրանք տեղաշարժելու համար:+ 5 Ինչ էլ որ նրանք անում են, մարդկանց կողմից նկատվելու համար են անում.+ լայնացնում են իրենց գրատուփերը,* որ կրում են որպես պաշտպանություն,+ և երկարացնում են իրենց հագուստի ծոպերը,+ 6 ընթրիքների ժամանակ սիրում են զբաղեցնել ամենապատվավոր տեղերը, իսկ ժողովարաններում՝ առաջին* աթոռները,+ 7 սիրում են հանրային վայրերում* ողջույններ ստանալ և մարդկանց կողմից ռաբբի* կոչվել: 8 Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ ռաբբի կոչեն, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը,+ իսկ դուք բոլորդ եղբայրներ եք: 9 Երկրի վրա ոչ մեկին հայր* մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝+ երկնայինը: 10 Ոչ էլ առաջնորդներ կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը: 11 Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի:+ 12 Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի,+ իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի:+

13 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք մարդկանց առաջ. ինքներդ չեք մտնում, ցանկացողներին էլ թույլ չեք տալիս մտնել:+ 14 ....*

15 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր,+ որովհետև կտրում-անցնում եք ծովը և ուր ասես գնում եք, որ մեկին ձեր հավատին* դարձնեք, ու երբ դա ձեզ հաջողվում է, նրան այնպիսին եք դարձնում, որ ձեզանից կրկնապատիկ ավելի է արժանի լինում գեհենին:*

16 Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ,+ որ ասում եք. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»:+ 17 Անմիտնե՛ր և կույրե՛ր, իրականում ի՞նչն է ավելի կարևոր՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում* է ոսկին: 18 Նաև ասում եք. «Եթե որևէ մեկը զոհասեղանով է երդվում, ոչինչ, բայց եթե դրա վրայի ընծայով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»: 19 Կույրե՛ր, իրականում ի՞նչն է ավելի կարևոր՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան: 20 Այնպես որ զոհասեղանով երդվողը երդվում է դրանով ու դրա վրա եղած ամեն ինչով: 21 Տաճարով երդվողը երդվում է դրանով ու այնտեղ բնակվող Աստծով:+ 22 Եվ երկնքով երդվողը երդվում է Աստծու գահով և Աստծով, ով նստում է դրա վրա:

23 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև տալիս եք դաղձի, սամիթի և չամանի տասանորդը,+ բայց արհամարհում եք այն, ինչը, ըստ Օրենքի, ավելի ծանրակշիռ է՝ արդարությունը,+ գթասրտությունը+ և հավատարմությունը: Ճիշտ է, այդ ամենի տասանորդը տալն անհրաժեշտ է, բայց մյուս բաներն էլ չպետք է անտեսվեն:+ 24 Կո՛ւյր առաջնորդներ,+ մժեղը քամում եք,+ բայց ուղտը կուլ եք տալիս:+

25 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև դուք նման եք բաժակի կամ ափսեի, որը դրսից մաքրված է,+ բայց ներսից՝ կեղտոտ. ձեր ներսը լիքն է ագահությամբ*+ և անզուսպ ցանկություններով:+ 26 Կո՛ւյր փարիսեցիներ, նախ ներսը* մաքրեք, որ դուրսն էլ մաքուր լինի:

27 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր,+ որովհետև նման եք սպիտակեցրած գերեզմանների,+ որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքուր բաներով: 28 Նույնպես էլ դուք. արտաքուստ արդար եք երևում, բայց ներսից լիքն եք կեղծավորությամբ ու անօրենությամբ:+

29 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր,+ որ բարեկարգում եք մարգարեների գերեզմանները, զարդարում արդար մարդկանց շիրիմներն+ 30 ու ասում. «Եթե մեր նախահայրերի օրերում ապրեինք, նրանց հետ մասնակից չէինք լինի մարգարեների սպանությանը»: 31 Այդպիսով դուք ինքներդ եք վկայում ձեր դեմ՝ ընդունելով, որ մարգարեներին սպանողների որդիներն եք:+ 32 Դե ինչ, ավարտին հասցրեք ձեր հայրերի սկսած գործը:

33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ,+ ինչպե՞ս եք խուսափելու դատվելուց ու գեհենը գցվելուց:+ 34 Ահա ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների,+ իմաստունների և ուսուցանողների:+ Նրանցից ոմանց կսպանեք+ ու սյանը կգամեք, ոմանց էլ կխարազանեք+ ձեր ժողովարաններում և կհալածեք՝+ քշելով մի քաղաքից մյուսը: 35 Այդպիսով դուք պատասխանատու կլինեք երկրի վրա ամեն արդարի թափված արյան համար՝ սկսած արդար Աբելից+ մինչև Բարաքիայի որդի Զաքարիան, որին սպանեցիք սրբարանի ու զոհասեղանի միջև:+ 36 Հաստատ ասում եմ ձեզ. այդ ամենի համար այս սերունդն է պատասխան տալու:

37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանո՛ղ, քեզ մոտ ուղարկվածներին քարկոծո՛ղ...+ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել զավակներիդ, ինչպես հավն է ճտերին հավաքում իր թևերի տակ: Բայց դուք, Երուսաղեմի՛ ժողովուրդ, չուզեցիք:+ 38 Ահա ձեր տունը* Աստծու կողմից լքված կլինի:+ 39 Ասում եմ ձեզ. այսուհետ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով»»:+

24 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր գալիս, աշակերտները մոտեցան նրան ու սկսեցին մատնացույց անել տաճարի շինությունները: 2 Նա էլ ասաց. «Հիանում եք չէ՞ այս ամենով: Բայց հավաստիացնում եմ ձեզ. այստեղ քարը քարի վրա չի մնա, ամեն ինչ կավերվի»:+

3 Երբ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները առանձին մոտեցան նրան ու հարցրին. «Ասա մեզ, ե՞րբ է լինելու այդ ամենը, և ո՞րն է լինելու քո ներկայության*+ և այս աշխարհի վախճանի ժամանակների* նշանը»:+

4 Հիսուսը պատասխանեց. «Զգույշ եղեք, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ,+ 5 որովհետև շատերը կգան իմ անվան տակ ու կասեն՝ «Ես եմ Քրիստոսը», և շատերին կմոլորեցնեն:+ 6 Պատերազմների թնդյուն կհասնի ձեր ականջին, և պատերազմների լուրեր կլսեք. հանկարծ խուճապի չմատնվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց այդպիսով դեռ վերջը չի գա:+

7 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ,+ տարբեր վայրերում սննդի պակաս կլինի,+ ու երկրաշարժեր կլինեն:+ 8 Սակայն այս ամենը ցավերով լի ժամանակների* սկիզբն է միայն:

9 Այդ օրերում մարդիկ կհալածեն ձեզ+ ու կսպանեն,+ և իմ անվան համար բոլոր ազգերի կողմից ատված կլինեք:+ 10 Շատերը հետ կկանգնեն իրենց հավատից,* իրար կմատնեն ու իրար կատեն: 11 Բազում կեղծ մարգարեներ կհայտնվեն ու շատերին կմոլորեցնեն,+ 12 և անօրենության* շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի: 13 Բայց ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի:+ 14 Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն,*+ և այդ ժամանակ կգա վերջը:

15 Երբ տեսնեք, որ կործանում բերող գարշանքը,* որի մասին ասել է Դանիել մարգարեն, կանգնած է սուրբ վայրում+ (սա հասկանալու համար ընթերցողը* պետք է խորաթափանցություն դրսևորի), 16 այդ ժամանակ Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն:+ 17 Ով տանիքում է, թող ցած չիջնի՝ տնից որևէ բան վերցնելու, 18 և ով դաշտում է, թող հետ չդառնա իր վերնահագուստը վերցնելու: 19 Որքա՜ն դժվար կլինի այդ օրերին հղիների ու կրծքով կերակրողների համար: 20 Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը կամ Շաբաթ օրը չլինի: 21 Այնպիսի մեծ նեղություն է վրա հասնելու,+ որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի:+ 22 Եվ եթե այդ ժամանակը* երկար տևի, ոչ ոք չի փրկվի: Բայց հանուն ընտրվածների՝ Աստված թույլ չի տա, որ այն երկար տևի:+

23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է»,+ կամ՝ «Այնտեղ է», չհավատաք,+ 24 որովհետև սուտ քրիստոսներ և կեղծ մարգարեներ+ կհայտնվեն և զորավոր գործեր ու հրաշքներ կանեն՝ փորձելով նույնիսկ ընտրվածներին մոլորեցնել.+ 25 ես այս ամենի մասին նախօրոք զգուշացնում եմ ձեզ: 26 Եթե ձեզ ասեն՝ «Նա ամայի վայրում է», չգնաք այնտեղ, կամ ասեն՝ «Գաղտնի տեղում է», չհավատաք,+ 27 որովհետև մարդու Որդու ներկայությունը նման կլինի կայծակի, որի փայլատակումը տեսանելի կլինի արևելքից մինչև արևմուտք:+ 28 Արծիվները կհավաքվեն այնտեղ, որտեղ դիակը կլինի:+

29 Նեղության այդ օրերից անմիջապես հետո արևը կխավարի,+ լուսինն իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի համակարգերը* կսասանվեն:+ 30 Այդ ժամանակ մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և երկրի բոլոր ազգերը* կուրծք ծեծելով կողբան+ ու կտեսնեն մարդու Որդուն+ երկնքի ամպերով գալիս՝ զորությամբ ու մեծ փառքով օժտված:+ 31 Շեփորի բարձր ազդանշան կհնչի, և նա կուղարկի իր հրեշտակներին, որ հավաքեն իր ընտրածներին աշխարհի չորս կողմերից՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը:+

32 Որպես օրինակ ուշադրություն դարձրեք թզենուն. հենց որ այն նոր շիվեր է տալիս և տերևակալում է, իմանում եք, որ ամառը մոտ է:+ 33 Նմանապես, երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, իմացեք, որ մարդու Որդին մոտ է՝ դռան շեմին է:+ 34 Հաստատ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի: 35 Երկինքն ու երկիրը կանցնեն-կգնան, բայց իմ խոսքերը կմնան ընդմիշտ:+

36 Իսկ օրն ու ժամը ոչ ոք չգիտի՝+ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը:+ 37 Ինչպես Նոյի օրերում էր,+ այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ:+ 38 Ջրհեղեղից առաջ՝ այդ օրերում, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ:+ 39 Նրանք ոչ մի բանի ուշադրություն չդարձրին, մինչև որ Ջրհեղեղը եկավ ու սրբեց բոլորին.+ այդպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ: 40 Այդ ժամանակ դաշտում աշխատող երկու հոգուց մեկը կվերցվի, մյուսը կթողնվի: 41 Երկանքով* աղացող երկու կանանցից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:+ 42 Զգո՛ն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու:+

43 Մի բան հստակ է. եթե տանտերն իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու,+ արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն:+ 44 Ուստի դուք էլ պատրաստ եղեք,+ որովհետև մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ չեք սպասում:

45 Եվ ուրեմն ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* ծառան, որին տերը նշանակեց, որ հոգ տանի իր տան ծառաներին ու ճիշտ ժամանակին կերակուր տա նրանց:+ 46 Երանի՜ այդ ծառային, եթե տերը նրան այդպես անելիս գտնի, երբ գա:+ 47 Հաստատ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը կհանձնի:

48 Բայց եթե այդ ծառան չար լինի ու երբևիցե մտքում ասի՝ «Տերս ուշանում է»,+ 49 և սկսի ծեծել իր ծառայակիցներին ու կերուխում անի հարբեցողների հետ, 50 ապա այն օրը, երբ այդ ծառան չի սպասում, և այն ժամին, որ չգիտի, նրա տերը կգա+ 51 և ամենայն խստությամբ կպատժի նրան ու կգցի այնտեղ, որտեղ կեղծավորներն են: Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»:+

25 «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները+ և դուրս գնացին փեսային դիմավորելու:+ 2 Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:*+ 3 Հիմարները ճրագները վերցրել էին, բայց իրենց հետ ձիթայուղ չէին վերցրել, 4 իսկ իմաստունները ճրագների հետ նաև սրվակներով ձիթայուղ էին վերցրել: 5 Քանի որ փեսան ուշանում էր, բոլորի քունը սկսեց տանել, ու նրանք քնով անցան: 6 Ուղիղ կեսգիշերին բղավոց լսվեց. «Փեսան գալի՛ս է: Դո՛ւրս եկեք նրան դիմավորելու»: 7 Բոլոր կույսերը վեր կացան ու սկսեցին կարգի բերել իրենց ճրագները:+ 8 Հիմարներն ասացին իմաստուններին. «Ձեր ձիթայուղից մի քիչ մեզ տվեք, որովհետև մեր ճրագները ուր որ է կհանգչեն»: 9 Իմաստուններն էլ ասացին. «Գուցե չհերիքի և՛ մեզ, և՛ ձեզ: Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք»: 10 Երբ նրանք գնացին ձիթայուղ գնելու, այդ ընթացքում փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ ներս մտան հարսանեկան խնջույքի,+ և դուռը փակվեց: 11 Հետո մյուս կույսերը եկան ու ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա»:+ 12 Նա էլ ասաց. «Հաստատ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում»:

13 Ուստի զգո՛ն եղեք,+ որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ էլ ժամը:+

14 Թագավորությունը նաև կարելի է նմանեցնել մի մարդու, որը օտար երկիր գնալիս իր ծառաներին հավաքեց և իր ունեցվածքը նրանց վստահեց:+ 15 Մեկին հինգ տաղանդ* տվեց, մեկին՝ երկու,* մյուսին էլ՝ մեկ տաղանդ,* ամեն մեկին՝ իր ունակություններին համապատասխան, ապա մեկնեց օտար երկիր: 16 Հինգ տաղանդ ստացողը անմիջապես գնաց ու գործի մեջ դրեց այդ փողը: Արդյունքում՝ նա ևս հինգ տաղանդ վաստակեց: 17 Երկու տաղանդ ստացողը նույն կերպ վարվեց ու ևս երկուսը վաստակեց: 18 Իսկ այն ծառան, որն ընդամենը մեկ տաղանդ էր ստացել, գնաց, հողը փորեց և իր տիրոջ դրամը* թաքցրեց այնտեղ:

19 Երկար ժամանակ անց այդ ծառաների տերը եկավ և նրանցից հաշվետվություն պահանջեց:+ 20 Հինգ տաղանդ ստացողը մոտեցավ և իր վաստակած մյուս հինգ տաղանդն էլ տալով՝ ասաց. «Տե՛ր, դու ինձ հինգ տաղանդ էիր վստահել, և ահա ես ևս հինգն եմ վաստակել»:+ 21 Տերն ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ու հավատարի՛մ ծառա: Դու քեզ վստահված քչի մեջ հավատարիմ եղար, ուստի քեզ շատ բաներ կվստահեմ:+ Ուրախացի՛ր քո տիրոջ հետ»:+ 22 Ապա մոտեցավ երկու տաղանդ ստացողն ու ասաց. «Տե՛ր, դու ինձ երկու տաղանդ էիր վստահել, և ահա ես ևս երկուսն եմ վաստակել»:+ 23 Տերն ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ու հավատարի՛մ ծառա: Դու քեզ վստահված քչի մեջ հավատարիմ եղար, ուստի քեզ շատ բաներ կվստահեմ: Ուրախացի՛ր քո տիրոջ հետ»:

24 Ի վերջո մեկ տաղանդ ստացողը մոտեցավ ու ասաց. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես: Ավելին՝ հնձում ես այնտեղի բերքը, որտեղ ոչինչ չես ցանել, և հավաքում ես այն, ինչի վրա ջանք չես թափել:+ 25 Ես էլ վախից գնացի ու քո տաղանդը թաքցրի հողի մեջ: Ահա քո տվածը քեզ եմ վերադարձնում»: 26 Տերը պատասխանեց. «Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, դե եթե մտածում ես, որ ես հնձում եմ այնտեղի բերքը, որտեղ ոչինչ չեմ ցանել, և հավաքում եմ այն, ինչի վրա ջանք չեմ թափել, 27 ուրեմն ինչո՞ւ իմ փողը չդրեցիր շրջանառության մեջ, որ երբ գայի, իմ տվածը տոկոսով հետ ստանայի»:

28 Ապա դիմելով իր սպասավորներին՝ ասաց. «Նրանից վերցրեք այդ տաղանդը և տվեք տասը տաղանդ ունեցողին:+ 29 Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 30 Այդ անպիտան ծառային գցեք դուրս՝ խավարի մեջ, որտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»:

31 Երբ մարդու Որդին+ բոլոր հրեշտակների հետ գա իր փառքով,+ այդ ժամանակ կնստի իր փառավոր գահին: 32 Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից: 33 Ոչխարներին+ կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում:+

34 Այդ ժամանակ Թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. «Եկե՛ք, իմ Հոր կողմից օրհնվածնե՛ր, և ժառանգե՛ք մարդկության սկզբնավորումից* ի վեր ձեզ համար պատրաստված Թագավորությունը, 35 որովհետև ես սոված էի, և ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտարական էի, և ինձ գրկաբաց հյուրընկալեցիք,+ 36 մերկ* էի, և ինձ հագցրիք,+ հիվանդ էի, և ինձ հոգ տարաք, բանտում էի, և ինձ այցելեցիք»:+ 37 Այդ արդար մարդիկ կասեն. «Տե՛ր, ե՞րբ քեզ տեսանք սոված և կերակրեցինք կամ՝ ծարավ և խմելու բան տվեցինք:+ 38 Ե՞րբ տեսանք քեզ օտարական դարձած և գրկաբաց հյուրընկալեցինք կամ՝ մերկ և հագցրինք: 39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտարկված և այցելեցինք»: 40 Թագավորն էլ կպատասխանի. «Հավաստիացնում եմ ձեզ. եթե իմ այս եղբայրներից անգամ ամենափոքրի համար արեցիք, ուրեմն ինձ համար արեցիք»:+

41 Ապա իր ձախ կողմում եղողներին կասի. «Հեռացե՛ք ինձանից,+ անիծվածնե՛ր: Դուք արժանի եք հավիտենական կրակի,+ որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների համար,+ 42 որովհետև ես սոված էի, բայց ինձ ուտելիք չտվեցիք, ծարավ էի, բայց ինձ խմելու ոչինչ չտվեցիք, 43 օտարական էի, բայց ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, բայց ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտում էի, բայց իմ մասին հոգ չտարաք»: 44 Այդ ժամանակ նրանք կասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված կամ ծարավ, օտար կամ մերկ, հիվանդ կամ բանտարկված և չօգնեցինք»: 45 Նա էլ կպատասխանի. «Հավաստիացնում եմ ձեզ. եթե այս ամենափոքրերից անգամ մեկի համար չարեցիք, ուրեմն ինձ համար չարեցիք»:+ 46 Եվ նրանք կարժանանան հավիտենական մահվան,*+ իսկ արդարները հավիտենական կյանք կստանան»:+

26 Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին. 2 «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է,+ և մարդու Որդուն հանձնելու են հակառակորդների ձեռքը, որ սյանը գամեն»:+

3 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա քահանայապետի բակում+ 4 և միասին ծրագիր կազմեցին,+ թե ինչպես խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն: 5 Սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա»:

6 Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից,+ 7 ընթրիքի ժամանակ մի կին, թանկարժեք անուշահոտ յուղով լի ալաբաստրե* սրվակը ձեռքին, մոտեցավ Հիսուսին և յուղը լցրեց նրա գլխին: 8 Տեսնելով դա՝ աշակերտները վրդովվեցին ու ասացին. «Ինչի՞ համար վատնեց այդ յուղը: 9 Այն կարելի էր թանկ գնով վաճառել և փողը աղքատներին տալ»: 10 Տեղյակ լինելով, թե ինչ են խոսում՝ Հիսուսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վատ դրության մեջ դնում այս կնոջը: Նա լավ բան արեց իմ հանդեպ: 11 Աղքատները միշտ ձեզ հետ են,+ բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+ 12 Անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ նա մարմինս թաղման նախապատրաստեց:+ 13 Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+

14 Դրանից հետո տասներկուսից մեկը, որին Հուդա Իսկարիովտացի+ էին կոչում, գնաց ավագ քահանաների մոտ+ 15 ու ասաց. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին մատնեմ, որ բռնեք նրան»:+ Նրանք պայմանավորվեցին 30 արծաթադրամ տալ նրան:+ 16 Այդուհետ նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի Հիսուսին:

17 Անթթխմոր հացերի տոնի առաջին օրը+ աշակերտները Հիսուսի մոտ եկան ու հարցրին. «Որտե՞ղ ես ուզում՝ քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+ 18 Նա էլ կարգադրեց, որ գնան քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և ասեն նրան. «Ուսուցիչն ասում է. «Ինձ համար նշանակված ժամանակը մոտ է: Պասեքը աշակերտներիս հետ քո տանն եմ նշելու»»: 19 Աշակերտներն արեցին այն, ինչ Հիսուսը կարգադրեց, և պատրաստություն տեսան Պասեքի համար:

20 Երեկոյան+ նա 12 աշակերտների հետ թիկնել էր սեղանի շուրջ,+ 21 և մինչ ուտում էին, ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»:+ 22 Նրա խոսքերից անչափ վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին նրան. «Տե՛ր, մի՞թե ես եմ»: 23 Հիսուսն էլ պատասխանեց. «Իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախող մեկն է ինձ մատնելու:+ 24 Ճիշտ է, մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ+ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+ 25 Հուդան, որը մատնելու էր նրան, հարցրեց. «Մի՞թե ես եմ, ռաբբի՛»: Հիսուսն էլ պատասխանեց. «Ինքդ ասացիր»:*

26 Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց+ ու տալով աշակերտներին՝ ասաց. «Վերցրեք ու կերեք. սա խորհրդանշում է իմ մարմինը»:+ 27 Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից,+ 28 որովհետև սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար,+ որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 29 Ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ իմ Հոր թագավորության մեջ»:+ 30 Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+

31 Հետո Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ այն ամենի պատճառով, ինչ տեղի կունենա ինձ հետ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»:+ 32 Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+ 33 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Նույնիսկ եթե բոլորն էլ քեզ հետ տեղի ունեցածի պատճառով լքեն քեզ, ես երբեք չեմ լքի»:+ 34 Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 35 Պետրոսն ասաց. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»:+ Մյուս բոլոր աշակերտներն էլ էին նույնը ասում:

36 Հիսուսը աշակերտների հետ գնաց Գեթսեմանի կոչվող վայրը:+ Նա ասաց նրանց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+ 37 Նա իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին: Նրան սկսել էր համակել տխրությունն ու տագնապի ուժգին զգացումը:+ 38 Դիմելով իր հետ եղողներին՝ Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ՝ մահու չափ: Մնացեք այստեղ և ինձ պես արթուն եղեք»:+ 39 Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել.+ «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, հեռացրու այս բաժակն+ ինձանից: Այդուհանդերձ, թող լինի ոչ թե այն, ինչ ես եմ ուզում, այլ ինչ դու ես ուզում»:+

40 Վերադառնալով աշակերտների մոտ՝ տեսավ, որ քնած են, և Պետրոսին ասաց. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ:+ 41 Արթուն մնացեք+ և շարունակ աղոթեք,+ որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 42 Ապա նորից գնաց ու սկսեց աղոթել. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակը հեռացնես ինձանից, ու ես չխմեմ դրանից, ապա թող քո կամքը լինի»:+ 43 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: 44 Նա թողեց գնաց ու երրորդ անգամ աղոթեց՝ խնդրելով նույն բանի մասին: 45 Ապա վերադարձավ աշակերտների մոտ ու ասաց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Եկել է ժամը, որ մարդու Որդին մատնվի մեղսագործների ձեռքը: 46 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»: 47 Նա դեռ խոսում էր, երբ Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից ուղարկված մի մեծ ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+

48 Մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է, նրան կձերբակալեք»: 49 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 50 Բայց Հիսուսն ասաց. «Բարեկա՛մ, ինչի՞ համար ես եկել այստեղ»:+ Այդ պահին Հուդայի հետ եկածները մոտեցան ու ձերբակալեցին Հիսուսին: 51 Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը տարավ դեպի իր սուրը, դուրս քաշեց այն և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+ 52 Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր,+ որովհետև բոլոր սուր վերցնողները սրով էլ կընկնեն:+ 53 Թե՞ կարծում ես՝ չեմ կարող խնդրել իմ Հորը, որ ինձ օգնելու համար հենց այս պահին ավելի քան 12 լեգեոն հրեշտակ ուղարկի:+ 54 Բայց այդ դեպքում ինչպե՞ս կկատարվեն սուրբ գրքերում գրվածները, որտեղ ասվում է, որ այսպես պետք է լինի»: 55 Ապա դիմելով ամբոխին՝ ասաց. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու: Ամեն օր տաճարում նստած ուսուցանում էի,+ և դուք ինձ չձերբակալեցիք:+ 56 Բայց այս ամենը եղավ, որ կատարվեն մարգարեների գրածները»:+ Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+

57 Հիսուսին ձերբակալելուց հետո նրան տարան Կայիափա+ քահանայապետի տուն, որտեղ հավաքվել էին Օրենքի ուսուցիչներն* ու երեցները:+ 58 Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, նրա հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Նա ներս մտավ և նստեց սպասավորների հետ, որ տեսնի, թե վերջը ինչ է լինելու:+

59 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ կեղծ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն,+ 60 բայց ոչ մի հարմար բան չէին գտնում, թեև շատ սուտ վկաներ էին եկել:+ Հետո երկու վկաներ եկան 61 ու ասացին. «Այս մարդն ասում էր. «Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում վերականգնել»»:+ 62 Այս խոսքերը լսելով՝ քահանայապետը ոտքի կանգնեց ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+ 63 Բայց Հիսուսը լուռ մնաց:+ Ուստի քահանայապետն ասաց նրան. «Կենդանի Աստծու առաջ պարտավորեցնում եմ քեզ, որ մեզ ճիշտն ասես՝ դու Քրիստո՞սն ես՝ Աստծու Որդին»:+ 64 Հիսուսն էլ պատասխանեց. «Այդպես էլ կա:* Ասում եմ ձեզ. սրանից հետո կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերի վրայով»:+ 65 Այդ ժամանակ քահանայապետը, պատռելով իր վերնազգեստը, բացականչեց. «Անարգե՜ց Աստծուն: Էլ ի՞նչ վկաներ են պետք: Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: 66 Դե՞, ի՞նչ կասեք»: Նրանք էլ պատասխանեցին. «Մահապա՛րտ է»:+ 67 Ապա թքեցին նրա երեսին+ և բռունցքներով խփեցին նրան:+ Ոմանք էլ ապտակում էին նրան+ 68 ու ասում. «Քրիստո՛ս, եթե մարգարե ես, ասա՝ ո՞վ էր քեզ խփողը»:

69 Այդ ընթացքում Պետրոսը նստած էր դրսում՝ տան բակում: Աղախիններից մեկը մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»:+ 70 Բայց նա բոլորի առաջ հերքեց ու ասաց. «Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում»: 71 Հետո գնաց դեպի մուտքը, բայց այդ ժամանակ մեկ ուրիշ աղախին, նրան նկատելով, այնտեղ եղողներին ասաց. «Այս մարդը նազարեթցի Հիսուսի հետ էր»:+ 72 Բայց նա երդվելով կրկին հերքեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: 73 Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը: Քո բարբառն* էլ է մատնում, որ գալիլեացի ես»: 74 Այդ ժամանակ նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: Եվ հենց այդ պահին աքաղաղը կանչեց: 75 Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և դուրս գնաց ու դառնագին լաց եղավ:

27 Առավոտյան բոլոր ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները խորհրդակցեցին, թե ինչպես սպանեն Հիսուսին:+ 2 Հետո նրան կապեցին ու տարան հանձնեցին կուսակալ Պիղատոսին:+

3 Հուդան՝ Հիսուսին մատնողը, տեսնելով, որ նա մահվան դատապարտվեց, խղճի խայթ զգաց: Նա 30 արծաթադրամը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին+ 4 և ասաց. «Ես մեղք գործեցի՝ անմեղ մարդու* մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ: Դո՛ւ տես»: 5 Նա էլ արծաթադրամները շպրտեց տաճարի մեջ ու հեռացավ: Ապա գնաց ու իրեն կախեց:+ 6 Ավագ քահանաները վերցրին արծաթե դրամները, բայց ասացին. «Ճիշտ չի լինի դրանք գցել սուրբ գանձարանը, որովհետև դրանք արյունոտ փողեր* են»: 7 Եվ խորհրդակցելուց հետո այդ փողով բրուտի արտը գնեցին, որ օտարականներին թաղեն այնտեղ: 8 Դրա համար էլ այդ արտը մինչ օրս Արյան արտ է կոչվում:+ 9 Այդպիսով կատարվեց Երեմիա* մարգարեի միջոցով ասվածը. «Նրանք վերցրին 30 կտոր արծաթը՝ այն արժեքը, որն իսրայելացիները սահմանել էին այդ մարդու համար, 10 և տվեցին բրուտի արտի դիմաց, ինչպես որ Եհովան* պատվիրել էր ինձ»:+

11 Հիսուսին կանգնեցրին կուսակալի առաջ: Վերջինս հարցրեց նրան. «Դու հրեաների թագավո՞րն ես»: Հիսուսը պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+ 12 Բայց երբ ավագ քահանաներն ու երեցները սկսեցին մեղադրել նրան, նա պատասխան չէր տալիս:+ 13 Պիղատոսը հարցրեց. «Չե՞ս լսում, թե որքան մեղադրանքներ են ներկայացնում քո դեմ»: 14 Սակայն Հիսուսը բառ անգամ չպատասխանեց, ինչը կուսակալին շատ զարմացրեց:

15 Կուսակալը սովորություն ուներ ամեն անգամ Պասեքի ժամանակ ժողովրդի ցանկությամբ ազատ արձակել որևէ բանտարկյալի:+ 16 Հենց այդ ժամանակ բանտարկության մեջ էր Բարաբբա անունով մի հայտնի հանցագործ: 17 Պիղատոսը, դիմելով հավաքված ամբոխին, հարցրեց. «Ո՞ւմ կցանկանաք՝ ազատ արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին, որին Քրիստոս են կոչում»: 18 Նա այդ հարցը տվեց, որովհետև գիտեր, որ նախանձից դրդված էին Հիսուսին իր ձեռքը հանձնել: 19 Դեռ ավելին՝ մինչ Պիղատոսը նստած էր դատավորական աթոռին, նրա կինը մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գործ չունես այդ անմեղ մարդու հետ, որովհետև այսօր նրա հետ կապված երազ եմ տեսել ու սարսափելի ապրումներ եմ ունեցել»: 20 Սակայն ավագ քահանաներն ու երեցները ամբոխին համոզեցին, որ ասեն՝ Բարաբբային ազատ արձակի,+ իսկ Հիսուսին մահապատժի ենթարկի:+ 21 Կուսակալը կրկին հարցրեց. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում՝ ազատ արձակեմ»: Ամբոխը պատասխանեց. «Բարաբբայի՛ն»: 22 Պիղատոսը հարցրեց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին, որին Քրիստոս են կոչում»: Բոլորն ասացին. «Սյա՛նը գամիր»:*+ 23 Նա հարցրեց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»: Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Սյա՛նը գամիր»:+

24 Պիղատոսը, տեսնելով, որ ինչ էլ անում է, օգուտ չկա, ու դեռ մի բան էլ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերն ու ասաց. «Ես մեղավոր չեմ այս մարդու արյունը թափելու մեջ: Դո՛ւք տեսեք»: 25 Բոլորը պատասխանեցին. «Թող մենք ու մեր երեխաները պատասխանատու լինենք նրա արյան համար»:+ 26 Այդ ժամանակ Պիղատոսը Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց+ ու հանձնեց զինվորներին, որ տանեն սյանը գամեն:+

27 Զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատ և նրա շուրջը հավաքեցին ամբողջ զորագունդը:+ 28 Նրա հագուստը հանեցին և մի ալ կարմիր թիկնոց գցեցին վրան,+ 29 ապա փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին, աջ ձեռքն էլ մի եղեգ տվեցին: Եվ ծնկի գալով նրա առաջ՝ սկսեցին ծաղրել. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»: 30 Հետո թքեցին նրա վրա,+ վերցրին եղեգը և սկսեցին դրանով խփել գլխին: 31 Հիսուսին ծաղրուծանակի ենթարկելուց հետո հանեցին թիկնոցը, հագցրին նրա վերնահագուստներն ու տարան սյանը գամելու:+

32 Քաղաքից դուրս գալիս մի մարդու հանդիպեցին ու պարտադրեցին տանել Հիսուսի տանջանքի սյունը:* Այդ մարդու անունը Սիմոն էր, նա Կյուրենիայից էր:+ 33 Երբ հասան Գողգոթա, այսինքն՝ Գանգ կոչվող վայրը,+ 34 Հիսուսին դառնահամ մի բանի* հետ խառնած գինի տվեցին, որ խմի,+ բայց նա, համն առնելով, չուզեց խմել: 35 Նրան սյանը գամելուց հետո զինվորները վիճակ* գցելով նրա վերնահագուստները բաժանեցին իրար մեջ+ 36 և նստեցին այնտեղ, որ հսկեն նրան: 37 Հիսուսի գլխավերևում փակցված էր նրա դեմ մեղադրանքը ցույց տվող հետևյալ գրությունը. «Սա Հիսուսն է՝ հրեաների թագավորը»:+

38 Այդ օրը երկու ավազակներ էլ էին սյան վրա մահապատժի դատապարտվել: Մեկը Հիսուսի աջ կողմում էր, իսկ մյուսը՝ ձախ:+ 39 Անցնող-դարձողները անպատվում էին Հիսուսին+ ու գլուխները շարժելով՝+ 40 ասում. «Տաճարը քանդող ու երեք օրում կառուցողիս տեսեք,+ դե փրկի՛ր քեզ: Եթե Աստծու որդի ես, իջի՛ր տանջանքի սյունից»:+ 41 Ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն* ու երեցներն էլ էին ծաղրում նրան և ասում.+ 42 «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել: Չէ՞ որ նա Իսրայելի թագավորն է.+ դե թող հիմա իջնի տանջանքի սյունից, ու մենք կհավատանք նրան: 43 Հույսն Աստծու վրա էր դրել, ասում էր՝ «Ես Աստծու Որդին եմ»,+ դե թող հիմա Աստված ազատի նրան, եթե ունի Աստծու հավանությունը»:+ 44 Անգամ Հիսուսի կողքին սյան վրա մահապատժի ենթարկված ավազակներն էին նախատում նրան:+

45 Կեսօրին մոտ* խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը:+ 46 Մոտ ժամը երեքին Հիսուսը բարձր ձայնով բացականչեց՝ «Էլի՛, էլի՛, լամա՞ սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»:+ 47 Դա լսելով՝ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին. «Այս մարդը Եղիային է կանչում»:+ 48 Նրանցից մեկը անմիջապես վազեց, մի սպունգ վերցրեց, թաթախեց թթված գինու մեջ ու փայտի ծայրին հագցնելով՝ մոտեցրեց նրան, որ խմի:+ 49 Բայց մյուսներն ասում էին. «Սպասիր՝ տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան փրկելու»: 50 Հիսուսը կրկին բարձր ձայնով բացականչեց և շունչը* տվեց:+

51 Այդ ժամանակ սրբարանի վարագույրը,+ վերից վար պատռվելով,+ երկու մասի բաժանվեց:+ Եվ երկրաշարժ եղավ, ու ժայռերը ճեղքվեցին, 52 գերեզմանները բացվեցին, և մահվան քնով ննջած սրբերից* շատերի մարմինները դուրս թափվեցին:* 53 Շատ մարդիկ տեսան դրանք (Հիսուսի հարությունից հետո մարդիկ գերեզմանոցից եկան և սուրբ քաղաք մտան): 54 Հարյուրապետն ու նրա հետ Հիսուսին հսկողները, տեսնելով երկրաշարժը և տեղի ունեցող ամեն բան, շատ վախեցան ու ասացին. «Նա իսկապես Աստծու Որդին էր»:+

55 Այս ամենին, հեռվում կանգնած, հետևում էին շատ կանայք, որոնք Գալիլեայից ուղեկցել էին Հիսուսին, որ հոգ տանեն նրա մասին:+ 56 Նրանց թվում էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի կինը՝ Հակոբոսի ու Հովհաննեսի մայրը:*+

57 Իրիկնամուտին Հովսեփ անունով մի հարուստ արիմաթեացի մարդ, որը նույնպես Հիսուսի աշակերտն էր դարձել,+ 58 գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+ Պիղատոսն էլ հրամայեց, որ տրվի:+ 59 Հովսեփը տարավ մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով+ 60 և դրեց ժայռի մեջ փորված իրեն պատկանող մի նոր գերեզմանում:+ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու գնաց: 61 Իսկ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը մնացին գերեզմանի դիմաց նստած:+

62 Դա Շաբաթին պատրաստվելու օրն էր:+ Հաջորդ օրը ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63 և ասացին. «Տե՛ր, հիշում ենք, որ այդ խաբեբան, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երրորդ օրը* հարություն կառնեմ»:+ 64 Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որ նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան նրան+ և մարդկանց ասեն, թե նա հարություն է առել. դա ավելի մեծ մոլորություն կլինի, քան առաջինը»: 65 Պիղատոսն էլ ասաց. «Դուք պահապան զինվորներ ունեք, գնացեք հսկեք, ինչպես գիտեք»: 66 Նրանք էլ գնացին, գերեզմանի քարի վրա կնիք դրեցին և պահապան զինվորներ կանգնեցրին:

28 Շաբաթից հետո՝ շաբաթվա առաջին օրը՝ լուսաբացին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը գնացին գերեզմանը տեսնելու:+

2 Ուժեղ երկրաշարժ էր եղել, որովհետև Եհովայի* հրեշտակը իջել էր երկնքից: Նա մոտեցել, քարը մի կողմ էր գլորել ու նստել էր դրա վրա:+ 3 Նրանից ճառագող փայլը ասես կայծակի փայլատակում լիներ, իսկ հագուստը ձյան պես սպիտակ էր:+ 4 Նրան տեսնելով՝ պահակները վախից ահուդողի մեջ էին ընկել ու մեռելի պես քարացել:

5 Հրեշտակը, դիմելով կանանց, ասաց. «Մի՛ վախեցեք: Գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, որին սյանը գամեցին:+ 6 Նա այստեղ չէ. հարություն է առել, ինչպես որ ասել էր:+ Եկեք տեսեք այն տեղը, որտեղ դրված էր նրա մարմինը: 7 Ապա շտապ գնացեք ու ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել և Գալիլեա է գնում:+ Երբ հասնեք այնտեղ, կտեսնեք նրան: Ես եկել եմ, որ ասեմ ձեզ դա»:+

8 Կանայք վախի և ցնծության խառը զգացումներով անմիջապես հեռացան գերեզմանից ու գնացին, որ այդ լուրը հայտնեն աշակերտներին:+ 9 Ճանապարհին Հիսուսը հանդիպեց նրանց ու ասաց. «Ողջո՛ւյն»: Նրանք էլ, մոտ գալով, փարվեցին Հիսուսի ոտքերին ու խոնարհվեցին նրա առաջ: 10 Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք: Գնացեք և ասեք իմ եղբայրներին, որ գան Գալիլեա: Այնտեղ կտեսնեն ինձ»:

11 Մինչ կանայք ճանապարհին էին, պահապան զինվորներից մի քանիսը+ գնացին քաղաք և ավագ քահանաներին պատմեցին ողջ եղելությունը: 12 Նրանք էլ երեցների հետ հավաքվեցին և խորհրդակցելուց հետո բավականին շատ փող* տվեցին զինվորներին 13 ու պատվիրեցին. «Մարդկանց ասեք. «Նրա աշակերտները գիշերով եկան ու գողացան նրան, մինչ մենք քնած էինք»:+ 14 Եվ եթե դա ընկնի կուսակալի ականջը, մի՛ անհանգստացեք, մենք ամեն ինչ կբացատրենք* նրան»: 15 Նրանք էլ վերցրին փողը և արեցին, ինչ որ իրենց կարգադրեցին: Եվ այսպես՝ մինչ օրս հրեաների մեջ այդ պատմությունն է պտտվում:

16 Իսկ 11 աշակերտները ճանապարհ ընկան դեպի Գալիլեա+ և գնացին այն սարը, որտեղ Հիսուսը պայմանավորվել էր հանդիպել նրանց հետ:+ 17 Նրան տեսնելով՝ աշակերտները խոնարհվեցին նրա առաջ, սակայն ներկաներից ոմանք կասկածում էին, որ դա Հիսուսն է: 18 Հիսուսը մոտեցավ ու խոսեց նրանց հետ՝ ասելով. «Երկնքում և երկրի վրա ողջ իշխանությունը ինձ է տրվել:+ 19 Ուստի գնացեք և բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ՝+ նրանց մկրտելով+ Հոր, Որդու, սուրբ ոգու անունով* 20 և սովորեցնելով պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի:+ Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները»:*+

Կամ՝ «Մեսիայի», «Օծյալի»:

Կամ՝ «տոհմաբանությունը»:

Կամ՝ «գործուն ուժի»:

Հուն. Գրվածքներում սա առաջինն է այն 237 տեղերից, որտեղ այս թարգմանության հիմնական տեքստում հանդիպում է Աստծու անունը՝ Եհովա: Տես հավելված Ա5:

Եբր.՝ Հեսուա (Յեհոշուա): Նշանակում է «Եհովան փրկություն է»:

Այսինքն՝ Հերովդես I (Մեծ): Բառարանում տես «Հերովդես»:

Կամ՝ «մոգեր»:

Բռց.՝ «դպիրներին»:

Կամ՝ «Մեսիան», «Օծյալը»:

Կնդրուկն ու զմուռսը թանկարժեք, անուշաբույր խեժեր են:

Տես հավելված Ա5:

Հավանաբար ծագում է եբր. մի բառից, որը նշանակում է «ընձյուղ»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «խորասուզում», «ընկղմում»:

Բռց.՝ «զղջմանը համապատասխանող պտուղներ բերեք»:

Այսինքն՝ կօծի սուրբ ոգով ու կկործանի կրակով:

Ցորենը թեփից առանձնացնելու համար կիրառվում էր նաև փայտյա թիանման գործիք:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Հնարավոր է՝ Հովհաննեսը:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «սուրբ ծառայություն մատուցեք»:

Այսինքն՝ Գալիլեայի ծովի եզերքին:

Կոչվում է նաև Քեներեթի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով:

Բռց.՝ «ձկնորսներ»:

Այժմ՝ Սիրիա: Մինչև մ.թ. 7-րդ դարը հայերն այն կոչել են Ասորիք:

Սա տասը քաղաքներից բաղկացած շրջան էր:

Կամ՝ «ովքեր Աստծու մասին գիտելիքների ծարավ են»: Բռց.՝ «ոգու աղքատ [մուրացկան] են»:

Կամ՝ «մեղմ»:

Կարող է վերաբերել ոչ միայն ֆիզիկապես տեսնելուն, այլև ըմբռնելուն ու հասկանալուն:

Բռց.՝ «երկնքում»:

Կամ՝ «Ճշմարիտ»:

Բռց.՝ «ամենաաննշանը»:

Բռց.՝ «մեծ»:

Բռց.՝ «դպիրներինը»:

Այսինքն՝ հավատակցի:

Հուն.՝ մորե: Այս բառով նկարագրվում է բարոյազուրկ և Աստծու դեմ ըմբոստացող մարդը:

Երուսաղեմից դուրս գտնվող վայր, որտեղ վառում էին աղբը: Բառարանում տես «Գեհեն»:

Բռց.՝ «վերջին կվադրանսը»: Տես հավելված Բ14:

Բառարանում տես «Շնություն»:

Բռց.՝ «աջ աչքը»:

Բռց.՝ «աջ ձեռքը»:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Բառարանում տես «Շնություն»:

Տես հավելված Ա5:

Հիսուսը դատապարտում է անմտածված երդում տալը:

Ըստ ամենայնի, սա հռոմեական մղոնն է, որը մոտ 1 479,5 մ է: Տես հավելված Բ14:

Այսինքն՝ առանց տոկոսի պարտք:

Այսինքն՝ կատարյալ (լիարժեք) սեր դրսևորեք:

Կամ՝ «գթասրտության նվերներ եք տալիս»: Բառարանում տես «Գթասրտության նվերներ»:

Կամ՝ «թող անվանդ վերաբերվեն որպես սուրբ բանի»:

Կամ հնարավոր է՝ «Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»:

Կամ՝ «մեղքերը»:

Բռց.՝ «մի՛ տար մեզ փորձության»:

Կամ՝ «չեն հետևում իրենց արտաքինին»:

Կամ՝ «հստակ է տեսնում»: Բռց.՝ «պարզ է»:

Բռց.՝ «վատն է», «չար է»:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «մեկ կանգունով»: Տես հավելված Բ14:

Այսինքն՝ Աստծուն չծառայող մարդիկ:

Կամ՝ «Մի՛ քննադատեք», «Մի՛ մեղադրեք»: Բռց.՝ «Դադարե՛ք դատելուց»:

Կամ՝ «ինչ չափով որ չափեք ու տաք ուրիշներին, նույն չափով էլ կչափվի ու կտրվի ձեզ»:

Բռց.՝ «լավ նվերներ»:

Բռց.՝ «դպիրների»:

Բռց.՝ «մաքրել»:

Բռց.՝ «մի դպիր»:

Ակներևաբար, խոսքը հոգևորապես մահացած մարդկանց մասին է:

Բռց.՝ «տանջե՞ս»:

Բռց.՝ «Դպիրներից»:

Բռց.՝ «չար բաներ մտածում ձեր սրտերում»:

Այսինքն՝ նրանց, ովքեր իրենց մյուսներից արդար էին համարում:

Այսինքն՝ դեռ չլվացված, չմտած կտորից:

Բռց.՝ «անմաքուր»:

Հուն.՝ ապոստոլոս: Նշանակում է «ուղարկված»:

Ըստ ամենայնի, նշանակում է «նախանձախնդիր»: Կապ չունի Քանանի կամ Կանայի հետ:

Բռց.՝ «մաքրեք»:

Բռց.՝ «երկու ներքնազգեստ»:

Կամ՝ «ուտելիք վերցնելու պայուսակ»:

Կամ՝ «արժանավոր լինեն»:

Այս ժեստը ցույց էր տալիս, որ անհատը այլևս պատասխանատվություն չի կրում:

Կամ՝ «ձեր Հոր ոգին կխոսի ձեր միջոցով»:

Բռց.՝ «Աշակերտը պետք է բավարարվի իր ուսուցչի նման լինելով, և ծառան՝ իր տիրոջ»:

Այս անվանումը վերաբերում է Սատանային՝ դևերի իշխանին, կամ՝ ղեկավարին:

Բռց.՝ «ձեր մարմինը»:

Կամ՝ «հոգին»: Այսինքն՝ ապագայում նորից ապրելու հեռանկարը:

Կամ՝ «ով կարող է ձեր հոգին էլ, ձեր մարմինն էլ կործանել գեհենում»: Բառարանում տես «Գեհեն»:

Բռց.՝ «մեկ ասսարիոնով»: Տես հավելված Բ14:

Կամ՝ «չի իջնում գետնին»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Կամ՝ «հոգին»:

Կամ՝ «արդար մարդու»:

Բռց.՝ «փոքրերից»:

Բռց.՝ «մաքրվում»:

Բռց.՝ «ով չի ընկնում իմ պատճառով»:

Կամ՝ «Ճոխ»:

Կամ՝ «արդյունքներով»:

Բառարանում տես «Քուրձ»:

Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «մեղմ»:

Կամ՝ «հեշտ է կրել»:

Կամ՝ «Աստծու առաջ դրվող հացերը»:

Կամ՝ «կաթվածահար»:

Բռց.՝ «նրա անվան»:

Այս անվանումը վերաբերում է Սատանային:

Բռց.՝ «Աստծու թագավորությունը վրա է հասել ձեզ»:

Կամ՝ «ո՛չ այս համակարգում, ո՛չ գալիք»: Բառարանում տես «Աշխարհ»:

Բռց.՝ «դպիրներից»:

Բռց.՝ «շնացող»:

Բռց.՝ «անմաքուր»:

Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:

Հացազգիների ընտանիքին պատկանող մոլախոտ:

Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:

Կամ հնարավոր է՝ «աշխարհի սկզբնավորումից ի վեր»:

Բառարանում տես «Աշխարհ»:

Բռց.՝ «բոլոր այն բաները, որ»:

Բռց.՝ «չորրորդապետ»:

Այսինքն՝ Հերովդես Անտիպասը: Բառարանում տես «Հերովդես»:

Բռց.՝ «օրհնեց»:

Բռց.՝ «տղամարդիկ»:

Բռց.՝ «շատ ասպարեզներ»: Հուն.՝ ստադիոն: Մեկ ստադիոնը մոտ 185 մ է:

Բռց.՝ «Չորրորդ պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 3:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն:

Բռց.՝ «դպիրներ»:

Խոսքը ոչ թե պարզապես ձեռքերը լվանալու մասին է, այլ մաքրման ծիսական արարողակարգի:

Կամ՝ «մասին»:

Կամ՝ «հոգ տանել»:

Հուն. պոռնեյա-ի հոգնակի ձևը: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Սա վերաբերում է Աստծու և սուրբ բաների դեմ ասված անհարգալից խոսքերին:

Բռց.՝ «տղամարդիկ»:

Մագադանը թերևս նույն Մագդաղան է:

Բռց.՝ «ժամանակների նշանների»:

Բռց.՝ «շնացող»:

Կամ՝ «ոչ թե մարդ արարածը»:

Նշանակում է «ժայռաքար», «ժայռաբեկոր»:

Բռց.՝ «գերեզմանի դարպասները»: Գերեզման. հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «դպիրների»:

Բռց.՝ «բարի եղիր քո հանդեպ»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «իր թագավորությամբ գալիս»:

Կամ՝ «ճերմակ»:

Բռց.՝ «դպիրները»:

Տես հավելված Ա3:

Բռց.՝ «դիդրախմա»: Երկու դրախմա արժողության մետաղադրամ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «սատեր»: Համարվում է, որ դա եղել է տետրադրախմա: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «այսպիսի մի փոքր երեխայի»:

Բռց.՝ «փոքրերից»:

Կամ՝ «մեղք գործի»: Բռց.՝ «սայթաքի»:

Մեծ աղացքար, որ էշն էր պտտեցնում:

Բառարանում տես «Գեհեն»:

Բռց.՝ «փոքրերից»:

Տես հավելված Ա3:

Կամ հնարավոր է՝ «ձեր»:

Բռց.՝ «փոքրերից»:

Խոսքը հավատակցի մասին է:

Բռց.՝ «բերանով»:

Ըստ ամենայնի, խոսքը ժողովի ներկայացուցիչների մասին է:

Հավանաբար, խոսքը սխալների կամ որոշակի արգելքներ դնելու հետ կապված որոշումների մասին է:

Հավանաբար, խոսքը անհատին անմեղ համարելու կամ որոշակի արգելքներ հանելու հետ կապված որոշումների մասին է:

10 000 տաղանդ արծաթը 60 000 000 դինար էր: Տես հավելված Բ14:

Տես հավելված Բ14:

Կամ՝ «միշտ կմնա իր կնոջ հետ»: Եբր. բառը նշանակում է «ամուր կպչել, ասես սոսնձով»:

Կամ՝ «միավորեց մեկ լծի տակ»:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Այսինքն՝ ամուրիության պարգևը:

Բռց.՝ «ներքինի են»: Բառարանում տես «Ներքինի»:

Բռց.՝ «ձեռքերը նրանց վրա դնի»:

Կամ՝ «Մեկը, ով սահմանում է, թե ինչն է բարի»:

Բառարանում տես «Շնություն»:

Այսինքն՝ Աստծուն մատուցվող ծառայության մեջ ոչ մի պակաս տեղ չունենալ:

Տես հավելված Բ14:

Բռց.՝ «երրորդ ժամի [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «Վեցերորդ ժամի և իններորդ ժամի [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «տասնմեկերորդ ժամի [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «աչքդ չար է»:

Կամ՝ «առատաձեռն»:

Բռց.՝ «դպիրների»:

Կամ՝ «շատերի կյանքի դիմաց»:

Կամ՝ «մեղմ»:

Սա խնդրանք է՝ ուղղված Աստծուն:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «դպիրները»:

Բռց.՝ «տե՛ր»:

Բռց.՝ «արդարության»:

Կամ՝ «չարաղետ»:

Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:

Կամ՝ «ձերբակալել»:

Հերովդեսականները քաղաքական կուսակցության անդամներ էին: Բառարանում տես «Հերովդեսականներ»:

Կամ՝ «ճի՞շտ է»:

Տես հավելված Բ14:

Տես հավելված Ա5:

Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «Դպիրները»:

Այդ փոքր տուփերի մեջ դրվում էին հատվածներ սուրբ գրվածքներից: Հրեա տղամարդիկ դրանք կրում էին իրենց ճակատին կամ ձախ թևին:

Կամ՝ «լավագույն»:

Կամ՝ «շուկաներում»:

Կամ՝ «ուսուցիչ»:

Սա վերաբերում է «հայր» բառը որպես կրոնական տիտղոս օգտագործելուն:

Տես հավելված Ա3:

Կամ՝ «պրոզելիտ»: Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդ: Բառարանում տես «Պրոզելիտ»:

Բառարանում տես «Գեհեն»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «թալանով»:

Բռց.՝ «բաժակի և ափսեի ներսը»:

Այսինքն՝ տաճարը:

Տես հավելված Ա5:

Բառարանում տես «Ներկայություն»:

Կամ՝ «այս համակարգի վախճանի ժամանակների»: Բառարանում տես «Աշխարհի վախճանի ժամանակներ»:

Բռց.՝ «ծննդաբերության ցավերի»:

Բռց.՝ «կսայթաքեն»:

Խոսքը Աստծու օրենքներն արհամարհելու մասին է:

Բռց.՝ «որ բոլոր ազգերին վկայություն տրվի»:

Կամ՝ «ամայացում բերող պղծությունը»:

Այսինքն՝ Դանիելի մարգարեությունը ընթերցողը:

Բռց.՝ «օրերը»:

Բռց.՝ «ուժերը»:

Բռց.՝ «ցեղերը»:

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:

Կամ՝ «խոհեմ»:

Կամ՝ «խոհեմ»:

Մոտ 102 կգ: Այստեղ խոսքը հունական տաղանդի մասին է: Տես հավելված Բ14:

Մոտ 40,8 կգ:

Մոտ 20,4 կգ:

Բռց.՝ «արծաթը»:

Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:

Կամ՝ «ոչ լրիվ հագնված»:

Բռց.՝ «ընդմիշտ կկտրվեն»: Այսինքն՝ կկտրվեն կյանքից, ինչպես ճյուղն է կտրվում ծառից:

Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:

Սա դարձված էր, որով հաստատվում էր ասվածը:

Բառարանում տես «Ուխտ»:

Կամ՝ «օրհներգեր», «սաղմոսներ»:

Բռց.՝ «կսայթաքեք»:

Բռց.՝ «դպիրները»:

Հրեական բարձրագույն դատարանը:

Բռց.՝ «Ինքդ ասացիր»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:

Բռց.՝ «զորության», «իշխանության»:

Կամ՝ «առոգանությունը»:

Բռց.՝ «անմեղ արյուն»:

Բռց.՝ «արյան գին»:

Իրականում մեջբերումը Զք 11:12, 13-ից է: Մատթեոսի ժամանակներում «Երեմիա»-ն մարգարեական գրքերի շարքում առաջինն էր, ու թերևս բոլոր այդ գրքերի համար «Երեմիա»-ն ընդհանուր անվանում էր:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:

Կամ՝ «Սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Բռց.՝ «լեղու»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «դպիրները»:

Բռց.՝ «Վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:

Կամ՝ «ոգին»:

Այսինքն՝ Աստծու ծառաներից:

Բռց.՝ «վեր հանվեցին»:

Բռց.՝ «Զեբեդեոսի որդիների մայրը»:

Բռց.՝ «Երեք օր հետո»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «արծաթ»:

Բռց.՝ «կհամոզենք»:

Այս համատեքստում «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» մկրտվելը ներառում է Հոր և Որդու հեղինակությունն ու դիրքը, ինչպես նաև սուրբ ոգու դերն ընդունելը:

Կամ՝ «այս համակարգի վախճանի ժամանակները»: Բառարանում տես «Աշխարհի վախճանի ժամանակներ»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը